Թողարկում 295

ԵՄ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողովը

2019թ․ նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ Եվրոպական միության Արևելյան գործընկերության Քաղաքացիական ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողովը, որի օրակարգային հարցերն էին «Գործունեության բարենպաստ միջավայր կին իրավապաշտպանների, լրագրողների, դատավորների, հասարակական ու քաղաքական գործիչների համար» և «ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի տարեկան համաժողովը և Հայաստանի ազգային պլատֆորմի վերջին և սպասվող զարգացումները»:

Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Եկատերինա Դորոդնովան:

Հանդիպման բանախոսներն էին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, «Մեդիալաբ» առցանց լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանը, «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը, ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող, «Իրավունքի Եվրոպա» միավորում ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը և Եվրասիա համագործակցության հիմնադրամի ծրագրի տնօրեն, ԱլԳ ՔՀՖ առաջին աշխատանքային խմբի համակարգող Միքայել Հովհաննիսյանը:

ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանը խոսեց ԱԺ-ի ընտրություններում կանանց քվոտաների մեծացման մասին՝ նշելով, որ քվոտաների հետ մեկտեղ պետք է ձեռնարկվեն հավելյալ միջոցներ, որպեսզի տարիներ անց կանայք «բնական» եղանակով հասնեն քաղաքական ներկայացվածության։ Մյուս կարևոր միջոցառումն, ըստ Կարապետյանի, ատելության խոսքի դեմ օրենսդրությունն է, որը կդառնա շատ խիստ գործիք՝ արձագանքելու համար գոյություն ունեցող անբարենպաստ միջավայրին։

Լուսինե Հակոբյանը նույնպես անդրադարձավ այն խնդրին, որ ատելության խոսքը գնալով ավելի մեծ մտահոգության առարկա է դառնում հասարակության շրջանում, և որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել դրա դեմ պայքարի ուղղությամբ: Մասնավորապես, նա խոսեց այդ ոլորտում առկա Եվրախորհրդի չափորոշիչների և այն միջոցառումների մասին, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել իրավական, ինչպես նաև կրթական ու մեդիա ոլորտներում հատկապես կին գործիչների հասցեին ատելության խոսքի սպառնալիքը չեզոքացնելու նպատակով:

Ըստ Հովսեփ Խուրշուդյանի՝ թեև առաջին հայացքից կանանց համար նախատեսվող խրախուսիչ քվոտաները կարող են թվալ արհեստական, և, իրականում, երբեմն դրանք բերում են ոչ լավագույն կադրային ընտրության, սակայն միջազգային փորձը ցույց է տալիս, որ երկարաժամկետ կտրվածքով դա կարող է բերել քաղաքական և տնտեսական ոլորտներում, հատկապես դրանց կառավարման մեջ կանանց ներգրավվածության մակարդակի էական աճի։

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը ներկայացրեց ուժային կառույցների հետ իր աշխատանքները՝ զինծառայողների իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները և դրանց հաջորդած՝ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակի կողմից սոցիալական ցանցերում և մամուլում իր հասցեին հնչեցված նսեմացնող արտահայտություններն ու վերաբերմունքը։

«Մեդիալաբի» գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանը նկատեց․ «Կին լրագրողները, իրավապաշտպանները և առհասարակ ակտիվ հասարակական-քաղաքական գործունեություն ծավալող կանայք մշտապես թիրախ են դառնում տարբեր խմբերի կողմից՝ արժանանալով խտրական վերաբերմունքի, ատելության խոսքի, նվաստացման, քանի որ կին են։ Իսկ կանանց չի կարելի «սահմաններ» անցնել։ Եթե տղամարդկանց դեպքում կիրառվում է ֆիզիկական հաշվեհարդարի, հայհոյանքների, սպառնալիքների մոտեցումը, ապա կանանց դեպքում թիրախում է հայտնվում անձնական կյանքը, արտաքինը, «կին» լինելը, սակայն, գրեթե երբեք՝ քաղաքականությունն ու գործողությունները»։

Համաժողովի երկրորդ նիստը նվիրված էր ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի առաջիկա անելիքներին, մասնավորապես ԵՄ-Հայաստանի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման շրջանակներում ստեղծվող՝ ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի ձևավորման մեխանիզմների քննարկմանը։

Ավելի ուշ, հանդիպմանը միացավ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, որն էլ հանդես եկավ փակման խոսքով` շեշտելով հակասական թեմաների շուրջ բաց քննարկումներ վարելու անհրաժեշտությունը և քաղհասարակության հետ ԵՄ-ի համագործակցության կարևորությունը:

ԱլԳ ՔՀՖ 11-րդ տարեկան համաժողովի հայաստանյան մասնակիցների հանդիպումը

2019թ․ նոյեմբերի 29-ին Երեւանի մամուլի ակումբի գրասենյակում տեղի ունեցավ ԱլԳ ՔՀՖ  11-րդ տարեկան համաժողովի Հայաստանի պատվիրակության անդամների հանդիպումը։  ՔՀՖ Ղեկավար մարմնի անդամները՝ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող Լուսինե Հակոբյանը եւ ՔՀՖ 1-ին աշխատանքային խմբի ղեկավար Միքայել Հովհաննիսյանը մեր պատվիրակության անդամներին մանրամասներ ներկայացրեցին 2019թ․ դեկտեմբերի 4-5-ը Բրյուսելում կայանալիք տարեկան համաժողովի նախապատրաստման եւ քննարկումների անցկացման կարգի վերաբերյալ։

Քննարկվեցին եւ հստակեցվին մեր պատվիրակության դիրքորոշումները բրյուսելյան տարեկան համաժողովի քվեարկություններին ներկայացվելիք փաստաթղթերի, մասնավորապես շրջանառվող Հռչակագրի նախագծի վերաբերյալ։

This entry was posted in Հայերեն and tagged , , , , , , , , . Bookmark the permalink.