Թողարկում 277

ԱլԳ ՔՀՖ 9-րդ՝ Տալլինի համաժողովի Հայաստանի պատվիրակների հանդիպում

2017թ. հոկտեմբերի 5-ին «Կոնգրես» հյուրանոցի «Միրո» խորհրդակցությունների սրահում տեղի ունեցավ ԱլԳ ՔՀՖ 9-րդ՝ Տալլինի համաժողովի Հայաստանի պատվիրակների հանդիպում։

Օրակարգում Տալլինի համաժողովում ներկայացվելիք մի քանի փաստաթղթերի քննարկումն էր։ Քննարկվեցին նաեւ հայաստանյան պատվիրակության դիրքորոշումները Տալլինում կայանալիք տարեկան համաժողովի մի շարք հարցերի վերաբերյալ։ Մեր պատվիրակությունն անցկացրեց նաեւ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգողի նախնական ընտրություն։ Առաջադրված միակ թեկնածուի՝ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի օգտին իրենց ձայնը տվեցին քվեարկությանը մասնակցած 18 պատվիրակից 17-ը։ Մեկ քվեաթերթիկ անվավեր էր։

 

Երեւանում տեղի ունեցավ Եվրամիություն-Հայաստանի քաղաքացիական հասարակություն համագործակցության խմբի հիմնադիր հավաք

2017 հոկտեմբերի 3-ին Երեւանի Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ  Եվրամիություն-Հայաստանի քաղաքացիական հասարակություն համագործակցության խմբի հիմնադիր հավաք։ Միջոցառման նպատակն էր բարձրացնել հայաստանյան քաղաքացիական հասարակության եւ հատկապես ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի քարոզչական կարողությունները՝ նպաստելով ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակներում ձեւավորված բարեփոխումների օրակարգին, ինչպես նաեւ բարելավել եվրոպական ՔՀԿ-ների հետ գործընկերության մակարդակը:

Միջոցառմանը մասնակցեց եւ ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։

Միջոցառումն  ուներ թեմատիկ 4 ուղղությունն, որոնք ներկայացվեցին  եվրոպական եւ հայաստանյան քաղաքացիական հասարակության փորձագետների կողմից՝

  1. Ստեղծելով միջավայր բարեփոխումների առաջխաղացման գործում քաղաքացիական հասարակության նշանակալից մասնակցության համար. համազեկուցողներ՝ Աուրելիա Օլենդրայտե, ՀԿ-ների իրավաբանական ինստիտուտի տնօրեն (Լիտվա) եւ Արմեն Գրիգորյան, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հաղորդակցության եւ ծրագրային պատասխանատու
  2. Բազմազանություն եւ գենդերային հավասարություն. համազեկուցողներ՝ Միլիցա Պեսիչ, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի գործադիր տնօրեն (Միացյալ Թագավորություն) եւ Գոհար Շահնազարյան, Կանանց ռեսուրսային կենտրոնի համահիմնադիր
  3. Արդյունավետ կառավարում եւ պայքար կոռուպցիայի դեմ. համազեկուցողներ՝ Գորան Ֆորբիչի, ՀԿ-ների ինֆորմացիոն ծառայության, համագործակցության եւ զարգացման կենտրոնի տնօրեն (Սլովենիա) եւ Լիանա Ղալթաղչյան, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հանրային քաղաքականության փորձագետ
  4. Մեդիան՝ որպես Արեւելյան գործընկերության առաջընթացի խթան. Հայաստանի օրինակը (Կիեւում 2017թ. սեպտեմբերի 12-13 կայացած մեդիա կոնֆերանսի արդյունքները). համազեկուցողներ՝ Քշիշտոֆ Բոբինսկի, Ունիա եւ Պոլսկա հիմնադրամի նախագահ (Լեհաստան) եւ Բորիս Նավասարդյան, Երեւանի մամուլի ակումբի նախագահ։

Հանդիպմանը մասնակցում էին քաղաքացիական հասարակության, նաև դիվանագիտական առաքելությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Նիստը վարեց ՔՀՖ Ղեկավար կոմիտեի անդամ, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը։ Միջոցառման ավարտին ամփոփիչ ելույթով հանդես եկավ Հայաստանում ԵՄ պատվիրակության Միջազգային օգնության եւ համագործակցության պատասխանատու Լինե Ուրբանը։

