ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ (2017թ. դեկտեմբերի 29-ին հաստատված վերախմբագրումներով)

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի

     ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1 Արեւելյան գործընկերության (այսուհետ՝ ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (այսուհետ՝ ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը (այսուհետ՝ ՀԱՊ) հանդիսանում է ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի առաքելության եւ սկզբունքների համաձայն հիմնադրված հայաստանյան քաղաքացիական հասարակության կառույցների (այսուհետ՝ ՔՀԿ) կամավոր միավորում, որի անդամներն իրենց լավագույն ջանքերն են ներդնում՝ կյանքի կոչելու ԱլԳ նպատակները Հայաստանում, ինչպես նաեւ ամբողջ տարածաշրջանում: ՀԱՊ-ը միտված է ԱլԳ  ծրագրերի իրականացմանը, երկրի ներքին խնդիրների լուծումները ԵՄ չափորոշիչներին համապատասխանեցնելուն, հասարակության բոլոր շերտերի մասնակցայնության եւ տեղեկացվածության ապահովմանը, ժողովրդավարական բարեփոխումների հետեւողական իրականացմանը:

1.2 Ձեւավորման պահին ՀԱՊ-ը չի ունեցել իրավաբանական անձի կարգավիճակ եւ դրա կազմակերպաիրավական կարգավիճակը կդիտարկվի ՔՀՖ ՀԱՊ հետագա հանրակարգային  զարգացմանը համապատասխան:

1.3 ՀԱՊ-ի կազմավորման նախաձեռնող անդամներն են հանդիսանում ԱլԳ ՔՀՖ առաջին՝ 2009թ., համաժողովի մասնակցության հրավեր ստացած հայաստանյան կազմակերպությունները:

1.4 Իր առաքելության շրջանակներում ՀԱՊ-ի գործունեության ուղղություններն են`

ա) ԱլԳ գործընթացներում քաղաքացիական հասարակության կառույցների ակտիվ ներգրավումը եւ շարունակական մասնակցության ապահովումը,

բ)    ԱլԳ շրջանակներում ՀՀ ազգային օրակարգի ձեւավորմանը մասնակցելը,

գ)            Ազգային օրակարգի իրականացմանը նպաստելը՝ համապատասխան ծրագրերի իրագործման նպատակով՝ մասնակցության, առաջարկների մշակման եւ բարեփոխումների գործընթացների մոնիթորինգներ իրականացնելու միջոցներով: Այդ նպատակով ՀԱՊ-ը նախաձեռնում է համապատասխան ուսումնասիրություններ եւ փորձագիտական վերլուծություններ:

  1. ՀԱՊ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

2.1 ՀԱՊ Կազմակերպական սկզբունքների (այսուհետ՝ Սկզբունքներ) 2.2. կետում նշված Հայաստանի քաղաքացիական հասարակության ցանկացած կառույց կարող է դառնալ ՀԱՊ անդամ՝ այդ մասին գրավոր դիմում ներկայացնելով Ազգային համակարգողին կամ ՀԱՊ քարտուղարությանը, որում նաեւ կհավաստի, որ ծանոթացել և ընդունում է ՀԱՊ Սկզբունքները։ Այն կառույցները, որոնք ՀԱՊ-ին միանալու մասին ցանկություն են հայտնել ավելի վաղ, քան այս Սկզբունքների ընդունումը, համարվում են ՀԱՊ անդամ, եթե հակառակի վերաբերյալ գրավոր չեն հայտարարել:

2.2 Սույն Սկզբունքների նպատակների համար «քաղաքացիական հասարակության կառույցի» տակ հասկացվում են կամավորական շարժումներ (grassroot organizations), քաղաքացիական նախաձեռնություններ, առեւտրային միություններ (առեւտրա-արդյունաբերական պալատներ), աշխատանքային միություններ (արհեստակցական եւ գործատուների միություններ), մասնագիտական միավորումներ, ՀԿ-ներ, հանրային քաղաքականության ինստիտուտներ (think-tank organizations), հիմնադրամներ, շահույթ չհետապնդող հիմնադրամներ եւ նման այլ կառույցներ:

