Թողարկում 281

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 ՀՀ կառավարություն եւ քաղաքացիական հասարակություն երկխոսության կայացման մի քանի հարցերի մասին

23 հունվարի, 2018

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ-ում քաղաքականության մշակման ու իրականացման գործընթացում քաղաքացիական հասարակության հետ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության արդի իրավիճակի կապակցությամբ: Դա բնութագրվում է մի քանի հիմնախնդիրներով, որոնք կարելի է համահավաք բնութագրել որպես խուսափողական ու զգուշավոր: Դրա հետեւանքով խախտվում են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ համագործակցության մասին ՀՀ իշխանությունների բազմաթիվ նախընտրական ու քաղաքական հայտարարությունները:

Մասնավորապես, դրանով լուրջ հիմնախնդիրներ են առաջանում Հայաստանի Հանրապետության նախագահի 2012 թվականի հոկտեմբերի 29-ի ՆԿ-159-Ն կարգադրությամբ հաստատված՝ «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության» նպատակների կենսագործման, ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրով», ինչպես նաեւ`  ՀՀ կառավարության 2014թ. սեպտեմբերի 25-ի N 40 արձանագրային որոշմամբ հավանության արժանա-ցած «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ եւ օրենսդրական բարեփոխումների հայեցակարգով» նախատեսված ծրագրերն իրացնելու ուղղությամբ:

Այդ հիմնախնդիրները հակասության մեջ են գտնվում նաեւ 2017թ. նոյեմբերին Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների հետ:

Նշվածը արտահայտվում է նաեւ 2016 թվականի դեկտեմբերին ընդունված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի եւ 2018թ. հունվարի 1-ից գործողության մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքի ոչ բարենպաստ կարգավորումներում:

Տպավորություն է ստեղծվում, որ այդ ակտերը ընդունելիս ՀՀ իշխանությունները բոլորովին անտեսել են իրենց վերոհիշյալ, ինչպես նաեւ այլ հիմնարար, փաստաթղթերով ստանձնած ու ամրագրված պարտավորությունները` քաղաքացիական  հասարակության հետ երկխոսության կայացման ու զարգացման ուղղությամբ:

Այսպես, «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքն ընդունելիս անտեսվեցին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների բազմաթիվ կարծիքներ, ինչը հակասության մեջ է մտնում ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված ՔՀԿ-ների զարգացման ինստիտուցիոնալ եւ օրենսդրական բարեփոխումների հայեցակարգի գլխավոր նպատակի՝ ՔՀԿ-ների բնականոն գործունեության եւ կայուն զարգացման ապահովման հետ:  Արդյունքում վերջիններս  հանդիպում են մի շարք դժվարությունների: Այսպես, այդ օրենքով սահմանված է, որ հասարակական կազմակերպությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով ներկայացնելու ու պաշտպանելու իր եւ իր անդամների, շահառուների եւ կամավորների իրավունքներն ու օրինական շահերը… դատարանում…: Մինչդեռ նույն օրենքի հաջորդ իսկ հոդվածով այդ իրավունքը սահմանափակված է միայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի շրջանակներով: Նախ, այդ իրավանորմը խտրական է` կապված ոլորտային գործունեությունից, եւ հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Ավելին, այդ իրավանորմերը գործնական կյանքում փաստորեն չեն իրագործվում, քանզի դրանց իրացումը կապված է բազմաթիվ բյուրոկրատական քաշքշուկների հետ։ Դա են փաստում ՔՀԿ-ների բազմաթիվ հանրային քննարկումները, ուսումնասիրություններն ու փաստացի գործունեությամբ հավաքագրված տեղեկատվությունը: Համաձայն դրանց՝ ՀՀ քաղաքացիները մեծամասամբ անօգնական են իրենց սահմանադրական իրավունքների ու ազատությունների պաշտպանության գործում: ՔՀԿ-ները չեն կարողանում նրանց շահերը ներկայացնել դատարաններում` ՀՀ օրենսդրության վերոհիշյալ  սահմանափակումների պատճառով: Ավելին, ՀՀ դատավարության տարբեր օրենսգրքերով ՔՀԿ-ների շահառուների շահերը դատարանում ներկայացնելու համար պահանջվում են նոտարով հաստատված լիազորագրեր, ինչը լուրջ ֆինանսական բեռ է թեՙ շահառուների եւ թեՙ ՔՀԿ-ների ու հատկապես այն ՔՀԿ-ների համար, որոնք ոչ մի ֆինանսավորում չունեն: Այդ խոչընդոտը համահունչ չէ վերոհիշյալ ռազմավարությամբ սահմանված նաեւ հետեւյալ նպատակի կենսագործմանը` «ՔՀԿ-ների գործունեության արդյունավետության առավել կարեւոր նախապայմաններից է դրանց ֆինանսական կայունության ապահովումը»:

Հաջորդ հիմնախնդիրը կապված է ՀՀ հարկային օրենսգրքի անբարենպաստ իրավանորմերի հետ: Այսպես, «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով արդեն իսկ հասարակական կազմակերպություններին թույլատրվում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Սակայն ՀՀ հարկային օրենսգիրքը ՀԿ-ներին դիտարկում է առեւտրային կազմակերպությունների շարքում եւ դրանց թույլ չի տալիս ՀՀ կենտրոնական բանկի, Հայ Առաքելական եկեղեցու եւ այլ կրոնական կազմակերպությունների ու ազգային օպերատորների նման գործել հարկային արտոնությունների ռեժիմում: Ավելին, մի շարք ՔՀԿ-ների կողմից ներկայացված առաջարկը` թույլատրել ՀԿ-ներին գործել շրջանառության հարկի ռեժիմում, առայժմ լուծում չի ստացել: ՀՀ հարկային օրենսգրքում նույնպես չկա ՔՀԿ-ների հետ համագործակցության որեւէ հստակ իրավանորմ:

Նշված հիմախնդիրների հաղթահարման նպատակով կոչ ենք անում ՀՀ Ազգային ժողովին եւ կառավարությանը` քաղաքացիական հասարակության եւ փորձագիտական հանրության հետ համագործակցությամբ.

  • լրամշակել համապատասխան օրենսդրական ու նորմատիվ ակտերը՝ ապահովելով քաղաքացիական հասարակության կազմակերպություններին պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ աշխատանքի մասնակցային դերի բարձրացում,
  • «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում կատարել այնպիսի փոփոխություններ, որոնք ուղղված կլինեն ՀԿ-ների կողմից ազատորեն, առանց ոլորտային սահմանափակման, ներկայացնել ու պաշտպանել իր, իր անդամների, շահառուների եւ կամավորների իրավունքներն ու օրինական շահերը դատարանում,
  • ՀՀ հարկային օրենսգրքում ՀԿ-ների համար նախատեսել հարկային արտոնություններ գույքահարկի գծով, եւ դրանց թույլատրել գործելու շրջանառության հարկի ռեժիմում,
  • ՀՀ հարկային օրենսգրքում կատարել այնպիսի փոփոխություններ ու լրացումներ, որոնցով կմեծանա ՔՀԿ-ների մասնակցային դերը հարկային ու մաքսային վարչարարության շրջանակներում:

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը, ունենալով նշված խնդիրների հաղթահարման հստակ տեսլական, պատրաստակամ է այդ գործում ներդնել իր փորձագիտական ներուժն ու կազմակերպական կարողությունները:

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.