Թողարկում 284

 ԵՄ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի  

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

  «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծի վերաբերյալ

Մարտի 4, 2018

 

ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը իր զորակցությունն է հայտնում  «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծի վերաբերյալ  լրագրողական մի շարք կազմակերպությունների կողմից 2018 թվականի մարտի 1-ին ընդունված` ստորեւ ներկայացվող հայտարարությանը:

«ՀՀ Ազգային ժողովի նախագահի որոշմամբ՝ 2018 թվականի փետրվարի 27-ին գումարված հերթական նիստերի ավարտից հետո կայանալիք արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվել է լիարժեք հանրային քննարկում չանցած եւ ԶԼՄ-ների ու հասարակական կազմակերպությունների սուր քննադատությանն արժանացած` «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Այս փաստաթղթով նախատեսվում է  Հանրապետության նորընտիր նախագահի պաշտոնը ստանձնելու օրվանից ի վեր կառավարության նիստերն անցկացնել դռնփակ, իսկ նախարարներին արգելվում է առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել այդ նիստերում ընդգրկված որեւէ հարցի քննարկման ընթացքի մասին։ Ընդ որում՝ նախագծի հեղինակները այդ գործելաոճին անցնելը փորձում են ներկայացնել որպես ժողովրդավարության դրսեւորում եւ արդյունավետ աշխատանքի երաշխիք։

Մինչդեռ ամեն ինչ ճիշտ հակառակն է։ Փակ դռների հետեւում, հասարակությունից գաղտնի աշխատող որեւէ իշխանություն ժողովրդավարության եւ շուկայական տնտեսության զարգացում չի ապահովել, ավելին՝ այդ պայմանները նպաստել են կոռուպցիոն ռիսկերի ավելացմանը, կառավարության հանդեպ հանրային վստահության նվազմանը։ Դռնփակ նիստերի անցկացումը անհիմն սահմանափակում է լրագրողների՝ կառավարության աշխատանքը համակողմանի լուսաբանելու հնարավորությունները։

Փաստորեն, վերջին մեկ ամսվա ընթացքում լրատվամիջոցների հրապարակումներում եւ տարբեր հանրային քննարկումների ընթացքում հնչեցված բոլոր փաստարկներն առ այն, որ կառավարության նիստերը փակ դարձնելը հետադիմական մոտեցում է, ամբողջովին անտեսվեցին։ Եվ իշխանական վերնախավը, արհամարհելով քաղաքացիական հասարակության քննադատությունը, ամեն գնով ձգտում է ընդունել օրինագծի ԱԺ ներկայացված տարբերակը։

Հաշվի առնելով վերը նշվածը, մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, պահանջում ենք.

  • ՀՀԿ-ՀՅԴ խորհրդարանական կոալիցիայից՝ վերանայել հիշյալ օրենքի նախագծի 10-րդ հոդվածի 16-րդ եւ 17-րդ մասերը՝ նախատեսելով ՀՀ կառավարության նիստերի դռնբաց եւ միայն պետական կամ այլ գաղտնիք պարունակող հարցերի դեպքում՝ դռնփակ ընթացակարգ, եւ չկաշկանդելով նախարարների հրապարակային ելույթները վարչապետի թույլտվության առկայությամբ կամ բացակայությամբ,
  • ԱԺ ընդդիմադիր ուժերից՝ բոլոր հնարավորություններն օգտագործելով՝ ակտիվորեն պայքարել վերոհիշյալ դրույթների ներկա ձեւակերպմամբ ընդունման դեմ եւ նախաձեռնել դրանց վերանայման գործընթաց,
  • միջազգային կազմակերպություններից՝ Հայաստանի իշխանությունների հետ համագործակցությունը եւ տրամադրվող աջակցությունը պայմանավորել երկրի կառավարման թափանցիկությամբ եւ հանրային հաշվետվողականությամբ, կոռուպցիոն ռիսկերին դիմակայելու պատրաստակամությամբ, կարեւոր որոշումներ մշակելիս եւ իրականացնելիս՝ քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովմամբ»։

Վերը բերված հայտարարությունը ստորագրել են` Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երեւանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Լրագրողների «Ասպարեզ» ակումբը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, Բազմակողմանի տեղեկատվութան ինստիտուտՀայաստանը, Հանրային լրագրության ակումբը, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ն, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն եւ Գորիսի մամուլի ակումբը:  

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.