Թողարկում 276

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

13 սեպտեմբերի, 2017

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը խիստ մտահոգված է «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամ Անդրեաս Ղուկասյանի՝ ավելի քան 12 ամիս տեւող կալանքով։

Անդրեաս Ղուկասյանն ազատազրկվել է 2016 թվականի հուլիսի 29-ին, երբ ոստիկանությունը Սարի-Թաղում հատուկ միջոցներ կիրառեց հավաքի մասնակիցների նկատմամբ, իսկ այնուհետեւ հավաքի մասնակիցներին, լրագրողներին ենթարկեց ֆիզիկական բռնությունների եւ հետապնդումների:

Հետագայում ոստիկանությունն ուժի կիրառումը հիմնավորեց զանգվածային անկարգությունները կանխելու անհրաժեշտությամբ: Այս նույն՝ զանգվածային անկարգությունների կանխումը դրվեց նաեւ քաղաքական ակտիվիստների նկատմամբ շինծու քրեական հետապնդումներ իրականացնելու հիմքում: Անդրեաս Ղուկասյանին ութ այլ անձանց հետ մեղադրանք առաջադրվեց զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ մասնակցելու համար, եւ նրանց նկատմամբ կալանքը կիրառվեց  որպես խափանման միջոց: Ներկայումս Ա. Ղուկասյանը վերոհիշյալ մեղադրանքով քրեական հետապնդման ենթարկված միակ անձն է, որի կալանքը չի փոփոխվել, եւ որը շարունակում է մնալ անազատության մեջ:

Անդրեաս Ղուկասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու ժամկետները երկարացնելու վերաբերյալ միջնորդությունները քննվել են ավելի քան 16 դռնփակ դատական նիստերի ընթացքում: Ըստ Անդրեաս Ղուկասյանի պաշտպանի՝ իր պաշտպանյալը զրկվել է իրեն մեղսագրվող արաքներից պաշտպանվելու համար իր ապացույցները քննության ենթարկելու հնարավորությունից, իր կողմից ներկայացված 31 միջնորդությունները մերժվել են:

Ավելի վաղ Հյուման Ռայթս Վոթչ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ՀՀ իշխանություններին կոչ էր արել վերանայել Անդրեաս Ղուկասյանի նկատմամբ կիրառված կալանքի պահանջը եւ նրան ազատ արձակել:

Զուգահեռաբար, ներպետական դատարանները Անդրեաս Ղուկասյանի հետ նույն հիմքով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու կամ մասնակցելու համար քրեական հետապնդումների ենթարկված մյուս անձանց՝ Դավիթ Սանասարյանի, Հովսեփ Խուրշուդյանի եւ Արմեն Մարտիրոսյանի կալանքը փոխարինել են գրավով եւ նրանց ազատ արձակել: Այս անձինք՝ որպես քաղաքական ընդդիմադիր գործիչներ, առանձնացվել են միջազգային կազմակերպությունների կողմից, եւ վերջիններիս ճնշման ներքո նրանց խափանման միջոց կալանքը փոխվել է  գրավով:

Մինչդեռ, ՀՀ վերաքննիչ դատարանում Անդրեաս Ղուկասյանի պաշտպանի կողմից ներկայացված բողոքի քննության ժամանակ դատավորը հարց է ուղղել նրան, թե արդյո՞ք Անդրեաս Ղուկասյանը շարունակելու է իր ընդդիմադիր գործունեությունը, եթե ազատ արձակվի: Ստանալով Անդրեաս Ղուկասյանի դրական հաստատուն պատասխանը, ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել նրա նկատմամբ կիրառված կալանքը շարունակելու վերաբերյալ:

Ավելին, 2017 թվականի ապրիլի 19-ին նախաքննության մարմինն ավելացրել է Անդրեաս Ղուկասյանին առաջադրված բողոքի ծավալները՝ նրան մեղադրելով նաեւ շենքեր, շինություններ գրավելու, պատանդ վերցնելու, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու փորձի մեջ: Անդրեաս Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործն անջատվել է մյուսների մասով քրեական գործից, եւ 2017 թվականի օգոստոսի 2-ից սկսվել է դատաքննությունը:

Մեղադրանքի ծավալներն ավելացնելու համար նախաքննության մարմնի համար հիմք են հանդիսացել ոստիկանության կողմից ներգրավված երկու վկայի ցուցմունքները: Ըստ այդ ցուցմունքների՝ 2016 թվականի հուլիսի 29-ին Ազատության հրապարակում իր ելույթից հետո Անդրեաս Ղուկասյանը մոտեցել է վկային եւ 15 այլ անձանց՝ ասելով՝ քարեր հավաքեք: Ոստիկանության կողմից որպես վկա ներգրավված այս անձանցից մեկը հոգեկան առողջության խնդիրների հիմքով հաշվառված է Ավանի բժշկական կենտրոնում, իսկ մյուսը՝ ալկոհոլից կախվածության հիմքով՝ Գորիսի բժշկական կենտրոնում: Անդրեաս Ղուկասյանի եւ նրա պաշտպանի կողմից վկաների ցուցմունքները հաստատող այլ ապացույցներ հավաքելու միջնորդությունը նախաքննության մարմնի կողմից մերժվել է:

Նման փաստերը հիմք են տալիս պնդելու, որ Անդրեաս Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը եւ շարունակական ազատազրկումն իրականացվում է քաղաքական դրդապատճառներով: 

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը պահանջում է դադարեցնել Անդրեաս Ղուկասյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը եւ նրան ազատ արձակել:

 

Երեւանում տեղի է ունեցել ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողով

 

2017թ. սեպտեմբերի 11-ին ՔՀՖ ՀԱՊ 1-ին` «Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, արդյունավետ կառավարում եւ կայունություն» աշխատանքային խմբի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի ազագային պլատֆորմի համաժողով՝ նվիրված քաղաքացիական հասարակության մասնակցությանը Հայաստանում վարչատարածքային կառավարման բարեփոխումներին:

Միջոցառման սկզբում բացման խոսքով հանդես եկավ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը, ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում ԵՄ  պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, որին հաջորդեցին հիմնական բանախոսների ելույթները:

ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի ելույթը նվիրված էր ՀՀ վարչատարածքային բարեփոխումների ընթացքին ու հեռանկարներին: Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը խոսեց Հայաստանում խոշորացման գործընթացի եւ այդ գործընթացում թափանցիկության եւ որոշումների կայացմանը հանրային մասնակցության ապահովման կարեւորության մասին: ԱՄՆ ՄԶԳ կայուն զարգացման գրասենյակի տեղական ինքնակառավարման մասնագետ Արթուր Դրամփյանն իր ելույթում կենտրոնացավ ՀՀ տեղական ինքնակառավարման ոլորտում ԱՄՆ Միջազգային զարգացման ծրագրերի վրա: «Աշխատանք եւ Հայրենիք» ՀԿ նախագահ Ռուզան Ղազարյանը իր «Համայնքների խոշորացում. նոր դերակատարություն եւ հանձնառություն ՔՀԿ-ների համար» ելույթում համաժողովի մասնակիցներին ներկայացրեց Վայքի փորձը:

Ելույթներին հաջորդեց հարցուպատասխան եւ աշխույժ քննարկում:

 

ԱլԳ ՔՀՖ անդամների հանդիպումը Իջեւանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ

 

Սեպտեմբերի 8-ին Իջեւանի Ինֆոտանը Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի անդամները  հանդիպում ունեցան Իջեւանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: ԱլԳ ՔՀՖ Հայսատանի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը եւ ՀԱՊ քարտուղարության գործադիր տնօրեն Հերիքնազ Հարությունյանը տեղական ՀԿ-ների ներկայացուցիչներին, ակտիվ քաղաքացիներին ներկայացրին Հայաստանի ազգային պլատֆորմի ստեղծման պատմությունը, ՀԱՊ գործունեության հիմնական ոլորտները, ՀԱՊ անդամակցության ընթացակարգը:

Այնուհետեւ Համայնքների Ֆինանսիստների Միավորման նախագահ Վահան Մովսիսյանը խոսեց տեղական ինքնակառավարմանը հանրային մասնակցության դերի եւ կարեւորության մասին: Ելույթներին հաջորդեց ակտիվ հարցուպատասխան:

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.