Թողարկում 167

CSF_Armenia_logo_ARMԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանում «Россия-1» եւ «Первый канал» հեռուստաալիքների հեռարձակման մասին

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ) խորապես մտահոգված է Հայաստանի Հանրապետության տարածքում միջպետական համաձայնագրերի հիման վրա վերահեռարձակվող ռուսաստանյան երկու՝ «Россия-1» եւ «Первый канал» հեռուստաալիքների եթերում տեղ գտած այն հաղորդումների եւ սյուժեների կապակցությամբ, որոնցում բացահայտ կերպով քարոզվում է այլատյացություն եւ սերմանվում է ատելություն՝ ազգային հիմքով: Նշված երեւույթն առավել ակնհայտ է դարձել Ուկրաինայի շուրջ վերջին ամիսների քաղաքական զարգացումների համատեքստում:

Այս կապակցությամբ հատկանշական է Ռուսաստանի Մամուլի դեմ բողոքների հարցերով hանրային կոլեգիայի կայացրած որոշումը՝ ի պատասխան «Россия-1» հեռուստաալիքի «Вести недели» («Շաբաթվա լուրեր») հաղորդաշարի (2013թ. դեկտեմբերի 8-ի թողարկում) եւ այն վարող Դմիտրի Կիսելյովի դեմ Ուկրաինայի Լրագրողական էթիկայի հարցերի հանձնաժողովի բողոքի։ Կոլեգիան բողոքարկվող սյուժեն բնորոշել է որպես «քարոզչական ոճով», «սարքովի» տեսաշարով» եւ «վիրավորական մակարդակի ցածրորակ հեռուստանյութ», որը «չի նպաստում ժողովուրդների վստահության ամրապնդմանը»։ Պատահական չէ, որ Դմիտրի Կիսելյովի անունն ընդգրկվել է Եվրամիության «անցանկալի անձանց» ցուցակում։ Ռուսաստանյան հեռուստաալիքների, մասնավորապես ագրեսիվ քարոզչություն իրականացնող եւ դրանով իսկ հասարակական կարծիքը գաղափարական «մշակման» ենթարկող տեղեկատվական եւ քաղաքական հաղորդումների կասեցման հարցը դրվում է Արեւելյան գործընկերության եւ Եվրամիության մի շարք երկրներում։

ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը համարում է, որ ռուսաստանյան այսօրինակ քարոզչության տարածումը Հայաստանի Հանրապետության տարածքում ապօրինի է, քանի որ հակասում է ՀՀ Սահմադրությանը (հոդված 14.1), օրենքներին (մասնավորապես՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի հոդված 24-ի բ, դ, ե, է կետերին), ինչպես նաեւ միջազգային մի շարք կոնվենցիաների, որոնց միացել է Հայաստանը, և որոնցով արգելվում է այլատյացության և ազգամիջյան թշնամության տարածումը: Այն մեծ վնաս է հասցնում մեր երկրի տեղեկատվական անվտանգությանը, այլ պետությունների հետ բարեկամական հարաբերություններին, ապակայունացնում է հասարակական կյանքը: Փաստորեն, զբաղեցնելով հանրային սահմանափակ ռեսուրս հանդիսացող ռադիոհաճախականությունները «Россия-1» եւ «Первый канал» հեռուստաալիքները գործում են Հայաստանի ազգային շահերին հակառակ:

Նույնանման դրսեւորումներ կան նաեւ մալուխային եւ այլ հիմունքներով Հայաստանում վերահեռարձակվող այնպիսի հեռուստաալիքներում, ինչպիսիք են «Россия-24»-ը, НТВ-ն, ТВЦ-ն եւ այլն, ինչն է՛լ ավելի է խորացնում ՀՀ քաղաքացիներին հասցվող տեղեկատվական եւ բարոյական վնասը:

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը ՀՀ իշխանությունից պահանջում է.

  • դիտարկել ռուսաստանյան «Россия-1» եւ «Первый канал» հեռուստաալիքների գործունեության օրինականությունը՝ ելնելով միջպետական համապատասխան պայմանագրերից,
  • վերանայել այդ պայմանագրերը եւ, այլատյացության եւ ազգային հիմքով ատելության քարոզչությունը չդադարեցնելու դեպքում, կասեցնել ազգային հեռարձակման ցանցով նշված երկու հեռուստաալիքների տարածումը եւ ազատված հաճախականությունները հանել լիցենզավորման մրցույթի:

7 ապրիլի, 2014թ.
Երեւան

 

european-commission-flag

Clima East նախագծի շրջանակներում անցկացված սեմինարում քննարկվել են կլիմայի փոփոխության հարցերի շուրջ ընթացող բանակցությունները

04.04.2014

IUCN_0005Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում տեղի ունեցած սեմինարում, որը նվիրված էր կլիմայի փոփոխության հարցերի շուրջ ընթացող միջազգային բանակցություններին, ԵՄ Արեւելյան հարեւանության երկրների եւ Ռուսաստանի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ հանդիպել են ԵՄ ներկայացուցիչների եւ ԵՄ կողմից ֆինանսավորվող Clima East նախագիծն իրականացնող թիմի անդամների հետ։ Նրանք քննարկել են ՄԱԿ-ի անցյալ տարվա COP 19 համաժողովի արդյունքները եւ հիմնական խնդիրների վերաբերյալ իրենց մոտեցումները։

Հանդիպման ժամանակ ներկայացվել են կլիմայի փոփոխությանն առնչվող ազգային քաղաքականության եւ 2015թ. համաձայնագրի նախագծերը՝ շեշտը դնելով առաջընթացը կասեցնող խոչընդոտների հաղթահարման, գործընկեր երկրներին 2015թ. համաձայնագրի հետ կապված օժանդակության, ԵՄ-ի եւ գործընկեր երկրների համագործակցության մեխանիզմների, ինչպես նաեւ գործընկեր երկրներին Clima East նախագծի նախապատրաստության հարցերի վրա։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

Մամուլի հաղորդագրություն

Clima East կայքէջ

 

This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.