Թողարկում 287

ԱլԳ ՔՀՖ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

18 հունիսի, 2018

2018թ. հունիսի 5-ին տեղի ունեցավ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմի եւ Համայնքների ֆինանսիստների միավորման նախաձեռնած «Վարչական բարեփոխումները եւ տեղական ինքնակառավարման ոլորտի զարգացումները Հայաստանում» թեմայով խորհրդաժողովը: Կայացած քննարկումները հնարավորություն են տալիս հանդես գալ հետեւյալ գնահատականներով եւ եզրակացություններով:

Մենք՝ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անդամներս, վերահաստատում ենք, որ վարչատարածքային բաժանման օպտիմալացումը երկրում արդյունավետ կառավարման եւ ժողովրդավարության ապահովման կարեւորագույն եւ անհրաժեշտ ուղղություններից մեկն է: Համոզված ենք, որ Հայաստանի քաղաքական կյանքում տեղի ունեցած վերջին զարգացումները այդ ուղղությամբ առավել նպաստավոր պայմաններ են ստեղծում։

Միեւնույն ժամանակ արձանագրում ենք, որ նշված բարեփոխումները երբեմն իրականացվել են իրավական եւ հայեցակարգային լուրջ շեղումներով։ Այսպես, վարչատարածքային բարեփոխումների (համայնքների խոշորացման) ընթացքում բավարար չափով չի ապահովվել բնակչության իրազեկում, չի ուսումնասիրվել եւ չի լսվել հանրային կարծիքը, հաշվի չի առնվել համարժեք ռեսուրսների ապահովումը՝ բարեփոխումների կենսունակությունը երաշխավորելու համար, չի կատարվել գործընթացի պիլոտային փուլի արդյունքների պատշաճ վերլուծություն, հաճախ համայնքների փնջերի ձեւավորման վերաբերյալ որոշումները կայացվել են փակ դռների հետեւում՝ առանց տեղական ինքնակառավարման ոլորտի մասնագիտական կառույցների հետ խորհրդակցության: Երբեմն կայացվել են սուբյեկտիվ կամ նեղ անձնական շահերից բխող որոշումներ՝ խաթարելով բարեփոխումների բուն էությունը:

Հաշվի առնելով վերը թվարկված խնդիրները,  տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետության բարձրացման միջոցով մեր երկրի զարգացմանը եւ ժողովրդավարության ամրապնդմանը նպաստելու նպատակով, առաջարկում ենք՝

  • իրականացվող վարչատարածքային բարեփոխումները զուգակցել լիազորությունների ապակենտրոնացման պետական նոր քաղաքականության մշակման եւ իրականացման հետ՝ ապահովելով տեղական իշխանություններին անհրաժեշտ ռեսուրսներով,
  • մանրակրկիտ ուսումնասիրել եւ վերլուծել վարչատարածքային բարեփոխումների նախորդ փուլերի դասերը, դրական եւ բացասական արդյունքները,
  • խոշորացմանը զուգընթաց` դիտարկել նաև այլընտրանքային մոտեցումներ, օրինակ՝ ծառայությունների խոշորացում միջհամայնքային համագործակցության միջոցով, միջհամայնքային միավորումների ստեղծում,
  • վարչատարածքային փոփոխությունների հետագա միջոցառումները պլանավորելիս՝ առավելագույնս հաշվի առնել համայնքների առանձնահատկությունները (սահմանամերձ, ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներ եւ այլն),
  • վարչատարածքային բարեփոխումների հետագա փուլերում անխտիր ապահովել բնակիչների իրազեկումը եւ հանրային կարծիքի պարզումը՝ օգտագործելով հաղորդակցության բոլոր հնարավոր միջոցները եւ գործիքները,
  • ապահովել համարժեք ռեսուրսներ բարեփոխված համայնքների կենսունակությունը երաշխավորելու համար՝ ներառյալ հանրային-մասնավոր համագործակցության խթանումն ու մասնավոր հատված ռեսուրսների ներգրավումը։
  • ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նոր գործընթաց նախաձեռնելու պարագայում, դիտարկել եւ քննարկման առարկա դարձնել Հայաստանում երկրորդ մակարդակի (ռեգիոնալ) ինքնակառավարման համակարգի ներդրման նպատակահարմարությունը:

Լիահույս ենք, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատված նոր իրավիճակի պայմաններում առկա են աննախադեպ հնարավորություններ՝ տեղական ինքնակառավարման համակարգում առավել արդյունավետ բարեփոխումներ նախաձեռնելու եւ կյանքի կոչելու համար:

Մենք՝ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անդամներս, պատրաստակամ ենք ըստ ամենայնի աջակցել վերոնշյալ խնդիրների շուրջ հանրային արդյունավետ քննարկումների ծավալմանը եւ լուծումների նախանշմանը:

Advertisements
This entry was posted in Հայերեն and tagged , , , . Bookmark the permalink.