Թողարկում 174

Ուկրաինա. ԵՄ-ն ողջունում է նախագահական ընտրությունները

 26.05.2014

 VoteԵվրամիությունը ողջունում է Ուկրաինայի նախագահական ընտրություները եւ պատրաստակամություն է հայտնում սերտորեն համագործակցել նոր Նախագահի հետ՝ հանուն երկրում քաղաքական եւ տնտեսական կայունության հաստատման,– իրենց համատեղ հայտարարության մեջ նշել են Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն։

«Մենք ի գիտություն ենք ընդունել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախնական գնահատականն այն մասին, որ նախագահական ընտրություններն Ուկրաինայում անցել են բարձր մասնակցայնությամբ եւ իշխանությունների հստակ վճռականությամբ՝ հարգել միջազգային պարտավորությունները եւ պահպանել հիմնարար ազատությունները, չնայած երկրի արեւելյան երկու շրջաններում անվտանգության հետ կապված դժվարին իրավիճակին»,-ասված է հայտարարության մեջ, ուր բոլոր ուկրաինացիներին կոչ է արվում սույն ընտրությունները դիպարկել որպես «երկրի զարգացման մեկնարկ» եւ ճանաչել քվեարկության արդյունքները։

 Վան Ռոմպեյը եւ Բարոզոն ընտրությունների հաջող անցկացումը համարել են կարեւոր քայլ՝ լարվածության թուլացման եւ Ուկրաինայում անվտանգության հաստատման ուղղությամբ։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

Հայտարարությունը

Armenia EU 5

Հայ եվրոպամետները քաղաքական եւ քաղաքացիական դաշինք են ստեղծում

 http://www.azatutyun.am

ԿարլենԱսլանյան

 22.05.2014

 Դիտարկելով եվրոպական ուղղությունը որպես ինքնիշխանության, անվտանգության եւ համակողմանի զարգացման երաշխիք՝ հասարակական կազմակերպությունները եւ քաղաքացիական շարժումները ներկայացնող մի խումբ մարդիկ ստեղծում են «Եվրոպական ընտրություն»  քաղաքական եւ քաղաքացիական դաշինքը:

Ինչպես «Ազատությանը» փոխանցեց նախաձեռնության անդամ, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ «Եվրոպական ընտրություն» դաշինքը փորձելու է կանխել Հայաստանի անդամակցումը Մաքսային միությանը, հակառակ դեպքում կարճ ժամանակ անց մարդիկ իրենց մաշկի վրա կզգան դրա հետեւանքները։

«Կյանքը կհուշի,  որ պաշտոնական մակարդակով հայտարարված եւ ընդունված ճանապարհը կործանարար է։ Սպասվում են տնտեսական, սոցիալական լուրջ խնդիրներ, արտագաղթի ուժգնացում եւ երկրի ինքնիշխանության կորուստ»,– ասաց Նավասարդյանը։

Բնապահպան Աննա Շահնազարյանն ասում է՝ սեպտեմբերի 3-ից հետո քաղաքացիական շարժումները ավելի հուժկու ու կոշտ դիմադրության են հանդիպում,  ինչպես Ռուսաստանում է։ Միանալով այս նախաձեռնությանը՝ Շահնազարյանը փորձում է ցույց տալ,   որ Հայաստանում կան եվրոպական արժեքները կիսող մարդիկ։

«Հայ-ռուսական անվան տակ, բացարձակապես ռուսական ֆինանսավորում, դեպի ռուսական գաղութացում տանող կեղծ խմբեր են ստեղծվում, որոնք փաստացի խանգարում են Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացները։ Մաքսային միության կամ Եվրասիական միության անդամագրության համատեքստում ես՝ որպես քաղաքացի, իմ իրավունքների իրացումը հնարավոր չեմ համարում,  եթե Ռուսաստանն է այդ օրինակելի պետությունը»,-  ասաց բնապահպանը։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքով,  Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հայտարարությունը՝ հասարակական կազմակերպությունները չեզոքացնելու մասին, վկայում է,  որ Մոսկվան ջղաձգվում եւ անհանգստանում է թեկուզ սակավամարդ դժգոհությունից, որը կարող է մեծանալ: Ըստ իրավապաշտպանի, Հայաստանի հիմնական քաղաքական ուժերը լուռ համաձայնությամբ աջակցում են Մաքսային միությանն անդամակցությունը,  իրենց դաշինքը փորձելու է ընդգծել, որ եվրոպամետ ուժերն էլ քիչ չեն։

«Մեզ համար կարեւոր է կանխարգելել ՄՄ-ին կամ Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու գործընթացը, որովհետեւ դա ուղղակի սպառնալիք է,  պուտինյան վարչակազմի եւ ռեժիմի գերիշխանությունը հաստատելու ուղղակի ծրագիր»,- ասաց Սաքունցը։

