Թողարկում 126

CSF logoԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի հայտարարությունը Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերաբերյալ

06.05.2013

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեն իր ափսոսանքն է հայտնում այն կապակցությամբ, որ 2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների ժամանակ Հայաստանի իշխանությունները չկարողացան օգտվել հասարակական աջակցությունը համախմբելու հնարավորությունից, ինչը քաղաքական անհրաժեշտություն է՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո երկրում դժվարին բարեփոխումների իրականացման համար։

Համաձայն ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի  անդամ, ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունների կողմից պատրաստված հետընտրական զեկույցի՝ «ընտրությունները չի կարելի արդար համարել ո՛չ ընթացակարգերի ճշտություն, ո՛չ էլ ընտրությունների պաշտոնական արդյունքների նկատմամբ Հայաստանի քաղաքացիների ակնկալիքների առումով, եւ հետեւաբար, այն չի կարող երկրի իշխանությանը բավարար մակարդակի լեգիտիմություն ապահովել։ Նրանց գնահատմամբ՝ կան ուղիղ եւ անուղղակի ապացույցներ, որ ի օգուտ գործող  նախագահի՝ կատարվել է քվեաթերթիկների լցոնում։

ՔՀՖ-ն ընդգծում է, որ «ազատ եւ արդար ընտրությունները գործուն ժողովրդավարության հիմքն են կազմում, եւ առաջիկայում Ադրբեջանում եւ Վրաստանում կայանալիք ընտրական գործընթացների՝  հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող սեփական մոնիտորինգը, ինչպես ցույց տվեց Հայաստանի օրինակը, ընտրախախտումների նվազեցմանն ուղղված անհրաժեշտություն է։

ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի հայտարարության ամբողջական տեքստը կարող եք կարդալ  այստեղ։

Ներկայումս ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը ՀՀ նախագահական եւ Երեւանի ավագանու՝ մայիսի 5-ին կայացած ընտրությունների վերաբերյալ համապարփակ զեկույց է պատրաստում, որը կհրապարակվի առաջիկայում։


 

 EuropAid logo_en

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ  ՀԱՐՑԵՐՈՎ ԲԱՐՁՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ

 Բրյուսել, 15-ը մայիսի, 2012թ.

JOIN (2012) 13 վերջնական տարբերակ

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ, ԽՈՐՀՐԴԻՆ, ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Արևելյան գործընկերություն.

Ճանապարհային քարտեզ՝ 2013թ. գագաթնաժողովին ընդառաջ

{SWD(2012) 108 վերջնական}

{SWD(2012) 109 վերջնական}

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՆ, ԽՈՐՀՐԴԻՆ, ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Արևելյան գործընկերություն.

Ճանապարհային քարտեզ՝ 2013թ. գագաթնաժողովին ընդառաջ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

ԵՄ-ի և նրա Արևելաեվրոպական գործընկերների՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի միջև համագործակցությունը Միության արտաքին հարաբերությունների կարևորագույն բաղադրիչ է։ Որքան ավելի շատ են գործընկեր երկրները մոտենում ԵՄ-ին, այնքան ավելի է մեծանում թե՛ Միության և թե՛ այլ երկրների միջև քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի սերտացման հնարավորությունը։

Սույն Հաղորդագրության նպատակն է ներկայացնել Արևելյան գործընկերության Ճանապարհային քարտեզը, ինչպես համաձայնեցվել է 2011թ. սեպտեմբերի 29-30-ը Վարշավայում տեղի ունեցած Արևելյան գործընկերության գագաթնաժողովին։[1] Ճանապարհային քարտեզի նպատակն էր՝ ուղղորդել աշխատանքները դեպի 2013թ. աշնանը կայանալիք հաջորդ գագաթնաժողովը։ [2] Այն ներառում է Արևելյան գործընկերության թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ ուղղությունները և ուղղորդվում է համատեղ տնօրինման, տարբերակման և պայմանականության սկզբունքներով։

 1.    ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏԸ

1.1. Արևելյան գործընկերություն. ընդհանուր արժեքներ կիսող հավասարների գործընկերություն

1.2.   Արևելյան գործընկերությունը մեկնարկել է 2009թ. Պրահայում կազմակերպված գագաթնաժողովին[3], ԵՄ և նրա արևելաեվրոպական գործընկերների ջանքերի շնորհիվ՝ հետապնդելով քաղաքական և տնտեսական բարեփոխումների խթանմանը և տարածաշրջանի երկրներին՝ ԵՄ-ին առավել սերտ մոտենալու հարցում աջակցելու նպատակ։ Նրա հիմքում ընկած է միջազգային իրավունքին և հիմնարար արժեքներին, այդ թվում՝ ժողովրդավարությանը, իրավունքի գերակայությանը և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքին, ինչպես նաև շուկայական տնտեսության, կայուն զարգացման և լավ կառավարման սկզբունքներին ընդհանուր հավատարմությունը։

Չնայած որ յուրաքանչյուր երկիր անհատական հարաբերություններ ունի ԵՄ հետ, Արևելյան գործընկերության հովանու ներքո ԵՄ-ն և նրա գործընկերները ստանձնել են բազմակողմ ուղղությամբ հետագա զարգացման հանձնառությունը՝ ներգրավելով ԵՄ անդամ բոլոր պետություններին և  գործընկեր երկրներին։ Այս բազմակողմ ուղղությունը նպատակ ունի ամրապնդել և լրացնել երկկողմ ուղղությանը և դյուրին դարձնել ընդհանուր դիրքորոշումների ձևավորումն ու համատեղ գործունեության մշակումը։

2011թ. սեպտեմբերին Վարշավայում տեղի ունեցած Արևելյան գործընկերության գագաթնաժողովը վերահաստատեց Պրահայում փոխհամաձայնեցված օրակարգը և ճանաչեց, որ կարևոր առաջընթաց է արձանագրվել մի շարք ոլորտներում։ Այնուհանդերձ, Գագաթնաժողովի մասնակիցները նաև համաձայնեցին, որ անհրաժեշտ է ամրապնդել բարեփոխումներին ուղղված ջանքերը, և որ բարեփոխումների տեմպը որոշիչ կլինի համագործակցության խորության համար, և որ բարեփոխումներում առավել ներգրավված գործընկերներն առավելագույն օգուտը կքաղեն Եվրոպական միության հետ իրենց փոխհարաբերություններից։ Նրանք նաև կոչ արեցին վերահաստատել ընդհանուր արժեքներին իրենց նվիրումը։

Էական է փոփոխությունները տեղում իրականացնել, հիմնել կայուն ժողովրդավարական հաստատություններ, խաղաղ ճանապարհով կարգավորել ձգձգված հակամարտությունները և ամուր հիմք ապահովել կայուն և համապարփակ տնտեսական աճի ու աշխատատեղերի ստեղծման համար։ Առաջընթացը դեպի խորը և կայուն ժողովրդավարություն՝ էական նշանակություն ունի ԵՄ-ի և նրա արևելաեվրոպական գործընկերների միջև հետագա հարաբերությունների առումով։

Հատուկ շեշտադրում է կատարվել ընդհանուր առմամբ հասարակությունների ներգրավման անհրաժեշտությանը։ Քաղաքացիական հասարակությունը լավ գործող ժողովրդավարական համակարգի հիմնարար տարր է։ Հետևաբար ԵՄ օժանդակությունը քաղաքացիական հասարակությանը և Արևելյան եվրոպայի երկրներում քաղաքացիական հասարակության ներգրավումը էապես խթանվում են։ Ուստիև վերոնշյալ տեսանկյունները շեշտադրվել են առաջարկված Ճանապարհային քարտեզում։

1.2 . Նպատակներ

Արևելյան գործընկերության հիմնական նպատակն է՝ պայմաններ ստեղծել ԵՄ-ի և Արևելյան Եվրոպայի գործընկեր երկրների միջև քաղաքական ընկերակցությունը տնտեսական ինտեգրումը խթանելու համար։ Վարշավայում կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովը ճանաչեց եվրոպական ձգտումները և խորը ու կայուն ժողովրդավարություն կառուցելու ուղղությամբ որոշ գործընկերների եվրոպական ընտրությունն ու հանձնառությունը։ Գագաթնաժողովը մասնավորապես ընդգծեց Արևելյան գործընկերության առանձնահատուկ դերն այն երկրներին աջակցելու հարցում, որոնք ձգտում են ԵՄ-ի հետ էլ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը։[4] Արևելյան գործընկերությունը նաև հետապնդում է տարածաշրջանային համագործակցությունը և բարիդրացիական հարաբերությունները խթանելու նպատակ։ Այս նպատակներն աջակցում են կայունության, անվտանգության և բարեկեցության ընդհանուր նվիրումին թե՛ ԵՄ և թե՛ նրա գործընկեր երկրներում։ Այս համընդգրկուն նպատակների ջատագով ԵՄ-ն և նրա Արևելաեվրոպական գործընկերները պետք է՝

  • Ձևավորեն նոր, առավել խոր պայմանագրային փոխհարաբերություններ ԵՄ-ի և գործընկեր երկրների միջև՝ Ասոցացման համաձայնագրերի տեսքով, անհրաժեշտության դեպքում ներառելով Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտիներ (DCFTA), որտեղ կանոնակարգերի մոտարկումը կարող է նպաստել առևտրի և ներդրումների ազատականացման դրական ազդեցություններին՝ հանգեցնելով ԵՄ օրենքներին և ստանդարտներին զուգամիտմանը։
  • Նպաստեն քաղաքացիների շարժունակությանը (մոբիլությանը) և մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացմանը լավ կառավարվող և անվտանգ միջավայրում։  Գործընկեր երկրների քաղաքացիների շարժունակությունը կխթանվի մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման և հետընդունման (ռեադմիսիայի) համաձայնագրերի միջոցով, որպես վերջնական նպատակ՝ ազատ վիզային ռեժիմի սահմանման առաջին քայլ։
  • Խթանել սեկտորների համագործակցությունը և դյուրին դարձնել գործընկեր երկրների մասնակցությունը ԵՄ ծրագրերում և գործակալություններում։

