Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի

   ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

 1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 1.1 Արևելյան գործընկերության (այսուհետ՝ ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումը (այսուհետ՝ ԱլԳ ՔՀՖ կամ ՔՀՖ) շահույթ չհետապնդող, կուսակցական և կրոնական ազդեցություններից զերծ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ցանց է, որը գործում է Եվրոպական միությունում և Արևելյան գործընկերության պետություններում, որպիսիք են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Մոլդովան և Բելառուսը:

1.2 ԱլԳ ՔՖՀ-ի առաքելությունն է ապահովել Արևելյան գործընկերության և Եվրոպական միության անդամ պետությունների քաղաքացիական հասարակության կառույցների արդյունավետ մասնակցությունն Արևելյան գործընկերության քաղաքականության պլանավորման, մշտադիտարկման և իրականացման գործընթացին, Եվրոպական միության և Արևելյան գործընկերության պետությունների որոշում կայացնողների հետ կառուցողական երկխոսության միջոցով Արևելյան գործընկերության պետությունների ժողովրդավարական զարգացման և եվրոպական ինտեգրման ոլորտում: ՔՀՖ-ի նպատակն է Արևելյան գործընկերության պետություններում ապահովել բազմազանություն ու բազմակարծություն հանրային խոսույթում և հանրային քաղաքականության մշակման ասպարեզում` կառավարությունների հաշվետվողականության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, մասնակցային ժողովրդավարության ջատագովման միջոցով:

1.3 ՔՀՖ-ի Հայաստանի ազգային պլատֆորմը (այսուհետ՝ ՀԱՊ)  ՔՀՖ-ի առաքելության, արժեքների և սկզբունքների համաձայն հիմնադրված և դրանք ընդունող հայաստանյան քաղաքացիական հասարակության կառույցների (այսուհետ՝ ՔՀԿ)  կամավոր միավորում է, որի անդամներն իրենց լավագույն ջանքերն են ներդնում՝ կյանքի կոչելու ՔՀՖ-ի առաքելությունը, արժեքները և նպատակները Հայաստանում, ինչպես նաև ԱլԳ ամբողջ տարածաշրջանում: ՀԱՊ-ը հետամուտ է ԱլԳ  ծրագրերի իրականացմանը, երկրի ներքին խնդիրների լուծումները ԵՄ չափորոշիչներին համապատասխանեցնելուն, հասարակության բոլոր շերտերի մասնակցայնության և տեղեկացվածության ապահովմանը, ժողովրդավարական բարեփոխումների հետևողական իրականացմանը: ՀԱՊ-ի կարևոր պարտականություններից է նաև ՀՀ իշխանության կողմից ԵՄ-ի առջև ստանձնած հանձնառությունների մշտադիտարկումը և այդ հանձնառությունների կատարման վերաբերյալ արդյունավետ խորհրդատվության տրամադրումը:

1.4 ՀԱՊ-ի անդամները և որոշում կայացնող մարմիններն առաջնորդվում են ՔՀՖ 2018թ. տարեկան համաժողովի ընդունած ՔՀՖ-ի էթիկայի կանոններով և ՀԱՊ-ի էթիկայի կանոններով սահմանված արժեքներով և սկզբունքներով:

1.5 Ձևավորման պահին ՀԱՊ-ը չի ունեցել իրավաբանական անձի կարգավիճակ և դրա կազմակերպաիրավական ձևը կդիտարկվի ՀԱՊ հետագա հանրակարգային  զարգացմանը համապատասխան:

1.6 ՀԱՊ-ի կազմավորման նախաձեռնող անդամներն են ԱլԳ ՔՀՖ առաջին՝ 2009թ. համաժողովի մասնակցության հրավեր ստացած հայաստանյան կազմակերպությունները:

1.7 Իր առաքելության շրջանակներում ՀԱՊ-ի գործունեության ուղղություններն են`

ա) ԱլԳ գործընթացներում քաղաքացիական հասարակության կառույցների ակտիվ ներգրավումը և շարունակական մասնակցության ապահովումը,

բ) ԱլԳ շրջանակներում ԵՄ-ի կառույցների և ՀՀ իշխանության մարմինների հետ կառուցողական երկխոսության միջոցով ՀՀ ազգային օրակարգի ձևավորմանը և ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը մասնակցելը,

գ)      Ազգային օրակարգի իրականացմանը նպաստելը՝ համապատասխան ծրագրերի իրագործման միջոցով (մասնակցության, առաջարկների մշակմանը և բարեփոխումների գործընթացների վերահսկամանն ու մշտադիտարկմանը): Այդ նպատակով ՀԱՊ-ը նախաձեռնում է համապատասխան ուսումնասիրություններ և փորձագիտական վերլուծություններ, ինչպես նաև այլ անհրաժեշտ գործողություններ,

 դ) Ջատագովման արշավների իրականացումը ի նպաստ ԱլԳ անդամ պետություններում ժողովրդավարության կայացման, ԱլԳ ՔՀՖ-ի առաքելության և նպատակների իրականացման ուարժեքների տարածման,

 ե) ԱլԳ ՔՀՖ-ի, ՀԱՊ-ի ռազմավարական նպատակների իրականացմանն ուղղված ցանկացած  գործունեության իրականացումը:

  1. ՀԱՊ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

2.1 ՀԱՊ Կանոնադրությունը ՀԱՊ-ի գործունեությունը կարգավորող հիմնական փաստաթուղթն է:

2.2 ՀԱՊ Կանոնադրության 2.3. կետում նշված Հայաստանի քաղաքացիական հասարակության ցանկացած կառույց կարող է դառնալ ՀԱՊ անդամ՝ այդ մասին գրավոր դիմում ներկայացնելով Ազգային համակարգողին կամ ՀԱՊ Քարտուղարությանը, որում նաև կհավաստի, որ ծանոթացել և ընդունում է ՀԱՊ Կանոնադրությունը։ Այն կառույցները, որոնք ՀԱՊ-ին միանալու մասին ցանկություն են հայտնել ավելի վաղ, քան սույն Կանոնադրության (նախկինում՝ ՀԱՊ կազմակերպական սկզբունքների) ընդունումը, համարվում են ՀԱՊ անդամ, եթե հակառակի վերաբերյալ գրավոր չեն հայտարարել:

2.3 Սույն Կանոնադրության նպատակների համար «քաղաքացիական հասարակության կառույցի» տակ հասկացվում են կամավորական շարժումներ, քաղաքացիական նախաձեռնություններ, առևտրային միություններ (առևտրա-արդյունաբերական պալատներ), աշխատանքային միություններ (արհեստակցական և գործատուների միություններ), մասնագիտական միավորումներ, ՀԿ-ներ, հանրային քաղաքականության ինստիտուտներ, հիմնադրամներ, շահույթի նպատակ չհետապնդող նման այլ կառույցներ, որոնք ընդունում են ԱլԳ ՔՀՖ-ի առաքելությունը, նպատակները և արժեքները, զերծ են կուսակցական, իշխանական, բիզնես կամ կրոնական ազդեցություններից:

