Թողարկում 283

ԵՄ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի  

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

2018 թվականի փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

 16.02.2018

ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը իր զորակցությունն է հայտնում Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ կիրառված ֆիզիկական և հոգեբանական բռնության վերաբերյալ հայաստանյան մի շարք ՀԿ-ների կողմից 2018 թվականի փետրվարի 13-ին  ընդունված՝ ստորեւ ներկայացվող հայտարարությանը։

«Ներքոստորագրյալ կազմակերպությունները խստագույնս դատապարտում են 2018 թվականի փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ընթացքում ՀՀԿ խմբակցության անդամների կողմից «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ կիրառված ֆիզիկական և հոգեբանական բռնությունը:

Ուժի հրապարակային դրսևորումը ևս մեկ անգամ վկայում և ընդգծում է տիրող անպատժելիության, իշխող վարչակազմի կողմից բռնությամբ հարցերը լուծելու մշակույթը ջատագովելու և տարածելու միտումների մասին: Պաշտոնատար անձի կողմից մասնագիտական գործունեության հարթակում դրսևորվող նման վարքագիծը չեզոքացնում է իշխանության իմիտացիոն այն ջանքերը, թե երկրում իբր իրականացվում են ժողովրդավարական բարեփոխումներ:

ՀՀԿ խմբակցության անդամների գործողությունները հերթական անգամ ցույց են տալիս կնոջ դերի և նրա նկատմամբ կիրառվող բռնության արատավոր պրակտիկայի մասին:

Այս առնչությամբ խիստ անհրաժեշտ է համարժեք արձագանք և հրատապ քայլեր ձեռնարկել, ուստի դիմում ենք.

  • ընդդիմադիր քաղաքական ուժերին, որպեսզի անհապաղ քաղաքական օրակարգում առաջ քաշեն ավագանուՀՀԿ անդամների և համայնքի ղեկավարի հրաժարականի մասին հարցը,
  • միջազգային կազմակերպություններին, որպեսզի բռնության նկատմամբ անպատժելիության խնդիրը վերացնելու հարցը դառնա իշխանությունների հետ հնարավոր համագործակցության հիմնական պայմանը,
  • հանրությանը, որպեսզի հանրային պահանջ ձևավորվի բռնության համար պատասխանատվության համար,
  • իրավապահ մարմիններին, որպեսզի առաջնորդվեն ոչ թե կուսակցական-իշխանական հրամանով, այլ Սահմանադրությամբ իրենց վերապահված լիազորություններով և պատասխանատվության ենթարկեն բռնություն կիրառողներին և նրանց օժանդակողներին,
  • Մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի անմիջապես վարույթ հարուցի և պատասխանտվության կիրառելու պահանջով դիմի ՀՀ Գլխավոր դատախազություն, ՀՀ Հատուկ քննչական ծառայություն:

Միաժամանակ, ներքոստորագրյալ կազմակերպություններն իրենց պատրաստակամությունն են հայտնում Մարինա Խաչատրյանի շահերի պաշտպանության և աջակցության համար:

Հիշեցնենք, որ «Երկիր Ծիրանիի» անդամները Նուբարաշենից բերված կոյուղաջրով լի շիշը ներս են բերել ավագանու նիստերի դահլիճ ու փորձել այն մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին։ «Երկիր Ծիրանիի» անդամների գործողությունները միտված են եղել տարիներ շարունակ Նուբարաշեն համայնքում տիրող գարշահոտության և առկա խնդիրների հարցը վերջապես տեսանելի և շոշափելի դարձնելուն: Տեսանյութը հասանելի է այստեղ՝ http://lurer.com/?p=278558&l=am »:

Վերը բերված հայտարարությունը ստորագրել են հետեւյալ ՀԿ-ները.  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ, «Լրագրողներ Հանուն Մարդու Իրավունքների» ՀԿ, «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ, «Փինք Արմենիա» ՀԿ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ,«Ասպարեզ» լրագորղների ակումբ,  “ԼոգոՍ” Իրավապաշտպան ՀԿ, «Վելես» Իրավապաշտպան  ՀԿ, «Հանրային լրագրության» ակումբ, «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ, «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ։

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.