ԱլԳ ՔՀՖ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ԿՈՉԸ

 ՀՀ ԱԺ նախագահին

ՀՀ պաշտպանության նախարարին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին

Երեւանի քաղաքապետին

Մենք՝ Եվրամիության Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակություն ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի՝ ավելի քանի 218 ՔՀԿ-ներ միավորող կառույցի անդամներս, մեր խորը մտահոգությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների թեժացման կապակցությամբ եւ Ձեզ ենք ներկայացնում ՀՀ եւ ԼՂՀ բնակչության պաշտպանունակությունն ապահովելու ուղղությամբ մեր առաջարկությունները:

Անհրաժեշտ է`

  • բոլոր չափահաս քաղաքացիների համար կազմակերպել հրաձգության եւ ռազմական պատրաստականության դասընթացներ ՀՀ եւ ԼՂՀ  քաղաքներում ու գյուղերում,
  • բոլոր չափահաս քաղաքացիների հետ անցկացնել առաջին բուժօգնության խորացված դասընթացներ,
  • ներկայացնել լայնամասշտաբ պատերազմի դեպքում յուրաքանչյուր քաղաքացու ադեկվատ վարքի կանոնները (պաշտպանական համապատասխան օղակների մեջ ներգրավում, կոնկրետ իրավիճակներում` նկուղներում ապաստանելու ծրագրի մշակում եւ այլն),
  • բնակիչներին իրազեկել ռմբապաստարանների, պաշտպանական այլ կառույցների տեղակայության մասին (եթե անխնա սեփականաշնորհումներից հետո այդպիսիք դեռ կան), եթե չունենք նման անհրաժեշտ կառույցներ, սկսել դրանց կառուցումը/հարմարեցումը,
  • վերականգնել եւ ընդլայնել ԽՍՀՄ տարիներին Հայաստանում գործող մանկապարտեզների ցանցը, որպեսզի ընդհանուր զորահավաքի դեպքում, երբ կանայք պարտավոր լինեն համալրել ազատված աշխատատեղերը, գործեն նրանց անչափահաս երեխաներին աշխատանքային ժամերին խնամելու ենթակառույցներ,
  • պետություն-հասարակություն կապը վերականգնելու համար կազմակերպել ոլորտային ռազմավարությունների լուրջ քննարկումներ,
  • վերակազմակերպել ՏՏ, գիտական, գյուտարարական, ճյուղային-մասնագիտական հետազոտական  խմբերի ֆինանսավորումը եւ աշխատանքը համապատասխան ուղղվածությամբ,
  • ստեղծել հաշվետու թափանցիկ եղանակով գործող հիմնադրամ, որը  նվիրատվությունների մեխանիզմով կապահովի քաղաքացիների թալանից ու հարստահարումից գոյացած օլիգարխիկ եւ չինովնիկական կապիտալների վերադարձը,
  • անցնել տնտեսվարման խնայողական ռեժիմի`առկա պետական ռեսուրսների ռացիոնալ եւ նպատակային օգտագործման տրամաբանությամբ` «Ամեն ինչ ազգային ինքնապաշտպանության համար» կարգախոսով։

ԵՄ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը պատրաստակամություն է հայտնում իր հնարավորությունների սահմաններում աջակցել իշխանություններին՝ վերոհիշյալ խնդիրների լուծման հարցում։

Ապրիլի 19, 2016

 

This entry was posted in EaP Documents/ԱլԳ Փաստաթղթեր. Bookmark the permalink.