2.4 ՀԱՊ անդամները (բացառությամբ ՔՀՖ Հայաստանի անդամների և ՔՀՖ Հայաստանի պատվիրակաների) կարող են խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել ՔՀՖ  Հայաստանի անդամների ընդհանուր ժողովի նիստերին, անդամագրվել ՀԱՊ աշխատանքային խմբերին և ենթախմբերին, ինչպես նաև սույն Սկզբունքներով սահմանված կարգով ինքնուրույն ձևավորել ենթախմբեր:

2.5 ՀԱՊ անդամները պլատֆորմի գործունեությանը մասնակցում են նաև ԱլԳ և ՔՀՖ նպատակների և օրակարգերի հետ կապված առաջարկություններով, գնահատականներով, ուսումնասիրություններով, նախաձեռնություններով:

2.6 ՀԱՊ անդամներն իրավունք ունեն տեղեկացված լինել ՔՀՖ-ի և ՀԱՊ-ի շրջանակներում իրականացվող գործընթացների, միջոցառումների, նախաձեռնությունների և այլ գործունեության մասին և դրանց մասին տեղեկացնել պլատֆորմի այլ անդամներին :

2.7 ՀԱՊ անդամներն իրենց հայտարարությունները և կատարված աշխատանքի արդյունքները ՀԱՊ-ի անունից կարող են տարածել՝ ՔՀՖ անդամների ընդհանուր ժողովի համապատասխան որոշման առկայության դեպքում: Հակառակ պարագայում այդ նյութերը տարածվում են հեղինակ կազմակերպությունների անունից:

  1. ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

3.1 ՀԱՊ կառավարման մարմինները

ՀԱՊ-ի կառավարումն ու աշխատանքների կանոնակարգումն իրա­կանաց­վում են հետևյալ մարմինների կողմից․

ա) ՔՀՖ-ի Հայաստանի անդամների  (այսուհետ` ՔՀՖ անդամներ) ընդհանուր ժողով (ՀԱՊ համաժողով),

 բ) ՔՀՖ-ի Հայաստանի պատվիրակների (այսուհետ` ՔՀՖ պատվիրակներ) ժողով,

 գ) ՔՀՖ ՀԱՊ-ի համակարգող,

 դ) ՔՀՖ ՀԱՊ- ի էթիկայի խորհուրդ,

 ե) ՔՀՖ ՀԱՊ-ի գործադիր մարմին,

 զ) ՔՀՖ ՀԱՊ-ի աշխատանքային խմբերի համակարգողներ,

 է) ՔՀՖ ՀԱՊ-ի քարտուղարություն։

3.2 ՔՀՖ-ի Հայաստանի անդամները

3.2.1 ՔՀՖ-ի Հայաստանի անդամներն այն կազմակերպություններն են, որոնք անդամակցում են ՀԱՊ-ին և երբևէ հանդիսացել են կամ հանդիսանում են ՔՀՖ համաժողովի պատվիրակ:

3.2.2 ՔՀՖ-ի Հայաստանի անդամներն ընդունում են ՔՀՖ-ի առաքելությունը և արժեքները, ՔՀՖ-ի կանոնադրությունը, էթիկայի կանոնները, ինչպես նաև մյուս ներքին քաղաքականությունները, ընթացակարգերը և գրավոր համաձայնությունները, որոնք ընդունել են ՔՀՖ-ի և ՀԱՊ-ի որոշում կայացման իրավունք ունեցող մարմինները:

3.3 ՔՀՖ-ի Հայաստանի անդամների ընդհանուր ժողովը (ՀԱՊ համաժողովը)

3.3.1 ՔՀՖ-ի Հայաստանի անդամների ընդհանուր ժողովը (ՀԱՊ համաժողովը) ձևավորվում է ՔՀՖ-ի բոլոր տարիների համաժողովների Հայաստանի այն պատվիրակներից (պատվիրակ է համարվում ՔՀՖ համաժողովի մասնակցության պաշտոնական հրավեր ստացած կազմակերպության լիազորված անձը, որն իր կարգավիճակը հաստատում է ՔՀՖ տարեկան համաժողովին մասնակցելով), որոնք հաստատել են իրենց անդամակցությունը ՀԱՊ-ին: ՔՀՖ Հայաստանի անդամները ՀԱՊ համաժողովին իրենց անդամակցությունը կարող են հավաստել` իրենց ցանկության մասին տեղեկացնելով ՀԱՊ քարտուղարությանը ոչ ուշ քան ՔՀՖ հերթական համաժողովից հետո երկու շաբաթվա ընթացքում՝ ի պատասխան ՀԱՊ քարտուղարության գրավոր հարցմանը:

3.3.2 ՔՀՖ-ի Հայաստանի անդամները զրկվում են ՀԱՊ համաժողովի անդամ վերահաստատվելու իրավունքից, եթե վերջին անգամ ՔՀՖ պատվիրակ ընտրվելուց հետո, անընդմեջ 3 տարիների ընթացքում չեն վերահաստատում ՀԱՊ համաժողովի անդամակցությունը:

3.3.3 ԱՊ յուրաքանչյուր անդամ կարող է ՀԱՊ համաժողովի ժամանակավոր անդամի կարգավիճակ ստանալ՝ ներկայացնելով համապատասխան դիմում և ստանալով ՀԱՊ համաժողովի մեծամասնության աջակցությունը: Ժամանակավոր անդամի վերաբերյալ որոշում կայացնելիս ՀԱՊ համաժողովը որպես հիմնական չափորոշիչ է ընդունում թեկնածուի ակտիվ և արդյունավետ մասնակցությունը ՔՀՖ-ի և ՀԱՊ-ի գործունեությանը ՀԱՊ գործադիր մարմնի կողմից հաստատված «ՀԱՊ անդամների գործունեության ակտիվության չափորոշիչներին» համապատասխան, ինչպես նաև նրա կողմից ՔՀՖ-ի և ՀԱՊ-ի էթիկայի կանոնները պահպանելու հանգամանքը: Ժամանակավոր անդամի լիազորություններն ուժի մեջ են մտնում իր թեկնածության շուրջ քվեարկությունից հետո՝ հաջորդ ընդհանուր ժողովում և շարունակվում մինչև ՀԱՊ համաժողովը, որից հետո կա´մ դադարեցվում են, կա´մ շարունակվում՝ ՀԱՊ համաժողովի նոր կազմի պարզ մեծամասնության որոշմամբ, բացառությամբ 3․3․5 կետում նախատեսված դեպքերի:

3.3.4 ՀԱՊ համաժողովի անդամների, այդ թվում` ժամանակավոր անդամների, լիազորություններն ավտոմատ կերպով դադարեցվում են ՔՀՖ երկու համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում հրավիրված՝ ՀԱՊ համաժողովի նիստերից երեք բացակայության դեպքում: ՀԱՊ համաժողովի անդամի լիազորությունների դադարեցումն ուժի մեջ է մտնում մինչև ՔՀՖ հերթական համաժողովը, որից հետո կարող է վերականգնվել 3.3.1 և 3.3.3 կետերում նախատեսված կարգով, բացառությամբ 3․3․5 կետում նախատեսված դեպքերի:

3.3.5 ՀԱՊ համաժողովի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել նաև այդ անդամի կողմից սույն Կանոնադրությունով նախատեսված ընթացակարգերի այնպիսի խախտման դեպքում, որը հանգեցնում է ՀԱՊ-ի և նրա մարմինների կանոնավոր գործունեության խաթարմանը և էական վնաս է հասցնում ՀԱՊ-ի և նրա մարմինների հեղինակությանը: Լիազորությունների դադարեցման մասին որոշումը կայացվում է ՀԱՊ-ի էթիկայի խորհրդի եզրակացության հիման վրա ՀԱՊ համաժողովի կողմից: Էթիկայի խորհրդի եզրակացությունն ուղարկվում է ՀԱՊ անդամներին ոչ ուշ քան ընդհանուր ժողովից 72 ժամ առաջ:

3.3.6 ՀԱՊ համաժողովի որոշումը կարող է բողոքարկվել ՔՀՖ-ի Համապատասխանության կոմիտեին:

3.3.7 ՀԱՊ համաժողովի տարեկան առաջին նիստը պետք է գումարվի ՔՀՖ տարեկան համաժողովից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, բայց դրանից հետո երկու շաբաթից ոչ շուտ: Ընթացիկ նիստերը գումարվում են տարեկան առնվազն վեց անգամ (ներառյալ ընդհանուր ժողովի տարեկան առաջին նիստը):

3.3.8 ՀԱՊ համաժողովի նիստ հրավիրելու իրավունք ունեն՝

ա) ՔՀՖ ՀԱՊ-ի գործադիր մարմինը,

 բ) ՔՀՖ ՀԱՊ-ի համակարգողը,

 գ) ՔՀՖ ՀԱՊ-ի էթիկայի խորհուրդը,

 դ) ՔՀՖ ՀԱՊ-ի աշխատանքային խումբը,

 ե) ՔՀՖ Հայաստանի անդամների 1/3-ը:

Նիստը նախաձեռնողը պարտավոր է Քարտուղարության միջոցով նիստի նախնական օրակարգը և քննարկման նախատեսվող նյութերը ուղարկել ՀԱՊ անդամներին նիստի հրավիրման օրվանից ոչ ուշ, քան 72 ժամ առաջ:

3.3.9 ՀԱՊ համաժողովը`

ա) ՔՀՖ առաջարկությունների հիման վրա մշակում է ԱլԳ շրջանակներում ԵՄ-Հայաստան արդյունավետ համագործակցությանը նպաստող առաջարկություններ,

 բ) հաստատում է ՀԱՊ գործունեության ռազմավարությունները, հայեցակարգերը, աշխատանքային ծրագրերը,

 գ) լսում և հաստատում է ՀԱՊ աշխատանքային գործունոեության տարեկան ծրագրերի կատարման մասին հաշվետվությունները,

 դ) հաստատում է ՀԱՊ քարտուղարության ֆինանսական հաշվետվությունները,

 ե) հաստատում է ՀԱՊ Կանոնադրությունը և դրա մեջ կատարվող փոփոխությունները,

 զ) հաստատում է ՀԱՊ էթիկայի կանոնները և դրա մեջ կատարվող փոփոխությունները,

 է) հաստատում է ՀԱՊ էթիկայի խորհրդի աշխատակարգը և դրա մեջ կատարվող փոփոխությունները,

 ը) լսում և որոշումներ է կայացնում ՀԱՊ էթիկայի խորհրդի եզրակացությունների վերաբերյալ,

 թ) հաստատում է ՀԱՊ գործադիր մարմնի գործունեության աշխատակարգը և դրա մեջ կատարվող փոփոխությունները,

 ժ) որոշումներ է կայացնում ՀԱՊ անդամության դադարեցման  վերաբերյալ,

 ի) Արևելյան գործընկերության շրջանակներում իրականացվող բարեփոխում­ների և այլ նպատակներով կարող է համագործակցություն հաստատել ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, Եվրամիության կառույցների, ինչպես նաև միջազգային, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և քաղաքական ուժերի հետ,

 լ) համագործակցում է ԱլԳ այլ պետությունների ՔՀՖ ազգային պլատֆորմների, ինչպես նաև ԵՄ երկրների շահագրգիռ կազմակերպությունների հետ,

խ) ՀԱՊ անունից՝ ՀԱՊ անդամների առաջարկների հիման վրա մշակում է առաջարկություններ ՔՀՖ հաջորդ համաժողովի օրակարգի ձևավորման վերաբերյալ,

 ծ) կազմակերպում է ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընտրություն՝ սույն Կանոնադրությունով և ՔՀՖ կանոնադրությամբ սահմանված կարգով,

կ) իրականացնում է ՀԱՊ կառավարման այլ մարմինների իրավասությանը չվերապահված և լուծում պահանջող այլ իրավասություններ։

 հ) ապահովում է ԱլԳ գործընթացների վերաբերյալ հանրային տեղեկացվածությունը՝ ներգրավելով լրատվամիջոցներին:

3.3.10 ՀԱՊ համաժողովն իրավազոր է իր անդամների կեսից ավելիի ներկայության դեպքում: Որոշումներն ընդունվում են համաժողովին ներկա անդամների պարզ մեծամասնությամբ, բացառությամբ 3.3.2, 3.3.3, 3.3.5, 6.1 և 6 .2 կետերով նախատեսված դեպքերի:

3.3.11 ՀԱՊ համաժողովի որոշումները կարող են կայացվել նաև էլեկտրոնային քվեարկության եղանակով, որի դեպքում գործում են սույն Կանոնադրության 3․3․10 կետի դրույթը, բացառությամբ 3.3.12 կետով նախատեսված դեպքերի:

3.3.12ՀԱՊ անունից հայտարարությունները էլեկտրոնային փոստի միջոցով ՀԱՊ համաժողովի կողմից քվեարկվելու դեպքում գործում են հատուկ կանոններ: Հայտարարության նախագիծը քվեարկության համար կարող է տարածվել միայն ՔՀՖ ՀԱՊ-ի համակարգողի կամ ՀԱՊ-ի գործադիր մարմնի անդամների կեսից ավելիի նախաձեռնությամբ, կամ ՀԱՊ-ի անդամ ոչ պակաս քան 5 կազմակերպությունների նախաձեռնությամբ: Վերջիններս էլ սահմանում են քվեարկության ժամկետները, որոնք չեն կարող 72 ժամից պակաս լինել: Հայտարարության տեքստի փոփոխության վերաբերյալ առաջարկությունները նախաձեռնողների կողմից ընդունվելու դեպքում, երկարացնում են քվեարկության ժամկետը 24 ժամով: Քվեարկողների արձագանքի բացակայությունը համարվում է համաձայնության նշան: Հայտարարությունը համարվում է ընդունված, եթե դրա դեմ արտահայտվողների թիվը չի գերազանցում ՀԱՊ համաժողովի անդամների 1/5-ը: Հայտարարության նախագծերի քվեարկությունը կազմակերպվում է ՀԱՊ Քարտուղարության կողմից:

3.4 ՔՀՖ-ի Հայաստանի անդամների իրավունքները

 3.4.1 Բավարար թվով տեղերի առկայության պարագայում ՔՀՖ-ի Հայաստանի բոլոր անդամներն իրավունք ունեն իրենց հաշվին մասնակցելու ՔՀՖ-ի տարեկան համաժողովին և այլ միջոցառումներին, այդ թվում` աշխատանքային խմբերի հանդիպումներին: Նրանք չունեն ձայնի իրավունք, որով օժտված են միայն ՔՀՖ-ի Հայաստանի պատվիրակները:

3.4.2 ՔՀՖ-ն ներկայացնելու համար ընտրված լինելու պարագայում ՔՀՖ-ի Հայաստանի անդամները կարող են ներկայացնել ՔՀՖ-ն ԱլԳ-ի պլատֆորմներում և պանելներում նույն իրավունքներով, ինչ պատվիրակները:ՔՀՖ-ի Հայաստանի անդամներն ունեն ՀԱՊ-ի կառավարման մարմիններ ընտրելու և դրանցում ընտրվելու իրավունք, բացառությամբ ՀԱՊ համակարգողի, որին ընտրում են միայն ՔՀՖ-ի Հայաստանի պատվիրակներն իրենց կազմից:

3.4.3 ՔՀՖ-ի Հայաստանի անդամներն ունեն ՀԱՊ-ի համաժողովի որոշումների կայացմանը ձայնի իրավունքով մասնակցելու իրավունք:

3.4.4 ՔՀՖ-ի Հայաստանի անդամները կարող են մասնակցել ՔՀՖ-ի ենթադրամաշնորհային ծրագրերին  և ՔՀՖ-ի այլ գործունեությանը:

 3.5 ՔՀՖ-ի Հայաստանի անդամի լիազորությունների դադարման հիմքերը

3.5.1 ՔՀՖ-ի Հայաստանի անդամի լիազորությունները դադարում են վերջինիս կողմից ՀԱՊ-ին կամ ԱլԳ ՔՀՖ-ի քարտուղարությանը ներկայացված գրավոր հրաժարականի դեպքում:

3.5.2 ՔՀՖ-ի Հայաստանի անդամի ՔՀՖ-ում կամ ՀԱՊ-ում լիազորությունների դադարման մասին ՔՀՖ Համապա­տասխանության կոմիտեի, Ղեկավար կոմիտեի, ՔՀՖ-ի Ընդհանուր ժողովի և ՀԱՊ համաժողովի ընդունած որոշումների դեպքում:

3.5.3 ԱլԳ ՔՀՖ-ի լուծարման դեպքում:

3.5.4 Տվյալ կազմակերպության լուծարման դեպքում:

3.6 ՔՀՖ-ի Հայաստանի անդամի լիազորությունների դադարեցման հիմքերը

3.6.1 ՔՀՖ-ի Հայաստանի անդամի լիազորությունները դադարեցվում են վերջինիս կողմից ՔՀՖ-ի կանոնադրության, Էթիկայի կանոնների կամ ՔՀՖ-ի այլ ներքին կարգավորումների, ՀԱՊ Կանոնադրության, Էթիկայի կանոնների և այլ ներքին կարգավորումների էական խախտումների դեպքերում,

3.6.2 ՔՀՖ-ին, ՀԱՊ-ին կամ վերջիններիս հեղինակությանը էական վնաս հասցնելու կամ դրա իրական սպառնալիքի առկայության դեպքերում:

3.6.3 ՔՀՖ-ի Հայաստանի անդամի լիազորությունների դադարեցման իրավասությամբ օժտված է ԱլԳ ՔՀՖ-ի Համապատասխանության կոմիտեն, Ղեկավար կոմիտեն, ԱլԳ ՔՀՖ-ի համաժողովը, ՀԱՊ-ի համաժողովը: ՔՀՖ-ի Հայաստանի անդամի լիազորությունների դադարեցման մասին առաջարկով այդ մարմիններին կարող է դիմել ՔՀՖ-ի որևէ անդամ, ՔՀՖ-ի աշխատանքային խումբը, ԱլԳ ՔՀՖ-ի քարտուղարությունը, ՀԱՊ գործադիր մարմինը և ՀԱՊ էթիկայի խորհուրդը: ՔՀՖ Ղեկավար կոմիտեն կարող է իր նախաձեռնությամբ սկսել ՔՀՖ-ի Հայաստանի անդամի լիազորությունների դադարեցման գործընթացը: Այս մարմինների որոշումների միջև հակասության պարագայում վերջնական որոշումը կայացնում է ԱլԳ ՔՀՖ-ի համաժողովը:

3.6.4 ՔՀՖ-ի Հայաստանի այն անդամը, որի լիազորությունների դադարեցման վերաբերյալ առկա է առաջարկություն, պետք է ծանուցվի այդ մասին այդ առաջարկի քննարկումից առնվազն 10 օր առաջ: ՔՀՖ-ի Հայաստանի անդամն ունի արդյունավետ պաշտպանության միջոցի իրավունք, այդ թվում` ներկայացնելով ապացույցներ և բացատրություններ, ինչպես նաև պահանջելով բացատրություններ լիազորությունների դադարեցման առաջարկի կապակցությամբ: Լիազորությունների դադարեցման որոշումը կայացրած մարմինը այդ մասին գրավոր ծանուցում է ՔՀՖ-ի Հայաստանի անդամին, ՀԱՊ-ի համակարգողին, ՀԱՊ-ի էթիկայի խորհրդին և ԱլԳ ՔՀՖ-ի քարտուղարությանը:

3.7 ՔՀՖ-ի Հայաստանի պատվիրակների և ՀԱՊ-ի կառավարման մարմինների լիազորությունների ժամկետը