2.3 ՀԱՊ անդամ կազմակերպությունները (բացառությամբ ՔՀՖ Հայաստանի պատվիրկաների ընդհանուր ժողովի (ՀԱՊ համաժողով) եւ ՔՀՖ ընթացիկ համաժողովի Հայաստանի պատվիրկաների ժողովի անդամ կազմակերպությունների) կարող են խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել ՔՀՖ պատվիրակների ընդհանուր ժողովի նիստերին, անդամագրվել ՀԱՊ աշխատանքային խմբերին եւ ենթախմբերին, ինչպես նաեւ սույն Սկզբունքներով սահմանված կարգով ինքնուրույն ձեւավորել ենթախմբեր:

2.4 ՀԱՊ անդամները պլատֆորմի գործունեությանը մասնակցում են նաեւ ԱլԳ եւ ՔՀՖ նպատակների եւ օրակարգերի հետ կապված առաջարկություններով, գնահատականներով, ուսումնասիրություններով, նախաձեռնություններով:

2.5 ՀԱՊ անդամներն իրավունք ունեն տեղեկացված լինել ՔՀՖ-ի եւ ՀԱՊ-ի շրջանակներում առկա գործընթացների, իրականացվող միջոցառումների,  նախաձեռնությունների եւ այլ գործունեության մասին եւ կարող են դրանց մասին տեղեկացնել պլատֆորմի այլ անդամներին:

2.6 ՀԱՊ անդամ կազմակերպություններն իրենց հայտարարությունները եւ կատարված աշխատանքի արդյունքները ՀԱՊ-ի անունից կարող են տարածել՝ ՔՀՖ պատվիրակների ընդհանուր ժողովի համապատասխան որոշման առկայության դեպքում: Հակառակ պարագայում այդ նյութերը տարածվում են հեղինակ կազմակերպությունների անունից:

  1. ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

3.1. ՀԱՊ-ի կառավարումն ու աշխատանքների կանոնակարգումն իրականացվում են հետեւյալ մարմինների կողմից:

ա) ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընդհանուր ժողով (ՀԱՊ համաժողով),

բ) ՔՀՖ  ընթացիկ համաժողովի Հայաստանի պատվիրակների ժողով,

գ) ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող,

դ) ՔՀՖ ՀԱՊ էթիկայի խորհուրդ,

ե) ՔՀՖ ՀԱՊ գործադիր մարմին,

զ) ՔՀՖ ՀԱՊ աշխատանքային խմբեր եւ ենթախմբեր,

է) ՔՀՖ ՀԱՊ ՀԱՊ քարտուղարություն։

3.2. ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընդհանուր ժողովը (ՀԱՊ համաժողովը)

3.2.1 ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընդհանուր ժողովը (ՀԱՊ համաժողովը) ձեւավորվում է ՔՀՖ բոլոր տարիների համաժողովների Հայաստանի այն պատվիրակներից (պատվիրակ է համարվում ՔՀՖ համաժողովի մասնակցության պաշտոնական հրավեր ստացած կազմակերպության լիազորված անձը, որն իր կարգավիճակը հաստատում է ՔՀՖ տարեկան համաժողովին մասնակցելով), որոնք հաստատել են իրենց անդամակցությունը ՀԱՊ-ին: ՔՀՖ Հայաստանի նշված պատվիրակները ընդհանուր ժողովին կարող են անդամակցել` իրենց ցանկության մասին տեղեկացնելով ՀԱՊ քարտուղարությանը ոչ ուշ քան ՔՀՖ հերթական համաժողովից հետո երկու շաբաթվա ընթացքում՝ ի պատասխան ՀԱՊ քարտուղարության գրավոր հարցմանը:

3.2.2 ՔՀՖ համաժողովների պատվիրակները զրկվում են ՀԱՊ պատվիրակների ընդհանուր ժողովի անդամ վերահաստատվելու իրավունքից, եթե վերջին անգամ ՔՀՖ պատվիրակ ընտրվելուց հետո, անընդմեջ 3 տարիների ընթացքում չեն վերահաստատում ՀԱՊ պատվիրակների ընդհանուր ժողովի անդամակցությունը:

3.2.3 ՀԱՊ յուրաքանչյուր անդամ կարող է ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընդհանուր ժողովի ժամանակավոր անդամի կարգավիճակ ստանալ՝ ներկայացնելով համապատասխան դիմում եւ ստանալով ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընդհանուր ժողովի անդամների մեծամասնության աջակցությունը: Ժամանակավոր անդամի վերաբերյալ որոշում կայացնելիս ընդհանուր ժողովը որպես հիմնական չափորոշիչ է ընդունում թեկնածուի ակտիվ մասնակցությունը ՔՀՖ եւ ՀԱՊ գործունեության ընթացքում: Ժամանակավոր անդամի լիազորություններն ուժի մեջ են մտնում իր թեկնածության շուրջ քվեարկությունից հետո՝ հաջորդ ընդհանուր ժողովում եւ շարունակվում մինչեւ ՔՀՖ հերթական համաժողովը, որից հետո կա´մ դադարեցվում է, կա´մ շարունակվում՝ ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընդհանուր ժողովի նոր կազմի պարզ մեծամասնության որոշմամբ, բացառությամբ 3.2.5 կետում նախատեսված դեպքերի:

3.2.4 ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընդհանուր ժողովի անդամների, այդ թվում ժամանակավոր անդամների լիազորություններն ավտոմատ կերպով դադարեցվում են ՔՀՖ երկու համաժողովների միջեւ ընկած ժամանակահատվածում հրավիրված՝ պատվիրակների ընդհանուր ժողովի նիստերից երեք բացակայության դեպքում: Պատվիրակների ընդհանուր ժողովի անդամի լիազորությունների դադարեցումն ուժի մեջ է մտնում մինչեւ ՔՀՖ հերթական համաժողովը, որից հետո կարող է վերականգնվել 3.2.1 եւ 3.2.3 կետերում նախատեսված կարգով, բացառությամբ 2.5 կետում նախատեսված դեպքերի:

3.2.5 ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընդհանուր ժողովի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել նաեւ այդ անդամի կողմից սույն Սկզբունքներով նախատեսված ընթացակարգերի այնպիսի խախտման դեպքում, որը հանգեցնում է ՀԱՊ-ի եւ նրա մարմինների կանոնավոր գործունեության խաթարմանը: Լիազորությունների դադարեցման մասին որոշումը կայացվում է ՀԱՊ էթիկայի խորհրդի եզրակացության հիման վրա: Էթիկայի խորհրդի եզրակացությունը ուղարկվում է ՀԱՊ անդամներին ոչ ուշ քան ընդհանուր ժողովից 72 ժամ առաջ:

3.2.6 ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընդհանուր ժողովի տարեկան առաջին նիստը պետք է գումարվի ՔՀՖ տարեկան համաժողովից ոչ ուշ, քան մեկ ամիսը, բայց ոչ շուտ քան երկու շաբաթը: Ընթացիկ նիստերը գումարվում են տարեկան առնվազն վեց անգամ (ներառյալ ընդհանուր ժողովի տարեկան առաջին նիստը):

3.2.7 ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընդհանուր ժողովի նիստ հրավիրելու իրավունք ունեն՝

ա) ՔՀՖ ՀԱՊ գործադիր մարմինը,

բ) ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգողը,

գ) ՔՀՖ ՀԱՊ էթիկայի խորհուրդը,

դ) ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընդհանուր ժողովի (ՀԱՊ համաժողովի) անդամների 1/3-ը:

Նիստի նախաձեռնողը պարտավոր է Քարտուղարության միջոցով նիստի նախնական օրակարգը եւ քննարկման նախատեսվող նյութերը ուղարկել ՀԱՊ անդամներին նիստի հրավիրման օրվանից ոչ ուշ, քան 72 ժամ առաջ:

3.2.8 ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընդհանուր ժողովը`

ա) ՔՀՖ առաջարկությունների հիման վրա մշակում է ԱլԳ շրջանակներում ԵՄ-Հայաստան արդյունավետ համագործակցությանը նպաստող առաջարկություններ,

բ) մշակում, հաստատում եւ իրականացնում է ՀԱՊ աշխատանքային պլանը,

գ) Արևելյան գործընկերության, իրականացվող բարեփոխումների և այլ նպատակներով կարող է համագործակցություն հաստատել ՀՀ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, Եվրամիության կառույցների, ինչպես նաեւ միջազգային, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ քաղաքական ուժերի հետ,

դ) համագործակցում է ԱլԳ այլ երկրների ՔՀՖ ազգային պլատֆորմների, ինչպես նաեւ ԵՄ երկրների շահագրգիռ կազմակերպությունների հետ,

ե) ՀԱՊ անունից՝ ՀԱՊ անդամների առաջարկների հիման վրա մշակում է առաջարկություններ ՔՀՖ հաջորդ համաժողովի օրակարգի ձեւավորման վերաբերյալ,