Նախաձեռնությանը միանալու հրավերներ էին ուղարկվել նաեւ մի շարք քաղաքական ուժերի, սակայն, այսօրվա հավաքին որեւէ կուսակցության առաջնորդ չէր ներկայացել։

Հրանտ Բագրատյանի գլխավորած «Ազատություն» կուսակցությունը հրաժարվել է միանալ դաշինքին։ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Քաղաքացիական պայմանագիրն» ընդգծել է, թե իրենք կողմնակից են «ոչ-ոչ»-ի քաղաքականությանը։

Մի շարք ուժեր էլ, այդ թվում՝ «Ժառանգությունը», ՀՀՇ-ն, ԱԻՄ-ը մտադիր են հարցը քննարկել իրենց վարչության նիստերում:

Բորիս Նավասարդյանի կարծիքով, հայաստանյան քաղաքական ուժերը չեն ցանկանում Կրեմլի հետ հարաբերությունները փչացնել, Ռուսաստանը ազդեցություն ունի ֆինանսական լծակներ ունեցող մարդկանց վրա, եւ եվրոպամետ դաշինքին միանալը ռիսկային է: Նավասարդյանն, այնուամենայնիվ, հույս ունի, որ որոշ կուսակցություններ կմիանան դաշինքին։

«Եթե չլինեն,  դա կնշանակի,  որ Հայաստանում օրակարգային է նոր քաղաքական ուժ ձեւավորելու խնդիրը,  որը ունի հստակ եվրոպական ընտրության գաղափարախոսություն»։

«Ժառանգություն»-ից բացի,  խորհրդարանական մյուս ուժերին հրավերներ չեն ուղարկվել։ Ինչպես տեղեկացրեց Աննա Շահնազարյանը, նախաձեռնող խումբը չի դիմել այն ուժերին,  որոնք միանշանակորեն անդառնալի են համարում Մաքսային միությանն անդամակցությունը։ Հիշեցնենք, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր անշրջելի որակել Կրեմլի նախաձեռնած այս միությանն անդամակցելը։

 

european-commission-flagԵՄ-Վրաստան Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախօրեին ամփոփվեցին Գործողությունների պլանի արդյունքները

22.05.2014

Վրաստան-ԵՄՎրաստանի ներքին իրավիճակին եւ ամբողջ տարածաշրջանում անվտանգության հետ կապված խնդիրներին, ինչպես նաեւ ԵՄ-Վրաստան համագործակցությանը եւ դրա հետագա զարգացմանը նվիրված հարցերն էին մայիսի 21-ին Բրյուսելում Եվրահանձնաժողովի եւ Վրաստանի կառավարության ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցած «աննախադեպ» հանդիպման թեմաները։ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի եւ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ղեկավարությամբ ընթացող հանդիպումն արտացոլում էր «Վրաստանի եւ Եվրամիության բացառիկ հարաբերությունները» եւ «այդ հարաբերությունների առանձնահատուկ բնույթը»,- ասված է համատեղ հայտարարության մեջ։

ԵՄ-ն հաստատել է «Վրաստանի հետ քաղաքական ասոցացման եւ տնտեսական ինտեգրման վերաբերյալ իր վստահ մտադրությունը, ինչը նոր էջ կբացի եվրոպա-վրացական հարաբերություններում»։

Կողմերը ողջունել են ասոցացման ուղղությամբ Գործողությունների պլանի կազմման եւ 2014-2016թթ.-ի համար առաջնահերթությունների համատեղ մշակման աշխատանքների ավարտը։ Դա կոչված է Վրաստանի նախապատրաստմանը Ասոցացման համաձայնագիրը վավերացնելուն, ինչը, Վրաստանի ընդգծմամբ, «Եվրամիության եւ Վրաստանի հարաբերությունների վերջնական նպատակը չեն»։

Եվրահանձնաժողովը հաստատել է «Եվրամիության կողմից Վրաստանի ինքնիշխանության եւ միջազգային հանրության կողմից ընդունված տարածքային ամբողջականության» ճանաչմանն իր անփոփոխ աջակցությունը։ Եվրահանձնաժողովը բարձր է գնահատել «Վրաստանի եվրոպական ձգտումներն ու ընտրությունը, ինչպես նաեւ խորը եւ կայուն ժողովրդավարության հաստատման՝ նրա վճռականությունը»։

Կողմերն ընդգծել են առաջիկայում կայանալիք տեղական ընտրություններում «2012 եւ 2013 թվականներին տեղի ունեցած խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների ժամանակ կիրառված ժողովրդավարության բարձր չափանիշների պահպանումը»։

Բացի այդ, համատեղ հայտարարությունում ասված է, որ Վրաստանին անհրաժեշտ է շարունակել բարեփոխումների իրականացումը բոլոր ոլորտներում, մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանությանը եւ արդարադատությանը վերաբերող հարցերում։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

 Մանրամասներ

Համատեղ հայտարարություն

Եվրահանձնաժողով- Հուշագիր

This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.