Թողարկում 308

ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի հայտարարությունը 

Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին սրացման վերաբերյալ

Բրյուսել, 1 հոկտեմբերի, 2020թ.

ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեն խիստ մտահոգիչ է համարում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում վերջին օրերի ահագնացող բռնությունը: Այդ կապակցությամբ, Ղեկավար կոմիտեն Եվրամիությանը կոչ է անում հստակ քայլեր ձեռնարկել`  խթանելու առարկայական բանակցությունները, որոնք կհանգեցնեն հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ խնդրի խաղաղ լուծման:

Կիրակի՝ սեպտեմբերի 27-ի առավոտյան, Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի շփան գծի երկայնքով  սկսվեցին հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ վերջին տարիների ամենածանր մարտերը, որոնք շարունակվեցին հաջորդող օրերին: Երկու կողմերն էլ հայտնում են զինվորական անձնակազմի եւ քաղաքացիական անձանց կորուստների, ինչպես նաեւ բնակավայրերի հրետակոծման մասին: Ենթադրվում է, որ առնվազն 100 մարդ է զոհվել հակամարտության բռնկումից ի վեր:

Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում հայտարարվել է ռազմական դրություն եւ ռազմական մոբիլիզացիա, մինչդեռ Ադրբեջանը երկրի խոշոր քաղաքներում ռազմական դրություն եւ պարետային ժամ է մտցրել եւ անջատել համացանցը երկրի մի շարք հատվածներում: Ակնհայտ է, որ այս իրավիճակը անվտանգության հետ կապված մի շարք ուղղակի եւ անուղղակի մտահոգություններ է առաջացնում խաղաղ գործունեության ցանկացած ոլորտում:

Եվրամիությունն արդեն հայտարարություն է տարածել, որում կոչ է արվում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, լիցքաթափել իրավիճակը եւ խստորեն պահպանել 1994թ.-ից գործող հրադադարի ռեժիմը: Ռուսաստանը կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնությունները եւ բանակցություններ վարել իրավիճակը կայունացնելու համար, մինչդեռ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է աջակցել Ադրբեջանին:

Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի շուրջ հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ հակամարտության` անվտանգության առումով հստակ հետեւանքները տեղի բնակչության վրա, խիստ կարեւոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը ռազմական գործողությունները կանգնեցնելու, բռնությունները դադարեցնելու եւ խաղաղ բանակցությունները շարունակելու համար:

Հիրավի, մինչ անմեղ քաղաքացիական անձանց իրավունքներն անընդհատ ոտնահարվում են, իսկ արյունահեղությունն արդարացվում՝  հանուն իշխանական խաղերի, մենք խորապես հավատում ենք, որ մարդկային անվտանգության այս լուրջ սպառնալիքը կարող է լուծվել միայն կայունության վերականգնմամբ եւ բարեխիղճ բանակցությունների միջոցով կայուն եւ խաղաղ լուծման ձգտումով: Եթե այս դաժան բախումները շարունակվեն, դրանք սպառնալիք են դառնալու ոչ միայն անմիջականորեն ներգրավված երկրների, այլ նաեւ նրանց հարեւանների, ամբողջ տարածաշրջանների եւ միջազգային հանրության համար:

Ուստի, Ղեկավար կոմիտեն

  • խստորեն դատապարտում է հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու բոլոր փորձերը,
  • կոչ է անում հակամարտող կողմերին՝ անհապաղ գործողություններ իրականացնել շփման գծում բռնությունը դադարեցնելու, երկխոսությունը վերականգնելու եւ բանակցային բոլոր գործընթացները վերսկսելուն ուղղված անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ,
  • հորդորում է երկու կողմերին՝ հետամուտ լինել վստահության կառուցման մեխանիզմներին եւ բարի կամքի դրսեւորումներին, որոնք երկարաժամկետ կտրվածքով կհանգեցնեն լարվածության թուլացմանը Լեռնային Ղարաբաղում: Խաղաղաշինության գործընթացին նպաստելու համար ԵՄ դիտորդական առաքելության աջակցությունը պաշտոնապես խնդրելը կարող է այդպիսի քայլերից մեկը լինել,
  • հորդորում է արտաքին դերակատարներին՝ զերծ մնալ միակողմանի գործողություններից, եթե դրանք չեն նպաստում խաղաղ բանակցություններին:

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտե

This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.