 3.7.1 ՔՀՖ-ի Հայաստանի պատվիրակների և ՀԱՊ-ի կառավարման մարմինների լիազորությունների ժամկետը երկու տարի է` սկսած պատվիրակների ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից, ինչը համապատասխանում է Ֆորումի գործունեության երկամյա պարբերաշրջանին:

3.7.2 ՔՀՖ պատվիրակների ընտրությունների մեկնարկը տրվում է ընթացիկ պարբերաշրջանի երկրորդ տարվա ավարտին և ավարտվում դրան հաջորդող տարվա մարտի վերջին օրը:

 3.8 ՔՀՖ-ի Հայաստանի պատվիրակները և պատվիրակների ժողովը

3.8.1 ՔՀՖ-ի Հայաստանի պատվիրակները Հայաստանի քաղաքացիական հասարակության այն կազմակերպությունների ներկայացուցիչներն են, որոնք ընտրվել են ՔՀՖ-ի կանոնադրությամբ և սույն Կանոնադրությամբ սահմանված կարգով` համաձայն ՔՀՖ-ի կողմից սահմանված աշխարհագրական, թեմատիկ և գենդերային քվոտաների:

3.8.2 ՔՀՖ-ի Հայաստանի պատվիրակները, որոնց թիվը չի գերազանցում 20-ը, ընտրվում են Հայաստանի ազգային պլատֆորմի կողմից` ՔՀՖ-ի աշխատանքային խմբերի համակարգողների, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Հայաստանի ազգային պլատֆորմի երաշխավորությունների հիման վրա հետևյալ կարգով.

3.8.3 ՔՀՖ-ի քարտուղարության կողմից տվյալ պարբերաշրջանում պատվիրակ ընտրվելու համար գրանցված կազմակերպությունների ցանկն ստանալուց հետո ՔՀՖ-ի քարտուղարությունն այն տրամադրում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը, որը կարող է երաշխավորել պատվիրակ դառնալու հետաքրքրություն ցուցաբերած կազմակերպությունների 10%-ին: Միևնույն ժամանակ,  ՔՀՖ-ի քարտուղարությունը ցուցակը տրամադրում է ՔՀՖ-ի աշխատանքային խմբերի համակարգողներին, որոնք ընտրում են գրանցված կազմակերպությունների  20%-ին` հնարավորության սահմաններում պահպանելով աշխատանքային խմբերի համար սահմանված քվոտաները (առաջին աշխատանքային խումբ` 7 անդամ, երկրորդ, երրորդ և չորրորդ աշխատանքային խմբեր` 4-ական անդամներ և հինգերորդ աշխատանքային խումբ` 1 անդամ):   Եթե Եվրոպական միության պատվիրակության և Ֆորումի աշխատանքային խմբերի երաշխավորած կազմակերպությունները համընկնում են, ապա այդ կազմակերպությունները կարող են ավտոմատ դառնալ պատվիրակ: Այս կազմակերպությունների թիվը չի կարող գերազանցել 10-ը: Մնացած  կազմակերպությունները երաշխավորվում են ՀԱՊ համաժողովում անցկացվող ընտրությունների արդյունքում: Քվեարկությունից առաջ թեկնածուներին հնարավորություն է ընձեռվում ներկայացնել իրենց հայտը և պատասխանել հարցերին: Պատվիրակների վերջնական ցուցակը կազմում է ՀԱՊ-ի գործադիր մարմինը` հնարավորության դեպքում ապահովելով աշխարհագրական, թեմատիկ և գենդերային հավասարակշռություն, ինչպես նաև երբևէ պատվիրակ չհանդիսացած ՀԱՊ-ի 3 անդամի և երբևէ ՀԱՊ-ի անդամ չհանդիսացած 3 կազմակերպության ներգրավումը ցուցակում: Պատվիրակների վերջնական ցուցակը կազմելիս հաշվի են առնվում նաև ԵՄ-ի, ՔՀՖ-ի աշխատանքային խմբերի համակարգողների երաշխավորությունները: Պատվիրակների վերջնական ցուցակը հաստատում է Եվրոպական հանձնաժողովը: Պատվիրակների վերջնական ցուցակի հաստատումից հետո այն հրապարակվում է և ՔՀՖ-ի երկամյա պարբերաշրջանի պատվիրակներն սկսում են իրենց գործունեությունը զույգ օրացուցային տարվա սկզբին, մարտի վերջից ոչ ուշ:

3.8.4 ՔՀՖ-ի Հայաստանի պատվիրակների ժողովը ձևավորվում է ՔՀՖ  Հայաստանի այն պատվիրակներից (ՔՀՖ համաժողովի մասնակցության պաշտոնական հրավեր ստացած և համաժողովին մասնակցած կազմակերպություններ), որոնք ավտոմատ հանդիսանում են նաև ՔՀՖ-ի անդամներ: Միևնույն ժամանակ, ՔՀՖ Հայաստանի անդամների ընդհանուր ժողովի անդամ լինելու կամ չլինելու հանգամանքը չի ազդում 3.9.1-ին համապատասխան  ՀԱՊ հերթական համաժողովի ընթացքում ՀԱՊ համակարգողի ընտրությանը մասնակցության իրավունքի վրա:

3.8.5 ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ժողովը ձայների պարզ մեծամասնությամբ իր կազմից ընտրում է ՀԱՊ ազգային համակարգողին (ՔՀՖ Ղեկավար կոմիտեի անդամին) և ընդունում նրա հրաժարականը:

3.8.6 ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ժողովի նիստերը գումարվում են ՀԱՊ համակարգողի կողմից կամ ժողովի անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ:

3.8.7 ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ժողովի և ՔՀՖ Հայաստանի անդամների ընդհանուր ժողովի նիստերի, անցկացման վայրի, օրվա, ժամի և օրակարգի մասին մասնակիցները տեղեկացվում են գումարման ժամից առնվազն 96 ժամ առաջ` էլեկտրոնային նամակագրության կամ հեռախոսազանգի միջոցով:

3.8.8 ՔՀՖ Հայաստանի այն պատվիրակները, որոնք հաստատել են ՀԱՊ պատվիրակների ընդհանուր ժողովին անդամակցությունը, իրենց լիազորությունները պահպանում են մինչև ՔՀՖ հաջորդ համաժողովը, բացառությամբ 3.2.3 և 3.2.4 կետերով նախատեսված դեպքերի։

3.8.9 Պատվիրակները հանդիսանում են ՔՀՖ Հայաստանի անդամներ: Միայն պատվիրակները կարող են ընտրվել ՔՀՖ-ի որոշումների կայացման մարմիններում և քվեարկել Ֆորումի կանոնադրությամբ նախատեսված հանդիպումների ընթացքում:

3.8.10 ՔՀՖ-ի Հայաստանի պատվիրակներն իրավունք ունեն.

