Թողարկում 280

ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի ընթացիկ գործունեությունը

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի տարեկան համաժողովը

2017 թվականի նոյեմբերի 28-ին  Երեւանի «Օպերա Սուիթ» հյուրանոցում տեղի ունեցավ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի տարեկան համաժողովը, որի օրակարգում ՀԱՊ  ընթացիկ տարվա աշխատանքների ամփոփումն էր եւ առաջիկա անելիքների հստակեցումը։

Միջոցառմանը մասնակցեց եւ ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ-ում ԵՄ  պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։ Դեսպանը խոսեց ԵՄ-Հայաստան երկկողմ հարաբերությունների, Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ բարեփոխումների գործընթացի մոնիթորինգի հարցում քաղաքացիական հասարակության դերի կարեւորության մասին։

Համաժողովը շարունակվեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանի ներկայացմամբ։ Զադոյանը նշեց, որ  6 կազմակերպության կողմից իրականացվող ծրագիրը 36-ամսյա է եւ ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից։ Մրցութային կարգով ընտրված 120 կազմակերպությունների համար կիրականացվի փաստերի հիման վրա հիմնված քաղաքականությունների մշակման եւ կառավարության հետ կայուն եւ կառուցողական երկխոսության իրականացման ուսուցում։

Այնուհետեւ ՔՀՖ ղեկավար կոմիտեի անդամ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը ներկայացրեց ԱլԳ Քաղաքացիական հասարակական ֆորումի 9-րդ՝ Տալլինի համաժողովի արդյունքները։

Հաշվետվություններով հանդես եկան ՀԱՊ ԱԽ2 համակարգող Կարեն Չիլինգարյանը եւ ՀԱՊ ԱԽ4 համակարգող  Գրիգոր Երիցյանը։ ՔՀՖ ՀԱՊ քարտուղարության գործունեության մասին հաշվետվությամբ հանդես եկավ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ քարտուղարության գործադիր տնօրեն Հերիքնազ Հարությունյանը։

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, ամփոփելով ՀԱՊ տարեկան գործունեությունը, նշեց, որ առաջիկայում առաջին եւ գլխավոր հարցը կառավարություն-քաղաքացիական հասարակություն համագործակցության հստակ մեխանիզմների մշակումն է եւ թիրախային ոլորտներում աշխատանքային խմբերի ձեւավորումը, որտեղ մշտապես ներկայացված կլինեն եւ՛ պլատֆորմի անդամ ՔՀԿ-ները, եւ՛ կառավարական օղակները։

Օրակարգի հաջորդ հարցը ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Էթիկայի խորհրդին Փինք Արմենիա ՀԿ կողմից ներկայացված դիմումի վերաբերյալ եզրակացության ներկայացումն էր։ Խորհուրդը  քննարկել էր «Այբ Նյուզ» լրատվական կայքում հրապարակված նյութի վերաբերյալ ՀԱՊ անդամ հանդիսացող «Ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանի կողմից արված մեկնաբանության համապատասխանությունը ՀԱՊ էթիկայի նորմերին։ ՀԱՊ էթիկայի խորհուրդը  եզրակացրել էր, որ Սարգիս Սեդրակյանը թե՛ հոդվածի իր մեկնաբանության մեջ, թե՛ հետագայում ՀԱՊ անդամների միջեւ տեղի ունեցած էլեկտրոնային հաղորդագրության ընթացքում դրսեւորել է խտրական վերաբերմունք եւ վարքագիծ, որը վայել չէ ՀԱՊ անդամին, քանի որ հակասում է այն արժեհամակարգին, որը միավորում է ՀԱՊ անդամ կազմակերպություններին։ ՀԱՊ պատվիրակների ժողովի անդամների քվեարկության արդյունքում Սարգիս Սեդրակյանը մեկ տարի ժամկետով զրկվեց ՀԱՊ պատվիրակների ժողովի՝ քվեարկության մասնակցելու, ինչպես նաեւ ընտրելու եւ ընտրվելու իրավունքից։

Համաժողովի երրորդ բաժինը նվիրվեց ՀԱՊ աշխատանքային խմբերի նիստերին, տեղի ունեցան ԱԽ  համակարգողների ընտրությունները։

ԱԽ1 համակարգող ընտրվեց Աբրահամ Արտաշեսյանը (Համայնքների ֆինանսիստների միավորման փոխնախագահ)

ԱԽ2 համակարգող վերընտրվեց Կարեն Չիլինգարյանը (Սպառողների խորդրդատվության կենտրոն ՀԿ նախագահ)

ԱԽ3 համակարգող ընտրվեց Ամալյա Համբարձումյանը («Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ նախագահ)

ԱԽ4 համակարգող վերընտրվեց Գրիգոր Երիցյանը (Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ նախագահ)

ԱԽ5 համակարգող վերընտրվեց Նաիրա Առաքելյանը (Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ նախագահ)

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողովը կազմակերպվել էր Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի հետ համագործակցությամբ։

 

 ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի

պատվիրակների համաժողով

2017 դեկտեմբերի 13-ին  Հայկական բարեգործական ընդհանուր միության հայաստանյան (ՀԲԸՄՀայաստան) գրասենյակում տեղի ունեցավ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի պատվիրակների  համաժողով։

Համաժողովի առաջին նիստում, որը վարում էր ՀԱՊ քարտուղարության գործադիր տնօրեն Հերիքնազ Հարությունյանը,  ներկայացվեց «ՔՀ Կամուրջ» եռամյա ծրագիրը, որը ֆինանսավորում է Եվրամիությունը եւ իրականացնում է Հայկական Բարեգործական Ընդհանուր միությունը (ՀԲԸՄ)՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հետ համատեղ։ Բանախոսը՝ ՀԲԸՄՀայաստանի «ՔՀ Կամուրջ» ծրագրի ղեկավար Արսեն Ստեփանյանը, նշեց, որ ծրագրի նպատակն է հզորացնել հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպություններին եւ նրանց մեջ զարգացնել կարողություններ՝ արդյունավետ մասնակցություն ունենալու Հայաստանում որոշումների կայացմանը։

Համաժողովի մյուս բանախոսը՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը, հանդես եկավ ՔՀԿ-ներին առնչվող օրենսդրությանը եւ իրավակիրառ պրակտիկային վերաբերող հարցերի (ՀԿ-ների վերագրանցում, կամավորություն եւ այլն) պարզաբանմամբ։

Համաժողովի մասնակիցներն ակտիվորեն մասնակցեցին քննարկումներին, ստացան իրենց հետաքրքրող հարցերի սպառիչ պատասխաններ։

Այնուհետեւ համաժողովն անցավ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի ընթացիկ գործունեությանը վերաբերող հարցերի քննարկմանը։ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը ներկայացրեց ՀԱՊ Պատվիրակների ժողովի ժամանակավոր անդամության դիմումները, առաջադրվեցին ՀԱՊ Էթիկայի  խորհրդի անդամների թեկնածություններ։ Տեղի ունեցավ քննարկում, սակայն քվեարկությունը չկայացավ՝ քվորումի բացակայության պատճառով։

Advertisements
This entry was posted in Հայերեն and tagged , , , , , , , , , , , , . Bookmark the permalink.