զ) ՔՀՖ հերթական համաժողովի մասնակիցների ընտրության հարցում, աջակցում է ՔՀՖ Ղեկավար կոմիտեին՝ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգողի միջոցով ներկայացնելով համապատասխան երաշխավորություններ («կարճ ցուցակ»), ընդ որում, ներկայացվող «կարճ ցուցակում» ՔՀՖ նախորդ համաժողովին չմասնակցած կազմակերպությունները պետք է կազմեն ոչ պակաս, քան 50 տոկոս, իսկ  ՔՀՖ որեւէ համաժողովին չմասնակցած կազմակերպությունները՝ ոչ պակաս, քան 25 տոկոս, եթե ներկայացված հայտերը նման հնարավորություն ընձեռում են: Կարճ ցուցակի քվեարկումից առաջ թեկնածուներին հնարավորություն է տրվում ներկայացնել իրենց հայտը եւ պատասխանել հարցերին,

է) ապահովում է ԱլԳ գործընթացների վերաբերյալ հանրային տեղեկացվածությունը՝ ներգրավելով լրատվամիջոցներին:

3.2.9 ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընդհանուր ժողովն իրավազոր է իր անդամների կեսից ավելիի ներկայության դեպքում: Որոշումներն ընդունվում են ժողովին ներկա անդամների պարզ մեծամասնությամբ, բացառությամբ Սույն կազմակերպական սկզբունքների 3.2.2, 3.2.3, 3.2.5, 4.1 եւ 4.2 կետերով նախատեսված դեպքերի:

3.2.10 ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընդհանուր ժողովի որոշումները կարող են կայացվել նաեւ էլեկտրոնային քվեարկության եղանակով, որի դեպքում գործում են նույն կանոնները, ինչ ընդհանուր ժողովի նիստերի ժամանակ, բացառությամբ 3.2.11 կետով նախատեսված դեպքերի:

3.2.11 ՀԱՊ անունից հայտարարությունները էլեկտրոնային փոստի միջոցով ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընդհանուր ժողովի կողմից քվեարկվելու դեպքում գործում են հատուկ կանոններ: Հայտարարության նախագիծը քվեարկության համար կարող է տարածվել միայն ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգողի կամ ՀԱՊ գործադիր մարմնի անդամների կեսից ավելիի համաձայնությամբ կամ նախաձեռնությամբ, կամ ՀԱՊ անդամ ոչ պակաս քան 5 կազմակերպությունների նախաձեռնությամբ: Վերջիններս էլ սահմանում են քվեարկության ժամկետները, որոնք չեն կարող 72 ժամից պակաս լինել: Հայտարարության տեքստի փոփոխության վերաբերյալ առաջարկությունները նախաձեռնողների կողմից ընդունվելու դեպքում, երկարացնում են քվեարկության ժամկետը 24 ժամով: Քվեարկողների արձագանքի բացակայությունը համարվում է համաձայնության նշան: Հայտարարությունը համարվում է ընդունված, եթե դրա դեմ արտահայտվողների թիվը չի գերազանցում ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընդհանուր ժողովի անդամների 1/5-ը: Հայտարարության նախագծերի քվեարկությունը կազմակերպվում է ՀԱՊ Քարտուղարության կողմից:

3.3 ՔՀՖ ընթացիկ համաժողովի Հայաստանի պատվիրակների ժողովը

3.3.1 ՔՀՖ ընթացիկ համաժողովի Հայաստանի պատվիրակների ժողովը ձեւավորվում է ընթացիկ տարվա ՔՀՖ համաժողովի Հայաստանի այն պատվիրակներից (ընթացիկ համաժողովի պատվիրակ է համարվում ընթացիկ տարում ՔՀՖ համաժողովի մասնակցության պաշտոնական հրավեր ստացած եւ համաժողովին մասնակցած կազմակերպությունը), որոնք մեխանիկորեն հանդիսանում են նաեւ ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընդհանուր ժողովի անդամներ: Միեւնույն ժամանակ ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընդհանուր ժողովի անդամ լինելու կամ չլինելու հանգամանքը չի ազդում 3.4.1-ին համապատասխան ՔՀՖ հերթական համաժողովի ընթացքում ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգողի ընտրությունում մասնակցության իրավունքի վրա:

3.3.2 ՔՀՖ ընթացիկ համաժողովի Հայաստանի պատվիրակների ժողովը ձայների պարզ մեծամասնությամբ իր կազմից ընտրում է ՔՀՖ ազգային համակարգողին (ՔՀՖ Ղեկավար կոմիտեի անդամին) եւ ընդունում նրա հրաժարականը:

3.3.3 ՔՀՖ ընթացիկ համաժողովի Հայաստանի պատվիրակների ժողովի նիստերը գումարվում են ՔՀՖ ազգային համակարգողի կողմից կամ ժողովի անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ:

3.3.4 ՔՀՖ ընթացիկ համաժողովի Հայաստանի պատվիրակների ժողովի եւ ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընդհանուր ժողովի նիստերի, անցկացման վայրի, օրվա, ժամի եւ օրակարգի մասին անդամները տեղեկացվում են գումարման ժամից առնվազն 96 ժամ առաջ` էլեկտրոնային նամակագրության կամ հեռախոսազանգի միջոցով:

3.3.5 ՔՀՖ ընթացիկ համաժողովի Հայաստանի այն պատվիրակները, որոնք հաստատել են ՀԱՊ պատվիրակերի ընդհանուր ժողովին անդամակցությունը, իրենց լիազորությունները պահպանում են մինչեւ ՔՀՖ հաջորդ համաժողովը, բացառությամբ 3.2.4 եւ 3.2.5 կետերով նախատեսված դեպքերի։

3.4       ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգողը

ա) ներկայացնում է Հայաստանի ազգային պլատֆորմը Քաղաքացիական հասարակության ֆորումում,

բ) համակարգում է ՀԱՊ գործունեությունը,

գ) նախագահում է ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընդհանուր ժողովում, ՔՀՖ ընթացիկ համաժողովի Հայաստանի պատվիրակների ժողովում, ՀԱՊ գործադիր մարմնում,

դ) իրականացնում է ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ սույն Սկզբունքներին համապատասխան այլ գործառույթներ,

ե)  հաշվետու է ՔՀՖ ընթացիկ համաժողովի Հայաստանի պատվիրակների ժողովին:

3.4.1 ՔՀՖ ազգային համակարգողն ընտրվում է ՔՀՖ հերթական համաժողովի պատվիրակների կողմից՝ ձայների պարզ մեծամասնության սկզբունքով, փակ գաղտնի քվեարկությամբ: ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգողը չի կարող ՀԱՊ կողմից որպես ՔՀՖ ազգային համակարգողի թեկնածու երաշխավորվել ավելի քան 6 անգամ, որից ավելի քան երկու անգամ՝ անընդմեջ:

3.4.2 ՔՀՖ ազգային համակարգողի լիազորությունները դադարում են սեփական դիմումի հիման վրա, ՔՀՖ ընթացիկ համաժողովի Հայաստանի պատվիրակների ժողովի անդամների պարզ մեծամասնության որոշմամբ եւ համակարգողի պարտականությունների կատարման անհնարինության դեպքերում (առողջական վիճակից, գործունեության բնույթի կամ բնակության երկրի  փոփոխությունից ելնելով):

3.4.3 ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգողի լիազորությունները դադարելու դեպքում՝ ՔՀՖ ընթացիկ համաժողովի պատվիրակների ժողովի անդամներից ընտրվում է ՔՀՖ նոր ազգային համակարգող:

3.4.5 ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընդհանուր ժողովին անդամակցությունը սույն Սկզբունքների ընթացակարգերի համապատասխան չհաստատելու դեպքում, ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգողը ՀԱՊ շրջանակներում իր գործառույթներն իրականացնում է առանց ձայնի իրավունքի:

3.5 ՀԱՊ գործադիր մարմինը

3.5.1 ՀԱՊ գործադիր մարմինը բաղկացած է ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգողից, ՀԱՊ աշխատանքային խմբերի համակարգողներից եւ ԱլԳ ՔՀՖ աշխատանքային որեւէ խմբի ընթացիկ համակարգող ընտրված ՀԱՊ անդամից/ներից (եթե այդպիսին/ք կա/ն)։

3.5.2 ՀԱՊ գործադիր մարմինը՝

ա)  համակարգում է ՀԱՊ համաժողովի (ՀԱՊ պատվիրակների ընդհանուր ժողովի) որոշումների կատարման կենսագործումը,

բ)  ընդունում է ՀԱՊ համաժողովի եւ ընթացիկ ժողովների բացառիկ իրավասություններից դուրս` ՀԱՊ գործունեության կազմակերպման այլ հարցերի մասին որոշումներ։

3.6 ՀԱՊ աշխատանքային խմբեր եւ ենթախմբեր

3.6.1 Իր առջեւ դրված նպատակներին հասնելու համար ՀԱՊ-ը` ԱլԳ թեմատիկ պլատֆորմներին եւ ՔՀՖ աշխատանքային խմբերին համապատասխան, ձեւավորում է իր աշխատանքային խմբերը եւ ենթախմբերը.

