Թողարկում 303

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ համայնքներում համամասնական ընտրակարգ սահմանելու վերաբերյալ

 14 հունիսի, 2020

2020 թվականի մայիսի 27-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվեց օրենսդրական փոփոխությունների և լրացումների փաթեթ, որոնցով նախատեսվում է ավագանու համամասնական ընտրակարգ սահմանել ՀՀ բոլոր համայնքների համար, բացառությամբ՝ չխոշորացված և մինչև 4000 բնակիչ ունեցող համայնքների։ Իսկ համամասնական ընտրակարգն էլ իր հերթին ամրագրում է միայն կուսակցությունների և դրանց դաշինքների մասնակցությունը համայնքի ավագանու ընտրություններին և համայնքի ղեկավարի անուղղակի ընտրությունը (նույն ավագանու կողմից և կազմից)։

Հանրապետությունում մեկնարկած վարչատարածքային բարեփոխումների ավարտից հետո, 4000 բնակիչ ունեցող և խոշորացման գործընթացներում չներառված համայնքների թիվը հազիվ թե գերազանցի մեկ տասնյակը։ Հետևաբար ակնհայտ է դառնում, որ ՀՀ գրեթե բոլոր համայնքներում համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորումը դառնում է քաղաքական կուսակցությունների մենաշնորհը։

Չնայած բազմաթիվ քննարկումներին և փորձագիտական հանրույթի կարծիքներին՝ օրենսդիրը շարունակում է օրակարգից դուրս թողնել տեղական քաղաքացիական նախաձեռնությունների մասնակցության հնարավորությունը ավագանու ընտրություններին՝ սրանով իսկ բացառելով բնակչի ներգրավումն իր իսկ համայնքի կառավարմանը՝ առանց քաղաքականացվելու և կուսակցական ցուցակում ընդգրկվելու։ Տեղական քաղաքացիական նախաձեռնությունների և ավագանու ընտրություններին դրանց մասնակցելու հնարավորության կարևորության մասին շեշտել է նաև Վենետիկի հանձնաժողովը՝ 2016թ․-ին ՀՀ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ իր առաջարկություններում։

Չկան և չեն էլ կարող լինել երաշխիքներ, որոնք կբացառեն այս կամ այն կուսակցության կենտրոնական կառավարման մարմինների միջամտությունը համայնքների կառավարման հարցերին։ Իրավիճակն

ավելի է վատթարանում այն առումով, որ համայնքի բնակիչը զրկվում է իր համայնքի ղեկավարին ընտրելու հնարավորությունից՝ այդ իրավունքն ակամա փոխանցելով ավագանուն, որը որևէ դեպքում չի կարող իր գործունեությունը զերծ պահել կուսակցական-քաղաքական շահերից և դիրքորոշումներից։ Ստացվում է, որ կուսակցության՝ Երևանում գտնվող կենտրոնական գրասենյակը կարող է որոշել համայնքի ղեկավարի պաշտոնավարման հետագա նպատակահարմարությունը՝ առանց համայնքի բնակիչների կարծիքի հետ հաշվի նստելու։ Առաջարկվող օրենսդրական փոփոխությունը ցավալի հարված կարող է հասցնել տեղական ինքնակառավարման համակարգի հետագա զարգացմանը և տեղական ժողովրդավարության ամրապնդմանը։

Մենք՝ ԵՄ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ կազմակերպություններս, կոչ ենք անում ՀՀ օրենսդիր իշխանությանը՝ վերանայել ստեղծված մոտեցումը և մինչև օրենսդրական նախաձեռնության հաջորդ (երկրորդ) ընթերցումը փոփոխություններ մտցնել փաթեթում՝ ներառելով համայնքի ավագանու ընտրություններում տեղական նախաձեռնող խմբերի մասնակցության հնարավորությունը։

Միևնույն ժամանակ, կոչ ենք անում Հայաստանի քաղաքացիական հասարակության շահագրգիռ բոլոր կառույցներին՝ մշտական ուշադրության ներքո պահել Հայաստանում տարածքային կառավարման բարեփոխումների խնդիրը եւ ակտիվ մասնակցություն ունենալ մեր երկրի առաջընթացին և ժողովրդավարական ապագային միտված կարևորագույն իրադարձություններին։

This entry was posted in Uncategorized. Bookmark the permalink.