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անդամների հանդիպումը Գորիսի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ

Սեպտեմբերի 29-ին Գորիսի մամուլի ակումբում Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի անդամները  հանդիպում ունեցան Գորիսի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը եւ ՀԱՊ քարտուղարության գործադիր տնօրեն Հերիքնազ Հարությունյանը տեղական ՀԿ-ների ներկայացուցիչներին, լրագրողներին ներկայացրին Հայաստանի ազգային պլատֆորմի ստեղծման պատմությունը, ՀԱՊ գործունեության հիմնական ոլորտները, ՀԱՊ անդամակցության ընթացակարգը:

Գորիսի մամուլի ակումբի նախագահ Սուսաննա Շահնազարյանի առաջարկով քննարկումը հիմնականում ծավալվեց Սյունիքի մարզում տեղեկատվության մատչելիության հարցերի շուրջ։ Հանդիպման մասնակիցներն անդրադարձան նաև մարզերում քաղաքացիական հասարակության ակտիվությունը խթանելու գործում ՀԱՊ ներուժի արդյունավետ օգտագործման խնդրին։

 

 

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

22.09.2017

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմն անընդունելի է համարում ՀՀ քաղաքացիների, մասնավորապես հասարակական կազմակերպությունների անդամների նկատմամբ Հայաստանում գործող ԹիԷլԷսԿոնտակտ վիզաների կենտրոնի (TLScontact) կողմից ցուցաբերվող անհարգալից եւ անպատասխանատու վերաբերմունքը:

Մենք ստիպված ենք արձանագրել, որ իտալական վիզաների դիմում-հայտերը եւ Միացյալ Թագավորության վիզաների դիմում-հայտերն ընդունող այդ  կենտրոնում ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ ՀԿ-ների ներկայացուցիչները բախվել են հետադարձ կապի բացակայության, անկանոն հերթերի եւ տեխնիկական սխալների, որոնց համար սպասարկող աշխատակիցները որեւէ պատասխանատվություն չեն կրում։

Փաստորեն, Հայաստանի քաղաքացիներից, այդ թվում մեր գործընկերներից շատերը դարձել են ԹիԷլԷսԿոնտակտ վիզաների կենտրոնի եւ Միացյալ Թագավորության վիզաների եւ իմիգրացիայի գործակալության (ՄԹՎԻ)՝ նշված ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի զոհեր՝ գրեթե մեկ ամիս հետ չստանալով իրենց անձնագրերը։  Վիզաների համար դիմորդները հիմնականում երիտասարդներ են, ուսանողներ, քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, որոնք այդ «տեխնիկական սխալների» պատճառով զրկվել են աշխատանքային կամ ուսումնական այցեր իրականացնելու հնարավորությունից՝ կրելով ֆինանսական, գործնական եւ բարոյական վնասներ։

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը այս իրավիճակը համարում Է անթույլատրելի եւ կոչ է անում  ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանությանը եւ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ միջամտել իրավիճակին, հանդես գալ պաշտոնական դիրքորոշմամբ եւ ապահովել, որ ԹիԷլԷսԿոնտակտ վիզաների կենտրոնը եւ Միացյալ Թագավորության վիզաների եւ իմիգրացիայի գործակալությունը հրապարակային ներողություն խնդրեն տուժած քաղաքացիներից՝ վերջիններիս նկատմամբ ցուցաբերած անհարգալից եւ անպատասխանատու վերաբերմունքի համար, ինչպես նաեւ  փոխհատուցեն քաղաքացիների կրած ֆինանսական վնասները։

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը ստիպված է ցավով արձանագրել նաեւ, որ այս հայտարարության առիթ հանդիսացած խնդիրը չի կրում եզակի բնույթ: ՀՀ քաղաքացիների նկատմամբ Եվրոպական միության անդամ երկրների կոմերցիոն գործընկերների՝ վիզա կենտրոնների եւ դրանց աշխատակիցների պահվածքը բացասաբար է անդրադառնում Հայաստանում ԵՄ համբավի վրա եւ հակասում է վիզաների դյուրացման մասին համաձայնագրի ոգուն եւ պրակտիկ իրականացման հետ կապված ակնկալիքներին։

Advertisements
This entry was posted in Հայերեն and tagged , , , , , , , , , , , , , , . Bookmark the permalink.