3.6.2 ՀԱՊ աշխատանքային խմբերը`

  1. կազմակերպում եւ համակարգում են ԱլԳ շրջանակներում ՀՀ ազգային օրակարգի՝ իրենց ոլորտներին վերաբերվող հարցերի շրջանակի ձեւավորումը՝ հանրային քննարկումների և համացանց առաջարկների հավաքագրման հայտարարությունների տարածման, աշխատանքային խմբի գործողությունների պլանի մշակման, իրականացման և հաշվետվության հրապարակման միջոցով,
  2. նպաստում են ԱլԳ շրջանակներում ՀՀ ազգային օրակարգի ձեւավորմանը, իրականացմանը, մոնիթորինգին, գնահատմանը և հաշվետվողականությանը,
  3. մշակում եւ ներկայացնում են իրենց ոլորտների հետ կապված առաջարկություններ,
  4. համագործակցում են ՔՀՖ եւ ազգային այլ պլատֆորմների համապատասխան խմբերի հետ,
  5. իրականացնում են իրենց ոլորտներում բարեփոխումներին նպաստող այլ գործունեություն:

3.6.3 Աշխատանքային խմբերի գործունեությանը կարող է միանալ Հայաստանի քաղաքացիական հասարակության ցանկացած կառույց:

3.6.4 ՀԱՊ անդամ միեւնույն կառույցը կարող է ներկայացված լինել տարբեր աշխատանքային խմբերում, սակայն կարող է քվեարկել (ձայնի իրավունք ունենալ) միայն մեկ աշխատանքային խմբում:

3.6.5 ՀԱՊ անդամ քաղաքացիական հասարակության կառույցները կարող են ՀԱՊ գործադիր մարմնի կողմից սահմանված կարգով ձեւավորել ՀԱՊ ենթախմբեր եւ ինքնուրույն որոշել նրանց գործունեության ուղղությունները եւ առաջնայնությունները: ՀԱՊ ենթախմբերի համակարգողները կարող են մասնակցել ՀԱՊ գործադիր մարմնի աշխատանքներին` խորհրդակցական ձայնի իրավունքով:

 

3.7 ՀԱՊ աշխատանքային խմբերի համակարգողները`

  •  ընտրվում են համապատասխան աշխատանքային խմբերում ընդգրկված ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ` ՔՀՖ ընթացիկ համաժողովի Հայաստանի պատվիրակների կազմից: ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ժողովի յուրաքանչյուր անդամ կազմակերպություն կարող է քվեարկել (ձայնի իրավունք ունենալ) միայն մեկ աշխատանքային խմբում,
  • իրականացնում են ՀԱՊ աշխատանքային խմբերի ընթացիկ համակարգումը,
  • ապահովում են մշտական կապը ՀԱՊ եւ ՔՀՖ համապատասխան աշխատանքային խմբերի միջեւ:

3.7.1 ՀԱՊ աշխատանքային խմբի համակարգողի լիազորությունները դադարում  են սեփական դիմումի հիման վրա, տվյալ աշխատանքային խմբում ձայնի իրավունքով ներգրավված ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ժողովի անդամների պարզ մեծամասնության որոշմամբ կամ համակարգողի պարտականությունների կատարման անհնարինության դեպքերում:

3.7.2 ՀԱՊ աշխատանքային խմբի համակարգողի լիազորությունները դադարելու դեպքում ընտրվում է նոր համակարգող:

3.8 ՀԱՊ էթիկայի խորհուրդը

3.8.1 ՀԱՊ Էթիկայի խորհուրդը ձեւավորվում է ՀԱՊ պատվիրակների ընդհանուր ժողովի կողմից` 1 (մեկ) տարի ժամկետով:

ՀԱՊ էթիկայի խորհրդի կազմում  ընդգրկվում են ՀԱՊ բոլոր տարիների համակարգողները, որոնք շարունակում են  ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ հանդիսանալ, բացառությամբ ՔՀՖ գործող ազգային համակարգողի։

ՀԱՊ էթիկայի խորհրդի անդամ են ընտրվում ՀԱՊ այլ անդամներ եւս, ընդ որում, ընտրված անդամների թիվը չպետք է գերազանցի ՀԱՊ էթիկայի խորհրդի անդամ հանդիսացող ՀԱՊ համակարգողների թիվը։

3.8.2 ՀԱՊ Էթիկայի խորհուրդը գործում է ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընդհանուր ժողովի կողմից հաստատված կանոնակարգով եւ էթիկայի կանոններով:

3.8.3 ՀԱՊ Էթիկայի խորհուրդն ուսումնասիրում եւ դիտարկում է ՀԱՊ-ում էթիկայի կանոնների խախտման դեպքերը, ՀԱՊ-ի գործունեության շուրջ ծագած բոլոր վեճերը եւ բողոքները։

3.8.4 Հարցին ծանոթանալուց հետո, ՀԱՊ Էթիկայի խորհուրդը կազմում է համապատասխան որոշման նախագիծ և/ կամ հստակ դիրքորոշմամբ եզրակացություն, այն ներկայացնում է ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընդհանուր ժողովի քննարկմանը։ Վերջինս տվյալ հարցի շուրջ որոշում է կայացնում քվեարկության միջոցով։

3.9 ՀԱՊ քարտուղարությունը

3.9.1 ՀԱՊ քարտուղարությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված ոչ առեւտրային իրավաբանական անձանց միություն է, որը հանդիսանում է իրավաբանական անձ եւ որի անդամ կարող են լինել ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընդհանուր ժողովի անդամ կազմակերպությունները։

3.9.2 ՀԱՊ քարտուղարությունը կազմակերպական եւ տեխնիկական աջակցություն է ցուցաբերում ՀԱՊ-ին՝ ԱլԳ ծրագրերի կատարման, երկրի ներքին խնդիրների լուծումները ԵՄ չափորոշիչներին համապատասխանեցնելու, հասարակության բոլոր շերտերի մասնակցայնության եւ տեղեկացվածության ապահովման, ժողովրդավարական բարեփոխումների հետեւողական իրականացմանն ուղղված գործունեության մեջ։

3.9.3 ՀԱՊ քարտուղարությունն իր կանոնադրության համաձայն ՔՀՖ պատվիրակներին է ներկայացնում իր տարեկան գործունեության եւ ֆինանսական հաշվետվությունները:

  1. ՀԱՊ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ, ՀԱՊ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

4.1 ՀԱՊ կազմակերպական սկզբունքների մեջ լրացումները եւ փոփոխությունները կատարվում են ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընդհանուր ժողովի որոշմամբ` ՀԱՊ որեւէ անդամի նախաձեռնությամբ եւ հարցն օրակարգ մտցնելու մասին ժողովի անդամների 1/3-ի համաձայնությամբ: Կազմակերպական սկզբունքների մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին որոշումն ընդունվում է ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընդհանուր ժողովի անդամների կեսից ավելիի ձայներով:

4.2 ՀԱՊ-ը կարող է լուծարվել ՔՀՖ պատվիրակների ընդհանուր ժողովի անդամների 2/3-ի համաձայնությամբ:

 Սույն կազմակերպական սկզբունքներն ընդունվել են ԱլԳ ՔՀՖ չորս համաժողովների (2009, 2010, 2011, 2016) Հայաստանի պատվիրակների՝ 2011թ. սեպտեմբերի 13-ին Երեւանում կայացած ժողովում, ՔՀՖ Ղեկավար կոմիտեի կողմից հաստատվել են 2011թ. նոյեմբերի 28-ին, Պոզնանում,  փոփոխվել են 2012թ. մարտի 28-ին Երեւանում կայացած ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընդհանուր ժողովում, 2013թ. մայիսի 27-ին Երեւանում կայացած ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընդհանուր ժողովում, 2017թ. դեկտեմբերի 29-ին Երեւանում կայացած ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընդհանուր ժողովում:

Advertisements
This entry was posted in EaP Documents/ԱլԳ Փաստաթղթեր. Bookmark the permalink.