Արևելյան գործընկերությունն անդրադառնում է չավարտված տրանսֆորմացիայի (ձևափոխման) խնդրին։ Այն օգնում է գործընկերներին՝ ավարտին հարցնել իրենց անցումը դեպի ժողովրդավարություն և շուկայական տնտեսություն՝ աջակցելով նրանց բարեփոխումների գործընթացին։

2.    ՆՈՐ ՄՈՏԵՑՄԱՆ ԿԻՐԱՌՈՒՄԸ

Ճանապարհային քարտեզը հետապնդում է նորացված Եվրոպական հարևանության քաղաքականության «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքը գործի վերածելու նպատակ: Որքան ավելի մեծ առաջընթաց է գրանցում գործընկեր երկիրը, այնքան ավելի մեծ աջակցություն կստանա ԵՄ-ից: Սա պետք է ներառի սոցիալական և տնտեսական զարգացման նպատակով ֆինանսավորման աճ, համակողմանի հաստատությունների կառուցման առավել ընդգրկուն ծրագրեր, գործընկեր երկրների համար առավել լայն մուտք ԵՄ ներքին շուկա, ԵՄ ներդրումների աճ` ներառյալ Եվրոպական Ներդրումային բանկի վարկերը, ինչպես նաև ԵՄ բյուջեով նախատեսված դրամաշնորհները` Եվրոպական Ներդրումային բանկի (EIB) և այլ միջազգային ֆինանսական հաստատությունների վարկերի հետ միաձուլմամբ և ընդլայնվող քաղաքական երկխոսությունը: Բարեփոխումների ոլորտում առաջընթացը պետք է գնահատվի ըստ ԵՀՔ երկրների տարեկան զեկույցների:

Բարեփոխումների ոլորտում առաջընթացը կգնահատվի ըստ հստակ չափորոշիչների, որոնք արտացոլում են այն հանձնառությունները, որ գործընկեր երկրները ստանձնել են ԵՄ առջև` այդ թվում ԵՀՔ Գործողությունների ծրագրեր/Ասոցացման օրակարգերը: ԵՄ-ն ամբողջականորեն կդիտարկի իր գործընկեր երկրների հետ հարաբերությունները՝ ներառյալ տարածաշրջանում անկայունության և հակամարտությունների դեմ պայքարելուն ուղղված ջանքերը:

Ճանապարհային քարտեզը կուղեկցվի լրացուցիչ ֆինանսավորմամբ` «ավելին`ավելիի դիմաց» սկզբունքի համաձայն: Արևելյան գործընկերության Ինտեգրում և Համագործակցություն (ԱլԳԻՀ) անվանմամբ նոր ծրագիր է ստեղծվում` 2012-2013թթ. համար՝ 130 մլն եվրո գումարի չափով մոտավոր հատկացումներով: Այն հավելվում է 2010-2013թթ. Արևելյան Եվրոպայի գործընկերների նկատմամբ ԵՄ-ի ստանձնած հանձնառությանը, որը կազմում է 1.9 մլրդ եվրո: Բարձրագույն կրթական համագործակցային ծրագրերում Գործընկեր երկրների մասնակցությանն ուղղված բյուջեի հատկացումները (“Erasmus Mundus” և “Tempus”) կկրկնապատկվեն “Erasmus Mundus”-ի համար և զգալիորեն կընդլայնվեն “Tempus”-ի համար: «Արևելյան գործընկերության Ինտեգրում և Համագործակցություն» ծրագիրը կբևեռվի ժողովրդավարական բարեփոխումների և հաստատությունների հիմնադրման խթանմանը, ինչպես նաև ընդգրկուն զարգացմանը և վստահության կառուցման միջոցների ընդլայնմանը։

 3. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ. ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ  ԵՎ  ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ  ՀԱՄԱՏԵՂ  ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ  ՎԵՐԱՀՍԿԵԼՈՒ  ՃԿՈՒՆ  ԳՈՐԾԻՔ

Արևելյան գործընկերության Ճանապարհային քարտեզը՝ կից ներկայացված  փաստաթղթերում զետեղված երկու աղյուսակների հետ միասին, հնարավորություն կտա և´ ԵՄ-ին, և´ Արևելյան Եվրոպայի գործընկեր երկրներին՝ առաջնորդվել և վերահսկել բարեփոխումներն ու զարգացումը:

Ճանապարհային քարտեզն ինքնին սահմանում է.

  • նպատակները, որոնք բխում են 2009թ. Պրահայի և 2011թ. Վարշավայի Գագաթնաժողովների հռչակագրերից և համատեղ փոխհամաձայնեցված են ԵՄ և Արևելյան Եվրոպայի նրա գործընկերների միջև՝ Արևելյան գործընկերության շրջանակներում։
  • բարեփոխումները և առաջընթացը, որոնց միտված կլինեն գործընկեր երկրները հասնելու Ասոցացման համապատասխան օրակարգերում և ԵՀՔ Գործողությունների ծրագրերում համատեղ համաձայնեցված քայլերի հետապնդած նպատակներին,
  • բազմատեսակ գործիքներ և աջակցություն, որ ԵՄ-ն պետք է տրամադրի ԵՄ ֆինանսական համագործակցության և քաղաքական երկխոսության միջոցով,
  • սահմանում, թե ի՞նչ չափով են ԵՄ-ն և գործընկեր երկրներն ակնկալում իրագործել մինչև 2013թ. երկրորդ կեսի ավարտը նախատեսված նպատակները` թիրախների, արդյունքների և ժամկետների ճշգրտման միջոցով:

 4.    ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՏՎԱԾԸ

 Ճանապարհային քարտեզի երկկողմ հատվածը սևեռվում է միասնականորեն փոխհամաձայնեցված հետևյալ հիմնական նպատակներին՝

  • քաղաքական ասոցացում և տնտեսական ինտեգրում,
  • քաղաքացիների ընդլայնված շարժունակություն անվտանգ և լավ կառավարվող միջավայրում,
  • ամրապնդված ոլորտային համագործակցություն:

Այս երեք խնդիրներից յուրաքանչյուրի համար Ճանապարհային քարտեզի երկկողմ բաժինը նպատակաուղղված է սահմանել քաղաքական միջոցների այն տեսակները, որ պետք է կիրառեն գործընկեր երկրները` հիմնվելով առկա համատեղ համաձայնեցված փաստաթղթերին, ինչպիսիք են Ասոցացման օրակարգերը և ԵՀՔ Գործողությունների ծրագիրը, ինչպես նաև այն օժանդակությունը, որ ԵՄ-ն կարող է տրամադրել:

 Նպատակ 1. Քաղաքական ասոցացում և տնտեսական ինտեգրում

 Ընդհանուր արժեքների կիրառում

Երկկողմ բաժինը թվարկում է ընդհանուր արժեքների կիրառման գնահատման առանցքային չափորոշիչները: Այն մի կողմից ներկայացնում է գործընկեր երկրների հիմնական գործողությունները, ինչպես որ սահմանված է համաձայնեցված փաստաթղթերում, մյուս կողմից` ԵՄ առաջարկած օժանդակությունը:

Որտեղ է այս պահին հասել Արևելյան գործընկերությունը

– Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի`ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները վերջնականացվել են, և համաձայնեցված տեքստը նախաստորագրվել է 2012թ. մարտի 30-ին: Ասոցացման համաձայնագրերի շուրջ բանակցություններ են մեկնարկել Մոլդովայի Հանրապետության, Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հետ և շատ լավ առաջ են ընթանում, մինչդեռ Վրաստանի և Մոլդովայի հետ  ԽՀԱԱԳ (DCFTA)-ների[5] շուրջ բանակցությունների մեկնարկի վերաբերյալ որոշումն ընդունվել է 2011թ. դեկտեմբերին, իսկ Հայաստանի հետ` 2012թ. փետրվարին:

Մինչև  2013թ. աշունն ակնկալվող ձեռքբերումները

2011թ.-ի Գագաթնաժողովին ԵՄ-Ուկրաինա Ասոցացման համաձայնագրի վերջնականացումից հետո երկու կողմերը հասան փոխըմբռնման, որ Ուկրաինայի կատարողականությունը հատկապես ընդհանուր արժեքների և իրավունքի գերակայության իմաստով էական նշանակություն ունի ԵՄ հետ քաղաքական ասոցացման ու տնտեսական ինտեգրման տեմպի, ինչպես նաև  Ասոցացման Համաձայնագրի և դրա հետագա իրագործման համատեքստում։

Մինչև 2013թ. աշունը Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հետ պետք է զգալիորեն ընդլայնվեն, եթե ոչ՝ վերջնականացվեն: ԽՀԱԱԳ-ի շուրջ բանակցությունները Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության հետ պետք է զգալի առաջընթաց գրանցեն, եթե ոչ՝ վերջնականացվեն: Միաժամանակ անհրաժեշտ է շարունակական առաջընթաց արձանագրել կանոնակարգերի մոտարկման ոլորտում` համաձայն Հանձնաժողովի առաջարկությունների: Ադրբեջանը պետք է առաջընթաց գրանցի ԱՀԿ-ի անդամության առումով` որպես ԽՀԱԱԳ բանակցությունների մեկնարկի նախապայման:

Ասոցացման համաձայնագրերի, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ԽՀԱԱԳ Համաձայնագրերի նախապատրաստական և իրագործման գործընթացներին աջակցելու նպատակով ԵՄ-ն և Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանն ու Մոլդովայի Հանրապետությունը պետք է համաձայնեն 2013թ. Ասոցացման համապատասխան Օրակարգերին:

Բանակցային գործընթացում ԵՄ-ն գործընկերներին կտրամադրի քաղաքական երկխոսություն և ֆինանսական օժանդակություն, այդ թվում՝ Հաստատությունների համապարփակ կառուցման ծրագրերի միջոցով: Քաղաքական բարեփոխումների շուրջ գրանցված առաջընթացը, որն անհրաժեշտ է Արևելյան գործընկերության ընդհանուր արժեքների և գործընկեր երկրների նկատմամբ ԵՄ-ի ընդհանրական դիրքորոշման իրագործման համար, կազդի այն տեմպի վրա, որով գործընկերներն ի վիճակի կլինեն օգուտ քաղել ԵՄ-ի հետ առավել սերտ հարաբերություններից: Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում սպասվող խորհրդարանական ընտրություններն անկյունաքարային կլինեն այս երկրներում ժողովրդավարացման գործընթացի ամրապնդման առումով:

ԵՄ-ն ակնկալում է տեսնել արժանահավատ և կայուն ջանքեր Վրաստանում, Մոլդովայի Հանրապետությունում, Մերձդնեստրյան և Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունների առավելագույնս արագ կարգավորման ուղղությամբ: ԵՄ-ն հաստատում է իր հանձնառությունը` հետաքրքրված և ներգրավված մնալ կայունացման և հակամարտության կարգավորման ջանքերում Վրաստանում, այդ թվում՝ Ժնևյան Քննարկումներում որպես համանախագահ իր ներգրավվածության շարունակականությունը, և Վրաստանում ճգնաժամի հարցերով Հարավային Կովկասում ԵՄ Հատուկ ներկայացուցչի ջանքերը, ինչպես նաև ԵՄ Մոնիտորինգային առաքելության շարունակական ներկայությունը: Ինչ վերաբերում է Մերձդնեստրյան հակամարտությանը, ԵՄ-ն լիովին օժանդակում է ԵԱՀԿ հովանու ներքո 5+2 ձևաչափով ընթացող միջնորդական ջանքերին, որում իր մասնակցությունն ունի:

ԵՄ-ն նաև լիարժեք կերպով աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին, որոնց մասնակցություն չի ցուցաբերում: ԵՄ-ն վերահաստատում է իր աջակցությունը Մադրիդյան սկզբունքներին և կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին՝ ավելի մեծ ջանքեր գործադրել, որպես խաղաղության հաստատման հիմք՝ այդ սկզբունքների շուրջ համաձայնության գալու ուղղությամբ։

ԵՄ-ն խորացնում է իր համագործակցությունը հակամարտության կողմ հանդիսացող գործընկեր երկրների հետ և ուժեղացնում է իր աջակցությունը վստահության կառուցման, ինչպես նաև հակամարտությունից տուժած անձանց կենսապայմանների բարելավման միջոցներին: ԵՄ հետ գործընկեր երկրների քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման գործընթացում առաջընթացը շահեկան կլինի հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ու կայունության համար։

ԵՄ-ն հաստատակամորեն հավատարիմ կմնա բելառուս ժողովրդի և քաղաքացիական հասարակության ներգրավման ամրապնդմանը: Մտապահելով ԵՄ-Բելառուս ներկա հարաբերությունները` ԵՄ-ն հատուկ նախատեսված «Արդիականացման շուրջ Եվրոպական երկխոսության» միջոցով կընդլայնի իր օժանդակությունը բելառուսական քաղաքացիական հասարակությանն ու ժողովրդավարական քաղաքական ուժերին: «Արդիականացման շուրջ Եվրոպական երկխոսությունը» մեկնարկել է 2012թ. մարտի 29-ին, ի նշան ԵՄ-ի անխախտ հավատարմության՝ աջակցելու բելառուսական ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին։ ԵՄ-ն շարունակելու է ուշադիր հետևել իրավիճակին Բելառուսում և հավատարիմ է մնալու քննադատական ներգրավման քաղաքականությանը, մասնավորապես երկխոսության և Արևելյան գործընկերության միջոցով: Բելառուսի կողմից ժողովրդավարական սկզբունքների հարգման, իրավունքի գերակայության ու մարդու իրավունքների պաշտպանության հարցերում առաջընթացի գրանցումը կպայմանավորի երկկողմ հարաբերությունների զարգացումը: Միևնույն ժամանակ և հետագա զարգացումների լույսի ներքո, ԵՄ-ն պատրաստակամ է ըստ անհրաժեշտության դիտարկել հետագա թիրախային միջոցառումները համագործակցության բոլոր ոլորտներում:

Նպատակ 2. Ընդլայնված շարժունակություն անվտանգ և լավ կառավարվող միջավայրում

 Որտե՞ղ է այս պահին հասել Արևելյան գործընկերությունը

2008թ.-ից սկսած՝ ԵՄ հետ կիրառելով մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման և հետընդունման (ռեադմիսիայի) համաձայնագրերը՝ Մոլդովան և Ուկրաինան այժմ իրագործում են մուտքի արտոնագրերի վերացման  գործողությունների ծրագրեր:

Շարժունակության համագործակցություն է գործում Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության հետ, վերջերս նաև մեկնարկել է Հայաստանի հետ: 2011թ. մարտին Վրաստանը հաջողությամբ կիրառեց Մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման և հետընդունման (ռեադմիսիայի) Համաձայնագրերը: Եվրոպական Հանձնաժողովը, համաձայն 2011թ. դեկտեմբերին ԵՄ Նախարարների Խորհրդից ստացված հանձնագրի, 2012թ. մարտին մեկնարկեցին Հայաստանի և Ադրբեջանի հետ վերոնշյալ երկու համաձայնագրերի շուրջ բանակցությունները: Նույնօրինակ առաջարկը, որ արվել է Բելառուսին 2011թ. հունիսին, մեծ օգուտ կտար բելառուսական հասարակությանը, սակայն Մինսկի իշխանությունները դրան չեն արձագանքել։ Բելառուս հասարակության մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու նպատակով ԵՄ անդամ երկրները ջանում են առավելագույն օգուտ քաղել Մուտքի արտոնագրերի տրամադրման Օրենսգրքի առաջարկած ճկունությունից, մասնավորապես մուտքի արտոնագրերի վճարների վերացման կամ նվազեցման հնարավորություններն առանձին կատեգորիաների կամ անհատական դեպքերի համար:

Մինչև  2013թ. աշունն ակնկալվող ձեռքբերումները

Նախատեսվում է ավարտին հասցնել մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման և հետընդունման (ռեադմիսիայի)  համաձայնագրերի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի հետ վարվող բանակցությունները: ԵՄ-ն պատրաստակամ է սկսել նմանօրինակ բանակցություններ Բելառուսի հետ: Կարող է կանխատեսվել Շարժունակության համագործակցության հաստատում Ադրբեջանի հետ: Մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման և հետընդունման (ռեադմիսիայի) համաձայնագրերի արդյունավետ կիրարկումը և լայն իմաստով համագործակցությունն արդարադատության և ներքին գործերի ոլորտներում շատ շուտով Վրաստանի, ապա, ավելի ուշ, Հայաստանի և Ադրբեջանի հետ, կարող են հանգեցնել Վիզային ռեժիմի վերացման Գործողությունների ծրագրի շուրջ բանակցությունների: ԵՄ-ն նախատեսում է անմիջապես վիզաների շուրջ երկխոսություն սկսել Վրաստանի հետ: Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի հետ վիզային ռեժիմի վերացումը կախված կլինի այս երկու երկրներում վիզային ռեժիմի վերացման Գործողությունների համապատասխան ծրագրերի իրականացումից:

Նպատակ 3. Ամրապնդված ոլորտային համագործակցություն

Ոլորտային ընդգրկումը, որ նախատեսված է իրականացնել, պայմանական է և ոչ վերջնական: Ոլորտային համագործակցության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ներկայացված է աղյուսակներում:

Արևելյան գործընկերության ոչ ֆորմալ երկխոսությունները, որոնք նախատեսվում են գործընկեր երկրների հետ երկու տարին մեկ անգամ (մանրամասն բացատրված է ստորև` 5-րդ բաժնում), ևս կնպաստեն երկկողմ համագործակցության մակարդակի բարձրացմանը:

Մասնակցություն ԵՄ ծրագրերին և համագործակցություն ԵՄ գործակալությունների հետ

 Որտեղ է այս պահին հասել Արևելյան գործընկերությունը

ԵՄ-ն ստորագրել է արձանագրություններ Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի հետ, ինչն իրավական դաշտ է ապահովում վերջիններիս մասնակցության համար ԵՄ ծրագրերում, որոնք բաց են ԵՀՔ գործընկերների համար: Մոլդովայի Հանրապետությունը 2012թ. հունվարից ներգրավվել է Հետազոտությունների և գիտատեխնիկական զարգացման` ԵՄ 7-րդ Շրջանակային ծրագրին: ԵՄ-ի Գործակալությունների և Արևելյան գործընկերության երկրների միջև համագործակցության զարգացմանն ուղղված համագործակցությունը կամ ջանքերն ամրապնդվել են, մասնավորապես արդարադատության և ներքին գործերի, ավիացիայի (օդագնացության) անվտանգության ոլորտներում:

Մինչև  2013թ. աշունն ակնկալվող ձեռքբերումներ

ԵՄ-ն կդյուրացնի գործընկեր երկրների մասնակցությունը ԵՄ Գործակալությունների և Ծրագրերի աշխատանքներին, որոնք բաց են նրանց համար` համաձայն Հանձնաժողովի համապատասխան Հաղորդագրության[6]: 2013թ. վերջին արձանագրությունները, որ ԱլԳ երկրներին հետագայում թույլ են տալիս մասնակցել ԵՄ ծրագրերին, կբանակցվեն երկկողմ համաձայնագրերի հիման վրա: Հանձնաժողովն այդ ընթացքում ԵՄ հաստատությունների հետ համագործակցության ամրապնդման նպատակով կաջակցի գործընկեր երկրներին իրավական նախապայմաններին համապատասխանելու հարցում և հնարավոր օժանդակություն կտրամադրի այս համագործակցության և ծրագրերում մասնակցության աշխատանքների հետ կապված որոշ ծախսերի կատարման առնչությամբ:

Էներգետիկայի ոլորտ

Որտեղ է այս պահին հասել Արևելյան գործընկերությունը 

Ընթացքում են էներգետիկ անվտանգության խթանմանն ուղղված հատվածական բարեփոխումները։ Նախնական քայլեր են կատարվում Արևելյան Եվրոպայի երկրների և ԵՄ էներգետիկ շուկաների ինտեգրման, ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների միջև փոխադարձ ցանցային կապերի ամրապնդման, մատակարարման աղբյուրների և ուղիների տարբերակման, էներգիայի արդյունավետության և վերականգնվող ռեսուրսների օգտագործման ուղղությամբ։ Մեկնարկել է հատվածի օրենսդրության և կանոնակարգման ոլորտում մոտարկումը ԵՄ ներքին էներգետիկ շուկայի կանոնների որոշ տարրերին։ Ուկրաինան և Մոլդովայի Հանրապետությունն Էներգետիկ համայնքի անդամներ են, որն ինտեգրման հզոր գործիք է։ Վրաստանն ու Հայաստանը դիտորդներ են։ Միջուկային անվտանգության ոլորտում բարելավումներ են իրականացվում Ուկրաինայում և Հայաստանում։ Երկու երկրներն էլ ստանձնել են 2011թ. Ֆուկուսիմայի պատահարին հետևելու հանձնառությունը, կամավոր իրականացնելու «Սթրես թեստեր»՝ հիմնվելով ԵՄ հատկորոշումներին։ Բելառուսը նույնպես հանձն է առել իրականացնել միջուկային անվտանգության և ռիսկերի գնահատում իր միջուկային կայանի ծրագրի համար։ 

Մինչև  2013թ. աշունն ակնկալվող ձեռքբերումները

Էներգետիկայի ոլորտում համագործակցության ամրապնդման նպատակով կխթանվի բաց և ընդգրկուն քաղաքականությունն էներգետիկ անվտանգության, փոխադրումների և մատակարարման ոլորտներում: Պետք է զգալիորեն խթանվեն ոլորտային քաղաքական բարեփոխումները, ինչը թույլ կտա առաջընթաց արձանագրել ինտեգրվող էներգետիկ շուկաներում: Կխրախուսվի հետագա համագործակցությունն Էներգետիկ համայնքի պայմանագրի աշխատանքներում: Ընդհանուր շահին հիմնված (բնական գազ, նավթ, էլեկտրականություն) էներգետիկ ցանցերը հետագայում ևս պետք է բարելավվեն` նախագծման և արդի վերակառուցման իմաստով, այդ թվում պետք է ներառվեն հստակ քայլեր Հարավային Միջանցքի իրականացման ուղղությամբ, ռազմավարական կարևորության մի ենթակառուցվածք, որը կապահովի Կասպից ծովից էներգամատակարարման  երթուղիների դիվերսիֆիկացումը դեպի եվրոպական շուկա: Գործընկերները պետք է տեղում առավել ուժեղ էներգետիկ արդյունավետություն և վերականգնվող էներգետիկ քաղաքականություն ու ծրագրեր մշակեն: Ուկրաինան և Հայաստանը պետք է հետագայում բարելավեն իրենց ատոմակայանների անվտանգությունը և ավարտեն «Սթրես թեստերի» իրականացումը:

Տրանսպորտ

Որտեղ է այս պահին հասել Արևելյան գործընկերությունը

Թեև մեկնարկել են տրանսպորտի ոլորտում տրանսպորտի բոլոր տեսակների բարեփոխումները, այնուհանդերձ, դրանք հեռու են ամբողջական լինելուց: Երկրների մեծամասնությունում տրանսպորտն աստիճանաբար համապատասխանեցվում է ԵՄ չափանիշներին: Տրանսպորտի բարձր անվտանգությունն ու սոցիալական չափանիշներն էական են գործընկեր երկրների համար` ԵՄ-ի տրանսպորտային համակարգին առավել սերտ ինտեգրվելու տեսանկյունից:

Ավիացիայի ոլորտում համապարփակ օդային ծառայությունների համաձայնագրերի շուրջ բանակցություններն ավարտին են հասցվել Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության հետ, և նախատեսվում է դրանց մեկնարկն Ադրբեջանի հետ: Առաջ են ընթանում բանակցություններն Ուկրաինայի հետ: Ծովային անվտանգության ամրապնդումը շարունակում է մարտահրավեր մնալ, քանի որ գործընկեր երկրների մեծամասնության դրոշները շարունակում են մնալ Դրոշների պետական կատարողականությունը գնահատող Նավահանգիստների պետական վերահսկողության մասին փոխըմբռնման Փարիզի Հուշագրի սև ցուցակում:

Ճանապարհային անվտանգության խնդիրը գործընկեր երկրներում մտահոգության առիթ է, քանի որ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահացության ցուցանիշները զգալիորեն գերազանցում են ԵՄ ցուցանիշներին: Երկաթուղային տրանսպորտի ներուժը կարող է հետագայում շահագործվել ԵՄ-ի երկաթուղային համակարգերի հետ առավել բարձր փոխգործակցության միջոցով: ԵՄ և գործընկեր երկրների միջև մարդկանց և ապրանքների տեղաշարժը խոչընդոտվում է ենթակառուցվածքային խնդիրների պատճառով: ԵՄ-ն և գործընկեր երկրները համագործակցում են ենթակառուցվածքային նախագծման ոլորտում` տրանսպորտային ցանցերի միջև կապեր ապահովելու նպատակով:

Մինչև  2013թ. աշունն ակնկալվող ձեռքբերումները 

Տրանսպորտի հատվածի բարեփոխումները պետք է ԵՄ տրանսպորտային չափանիշներին ավելի մեծ մոտարկում ապահոված լինեն: Օդային ծառայությունների համաձայնագրերի շուրջ բանակցությունները պետք է ավարտին հասցվեն մի շարք երկրների հետ, մինչդեռ այլ բանակցություններ կարող են շարունակվել կամ նախատեսվել, իսկ դրանց իրագործումը պետք է մշտապես լինի ուշադրության կենտրոնում։  Ծովային ապահովությունն ու անվտանգությունը պետք է ամրապնդվեն քաղաքական բարեփոխումների միջոցով, և պետք է առաջնահերթությունների առումով բարելավում գրանցվի Նավահանգիստների պետական վերահսկողության վերաբերյալ Փոխըմբռնման Փարիզի հուշագրի տեսանկյունից:

Գործընկեր երկրները պետք է կարողանան ապահովել ճանապարհային անվտանգության բարելավված ցուցանիշներ, ինչպես նաև հստակ քայլեր ձեռնարկեն` ԵՄ հետ երկաթուղային բարելավման փոխգործակցության ուղղությամբ: ԵՄ հետ տրանսպորտային կապերը պետք է բարելավվեն ցանցերի առավել լավ նախագծման և առաջնահերթ ենթակառուցվածքային ծրագրերի ուղղությամբ աշխատանքներ տանելու միջոցով: Նպատակը պետք է լինի գործընկեր երկրների` Անդրեվրոպական տրանսպորտային ցանցին միացումը:

Ազատություն, արդարադատություն և անվտանգություն

Որտեղ է այս պահին հասել Արևելյան գործընկերությունը 

Այս ոլորտում երկկողմ համագործակցությունն աստիճանական զարգացում է ապահովել: Համագործակցությունն առաջինը նախաձեռնվել է Ուկրաինայի հետ` ԵՄ-Ուկրաինա ոլորտային Գործողությունների առանձնահատուկ Ծրագրի հիման վրա: Մոլդովայի Հանրապետության և Վրաստանի հետ Շարժունակության շուրջ գործընկերությունը կապի ամրապնդման և առավել լայն միգրացիայի օրինակ հանդիսացավ` այսպիսով նպաստելով 2011թ. հոկտեմբերին Շարժունակության շուրջ գործընկերության համաձայնության ստորագրմանը Հայաստանի հետ:

Տարածաշրջանային համագործակցության աճ է գրանցվել սահմանների կառավարման իմաստով` Մոլդովայում և Ուկրաինայում ԵՄ-ի Սահմանային աջակցության առաքելության (EUBAM) և Հարավային Կովկասի սահմանների միասնական կառավարման (SCIBM) ծրագրի համատեքստում: EUBAM-ը ևս շարունակել է Մոլդովայի Հանրապետության Մերձդնեստրյան շրջանի շուրջ իրավիճակի համապատասխան մշտադիտարկման իրականացումը: Ապաստանի տրամադրումը, կազմակերպված հանցագործության, մարդկանց թրաֆիկինգի և փողերի լվացման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարը, տվյալների պաշտպանության հարցերն ու դատական համագործակցությունը վերջին տարիներին եղել են ԵՄ-ի և գործընկեր երկրների օրակարգերում: Թմրանյութերի վերաբերյալ բանակցությունները մեկնարկել են 2011թ.-ին Մոլդովայի Հանրապետության, Հայաստանի և Ադրբեջանի հետ: 2011թ. դեկտեմբերին ԵՄ-ն վերահաստատեց իր մտադրվածությունը` առավել ամրապնդել ոլորտային համագործակցությունը ԱլԳ շրջանակներում` ներառյալ թմրանյութերի դեմ պայքարին առնչվող համագործակցությունը: Ավելին, ինչպես սահմանված է Արդարադատության և Ներքին գործերի ոլորտներում համագործակցության վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի Հաղորդագրության մեջ, անհրաժեշտության դեպքում առկա է արդարադատության և ներքին գործերի հարցերով նախարարների մակարդակով պարբերական հանդիպումների կազմակերպման հնարավորություն: Սա ևս կարող է համագործակցության իմաստով որոշակի դեր խաղալ համապատասխան քաղաքական ուղղորդման և համակարգման ապահովման առումով` աշխատանքի առանձին ոլորտներում առաջընթացի գրանցման նպատակով:[7]

Մինչև  2013թ. աշունն ակնկալվող ձեռքբերումները

Արդարադատության և ներքին գործերի ոլորտներում համագործակցության վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի հաղորդագրության և Խորհրդի համապատասխան Եզրակացության[8] հետ մեկտեղ ակնկալվում է առաջընթաց օրինական միգրացիայի խթանման ոլորտում` համապատասխան համակարգող աշխատանքի և օրենսդրության կիրառման միջոցով: Ապաստանի տրամադրման հարցերում օրենսդրությունը պետք է համալրվի, և ստեղծվեն վարչական կառույցներ ու ընթացակարգեր, որոնք պետք է արդյունավետ պաշտպանություն ապահովեն: Անօրինական միգրացիան, այդ թվում ռեադմիսիան վերացնելու համար պետք է ամբողջականացվի համապատասխան իրավական դաշտը և ձեռնարկվեն իրագործման արդյունավետ միջոցներ:

Մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարը պետք է գործնականում կիրառվի համապատասխան միջազգային կոնվենցիաների, ինչպես նաև լավագույն փորձին և միջազգային համաձայնագրերին հիմնված՝ սահմանների միասնական կառավարման համաձայն։  Համեմատական առաջընթաց պետք է գրանցվի կազմակերպված հանցագործության և ֆինանսական հանցագործությունների, այդ թվում՝  ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, ապօրինի դեղամիջոցների առևտրի և կոռուպցիայի, ինչպես նաև տվյալների պաշտպանության ոլորտներում` բազմակողմանի իրավակիրառական միջոցներով ապահովված արդյունավետ օրենսդրության սահմանման միջոցով։

Տարածաշրջանային զարգացում, գյուղատնտեսություն և գյուղական համայնքների զարգացում

Որտեղ է այս պահին հասել Արևելյան գործընկերությունը

Տարածաշրջանային քաղաքականության ոլորտում երկխոսությունը շարունակվում է Ուկրաինայի հետ, իսկ Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության հետ վերջերս մեկնարկել ու համաձայնեցվել է դրա շուրջ աշխատանքային գրաֆիկը:

Տարածաշրջանային զարգացման ընդգրկուն ծրագրեր են իրականացվում Ուկրաինայի ու Վրաստանի հետ, և քննարկումներ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ՝ նրանց համապատասխան տարածաշրջանային զարգացման ռազմավարության վերաբերյալ տարածաշրջանային զարգացման փորձնական ծրագրերի (PRFPS) նախապատրաստման նպատակով: Մոլդովայի պարագայում նախապատրաստական աշխատանքները վերջնական փուլում են, և

ծրագիրը կմեկնարկի 2012թ.: Գյուղատնտեսության և գյուղատնտեսական համայնքների զարգացման առնչությամբ Գործընկերության համագործակցային համաձայնագրերի ներքո ոլորտային երկխոսություն է ծավալվել համապատասխան  ենթահանձնաժողովներում: Գործընկեր երկրների հետ գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ամրապնդման նպատակով Հանձնաժողովն ընդհանուր առմամբ այս ոլորտին Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և Համայնքային զարգացման ծրագրի միջոցով (ENPARD) աջակցություն ցուցաբերելու աշխատանքներ է սկսել:

Մինչև  2013թ. աշունն ակնկալվող ձեռքբերումները 

Տարածաշրջանային զարգացման ոլորտում պետք է առաջընթաց գրանցվեր աշխատանքային ծրագրերի իրականացման ուղղությամբ, ինչպես նաև երկխոսություն կարող էր սկսվել այլ շահագրգիռ գործընկերների հետ: Գործընկեր երկրների մեծամասնությունում Տարածաշրջանային զարգացման փորձնական ծրագրերը (PRDPs, Pilot Regional Development Programmes) պետք է մուտք գործեն իրականացման փուլ: Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանն ու գյուղական համայնքների զարգացմանը, ապա պետք իրականացված լինեին Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և Համայնքային զարգացման ծրագրի (ENPARD) մեկնարկի նպատակով հետազոտական նախապատրաստական աշխատանքները: Ակնկալվում է, որ ENPARD-ը կաջակցի գործընկեր երկրներին առավել արդյունավետ գործել արտաքին շուկաներում` հետագայում լիարժեք կերպով ԽՀԱԱԳ-ներից (DCFTAs) օգուտ քաղելու և տեղերում գյուղատնտեսության խթանման նպատակով: Այս համատեքստում Հանձնաժողովը պետք է ներգրավվի քաղաքական սերտ երկխոսության մեջ՝ գործընկեր երկրների հետ երկարաժամկետ գյուղատնտեսական և համայնքային զարգացման ռազմավարությանը բոլոր շահագրգիռ կողմերի հետ խթանելու նպատակով: Այս նպատակով կձեռնարկվի ուսումնասիրություն գործընկեր երկրների հետ միասին, նրանց համայնքային և գյուղատնտեսական քաղաքականությունն ու ռազմավարությունը վերանայելու և հետագա աջակցության հնարավոր ոլորտները սահմանելու նպատակով, ինչն ամուր հիմք կապահովի ԵՀՔ գործընկեր երկրներում ENPARD ծրագրերի հետագա ձևավորման համար: Զուգահեռաբար, «Աջակցություն գյուղատնտեսության ոլորտին – ENPARD Վրաստան» անվանվամբ, 40 միլիոն եվրո արժողությամբ մեծ ծրագիր է ավարտվել: Ենթադրվում է, որ ENPARD ծրագրերի շուրջ առաջիկա համագործակցությունը պլանավորման աշխատանքների շրջանակներում կմեկնարկի այս ամառ՝ հենվելով գյուղական համայնքների շարունակական զարգացման գնահատման վրա, ինչպիսիք են վերը նշված վրացական ծրագիրը և Ադրբեջանում (Գյուղատնտեսության և գյուղական համայնքային զարգացում) ու Մոլդովայի Հանրապետությունում (Գյուղական համայնքներում զարգացման խթանում) իրականացված նմանատիպ ծրագրերը: Ի հավելումն՝ ԵՄ-ն պատրաստակամ է առավել սերտ համագործակցել առափնյա գործընկեր երկրների հետ՝ ծովային  քաղաքականության շուրջ, այդ թվում` ապահովել ձկնային ռեսուրսների կայուն օգտագործումը:

Բնապահպանություն և կլիմայական փոփոխություններ

Որտեղ է այս պահին հասել Արևելյան գործընկերությունը

Բնապահպանությանն ու կլիմայական փոփոխություններին առնչվող համագործակցությունն ընդգրկում է թեմաների լայն շրջանակ, ինչպես օրինակ՝ կանաչ տնտեսություն, կենսաբազմազանություն, բնապահպանությանն առնչվող ընդհանուր տեղեկատվական համակարգ և բնապահպանական գնահատումներ: Գերակա խնդիր է՝ աջակցել կանոնակարգերի մոտարկմանը, ամրապնդել վարչական կարողություններն ու կիրարկումը և իրականացնել բնապահպանությանն առնչվող բազմակողմ համաձայնագրեր:

Մինչև  2013թ. աշունն ակնկալվող ձեռքբերումները

Գործընկեր երկրները պետք է առաջընթաց գրանցեն ԵՄ բնապահպանական օրենսդրությանն էական համանմանեցմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներում: Նրանք պետք է բարելավեն իրենց վարչական համակարգն ու զարգացում ապահովեն բնապահպանական տեղեկատվության հավաքագրման համակողմանի համակարգի ստեղծման գործում:

5. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՏՎԱԾԸ

ԱլԳ բազմակողմ ուղղությունը նախատեսված է Գործընկերության երկկողմ նպատակների իրականացմանն աջակցելու և դրանք ամրապնդելու նկատառումով։ Այն գործընկեր երկրներին տրամադրում է անցումային փուլում բարեփոխումներին ու արդիականացմանն ուղղված հետագա քայլերի շուրջ տեղեկատվության և փորձի փոխանակման հարթակ: Որպես ԵՄ հետ ինտեգրումը խորացնելու գործիք` այն գործընկեր երկրներին թույլ է տալիս օգտվել բարեփոխումների աջակցության  ջանքերի և օրենսդրական մոտարկման դյուրացման հավելյալ գործիքից: Ինչպես վերահաստատվել է Վարշավայի գագաթնաժողովի հռչակագրում, ԱլԳ-ն պետք է հետագայում ևս խթանի կայունությունը և համակողմանի վստահության կառուցումն այնտեղ, որտեղ ձգձգված հակամարտությունները դեռևս խոչընդոտում են համագործակցային ջանքերին:

Ճանապարհային քարտեզի այս բաժինն անմիջականորեն հետևում է այն նպատակներին, որ սահմանված են ԱլԳ բազմակողմ պլատֆորմների՝ երկու տարին մեկ տեղի ունեցող աշխատանքային ծրագրերում: Այս համաժողովները, որոնց ներկա են գտնվում ԵՄ անդամ և գործընկեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաները, ընդգրկում են քաղաքական երկխոսություն այնպիսի թեմատիկ հարցերի շուրջ, ինչպիսիք են ժողովրդավարությունը, պատշաճ կառավարումը և կայունությունը, տնտեսական զարգացումը, էներգետիկ անվտանգությունը, քաղաքացիական հասարակության ներգրավումը և մարդկանց միջև միջսահմանային կապերի խթանումը: Դրանք լրացնում են ԵՄ գործընկեր երկրների հարաբերությունների բազմակողմ օրակարգը:

ԵՄ-ն ԱլԳ ստեղծման օրվանից մի շարք առանցքային նախաձեռնություններ է ձեռնարկել, որոնք պարբերաբար քննարկվում են համապատասխան բազմակողմ պլատֆորմներում: Դրանց գնահատումը կավարտվի 2012-2013թթ.-ին, և ԵՄ-ն կանդրադառնա նոր հնարավոր առանցքային նախաձեռնություններին ԱլԳ հաջորդ Գագաթնաժողովի նախօրեին, 2014-2020 թվականների համար ծրագրման աշխատանքների շրջանակներում, ինչը տեղի կունենա 2014թ.-ին:

ԱլԳ ոչ ֆորմալ երկխոսությունն իրականացվում է որպես բազմակողմ և երկկողմ գործընթացների կապակցման և Արևելյան գործընկերության միասնական սեփականության գիտակցության ամրապնդման ու տարածաշրջանային զարգացման խթանման հավելյալ մեկ այլ միջոց: Երկու տարին մեկ իրականացվող այս բազմակողմ երկխոսությունները գործընկեր երկրների արտգործնախարարների և ԵՄ բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ և հարևանության քաղաքականության հարցերով Հանձնակատարի միջև, հնարավորություն կընձեռեն գործընկեր երկրներում զարգացումների շուրջ նախարարական մակարդակի ոչ ֆորմալ քննարկումներ իրականացնելու համար: Այս ձևաչափը կապահովի նաև ոչ ֆորմալ երկխոսության նստաշրջաններ համապատասխան ոլորտի նախարարների և ԵՄ հանձնակատարների միջև` բազմակողմ ոլորտային համագործակցությունը ԵՄ և Արևելյան Եվրոպայի գործընկերների հետ ամրապնդելու համար:

  • Ժողովրդավարություն, լավ կառավարում և կայունություն

Որտեղ է այս պահին հասել Արևելյան գործընկերությունը 

Առաջընթաց է արձանագրվել հետևյալ ոլորտներում՝ պայքար կոռուպցիայի դեմ, ժողովրդավարություն և մարդու իրավունքներ, դատական համակարգի  գործառնություն, կիբեռհանգործության դեմ պայքար և ընտրական չափանիշների բարելավում: Ժողովրդավարության, Արդյունավետ Կառավարման և Կայունության պլատֆորմում վերջերս փորձագիտական նոր խմբեր են ձևավորել Հանրային Կառավարման Բարեփոխումների և Միգրացիայի ու Ապաստանի տրամադրմանն առնչվող հարցերով, և ընդունվել են դրանց երկամյա աշխատանքային ծրագրերը: Պլատֆորմը զարգացնում է գաղափարներ, թե ինչպես կարելի է բարելավել ընդհանուր մոտեցումը իրավապահ մարմիններում` անդրսահմանային հանցագործությունը կասեցնելու, ինչպես նաև Ընդհանուր անվտանգության և Պաշտպանության քաղաքականության (CSDP) ոլորտում համագործակցություն ծավալելու նպատակով: 

Մինչև  2013թ. աշունն ակնկալվող ձեռքբերումները 

Զգալի առաջընթաց պետք է գրանցված լինի ընթացիկ 2012-2013թթ. աշխատանքային ծրագրի համաձայնեցված կարևորագույն նպատակների իրականացման ուղղությամբ` ներառյալ դրա հետ կապված երկու առանցքային նախաձեռնությունները: Սահմանների միասնական կառավարման (IBM) ոլորտում առանցքային նախաձեռնություններին առնչվող գործունեությունը պետք է հանգեցնի շուրջ 700 սահմանապահ և մաքսային պաշտոնյաների  վերապատրաստմանը և գործընկեր երկրի սահմանին մի շարք հստակ փորձնական նախագծերի մեկնարկին: Քաղաքացիական պաշտպանության ոլորտում Բնական և մարդկային գործոնի արդյունքում աղետների Կանխարգելման, պատրաստականության և արձագանքման (PPRD) առանցքային նախաձեռնությունների ոլորտում պետք է առաջընթաց գրանցվի Ռիսկի էլեկտրոնային քարտեզի առնչությամբ, և պետք է խորհուրդներ տրվեն գործընկեր երկրներին` կանխարգելման, պատրաստականության և արագ արձագանքման ոլորտում ունեցած կարողությունների բարելավման ուղղությամբ:

Սերտ աշխատելով Եվրոպայի խորհրդի (CoE) հետ՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ԱլԳ-ի միջոցով Ժողովրդավարության, Արդյունավետ կառավարման և Կայունության պլատֆորմներին առնչվող խմբերը պետք է նպաստեն ընտրություններին, դատական ոլորտի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաև կիբեռհանցագործության կանխմանն առնչվող եվրոպական չափանիշներին համապատասխանության ապահովման գործընթացի բարելավմանը: Պետք է քայլեր ձեռնարկվեն Օմբուդսմենի ինստիտուտի ամրապնդման ուղղությամբ:

Հանրային կառավարման ոլորտում բարեփոխումները պետք է իրականացվեն` 2012- 2013թթ. փոխանակման ծրագրերի, դասընթացների, սեմինարների, գործնական պարապմունքների կազմակերպման արդյունքում: Անդրսահմանային համագործակցության ծրագրերի և տարածքային համագործակցության փորձնական նախագծերի, Տեղական և տարածքային իշխանությունների համաժողովի և Հանրային կառավարման բարեփոխումների խմբի գործունեությունը պետք է ամրապնդի գործընկեր երկրների կարողությունները տարածաշրջանային և տեղական կառավարությունների մակարդակում:

Միգրացիայի և Ապաստանի տրամադրման նոր պլատֆորմը

ապաստանի տրամադրման և միգրացիոն համակարգերը պետք է ամրապնդի  լավագույն փորձին համապատասխան։ Իրավապահ հաստատությունների միջև համագործակցությունը պետք է բարելավվի ԵվրաԱրևելք Ոստիկանական նախագծի մեկնարկի միջոցով: Փոխանակումներ պետք է մեկնարկեն նաև միջազգային անվտանգության խնդիրների շուրջ համագործակցության և Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (CSDP) ոլորտում:

  • ԵՄ հետ տնտեսական և քաղաքական մոտարկում

Որտեղ է այս պահին հասել Արևելյան գործընկերությունը

«Տնտեսական ինտեգրացում և համապատասխանություն ԵՄ քաղաքականությանը» պլատֆորմն աջակցել է գործընկեր երկրների՝ առևտրին և առևտրաշրջանառությանը վերաբերող կանոնակարգերի համապատասխանեցմանը, ներդրումային միջավայրին և Փոքր ու միջին ձեռնարկատերերի (SME) զարգացմանն ուղղված ջանքերին: ԽՀԱԱԳի համաձայնագրերին կապված Առևտրի և առևտրաշրջանառությանն առնչվող կարգավորող համագործակցությունը անդրադարձել է խնդիրների լայն շրջանակի`ԱլԳ երկկողմ ուղղությամբ տարվող առևտրային բանակցություններին օժանդակելու նպատակով:

Բնապահպանության և կլիմայական փոփոխությունների պլատֆորմը սևեռված է ԵՄ բնապահպանական օրենսդրության համապատասխանեցման, կանաչ տնտեսության ապահովման և կլիմայական փոփոխություններին անդրադառնալու նպատակ հետապնդող ջանքերին։ Պլատֆորմը ստեղծել է Փոքր և միջին ձեռնարկությունների վերաբերյալ  քաղաքականություն, և ամրապնդվում են բիզնես կառույցների միջև կապերը։ Տրանսպորտին առնչվող պլատֆորմը ստեղծվել է 2011թ.` Հանձնաժողովի համապատասխան Հաղորդագրության[9] մեջ սահմանված միջոցների իրականացումը դյուրին դարձնելու միջոցով, տրասնպորտային կապերը հարևան երկրների հետ ամրապնդելու նպատակով։ Այժմ դիտարկվում է աշխատաշուկային ու սոցիալական քաղաքականությանն առնչվող պլատֆորմը:

 Մինչև  2013թ. աշունն ակնկալվող ձեռքբերումները

Այս ոլորտում աշխատանքը պետք է նպաստի գործընկեր երկրների օրենսդրության առավել արդյունավետ համապատասխանեցմանը առևտրին և առևտրին առնչվող ԵՄ չափորոշիչներին` ԽՀԱԱԳ-ի ներկա և հետագա բանակցությունների և իրականացման շրջանակներում: Մաքսային համագործակցությունը պետք է հանգեցնի առավել հստակ և ապահով առևտրային ուղիների զարգացմանը, ռիսկերի կառավարմանը և ընդհանուր առմամբ մաքսային ծառայության արդիականացման խթանմանը՝ ներառյալ գործընկեր երկրներում չափանիշների համապատասխանեցմանը ԵՄ-ին և առաջընթացը խարդախության, հատկապես ծխախոտի մաքսանենգության դեմ պայքարի ոլորտում: Փոքր և միջին ձեռնարկատերերի շրջանում համագործակցությունը` այդ թվում նաև առանցքային նախաձեռնությունների միջոցով,  պետք է հանգեցնի խորհրդատվական ծառայությունների հասանելիության բարելավմանն ու ներդրումների ֆինանսավորմանը: Տեղեկատվության անվտանգության ոլորտում պետք է ստեղծվի կարգավորման ԱլԳ ցանց: Տրանսպորտի ոլորտում ջանքերը պետք է բևեռվեն շուկայի ինտեգրման խթանմանը և փոխադարձ կապերի բարելավմանը՝ ուղևորների և բեռնափոխադրումների բարեփոխումներին նպաստելու նպատակով: Բնապահպանության և կլիմայական փոփոխությունների վերաբերյալ ընդլայնված երկխոսությունը պետք է նպաստի ԵՄ օրենսդրական նորմերին համապատասխանության ապահովմանը, և աջակցություն պետք է տրամադրվի արտանետումների ներպետական առևտրային մեխանիզմների ստեղծմանը և կլիմայական փոփոխություններին ուղղված փորձնական ծրագրերի իրականացմանը: Հարկային քաղաքականության և հարկային ոլորտում լավ կառավարման համապատասխանեցման շուրջ երկխոսությունը պետք է շարունակական լինի: 

Աշխատաշուկայի և սոցիալական քաղաքականության շուրջ երկխոսություն պետք է ծավալվի` նպատակ ունենալով խթանել սոցիալական ապահովության և սոցիալական ներառման քաղաքականությունը, աշխատանքի տեղավորման ոլորտում  փոխանակումները՝ հանրային ծառայություններ մատուցողներին և սոցիալական գործընկերներին ներառելով որպես շահագրգիռ կողմեր։ ԵՄ-ն և գործընկեր երկրները պետք է շարունակեն համագործակցել որակյալ վիճակագրության խթանման և տարածման ուղղությամբ:

Եվրոպական Ներդրումային բանկի (EIB), Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի (EBRD) և եվրոպական ֆինանսական այլ հաստատությունների հետ ընդլայնված համագործակցությունը պետք է նպաստի ԵՄ ֆինանսավորման առավել արդյունավետ օգտագործմանը, մասնավորապես հիմնական տրանսպորտային փոխգործակցության ծրագրերին, այդ թվում` Եվրոպական ներդրումային բանկի արևելյան գործընկերների ֆոնդի միջոցով: ԵՄ-ն մշակում է ռիսկային կապիտալի գործարքների աջակցության և Արևելյան հարևանությունում մեխանիզմների երաշխավորման հետագա քայլեր Եվրոպական Ներդրումային բանկի, Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի և եվրոպական ֆինանսական այլ հաստատությունների հետ` կուտակելով խրախուսող փորձ, որ ձեռք է բերվել Հարավարևելյան Եվրոպայի եվրոպական ֆոնդին(EFSE) և Փոքր և միջին ձեռնարկատերերի (ՓՄՁ) գործիքին ԵՄ տրամադրած օժանդակության արդյունքում:

  • Էներգետիկ անվտանգություն

Որտեղ է այս պահին հասել Արևելյան գործընկերությունը

Էներգետիկ անվտանգության պլատֆորմը գործում է իր հետևյալ հիմնական նպատակների ուղղությամբ. շրջանակային պայմանների և համերաշխության ամրապնդում, աջակցություն ենթակառուցվածքային զարգացմանը, մատակարարման շուրջ փոխգործակցություն և դիվերսիֆիկացում, էներգաարդյունավետության բարձրացման և վերականգնվող ռեսուրսների օգտագործման խթանում, կարգավորող ձևաչափ և էներգետիկ քաղաքականության մոտարկում: Վարշավայի Գագաթնաժողովի Հռչակագրի սահմանած ուղղորդումներին հիմնված 2012-2013թթ. աշխատանքային ծրագիրը ներառում է նաև միջուկային անվտանգության ոլորտում կարգավորող մեխանիզմների ստեղծմանը և ամրապնդմանն ուղղված քայլեր:

Մինչև  2013թ. աշունն ակնկալվող ձեռքբերումները

2012-2013թթ. աշխատանքը պետք է բևեռվեր մրցակցային  էներգետիկ շուկաները ԵՄ շուկային ինտեգրելու ուղղությամբ  համագործակցությանը՝ էներգետիկայի ոլորտում համապարփակ բարեփոխումների  (քաղաքականություն, օրենսդրության կիրարկում և կարգավորում) միջոցով: Կշարունակվեն էներգատարների դիվերսիֆիկացմանը նպաստող ջանքերը: Էական ջանքեր պետք է գործադրվեն էներգետիկայի արդյունավետության ու վերականգնվող տեսակների կիրառումը խթանելու նպատակով: Այս բոլոր ոլորտներում էլեկտրականության տարածաշրջանային շուկաները, էներգետիկ արդյունավետության և վերականգնվող էներգիայի գլխավոր ֆոնդերը, ԻՆՈԳԵՅԹ(INOGATE) ծրագրի և Քաղաքապետների դաշնագրի միջոցով պետք է նպաստեն հիմնական նպատակների իրականացմանը:

Որպես ավելի հուսալի միջուկային անվտանգության մշակույթի խթանմանը և ամուր ու իրավաբանորեն պարտադիր կարգավորող համակարգի ստեղծմանն ուղղված ջանքերի մի մաս` ակնկալվում է, որ շահագրգիռ գործընկեր երկրները 2012թ. կավարտեն իրենց «սթրես թեստերը»։

Միջանձնային շփումներ

Որտեղ է այս պահին հասել Արևելյան գործընկերությունը

Միջանձնային շփումների պլատֆորմն աջակցում է ԵՄ և գործընկեր երկրների քաղաքացիների միջև փոխգործակցությանը` մասնավորապես սևեռվելով ուսանողներին, գիտական անձնակազմին, հետազոտողներին և երիտասարդներին, մշակութային գործիչներին: ԵՄ անդամ և գործընկեր երկրները երկխոսություն են ծավալել մի շարք հարցերի, այդ թվում երիտասարդությանը ու մշակույթին վերաբերող խնդիրների շուրջ: Համագործակցությունը ձևավորվում է ԵՄ համագործակցային նախագծերի շրջանակներում և կրթության, բարձրագույն կրթության, հետազոտությունների և նորարարության, երիտասարդության և մշակույթի ոլորտներում նոր կամ արդեն գոյություն ունեցող ծրագրերի շուրջ: Ուշադրություն է հատկացվում արդիականացման խնդիրներին, հետազոտությունների և նորարարության ոլորտում կարողությունների ձևավորմանը և ուսանողների, ուսուցիչների, հետազոտողների և երիտասարդների շարժունակության հարցերին։ Պլատֆորմը նաև խրախուսում է ԵՄ հետ համագործակցային կապերի հաստատումը հետազոտական բոլոր ոլորտներում, այդ թվում՝ հետազոտական  ենթակառուցվածքների ասպարեզում:

Մինչև  2013թ. աշունն ակնկալվող ձեռքբերումները

Միջանձնային շփումներին նպաստելուն ուղղված համագործակցությունը պետք է հանգեցնի գործընկեր երկրների ուսանողների և ուսուցիչների մասնակցության աճին ԵՄ միջազգային բարձրագույն կրթության համագործակցային ծրագրերումՕրինակ՝ ակնկալվում է, որ 2012 և 2013 ուսումնական տարիների ընթացքում ավելի քան 2300 կրթաթոշակ կտրամադրվի գործընկեր երկրների ուսանողներին ու դասավանդող անձնակազմին ԷՐԱԶՄՈՒՍ ՄՈՒՆԴՈՒՍ (Erasmus Mundus) ծրագրի  շրջանակներում:

Բարձրագույն կրթական համակարգերի համահարթեցումը, դպրոցական համագործակցության և համատեղ ուսուցման խթանումը ևս պետք է ընդլայնվի: Գործընկեր երկրները պետք է օգուտ քաղեն ԵՄ «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրին մասնակցության ընդլայնումից (Արևելյան գործընկերության լայն պատուհանի բացման միջոցով): Ընդլայնվել են երիտասարդական քաղաքականությանն առնչվող պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության գործիչների հնարավորությունները: Համագործակցությունը մշակույթի ոլորտում պետք է խորացվի ԱլԳ մշակութային ծրագրի միջոցով, և 2013թ. պետք է ընդլայնվի քաղաքական երկխոսությունը` փորձագիտական մակարդակի սեմինարների կազմակերպման, ինչպես նաև մշակույթի ոլորտի քաղաքականություն ձևավորող բարձրաստիճան պաշտոնյաներին և անհատներին ընդգրկելու միջոցով: Այս իմաստով՝ համագործակցությունը պետք է նպաստի գործընկեր երկրներում մշակույթի, տնտեսության և սոցիալական զարգացման ոլորտներում իրազեկության մակարդակի բարձրացմանը և ամրապնդի մշակութային հարցերով միջնախարարական համագործակցությունը: Պետք է համագործակցություն նախաձեռնվի տեսալսողական ոլորտում՝ ներառելով քաղաքականություն ձևավորողներին և մասնագետներին:

2012-2013թթ. պետք է նաև արձանագրվի ակտիվ մասնակցություն ԵՄ 7-րդ Հետազոտական ծրագրի շրջանակներում՝ հետազոտական կարողությունների ստեղծման և գիտելիքների ու ֆինանսավորման հնարավորությունների ընդլայնման միջոցով, տեղերում նշանակված կապերի համար պատասխանատու անձանց և լավագույն փորձի փոխանակման, մասնավորապես`փորձագիտական քննության ենթարկվող հետազոտական առաջարկների միջոցով:

Անհրաժեշտ է, որպեսզի ձեռնարկվեն գործընկեր երկրների ներպետական հետազոտական և կրթական ցանցերի և GEANT-ի միջև կապերի ամրապնդման միջոցներ: Ընդհանուր առմամբ, 2012-2013թթ.-ին ջանքեր պետք է գործադրվեն ընդհանուր գիտելիքների և Նորարարության տարածքի (Innovation Space) զարգացման ուղղությամբ:

 6. ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ  ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ. ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄՅՈՒՍ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՀԵՏ

Արևելյան գործընկերության շրջանակներում նշանակալի ուշադրություն է դարձվել հասարակության բոլոր շերտերի ներգրավմանը:

Քաղաքացիական հասարակության ֆորումը ստեղծվել է 2009թ.՝ Գործընկերության իրականացման ոլորտում քաղաքացիական կազմակերպությունների ներգրավումը խթանելու նպատակով: Դրա դերակատարությունը ճանաչվել է նաև ԵՄ անդամ երկրների և Արևելյան Եվրոպայի երկրների կողմից` Քաղաքացիական հասարակության ֆորումի ներկայացուցիչներին Արևելյան Գործընկերության 4-րդ բազմակողմ պլատֆորմին որպես մշտական մասնակիցներ հրավիրելու որոշման արդյունքում: 2011թ. նոյեմբերին, Պոզնանում, Ֆորումի ամենամյա հանդիպմանն ընդունված ռազմավարությունը պետք է քաղաքացիական հասարակության ներդրումներն ուղղի Գործընկերության աշխատանքներին: Ստեղծվել են Քաղաքացիական հասարակության ֆորումների ազգային պլատֆորմներ, որոնք իրենց նպաստը կբերեն գործընկեր երկրներում ԱլԳ նպատակների շուրջ ներպետական մակարդակի բանավեճերին: ԵՄ հարևան երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպություններին դրամաշնորհային աջակցության ընդլայնման նպատակով 2011թ. սեպտեմբերին ստեղծվել է նոր Հարևանության քաղաքացիական հասարակության հիմնադրամը: Այն ընդգրկում է ողջ հարևանությունը` 2011թ.-ի համար նախատեսված 26 միլիոն եվրո բյուջեով. նմանաչափ գումարներ են նախատեսվում նաև 2012 և 2013 թվականների համար: Ավելին՝ Հանուն Ժողովրդավարության Եվրոպական Հիմնադրամի (ԺԵՀ/EED) ստեղծման հիմնական սկզբունքները 2011թ. դեկտեմբերին համաձայնեցվել են ԵՄ-ի Նախարարների Խորհրդի հետ: ԺԵՀ-ը, որը սկզբնական շրջանում նպատակաուղղված կլինի ԵՄ հարևանությանը, բայց չի սահմանափկվի դրանով, կօգնի լրացուցի օժանդակություն տրամադրել տարածաշրջանի ժողովրդավարական գործընթացներում ներգրավվածներին: 

