Թողարկում 300

Տեղի է ունեցել ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողով

2020թ․ փետրվարի 19-ին Երեւանի Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողով։

Համաժողովի մասնակիցների ընդհանուր թիվը՝ 77։

Ընթացիկ տարվա ՀԱՊ պատվիրակների ժողովի ընդհանուր թվից՝ 46, համաժողովին ներկա էին 42-ը, այսինքն, քվորումն ապահովված էր։

Համաժողովը վարում էր ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը։

Օրակարգի հարցերն էին․

  1. ՔՀՖ ընտրությունների կարգի ներկայացում․
  • Ընտրությունների անցկացման անկախ դիտորդների ընտրություն
  • Ընտրությունների հաշվիչ հանձնաժողովի ձեւավորում
  1. Հայտատուների մասին կարճ տեղեկատվություններ
  2. Ընտրություններ
  3. Ամփոփում

ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընտրությունների՝ ՔՀՖ կանոնադրությանը համապատասխանեցված նոր կարգը ներկայացրեց ՔՀՖ ՀԱՊ քարտուղարության տնօրեն Հերիքնազ Հարությունյանը՝ նշելով, որ ընտրություններին հրավիրվել են հայտատու բոլոր կազմակերպությունները՝ անկախ նրանց՝ ՀԱՊ անդամ լինել-չլինելու հանգամանքից։

Այնուհետեւ համաժողովի մասնակիցներն ընտրեցին ընտրությունների անցկացման երկու դիտորդներին եւ ընտրական հանձնաժողովի 5 անդամներին։

Քվեարկությունից առաջ ՔՀՖ 2020-2021թթ․ պատվիրակության բոլոր  հայտատուներին 3-5 րոպեանոց ելույթի հնարավորություն տրվեց՝ ներկայացնելու  իրենց կազմակերպությունները։

Այնուհետեւ  հաշվիչ հանձնաժողովն անցավ ընտրությունների անցկացման բուն գործընթացի կազմակերպմանը։ Հաստատվեց ընտրողների ցուցակը, հանձնաժողովի անդամները ստորագրեցին բոլոր քվեաթերթիկների վրա։ Քվեարկողները հերթով հանձնաժողովից ստացան նույն պահին կնքված քվեաթերթիկները եւ կատարեցին փակ գաղտնի քվեարկություն։ Բոլոր քվեաթերթիկները հավաքվեցին թափանցիկ քվեատուփում։

Ժամը 17․30 քվեարկությունն ավարտվեց եւ հանձնաժողովը սկսեց ձայների հաշվարկը, որն ավարտվեց 21․30-ին։ Հանձնաժողովի անդամները եւ դիտորդները լրացրեցին եւ ստորագրեցին ընտրությունների արձանագրությունը եւ ստորագրեցին արձանագրված քվեների հաշվարկով ցուցակը, որը նաեւ կնքվեց ՀԱՊ քարտուղարության կնիքով։ Քվեարկության ընթացքի վերաբերյալ որեւէ բողոքարկում չեղավ։

ՀԱՊ քվեարկության արդյունքում ձեւավորված ցուցակն ուղարկվեց ՔՀՖ Բրյուսելի քարտուղարություն, ԵՄ պատվիրակության եւ ՔՀՖ ԱԽ համակարգողների ընտրության արդյունքների հետ համադրվելուց հետո ՔՀՖ ընտրված պատվիրակների վերջնական ցուցակը հաստատվելու է Եվրոպական հանձնաժողովի կողմից։

 

Խորհրդարանական լսումներ նվիրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին

Աղբյուրը՝ Հայաստանում ԵՄ պատվիակության ֆեյսբուքյան էջ

«Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»՝ ՀԸԳՀ-ն հանդիսանում է Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների իրավական հիմքը: Այն առաջարկում է լայնածավալ հնարավորություններ՝ բոլոր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու համար՝ ի շահ քաղաքացիների:

Փետրվարի 26-ին ՔՀՖ ՀՀ Ազգային ժողովում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի հետ համանախագահել է խորհրդարանական լսումները՝ նվիրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին: Նիստին ելույթով հանդես են եկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն՝ ի թիվս այլոց: Քննարկվել են ՀԸԳՀ կիրարկման Ճանապարհային քարտեզով նախանշված ոլորտները, այդ թվում՝ արդարադատության բարեփոխումները, ոստիկանության ոլորտի բարեփոխումները, մարդու իրավունքները, երիտասարդությունը, գենդերային հավասարությունը և ատելության խոսքի հաղթահարումը, ինչպես նաև կրթությունը, շրջակա միջավայրը, առևտրատնտեսական քաղաքականությունը:

Լսումներին մասնակցել եւ ելույթներով հանդես են եկել ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի ներկայացուցիչները, քաղհասարակությունը և մյուս մասնակիցները հնարավորություն են ունեցել հարցեր հղելու բանախոսներին:

Լսումների ամբողջական տեսագրությունը՝ այստեղ։

ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող Լուսինե Հակոբյանի ելույթը՝ այստեղ։

Լուսանկարները՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջից։

This entry was posted in Հայերեն and tagged , , , , . Bookmark the permalink.