Թողարկում 278

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման համակարգի արդի իրավիճակի եւ իրականացվող բարեփոխումների ընթացքի վերաբերյալ

14.10.2017

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ կազմակերպությունները մշտապես հետեւողականորեն դիտարկում են Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման համակարգում տիրող վիճակը եւ դրանում կատարվող բարեփոխումների ընթացքը: Դրա արդյունքում կատարվում են պարբերական վերլուծություններ եւ ներկայացվում են ՀՀ պատկան մարմիններին, հանրայնացվում են ԶԼՄ-ներով: Այդպիսի վերլուծություններից մեկը վերջերս ներկայացվեց 2017թ. սեպտեմբերի 11-ին «Քաղաքացիական հասարակության մասնակցությունը Հայաստանում վարչատարածքային կառավարման բարեփոխումներին» թեմայով անցկացված ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողովում: Այդ քննարկման ժամանակ արձանագրվեցին հետեւյալ եզրակացությունները.

  • Հայաստանի Հանրապետությունը լիազորությունների ապակենտրոնացման ամենացածր մակարդակ ունեցող երկրներից է՝ չնայած այն հանգամանքին, որ տեղական իշխանությունները, ամենամոտը լինելով ժողովրդին, հնարավորինս պետք է օժտված լինեն իրավասությունների եւ լիազորությունների լայն շրջանակով եւ ունենան դրանք իրականացնելու համար բավարար ֆինանսական միջոցներ.
  • Երկրում մեկնարկած վարչատարածքային բարեփոխումները, սկիզբ առնելով որպես երկար տարիների փորձագիտական ուսումնասիրությունների, քննարկումների, ընդունված հայեցակարգով նախանշված կանոնների եւ պահանջների վրա հիմնված գործընթաց, վերածվել են լայնածավալ եւ տարերայնորեն առաջ տարվող քաղաքական ծրագրի, որն իրականացվում է՝ առանց պահպանելու հայեցակարգով սահմանված «խաղի կանոնները» եւ առանց հաշվի առնելու քաղած դասերը:
  • Նոր ձեւավորվող համայնքների քարտեզների եւ դրանցում ընդգրկվող համայնքների ցանկը խիստ սուբյեկտիվ է, եւ դրանցում տրամաբանության բացակայությունը հուշում է դրանց՝ «փակ դռների հետեւում» կազմված լինելու մասին.
  • Խոշորացված համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերի համար ստեղծված չեն իրենց ինքնությունը պահպանելու, համայնքի կազմում իրենց կարիքի եւ առկա ռեսուրսների միջեւ համամասնությունն ապահովելու երաշխիքներ.
  • Իրականացված չեն միջհամայնքային միավորումների ինստիտուտի կայացմանն ուղղված գործնական քայլեր.
  • Երեւան, Գյումրի եւ Վանաձոր համայնքներում անցումը համայնքի ավագանու ընտրությունների համամասնական ընտրակարգին՝ հուշում է տեղական ինքնակառավարման ողջ համակարգում այդ ընտրակարգին անցնելու քաղաքական կուրսի մասին։ Ընտրված լինելով համայնքի ավագանու կողմից՝ համայնքի ղեկավարը կորցնում է համայնքի բնակիչների առջեւ պատասխանատու եւ հաշվետու լինելու պարտավորությունը.
  • Համայնքի ավագանու ընտրության գործող կարգը հնարավորություն չի տալիս առաջադրվելու քաղաքացիական նախաձեռնություններին եւ անհատների խմբերին, որոնք չեն ցանկանում հանդես գալ որեւէ քաղաքական միավորման կազմում, ինչի մասին հստակորեն նշված է նաեւ ՀՀ ընտրական օրենսգրքի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններում.
  • Հայաստանում դեռեւս չկա հստակ ձեւավորված տեսլական տեղական ինքնակառավարման համակարգի վերաբերյալ, արդյունքում, չկա հստակ պատկերացում նոր ստեղծվող համայնքի նվազագույն արդյունավետ չափի եւ լիազորությունների ապակենտրոնացման ընդունելի մակարդակի վերաբերյալ: Չկա «ապակենտրոնացման ճանապարհային քարտեզ», որտեղ հստակորեն պետք է նշված լինեն համայնքներին եւ միջհամայնքային միավորումներին փոխանցվող լիազորությունների ժամկետները եւ շրջանակները։

Հաշվի առնելով վերոգրյալը, ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմն անհրաժեշտ է համարում ՀՀ իշխանություններից պահանջել՝      