3.8.10.1 մասնակցելու Ֆորումի աշխատանքներին, այդ թվում` Ֆորումի կանոնադրությամբ նախատեսված ժողովներին, որոնք են յուրաքանչյուր երկամյա պարբերաշրջանում աշխատանքային խմբի երկու հանդիպում և երկու տարեկան ժողով, ենթադրամաշնորհներին, ԱլԳ-ի պլատֆորմների և պանելների հանդիպումներին, ինչպես նաև ՔՀՖ-ի այլ միջոցառումներին,

3.8.10.2 ընտրվելու Ֆորումի որոշում կայացնող մարմիններում,

3.8.10.3 ընտրելու անձամբ կամ էլեկտրոնային եղանակով՝ ՔՀՖ-ի կանոնադրությամբ և սույն Կանոնադրությամբ սահմանված քվեարկության ընթացակարգերով:

3.9 ՔՀՖ-ի Հայաստանի պատվիրակի լիազորությունների դադարումը

3.9.1 ՔՀՖ-ի Հայաստանի պատվիրակի լիազորությունները կարող են կամավոր հիմունքներով կասեցվել կամ դադարել, եթե վերջինս գրավոր դիմում է ներկայացրել այդ մասին ՔՀՖ-ի կամ ՔՀՖ ՀԱՊ-ի քարտուղարությանը` նշելով, թե արդյոք դիմում է լիազորությունների դադարեցման, թե կասեցման համար և եթե կասեցման, ապա ինչ ժամկետով:

3.9.2 ՔՀՖ-ի Հայաստանի պատվիրակի լիազորությունները ենթակա են դադարման, եթե ժամանակավորապես կասեցվել կամ դադարեցվել է ԱլԳ ՔՀՖ-ի կամ ՀԱՊ-ի գործունեությունը` համաձայն Համապատասխանության կոմիտեի, Ղեկավար կոմիտեի, ընդհանուր ժողովի կամ ՀԱՊ-ի որոշման` սույն Կանոնադրությունով կամ ՔՀՖ-ի կանոնադրությամբ սահմանված կարգով:

3.10 ՔՀՖ-ի Հայաստանի պատվիրակի լիազորությունների դադարեցումը

3.10.1 ՔՀՖ-ի Հայաստանի պատվիրակի լիազորորությունների դադարեցումը կարող է տեղի ունենալ ՔՀՖ-ի կանոնադրության, ՀԱՊ-ի կանոնադրության, Էթիկայի կանոնների կամ ՔՀՖ-ի այլ ներքին կարգավորումների էական խախտման կամ

3.10.2 ՔՀՖ-ին կամ ՀԱՊ-ին, կամ վերջիններիս հեղինակությանը էական վնաս հասցնելու կամ դրա իրական սպառնալիքի առկայության պարագայում:

 3.11 ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգողը

3.11.1 ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգողը․

ա) ներկայացնում է Հայաստանի ազգային պլատֆորմը Քաղաքացիական հասարակության ֆորումում,

բ)    համակարգում է ՀԱՊ գործունեությունը,

գ) նախագահում է ՔՀՖ Հայաստանի անդամների և պատվիրակների ժողովներում,

դ) իրականացնում է ՔՀՖ Կանոնադրությանը և ՀԱՊ Կանոնադրությանը համապատասխան այլ գործառույթներ:

ե)  հաշվետու է ՔՀՖ ի Հայաստանի պատվիրակների ժողովին,

զ) Հայաստանի ազգային պլատֆորմում տեղի ունեցած զարգացումների մասին տեղեկությունները, այդ թվում` հայտարարություններն ու միջոցառումների մասին տեղեկատվությունը փոխանցում է ՔՀՖ Ղեկավար կոմիտեին, իսկ վերջինիս զարգացումները` Հայաստանի ազգային պլատֆորմին,

է) Բացահայտում է ջատագովության կարիք ունեցող հայաստանյան առաջնահերթությունները և հնարավորությունները,

ը) Վերահսկողություն է իրականացնում ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընտրության գործընթացի նկատմամբ,

թ) Կանոնավոր հաղորդակցություն է ապահովում Հայաստանի ազգային պլատֆորմի անդամների հետ,

 ժ) Տարին առնվազն մեկ անգամ հաշվետվություն է ներկայացնում ՀԱՊ համաժողովին,

ժա) Ֆորումի տարեկան ժողովին ընդառաջ ներկայացնում է Հայաստանի ազգային պլատֆորմի գործունեության մասին հաշվետվությունը,

ժբ) մասնակցում է Ֆորումի ղեկավար կոմիտեի առնվազն երեք երկօրյա հանդիպումներին։

3.11.2 ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգողն ընտրվում է ՔՀՖ Հայաստանի պատվիրակների կազմից, ՀԱՊ համաժողովի ժամանակ ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ձայների պարզ մեծամասնությամբ, փակ գաղտնի քվեարկությամբ: ՔՀՖ-ի Ղեկավար կոմիտեի գրավոր համաձայնության պարագայում ՔՀՖ ՀԱՊ համակարգողը կարող է ընտրվել ՀԱՊ անդամների կողմից: ՔՀՖ ՀԱՊ համակարգողի ընտրությունը կազմակերպվում է Հայաստանի պատվիրակների ընտրությունից հետո: ՔՀՖ ՀԱՊ համակարգողը  չի կարող ընտրվել ավելի քան 2 (երկու) անգամ: ՔՀՖ ՀԱՊ համակարգողն ի պաշտոնե ՔՀՖ-ի Ղեկավար կոմիտեի անդամ է և նրա լիազորություններն ուժի մեջ են մտնում իր ընտրության պահից: ՀԱՊ համակարգողի լիազորությունների ժամկետը երկու տարի է:

3.11.3 ՔՀՖ ՀԱՊ Հայաստանի ազգային համակարգողի լիազորությունները դադարում են սեփական դիմումի հիման վրա, ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ժողովի անդամների պարզ մեծամասնության որոշմամբ և համակարգողի պարտականությունների կատարման անհնարինության դեպքերում (առողջական վիճակից, գործունեության բնույթի կամ բնակության երկրի  փոփոխությունից ելնելով):

3.11.4 ՔՀՖ ՀԱՊ համակարգողի լիազորությունները դադարելու դեպքում՝ ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ժողովի անդամներից ընտրվում է ՔՀՖ նոր ազգային համակարգող:

3.11.5 ՀԱՊ համաժողովին անդամակցությունը սույն Կանոնադրությանը համապատասխան չհաստատելու  դեպքում ՀԱՊ համակարգողը ՀԱՊ շրջանակներում իր գործառույթներն իրականացնում է առանց ձայնի իրավունքի:

3.12 ՀԱՊ գործադիր մարմինը

3.12.1 ՀԱՊ գործադիր մարմինը բաղկացած է ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգողից, ՀԱՊ աշխատանքային խմբերի համակարգողներից և ԱլԳ ՔՀՖ աշխատանքային որևէ խմբի ընթացիկ համակարգող ընտրված ՀԱՊ անդամից/ներից (եթե այդպիսին/ք կա/ն)։

