Թողարկում 198

CSF_Armenia_logo_ARMՀ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի 1-ին աշխատանքային խմբի ընդլայնված նիստի կողմից

«Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքի նախագծի» վերաբերյալ

Դեկտեմբերի 12,2014

Մենք մեր մտահոգությունն ենք հայտնում ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության դրված «Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքի նախագծի» որոշ առանցքային հոդվածների, դրա հետ կապված մի քանի սկզբունքային խնդիրների, ինչպես նաեւ նախագծի քննարկման ներկա գործընթացի վերաբերյալ:

ՀԿ-ների մասին օրենքի նախագիծը պետք է լիներ լայն, բաց եւ բոլոր հետաքրքրված կողմերի մասնակցությունը երաշխավորող գործընթացի արդյունք: Մինչդեռ, իշխանությունների կողմից նման շահագրգռվածություն ընդհանրապես չի նկատվում: Ավելին, կարծես փորձում են ամեն ինչ անել թաքուն եւ հապշտապ: Ասվածի համար որպես ապացույց վկայում է այն, որ ՀՀ արդարադատության նախարարին կից Հանրային խորհրդի մի շարք անդամների առաջարկը, որն արվել էր մոտ 2 ամիս առաջ, այն է՝ օրինագիծը քննարկել Խորհրդում, այդպես էլ մնաց անպատասխան: Նաեւ, Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը, որը ներկայացնում է մոտ 200 հասարակական կազմակերպությունների միավորում, չի հրավիրվել դեկտեմբերի 13-14-ին ԵՄ-ի կողմից ֆինանսավորված եւ ՀՀ արդարադատության նախարարության մասնակցությամբ կազմակերպված քննարկմանը:

Ավելին, ենթադրվում էր, որ «Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ Օրենքի նախագիծը» պետք է մշակվեր՝ ավելի վաղ պատրաստված՝ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ եւ օրենսդրական բարեփոխումների հայեցակարգի հիման վրա` վերջինում առկա որոշակի հակասություններ առաջացնող մոտեցումների հնարավորինս հաղթահարման մտադրությամբ: Սակայն, ներկայացված օրինագիծը մի քանի կարեւոր եւ սկզբունքային հարցերում ոչ միայն չի հաղթահարում առկա հակասությունները, այլ խորացնում է մտահոգությունը` քաղաքացիական հասարակության կառույցների անկախությունը եւ արդյունավետ գործունեությունը ապահովելու առումով:

Մասնավորապես, «Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքի նախագիծը» շրջանառության մեջ դնելը պայմանավորված է հասարակական կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված մի քանի հիմնավորումներով, որոնք նշված էին նաեւ հայեցակարգում: Դրանք են.

  • ՀԿ-ների համար սեփական առեւտրային գործունեության միջոցով ֆինանսական միջոցներ վաստակելու սահմանափակումները, ինչով պայմանավորվում է ՀԿ-ների կայունությունը,
  • Ոչ հստակ եւ դժվար մեկնաբանվող դրույթները, որոնք խոչընդոտում են կամավորների ներգրավվածությունը քաղաքացիական գործընթացներում,
  • Հանրային շահը դատարաններում պաշտպանելու հնարավորության փաստացի բացակայությունը գործող օրենքում,
  • Բարեգործությամբ զբաղվելու եւ բարեգործությունը ֆինանսավորելու խթանների բացակայությունը գործող օրենքում։

Վերը նշված հիմնավորումներից ոչ մեկը, բացառությամբ սեփական առեւտրային գործունեություն իրականացնելը, համարժեք անդրադարձ չի ստացել ՀԿ-ների մասին օրենքի նոր նախագծում, ավելին` օրինագծում ակնհայտ է առաջին հերթին հասարակական կազմակերպությունների գործունեությանը միջամտելու եւ այն վերահսկելու բացահայտ միտումը: Նշված՝ ոչ հիմնավոր գործառույթների համար ենթադրվում է օգտագործել անհրաժեշտ հանրային ռեսուրս, փաստորեն, այն քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղելու փոխարեն:

Ներկայացված օրինագծում մենք տեսնում ենք քաղաքացիական հասարակության գործունեությանն անհարկի միջամտելու եւ վերահսկելու միտում:

Հայտնելով մեր մտահոգությունները օրինագծի բովանդակության եւ դրա շուրջ հանրային գործընթացի վերաբերյալ, կոչ ենք անում՝ ձեւավորել բոլոր շահագրգիռ կառույցների մասնակցությամբ օրինագծի լայն եւ թափանցիկ քննարկումների օրակարգ` խուսափելով այդ օրենսդրական նախաձեռնության մեջ առկա ապակառուցողական, անհարկի հակասություններից:

 

csf-logoԱլԳ ՔՀՖ անդամներն օգնում են հակադարձել Արեւեյան գործընկերության տարածաշրջանում ռուսական քարոզչության բացասական ազդեցությանը

 Դեկտեմբերի 15, 2014թ.