Եվրոպական տնտեսական և սոցիալական հանձնաժողովը (ECOSOC) կարևոր դեր ունի և նպաստում է Արևելյան Հարևանության երկրներում քաղաքացիական հասարակության հետ երկխոսությանը: Այն նաև իր նպաստն է բերում արհմիությունների և առևտրային միությունների հետ երկխոսության ամրապնդման առումով: ԵՄ-ի, ինչպես նաև գործընկեր երկրների քաղաքացիական  հասարակությունների ներկայացուցիչների պարբերական հանդիպումների խթանումը նախատեսված է նաև Ասոցացման Համաձայնագրերում, որոնք գտնվում են բանակցային փուլում։

ԵՎՐԱՆԵՍԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ, որը ստեղծվել է 2011թ. մայիսին, համախմբում է խորհրդարանականներին գործընկեր երկրներից և Եվրոպական Խորհրդարանից: Այն նպաստում է ԱլԳ ամրապնդմանը, զարգացմանն ու տեսանելիությանը` որպես մի հաստատություն, որը պատասխանատու է Գործընկերության խորհրդարանական փոխգործակցության, վերահսկողության և մշտադիտարկման համար: Մեկնարկումից ի վեր՝ ԵՎՐԱՆԵՍԹ-ը մի շարք միջոցներ է ձեռնարկել խորհրդարանական բանավեճը Արևելյան գործընկերության օրակարգում արդյունավետ դարձնելու ուղղությամբ: 

Տեղական և տարածքային իշխանությունների Համաժողովը (CORLEAP, որ ստեղծվել է 2011թ. սեպտեմբերին, հիմք է դրել Գործընկերության տարածաշրջանային ուղղության համար: (CORLEAP)-ի հետագա զարգացումը կխթանի ԱլԳ նպատակների իրականացման ոլորտում ներպետական իշխանությունների և քաղաքացիների միջև առավել սերտ կապը:

Արևելյան գործընկերության Բիզնես Ֆորումը մեկնարկել է 2011թ. սեպտեմբերին, Սոպոտում և հնարավորություն կընձեռի ԵՄ բիզնես համայնքներին և գործընկեր երկրներին առավել զարգացնել Ֆորումը, հատկապես այժմ, երբ ԽՀԱԱԳ-ի բանակցություններն ավարտվել են գործընկերներից մեկի և ընթանում են մի քանի այլ գործընկերների հետ:

Արևելյան գործընկերությունը նաև օգտվում է Եվրոպայի խորհրդի (CoE) փորձագիտությունից, որն իրականացնում է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող՝ Եվրոպայի խորհրդի Արևելյան գործընկերության նախաձեռնությունը

Առողջ քաղաքական բարեփոխումների իրականացմանն աջակցելու և Արևելյան Եվրոպայի գործընկերներին ԵՄ-ին կապող ընդգրկուն ենթակառուցվածքային նախագծերի իրականացման, զարգացումը խթանելու և հիմնական էներգետիկ, բնապահպանական և տրանսպորտային խոչընդոտներին անդրադառնալու նպատակով Եվրոպական Ներդրումային Բանկը (EIB) և այլ տարածաշրջանային և ներպետական զարգացման բանկեր, ինչպիսին է Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկը (EBRD), օգնում են ապահովել լրացուցիչ ֆինանսավորում՝  զարգացումը խթանելու և աշխատատեղեր ստեղծելու միջոցով։

ԱլԳ համատեքստում Տեղեկատվական և Համակարգման Խումբը համախմբում է ԵՄ ոչ անդամ երկրներին և միջազգային ֆինանսավորող հաստատություններին`ԱլԳ վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և դոնորների համակարգման խթանման նպատակով:

7. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ (ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ)

Ճանապարհային քարտեզի նպատակն է՝ ծառայել որպես գործնական միջոց`ԱլԳ-ում գործընթացների վերահսկման և գնահատման համար: Այն փաստաթղթերի մի ամբողջականություն է, որը ստեղծված է ԵՄ անդամ երկրների և Արևելյան Եվրոպայի նմանատիպ երկրների համար: Այն ընդգծում է փոխադարձաբար համաձայնեցված նպատակներ, անհրաժեշտ քաղաքական քայլերը, որ պետք է ձեռնարկվեն գործընկեր երկրների կողմից, այդ նպատակներին հասնելու և ԵՄ–ի ընդլայնված աջակցության միջոցով ակնկալվող արդյունքը ստանալու նպատակով: Ճանապարհային քարտեզն այսպիսով ստեղծում է միջոցներ` 2013թ.-ի աշնանը հստակ առաջընթաց գրանցելու համար:

ԵՄ-ն և գործընկեր երկրները պետք է հնարավորություն ունենան ԱլԳ Արտգործնախարարների ամենամյա հանդիպումներին միասնաբար գնահատելու նպատակների իրագործման ուղղությամբ առաջընթացը: Ոչ ֆորմալ ԱլԳ Երկխոսության պլատֆորմները պետք է օգտագործվեն տարին երկու անգամ նախարարների մակարդակով, ինչը նաև Ճանապարհային քարտեզի իրականացման շուրջ տեսակետներ փոխանակելու և  առանձին ոլորտների խնդիրներին անդրադառնալու հնարավորություն կընձեռի: Վարշավայի գագաթնաժողովի Հռչակագիրը քաղաքացիական հասարակությանը հանձնագիր է տրամադրել` ներգրավվելու ժողովրդավարության օժանդակության, կայուն սոցիալ-տնտեսական զարգացման, լավ կառավարման և իրավունքի գերակայության ապահովման գործընթացներին: Ակնկալվում է, որ քաղաքացիական հասարակությունը կդյուրացնի գործընկեր երկրների անցումային շրջանը` բարեփոխումները վերահսկելու ու ԱլԳ արժեքները տարածելու միջոցով: Այդ պատճառով է, որ ակնկալվում է, որ  Քաղաքացիական հասարակության Ֆորումը և վերջինիս Ազգային պլատֆորմները (որի հետ համագործակցությունը հետագայում առավել կընդլայնվի ԵՄ պատվիրակությունների կողմից արդեն իսկ ձեռնարկված համակարգված երկխոսության միջոցով), ինչպես նաև ԵՎՐԱՆԵՍԹ Խորհրդարանական Վեհաժողովը և Տեղական ու տարածաշրջանային իշխանությունների Համաժողովը (CORLEAP) առավել մեծ դերակատարություն կստանձնեն Գործընկերության նպատակների իրագործման և Ճանապարհային քարտեզի վերահսկման գործում:

8. ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ԿԱՏԱՐՈՒՄ

Ճանապարհային քարտեզի պատրաստման ընթացքում մի շարք խորհրդակցությունների շրջանակներում դիտարկվել են ԵՄ անդամ երկրների, Արևելյան Եվրոպայի երկրների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առաջարկները:

 Հիմք ընդունելով այս համատեղ աշխատանքը` ակնկալվում է, որ Ճանապարհային քարտեզը կվերածվի արդյունավետ և ճկուն գործիքի, ինչը կնպաստի Արևելյան գործընկերության նպատակների իրագործմանը:

Բարձր ներկայացուցչի և Եվրոպական Հանձնաժողովի կողմից 2012թ.  մայիսին ընդունվելուց հետո Արևելյան գործընկերության Ճանապարհային քարտեզը կքննարկվի Արևելյան գործընկերության երկրների Արտաքին գործերի  նախարարների ամենամյա հանդիպմանը, որը նախատեսվում է կազմակերպել 2012թ. ամռանը:

———————————————————————————————

[1] Արևելյան գործընկերության գագաթնաժողովի համատեղ հռչակագիր, Վարշավա, 29-30-ը սեպտեմբերի, 2011թ.։

[2] Ճանապարհային քարտեզը չի վնասում Արևելյան Եվրոպայի գործընկեր որևէ երկրի անհատական ձգտումներին կամ եվրոպական ինտեգրման օրակարգին։ Բովանդակությանն իրենց նպաստն են բերել ԵՄ անդամ պետությունների և Արևելյան Եվրոպայի գործընկեր երկրների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ խորհրդակցությունները։

[3] Արևելյան գործընկերության Պրահայի գագաթաժողով, 7-ը մայիսի, 2009թ.։

[4] Արևելյան գործընկերության գագաթնաժողովի համատեղ Հռչակագիր, 29-30-ը սեպտեմբերի, 2011թ.։

[5] ԽՀԱԱԳ-ի շուրջ բանակցությունները Համաշխարհային առևտրային կազմակերպության (ՀԱԿ) անդամություն են ենթադրում:

[6] COM (2006) 724, «Ընդհանուր մոտեցում. հնարավորություն ընձեռել ԵՀՔ գործընկեր երկրներին՝համագործակցել Համայնքային հաստատությունների հետ և մասնակցել Համայնքային ծրագրերին», Բրյուսել, 4-ը դեկտեմբերի, 2006թ.։

[7] COM (2011) 564, ԱլԳ շրջանակներում «Արդարադատության և ներքին գործերի ոլորտներում Համագործակցության»  մասին Եվրոպական հանձնաժողովի հաղորդագրություն, Բրյուսել, 26-ը սեպտեմբերի, 2011թ.։

[8] ԱլԳ շրջանակներում Խորհրդի «Արդարադատության և ներքին գործերի ոլորտներում Համագործակցության» վերաբերյալ եզրակացությունները, Բրյուսել, 13-14-ը դեկտեմբերի, 2011թ.։

[9] COM(2011) 415, Հանձնաժողովի Հաղորդագրություն. «ԵՄ-ն և նրան սահմանակցող տարածաշրջանները. նորացված մոտեցում տրասպորտային համագործակցությանը», Բրյուսել, 7-ը հուլիսի, 2011թ։

This entry was posted in Հայերեն and tagged , , , . Bookmark the permalink.