  • Անհապաղ հանրությանը ներկայացնել ՀՀ վարչատարածքային նոր բաժանման նախնական քարտեզը, համաձայն որի նախատեսվում է իրականացնել բարեփոխումների գործընթացը.
  • Վարչատարածքային բարեփոխումների շրջանակներում իրականացվող յուրաքանչյուր քայլ դնել լայն քննարկման քաղաքացիական հասարակության, ազդակիր համայնքների եւ շահագրգիռ այլ կողմերի շրջանում.
  • Մշակել եւ կիրառության մեջ դնել գործիքակազմ, որը հնարավորություն կտա համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերին պահպանել իրենց ինքնությունը՝ ապահովելով տվյալ համայնքի կազմում իրենց կարիքի եւ առկա ռեսուրսների միջեւ համամասնությունը.
  • Մշակել համայնքներին նոր լիազորությունների տրամադրման ռազմավարություն կամ ճանապարհային քարտեզ, որտեղ մանրամասն պետք է նշված լինեն լիազորությունների ապակենտրոնացման նախատեսվող քայլերը եւ հստակ ժամկետները.
  • Լիազորությունների ապակենտրոնացման գործընթացում օգտագործել նաեւ միջհամայնքային միավորումների ինստիտուտը.
  • Ձեւավորել այնպիսի ընտրական համակարգ, որը քաղաքացիական նախաձեռնություններին հնարավորություն կտա առաջադրվել համայնքի ավագանու ընտրություններին եւ իրենց ներկայությունը ապահովել ավագանու կազմում՝ չմտնելով որեւէ քաղաքական միավորման կազմի մեջ.
  • Ազատվել համայնքի ավագանու կողմից համայնքի ղեկավար ընտրելու արատավոր փորձից։

ԵՄ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը միանում է

Ստեղծարար Եվրոպա ֆորումի կողմից ընդունված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

16.10.2017

Եվրոպական միության «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին Հայաստանի լիակատար անդամակցությանն ուղղված ստորեւ ներկայացվող հայտարարությունն ընդունված է «Ստեղծարար Եվրոպա Ֆորում» նախագծի շրջանակներում: Նախագիծն իրականացրել է «Ոսկե Ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը՝ ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի դրամաշնորհների վերատրամադրման ծրագրով, LEA միջազգային հիմնադրամի (Վրաստան) եւ Ինտերնյուս (Ուկրաինա) միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ։ Հայտարարությունը նախաձեռնվել է   «Ոսկե Ծիրան» միջազգային  կինոփառատոնի շրջանակներում, 2017թ. հուլիսի 12-14-ին տեղի ունեցած համաժողովի մասնակիցների կողմից։ 

Ստեղծարար Եվրոպա երեւանյան ֆորումը բարձր է գնահատում Եվրոպական միության նախաձեռնությամբ հիմնադրված «Ստեղծարար Եվրոպա» ծրագիրը,  որը բաղկացած է երկու խոշոր ենթածրագրերից` Մշակույթ եւ Մեդիա: «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի շրջանակներում Եվրամիությունը հսկայական միջոցներ է  տրամադրել մասնակից երկրների մշակույթի զարգացմանը (ԵՄ եւ ԱլԳ երկրների ամբողջ ծրագրի բյուջեն 2014-2020 թվականների համար հաստատված է €1.46 միլիարդի չափով):

Դեռեւս 2015-ին ծրագրին միացել են Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան, ինչը խթան է դարձել այդ երկրներում ստեղծագործական ոլորտի զարգացման համար: Սա պետք է օրինակ ծառայեր Հայաստանի իշխանություններին: 2015թ. նոյեմբերին «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին Հայաստանի միանալու մասին հատուկ հայտարարություն է ընդունել Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը, որը հասցեագրված էր Հայաստանի իշխանություններին եւ կոչ էր անում անմիջապես միանալ ծրագրին: Այնուամենայնիվ,  Հայաստանը ոչ 2016 թվականին, ոչ էլ 2017-ին չի միացել ծրագրին, եւ դա բացասական ազդեցություն  է ունեցել երկրում ստեղծագործական հատվածի զարգացման վրա:

Թեեւ՝ ֆորումի ընթացքում ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության համաձայն, Հայաստանը Մշակույթի ենթածրագրի շրջանակներում կմիանա «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին 2018 թվականի սկզբին: Այնուամենայնիվ, դա լիովին չի արտացոլում երկրում մասնագիտական ստեղծագործական կազմակերպությունների ակնկալիքներն ու պահանջները, առկա իրավիճակում նրանք զրկվում են հսկայական ֆինանսավորման աղբյուրներից օգտվելու հնարավորությունից:

Ստեղծված իրավիճակում կարեւոր ենք համարում եւս մեկ անգամ բարձրաձայնելու Հայաստանի «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին ամբողջ ծավալով` Մշակույթ եւ Մեդիա բաղադրիչներով, լիարժեք մասնակից դառնալու կարեւորությունը:

Ստեղծարար Եվրոպա Երեւանյան Ֆորումի մասնակիցները կոչ են անում ՀՀ կառավարությանը դրական արձագանքել ստեղծագործական ոչ կառավարական կազմակերպությունների եւ ոլորտի մասնագետների պահանջին, եւ ապահովել անհրաժեշտ բոլոր պայմանները «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին Հայաստանի լիակատար անդամակցության համար, որպեսզի մշակույթի ոլորտում գործող հայաստանյան կազմակերպությունները կարողանան դիմել 2018թ. սկզբին նախատեսված դրամաշնորհների հաջորդ մրցույթին: Շահած ծրագրերը ոչ միայն հնարավորություն կտան նոր լիցք հաղորդել Հայաստանում մշակույթի եւ մեդիա-մշակույթի ոլորտների զարգացմանը, այլ նաեւ նոր հնարավորություններ կստեղծեն փոխշահավետ համագործակցության համար Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության երկրների համապատասխան կազմակերպությունների հետ:

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հրապարակման վերաբերյալ

18.10.2017

ԵՄ ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը ողջունում է Եվրոպական միության խորհրդի հաստատմանը ներկայացված Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հրապարակումը։

Մենք այս քայլը գնահատում ենք որպես արդյունավետ բանակցային գործընթացի վկայություն եւ երկկողմանի համագործակցությունը խորացնելու եւ դրան պարտադիր իրավական բնույթ տալու՝  կողմերի լիակատար փոխըմբռնման եւ շահագրգռվածության արտահայտություն։

Համոզված ենք, որ փաստաթղթի բովանդակությանը ծանոթանալու  հնարավորությունը կնպաստի Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների պահպանման նկատմամբ հանրային հետաքրքրության աճին եւ համոզիչ պատասխան կհանդիսանա այդ գործընկերության շրջանակներում նախատեսվող բարեփոխումների ընդդիմադիրների կողմից ներկայացվող շահարկումներին։

Ողջունում ենք Համաձայնագրում քաղաքացիական  հասարակության դերի արժեւորումը, որի նպատակով պետք է ստեղծվի Քաղաքացիական հասարակության հարթակ՝ կազմված քաղաքացիական հասարակության կազմակերպություններից, ցանցերից ու հարթակներից, այդ թվում ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի ներկայացուցիչներից:

Մենք կոչ ենք անում Եվրամիության անդամ երկրների եւ Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ առավելագույն կարճ ժամկետներում ստորագրել Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը եւ անհապաղ անցնել դրա գործնական իրականացմանը։

Հայաստանի իշխանություններից պահանջում ենք առավել հետեւողական եւ պատասխանատու մոտեցում դրսեւորել Եվրամիության հետ համագործակցության օրակարգով նախատեսվող բարեփոխումների իրականացման, քաղաքացիական հասարակության հետ երկխոսության առավել ակտիվացման եւ որոշումների կայացմանը քաղհասարակության իրական ներգրավվածության ապահովման  նկատմամբ։

Եվրամիության ինստիտուտների ուշադրությունը հրավիրում ենք Հայաստանի հետ համատեղ ծրագրերի իրականացման հանդեպ սկզբունքային մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտության վրա՝ Համաձայնագրով նախատեսված հաշվետվողականության արդյունավետ մեխանիզմների անվերապահ կիրառման, հասարակության հետ պաշտոնական կառույցների բաց եւ թափանցիկ աշխատանքի ապահովման համար։

Իր կողմից ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը պարտավորվում է նպաստել զարգացման առաջնահերթությունների մշակման եւ երկրի կյանքի տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման պարտավորությունների կատարման մշտադիտարկման գործին՝ ձգտելով  Համաձայնագրի իրականացման ուղղությամբ քաղաքացիների ըմբռնմանն ու լայն աջակցությանը եւ համատեղ խնդիրների լուծման գործում Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության երկրների գործընկերների հետ համագործակցության ամրապնդմանը։

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.