Աղբյուրը՝ ԱլԳ ՔՀՖ կայքէջ

ԱլԳ ՔՀՖ մոտ 10 անդամներ նպաստում են ԵՄ Արեւելյան հարեւանության տարածքում ռուսական քարոզչության դեմ համապատասխան արձագանքի ձեւավորմանը: ՔՀՖ անդամները մասնակցել են ԱլԳ տարածաշրջանի մեդիա միջավայրին նվիրված կոնֆերանսին, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ից 11-ը, Բրյուսելում:

Կոնֆերանսը կազմակերպվել է ԵՄ Արտաքին հարաբերությունների ծառայության (ԵԱՀԾ) կողմից եւ գերազանցապես նվիրված է եղել Արեւելյան գործընկերության երկրների մեդիա միջավայրին, ներառյալ օրենսդրական կարգավորման եւ ռեսուրսներին առնչվող հարցեր, որոնք այս կամ այն կերպ ազդում են բաց եւ հավասարակշռված բանավեճերի անցկացման վրա: Միեւնույն ժամանակ, ռուսական պետական հովանավորչությամբ իրականացվող քարոզչությունը, որը բացասական ազդեցություն է ունենում ԱլԳ տարածքում եւ ԵՄ մի շարք երկրներում, ակտիվորեն քննարկվել է կոնֆերանսի ընթացքում, տարածաշրջանի մեդիա դաշտի համատեքստում:

Քննարկումների արդյունքում մասնակիցները դիտարկել են նշված մարտահրավերներին արձագանքելու հնարավորությունները՝ ներառյալ ԵՄ քաղաքականության արդյունավետությունը եւ աջակցության ուղիները:

Ելույթ ունեցող բարձրաստիճան հյուրերի շարքում են եղել ԱլԳ տարածաշրջանում Լատվիայի հատուկ հանձնարարություններով դեսպան Յուրիս Պոիկասը, դեսպան Եյնարս Սեմանիսը ինչպես նաեւ ԵԱՀԾ-ի եւ ՆԱՏՕ-ի ռազմավարական հաղորդակցության կենտրոնի ներկայացուցիչներ:

Կոնֆերանսի ավարտին մասնակիցները սկսել են նախապատրաստվել Եվրամիության խորհրդում Լատվիայի նախագահության ներքո կազմակերպվող ԱլԳ բարձր մակարդակի մեդիա կենֆերանսին, որը նախատեսվում է կազմակերպել Ռիգայում, 2015-ի առաջին կիսամյակում: (ԱլԳ ՔՀՖ կայքէջ)

 

european-commission-flagՀայաստանն ու ԵՄ-ն քննարկել են վիզային ռեժիմի ազատականացման հարցերը

10.12.2014

Աղբյուրը՝ «Մեդիամաքս»

middle_1418216042_9707655

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ համագործակցության կոմիտեի նիստում քննարկվել են վիզային ռեժիմի ազատականացմանը վերաբերող երկխոսության մեկնարկի հետ կապված հարցեր։

«Նիստի ժամանակ կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ առեւտրատնտեսական եւ ոլորտային երկկողմ համագործակցության ապագա իրավական ձեւաչափի ձեւավորմանն ու առեւտրատնտեսական հարաբերությունների ապագային, ինչպես նաեւ ԵՄ կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող աջակցությանն ու համապատասխան ծրագրերին առնչվող հարցեր: Որոշվել է շարունակել քննարկումները եւ առաջիկա ամիսներին հստակեցնել այն ուղղություններն ու համագործակցության ապագա իրավական ձեւաչափում ներառման ենթակա գլուխները, որոնք ընդունելի կլինեն կողմերի համար եւ կստեղծեն նախադրյալներ հարաբերությունների հետագա կարգավորման եւ զարգացման համար», – ասված է հաղորդագրության մեջ:

ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի վերացման մասին Մեդիամաքսը վերջերս զրուցել էր Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկու հետ, որը դեկտեմբերի սկզբին ավարտեց իր առաքելությունը Հայաստանում:

«Լեհաստանը միշտ կողմնակից է եղել, որ Վրաստանի հետ վիզայի ռեժիմի վերացումը տեղի ունենա Հայաստանի հետ միաժամանակ: Սա է մեր դիրքորոշումը: Սակայն Հայաստանն իր որոշ գործողություններով չի հեշտացնում մեր գործը, եւ երբեմն հայտնվում է հպարտ միայնության մեջ: Խոսքն, օրինակ, Ղրիմի բռնազավթումը որպես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման օրինակ ներկայացնելու մասին է: Նման փորձերը բացասական են անդրադառնում ԵՄ երկրների հետ փոխհարաբերությունների ընդհանուր ֆոնի վրա: Իմ կարծիքով, Հայաստանը պետք է համոզի Բրյուսելում իր գործընկերներին, Եվրոպական հանձնաժողովի նոր ղեկավարությանը, որ Հայաստանը Եվրամիության վստահելի գործընկերն է այս կարեւոր տարածաշրջանում»,Մեդիամաքսի հետ հարցազրույցում ասել էր դիվանագետը։

This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.