3․12․2 ՀԱՊ գործադիր մարմինը՝

ա)  համակարգում է ՀԱՊ համաժողովի որոշումների կենսագործումը,

բ) կազմավորում է աշխատանքային ենթախմբեր և հաստատում է դրանց գործունեության աշխատակարգերը,

գ) ընդունում է ՀԱՊ համաժողովի և ընթացիկ ժողովների բացառիկ իրավասություններից դուրս` ՀԱՊ գործունեության կազմակերպման այլ հարցերի մասին որոշումներ։

3․13 ՀԱՊ աշխատանքային խմբեր և ենթախմբեր

3․13․1 Իր առջև դրված նպատակներին հասնելու համար ՀԱՊ-ը` ԱլԳ թեմատիկ պլատֆորմներին և ՔՀՖ աշխատանքային խմբերին համապատասխան, ձևավորում է իր աշխատանքային խմբերը և ենթախմբերը.

3․13․2 ՀԱՊ աշխատանքային խմբերը`

  • կազմակերպում և համակարգում են ԱլԳ շրջանակներում ՀՀ ազգային օրակարգի՝ իրենց ոլորտներին վերաբերվող հարցերի շրջանակի ձևավորումը՝ հանրային քննարկումների և համացանց առաջարկների հավաքագրման հայտարարությունների տարածման, աշխատանքային խմբի գործողությունների պլանի մշակման, իրականացման և հաշվետվության հրապարակման միջոցով,
  • նպաստում են ԱլԳ շրջանակներում ՀՀ ազգային օրակարգի ձևավորմանը, իրականացմանը, մոնիթորինգին, գնահատմանը և հաշվետվողականությանը,
  • մշակում և ներկայացնում են իրենց ոլորտների հետ կապված առաջարկություններ,
  • համագործակցում են ՔՀՖ և ազգային այլ պլատֆորմների համապատասխան խմբերի հետ,
  • իրականացնում են իրենց ոլորտներում բարեփոխումներին նպաստող այլ գործունեություն:

3․13․3 Աշխատանքային խմբերի գործունեությունը բաց է: Դրանց կարող է միանալ, ինչպես նաև դրանց քննարկումներին մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության ցանկացած կառույց:

3․13․4 ՀԱՊ անդամ միևնույն կառույցը կարող է ներկայացված լինել տարբեր աշխատանքային խմբերում, սակայն կարող է քվեարկել (ձայնի իրավունք ունենալ) միայն մեկ աշխատանքային խմբում:

3․13․5 ՀԱՊ անդամ քաղաքացիական հասարակության կառույցները կարող են ՀԱՊ գործադիր մարմնի որոշմամբ ձևավորել ՀԱՊ ենթախմբեր և ինքնուրույն որոշել նրանց գործունեության ուղղությունները և առաջնայնությունները: ՀԱՊ ենթախմբերի համակարգողները կարող են մասնակցել ՀԱՊ գործադիր մարմնի աշխատանքներին` խորհրդակցական ձայնի իրավունքով:

3․14 ՀԱՊ աշխատանքային խմբերի համակարգողները

3․14․1 ՀԱՊ աշխատանքային խմբերի համակարգողներն ընտրվում են երկու տարի ժամկետով՝ ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընտրությունից անմիջապես հետո, ՀԱՊ տվյալ աշխատանքային խմբում ներառված ՔՀԿ-ների կազմից՝ տվյալ ԱԽ նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։ ՔՀՖ Հայաստանի անդամ յուրաքանչյուր կազմակերպություն կարող է քվեարկել (ձայնի իրավունք ունենալ) միայն մեկ աշխատանքային խմբում,

ՀԱՊ աշխատանքային խմբերի համակարգողներն իրականացնում են ՀԱՊ աշխատանքային խմբերի ընթացիկ համակարգումը, ապահովում են մշտական կապը ՀԱՊ և ՔՀՖ համապատասխան աշխատանքային խմբերի միջև:

3․14․2 ՀԱՊ աշխատանքային խմբի համակարգողի լիազորությունները դադարում  են սեփական դիմումի հիման վրա, տվյալ աշխատանքային խմբում ձայնի իրավունքով ներգրավված  աշխատանքային խմբի տվյալ նիստին ներկա ՀԱՊ անդամների ձայների պարզ մեծամասնության որոշմամբ կամ համակարգողի պարտականությունների կատարման անհնարինության դեպքերում:

3․14․3 ՀԱՊ աշխատանքային խմբի համակարգողի լիազորությունները դադարելու դեպքում ընտրվում է նոր համակարգող՝ սույն Կանոնադրությամբ սահմանված կարգով:

3․14․4 ՀԱՊ աշխատանքային խմբի համակարգողը հաշվետու է տվյալ աշխատանքային խմբի անդամներին, ՀԱՊ գործադիր մարմնին և ՀԱՊ համաժողովին:

3․14․5 ՀԱՊ աշխատանքային խմբի համակարգողը չի կարող ընտրվել ավելի քան 2 (երկու) անգամ:

3․15 ՀԱՊ էթիկայի խորհուրդը

3․15․1 ՀԱՊ Էթիկայի խորհուրդը ձևավորվում է ՀԱՊ համաժողովի կողմից` 2 (երկու) տարի ժամկետով:

3․15․2 ՀԱՊ էթիկայի խորհրդի կազմում ընդգրկվում են ՀԱՊ բոլոր տարիների համակարգողները, որոնք շարունակում են ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ հանդիսանալ, բացառությամբ ՀԱՊ գործող ազգային համակարգողի։

ՀԱՊ էթիկայի խորհրդի անդամ կարող են ընտրվել ՀԱՊ այլ անդամներ ևս, ընդ որում, ընտրված անդամների թիվը չպետք է գերազանցի ՀԱՊ էթիկայի խորհրդի անդամ հանդիսացող ՀԱՊ համակարգողների թիվը։

3․15․3 ՀԱՊ Էթիկայի խորհուրդը ձայների պարզ մեծամասնությամբ իր կազմից ընտրում է Էթիկայի խորհրդի նախագահ, որը նաև ՀԱՊ-ի էթիկայի հարցերի խորհրդատուն է:

3․15․4 ՀԱՊ Էթիկայի խորհրդի նախագահի պաշտոնավարման ժամկետը 2 (երկու) տարի է։

3․15․5 ՀԱՊ Էթիկայի խորհրդի նախագահը չի կարող ընտրվել ավելի քան 2 (երկու) անգամ:

3․15․6 ՀԱՊ Էթիկայի խորհուրդը գործում է ՀԱՊ համաժողովի կողմից հաստատված կանոնակարգով և էթիկայի կանոններով:

3․15․7 ՀԱՊ Էթիկայի խորհուրդն ուսումնասիրում և դիտարկում է ՀԱՊ-ում էթիկայի կանոնների խախտման դեպքերը, ՀԱՊ-ի գործունեության շուրջ ծագած բոլոր վեճերը և բողոքները։

3․15․8 Հարցին ծանոթանալուց հետո ՀԱՊ Էթիկայի խորհուրդը կազմում է համապատասխան որոշման նախագիծ և/ կամ հստակ դիրքորոշմամբ եզրակացություն, այն ներկայացնում է ՔՀՖ Հայաստանի անդամների ընդհանուր ժողովի քննարկմանը։ Վերջինս տվյալ հարցի շուրջ որոշում է կայացնում քվեարկության միջոցով։

 3․16 ՀԱՊ քարտուղարությունը

 3․16․1 ՀԱՊ քարտուղարությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված ոչ առևտրային իրավաբանական անձանց միություն է, որը հանդիսանում է իրավաբանական անձ, և որի անդամ կարող են լինել ՀԱՊ համաժողովի անդամ կազմակերպությունները։ ՀԱՊ քարտուղարության անդամ կարող են դառնալ նաև ՀԱՊ անդամ, սակայն երբևէ ՔՀՖ Հայաստանի պատվիրակ չհանդիսացող ՔՀԿ-ները, եթե նրանց օգտին քվեարկում է ՀԱՊ քարտուղարության անդամների կեսից ավելին։

3․16․2 ՀԱՊ քարտուղարությունն իր կանոնադրությանը համապատասխան կազմակերպական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում ՀԱՊ-ին՝ ԱլԳ ծրագրերի կատարման, ԵՄ չափորոշիչներին՝ երկրի ներքին խնդիրների լուծումների  համապատասխանության շրջանակներում: Այն նպաստելու է հասարակության բոլոր շերտերի մասնակցության, համախմբման և տեղեկացվածության ապահովմանը՝ երկրում ժողովրդավարական բարեփոխումների հետևողական իրականացմանն ուղղված ԱլԳ ծրագրերի իրագործմանը:

3․16․3 ՀԱՊ քարտուղարությունն իր կանոնադրության համաձայն ներկայացնում իր տարեկան գործունեության և ֆինանսական հաշվետվությունները ՀԱՊ-ի գործադիր մարմնին և ՀԱՊ համաժողովին:

3․16․4 ՀԱՊ քարտուղարությունը պարտավոր է վարել ՀԱՊ բոլոր անդամների, այդ թվում` ՔՀՖ-ի Հայաստանի անդամների և պատվիրակների ռեգիստրը, որը թարմացվում է տարին մեկ անդամ և հրապարակվում ՀԱՊ-ի կայքում:

3․16․5 ՀԱՊ քարտուղարությունը պատասխանատու է նաև ՀԱՊ համաժողովների, ՔՀՖ պատվիրակների ժողովների և ՀԱՊ գործադիր մարմնի արձանագրությունների պատշաճ կազմման և հրապարակման համար:

4․ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԱՐԳԵԼՔԸ

4․1 Միևնույն անձը չի կարող տարբեր պաշտոններ զբաղեցնել ՀԱՊ-ի կառավարման տարբեր մարմիններում:

4․2 Միևնույն անձը չի կարող մասնակցել ՔՀՖ-ին կամ ՀԱՊ-ին վերաբերող որևէ հարցի քննարկմանը կամ որոշումների կայացմանը՝ այդ հարցում գույքային կամ ոչ գույքային շահ(եր) ունենալու պայմաններում:

4․3 ՀԱՊ-ի կառավարման մարմինների անդամները հրապարակում են իրենց գույքային և ոչ գույքային շահերը, որոնք կարող են հանգեցնել կամ ընկալվել որպես շահերի բախում:

4․4 Շահերի բախման արգելքի շրջանցումը հիմք է տվյալ անձի լիազորությունների դադարեցման համար:

5․ ՀԱՊ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱլԳ ՔՀՖ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

 5․1 ՀԱՊ Կանոնադրությունը չի կարող հակասել ՔՀՖ-ի կանոնադրությանը:

5․2 Եթե սույն Կանոնադրությունը չի կարգավորում որևէ հարց, որը կարգավորված է ՔՀՖ-ի կանոնադրությամբ, ապա գործում է վերջինիս կարգավորումը:

5․3 Եթե ՀԱՊ Կանոնադրության և ՔՀՖ-ի կանոնադրության, արժեքների, առաքելության և նպատակների միջև առկա է հակասություն, ապա գերակայում են ՔՀՖ-ի կանոնադրությունը, արժեքները, առաքելությունը և նպատակները։

 6․ ՀԱՊ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼԸ, ՀԱՊ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

6․1 ՀԱՊ կանոնադրությունի մեջ լրացումները և փոփոխությունները կատարվում են ՔՀՖ-ի Հայաստանի անդամների ընդհանուր ժողովի որոշմամբ` ՀԱՊ համակարգողի, ՀԱՊ աշխատանքային խմբի, ՀԱՊ գործադիր մարմնի նախաձեռնությամբ: Կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշումն ընդունվում է ՔՀՖ համաժողովի անդամների կեսից ավելիի ձայներով:

6․2 ՀԱՊ-ը կարող է լուծարվել ՀԱՊ համաժողովի ձայների 2/3-ի համաձայնությամբ:

 Սույն կանոնադրության հիմք հանդիսացող ՀԱՊ կազմակերպական սկզբունքներն ընդունվել են ԱլԳ ՔՀՖ չորս համաժողովների (2009, 2010, 2011, 2016) Հայաստանի պատվիրակների՝ 2011թ. սեպտեմբերի 13-ին Երևանում կայացած ժողովում, ՔՀՖ Ղեկավար կոմիտեի կողմից հաստատվել են 2011թ. նոյեմբերի 28-ին, Պոզնանում,  փոփոխվել են 2012թ. մարտի 28-ին Երևանում կայացած ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընդհանուր ժողովում, 2013թ. մայիսի 27-ին Երևանում կայացած ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընդհանուր ժողովում, 2017թ. դեկտեմբերի 29-ին Երևանում կայացած ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընդհանուր ժողովում, 2019թհունիսի 7-ին Երևանում կայացած ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընդհանուր ժողովում։ 2020թ. հունվարի  29-ին Երևանում կայացած ՔՀՖ Հայաստանի անդամների ընդհանուր ժողովում ՀԱՊ Կազմակերպական սկզբունքները վերանվանվել են ՀԱՊ կանոնադրություն և դա հաստատվել է սույն փոփոխություններով։

This entry was posted in EaP Documents/ԱլԳ Փաստաթղթեր, Հայերեն. Bookmark the permalink.