Թողարկում 294

ՀԱՊ մարզային հանդիպումները ՀԸԳՀ իրազեկման արշավի շրջանակներում

2019թ․ հոկտեմբերի 15-ին եւ հոկտեմբերի 18-ին ԱլԳ ՔՀՖ «Հայաստանի ազգային պլատֆորմի առաջնահերթությունները ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման համատեքստում» թեմայով  հանդիպում – քննարկումներ տեղի ունեցան  Գյումրիի քաղաքապետարանի խորհրդակցությունների սրահում եւ Գավառի Երիտասարդական կենտրոնում։

Քննարկումները, որոնց մասնակցեցին մարզային ՀԿ-ների և տեղական ինքնակառավարման մարմինների շուրջ 50 ներկայացուցիչներ, ՀԱՊ քարտուղարությանն օգնել էին կազմակերպել Գյումրիի «Բիոսոֆիա» բնապահպանական ՀԿ նախագահ Գեւորգ Պետրոսյանը եւ Գավառի «Բլեջան» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ նախագահ Լիանա Ասոյանը։  Գյումրիի հանդիպումը վարելու գործը պատրաստակամորեն ստանձնել էր «ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոնի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը։

Օրակարգում ներառված հարցերը բազմազան էին։ Նախ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող Լուսինե Հակոբյանը՝ Գյումրիում, իսկ ՀԱՊ քարտուղարության գործադիր տնօրեն Հերիքնազ Հարությունյանը՝ Գավառում, հանդիպումների մասնակիցներին ներկայացրեցին ԵՄ-Հայաստան ՀԸԳՀ իրականացման գործում Հայաստանի ազգային պլատֆորմի առաջնահերթությունները։

Այնուհետեւ ոլորտային քննարկումներ ծավալվեցին հետեւյալ բանախոսների մասնակցությամբ․

Աբրահամ Արտաշեսյան, Համայնքների ֆինանսիստների միավորման փոխնախագահ, ԱԽ1 համակարգող – «Տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումների ներկա ընթացքը Հայաստանում»

Գյումրիում՝ «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Սամվել Տոնոյան, Գավառում՝ «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյան – «Տեղական փոքր ու միջին արտադրությունների եւ ժողովրդական արհեստների զարգացման խնդիրները»

Ամալյա Համբարձումյան, «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ նախագահ, ԱԽ3 համակարգող-  «Բնապահպանական մի շարք արդի խնդիրներ  ԵՄ ԱլԳ ՔՀՖ  ՀԱՊ 3-րդ աշխատանքային խմբի շրջանակներում»

Արզուման Հարությունյան, Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիայի նախագահ, ԱԽ5 համակարգող – «Սոցիալական երկխոսությունը որպես սոցիալական պետության կայացման եւ սոցիալական խնդիրների լուծման միջոց»

Անահիտ Գեւորգյան – Մարտունու կանանց համայնքային խորհրդի նախագահ – «Սոցիալական ձեռնարկատիրության հաջողված փորձի ներկայացում»։

Հանդիպումներն անցան աշխույժ մթնոլորտում՝ հետագայում ակտիվ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությամբ։

This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.