Թողարկում 275

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը հյուրընկալեց ՀՀ ԱԺ երկու մշտական հանձնաժողովների նախագահների

 

2017թ. հուլիսի 15-ին տեղի ունեցավ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի անդամների հանդիպումը ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի եւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հետ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը, որն իր խոսքում նշեց, որ մի քանի ամիս առաջ ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Հայաստանի ազգային պլատֆորմը ցանկություն ունի աշխատանքային հարաբերություններ ձեւավորել նաեւ ԱԺ հանձնաժողովների հետ: Այնուհետեւ բանախոսները ներկայացրին ԱԺ մշտական հանձնաժողովների գործունեությունը, ԵԽԽՎ-ում, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունների աշխատանքը, ինչպես նաեւ ԵՄ-Հայաստան հարաբերությունների լույսի ներքո քաղաքացիական հասարակության հետ համագործակցության իրենց տեսլականը: Վերջում տիկին Զոհրաբյանը եւ պարոն Աշոտյանը պատասխանեցին մասնակիցների հարցերին, տեղի ունեցավ ակտիվ քննարկում:

Հանդիպման վերաբերյալ մանրամասները կարող եք կարդալ հետեւյալ հղումներով՝

 https://www.azatutyun.am/a/28618184.html

http://www.aravot.am/2017/07/15/897592/

 

 

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

15.07.2017

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը անընդունելի է համարում «Ոսկե Ծիրան» փառատոնի շրջանակներում դրսեւորված գրաքննությունը եւ խտրականությունը:

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը, անտեսելով նախապես ձեռք բերված պայմանավորվածությունը, հրաժարվել է իրեն պատկանող Մալյան թատրոնի դահլիճը տրամադրել «Ոսկե Ծիրան» Երեւանի 14-րդ միջազգային կինոփառատոնին: Դրա արդյունքում փառատոնի ծրագրից հանվել է «Հայեր. հայացք ներսից եւ դրսից» խորագրով մոտ 40 ֆիլմերի արտամրցութային ցուցադրումը։ Ըստ միության ներկայացուցիչների` հարթակի մերժումը պայմանավորված է եղել մայիսի 23-ին ՀԿՄ նախագահ Ռուբեն Գեւորգյանցի մահվան կապակցությամբ այդ կառույցում շարունակվող սգով: Սակայն բազմաթիվ փաստերը վկայում են այն մասին, որ  մերժման իրական պատճառը նշված արտամրցույթային ծրագրում ներառված վավերագրական «Լսիր ինձ» եւ գեղարվեստական «Ծիրանի այգիներ» ֆիլմերն են, որոնք անդրադառնում են ԼԳԲՏ համայնքի խնդիրներին:

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը սա համարում Է գրաքննության եւ խտրականության խիստ դատապարտելի դրսեւորում եւ բոլոր հիմքերն ունի ենթադրելու, որ տեղի ունեցածը Հայաստանի որոշ, այդ թվում շատ ազդեցիկ շրջանակների ճնշման արդյունք է: Մենք հետամուտ ենք լինելու այս ամոթալի միջադեպի համար պատասխանատուների բացահայտմանը:

Նկատի ունենալով, որ «Ոսկե Ծիրանը» միշտ եղել է ազատ արտահայտման հարթակ եւ տուրք չի տվել որեւէ քաղաքական, գաղափարական  կամ այլ սահմանափակումների, մենք մեր խորը վրդովմունքն ենք հայտնում կինոփառատոնի բովանդակությանը իրականացված միջամտության առիթով:

Հաշվի առնելով, որ միջադեպը հետեւեց մի շարք այլ մտահոգիչ իրադարձությունների, մասնավորապես` «Հավասար իրավունքների» ու «Ընտանեկան բռնության» մասին օրինագծերի շրջանառության մեջ մտնելու հետաձգմանը, ՀՀ իշխանություններից ակնկալում ենք պետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարում, այդ թվում ԵՄ-Հայաստան համագործակցության օրակարգի հետեւողական իրականացում:

Արձանագրելով, որ տեղի ունեցածը բացասաբար է անդրադառնում երկրի համբավի վրա, հակասության մեջ է մտնում Հայաստանի` «Ստեղծարար Եվրոպա» հեռանկարային ծրագրին միանալու գործընթացի հետ, պահանջում ենք ՀՀ մշակույթի նախարարությունից եւ այլ  իրավասու կառույցներից` վճռականություն դրսեւորել բացառելու համար ստեղծագործական ազատության նկատմամբ որեւէ ճնշում:

Գիտակցելով առողջ ու առաջադեմ ուժերի համախմբան կարեւորությունը, կոչ ենք անում «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի պատասխանատուներին` հավատարիմ մնալ այն սկզբունքերին, որոնց շնորհիվ փառատոնը ձեռք բերեց միջազգային հեղինակություն, եւ առաջարկում ավելի սերտ համագործակցություն Հայաստանի քաղաքացիական հասարակության, մասնավորապես ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հետ` այսօրինակ ճնշումներին առավել արդյունավետորեն դիմակայելու նպատակով:

Ողջունելով տարբեր կազմակերպությունների կողմից խնդրո առարկա ֆիլմերը փառատոնի պաշտոնական շրջանակներից դուրս ցուցադրելու, ինչպես նաեւ «Հայեր. հայացք ներսից եւ դրսից» ամբողջ ծրագրի ներկայացման պատրաստակամությունը, դա գնահատում ենք որպես խտրականությանը ու  գրաքննությանը դիմակայելու հանրային ներուժի ձեւավորման վկայություն: Համոզված ենք, որ անհանդուրժողականության դրսեւորումները որեւէ առնչություն չունեն ազգային շահերի հետ եւ ոչ այլ ինչ են, քան Հայաստանի առաջադիմությանը խոչընդոտելու նպատակով արված սադրանք:

 

 

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի

Հայաստանի ազգային պլատֆորմի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ղարաբաղյան հակամարտության շփման գծում վերջին զարգացումների վերաբերյալ

 11 հուլիսի,  2017

Կիսելով ադրբեջանական Ալխանլի գյուղում երկու խաղաղ բնակիչների մահվան եւ մեկի ծանր վիրավորվելու ցավն ու վիշտը,

Նշելով, որ չնայած 1994 թվականի մայիսից կրակի դադարեցման ռեժիմի հաստատմանը, երկու կողմերից էլ տուժել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ եւ բազմաթիվ քաղաքացիական օբյեկտներ,

Ընդգծելով, որ հենց 2016-ի ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա պատերազմի արդյունքում քաղաքացիական բնակչության անվտանգությունը դարձավ առավել խոցելի, եւ հարաբերական խաղաղությունը տարածաշրջանում՝ շատ ավելի փխրուն,

Մեր վրդովմունքն արտահայտելով անցյալ տարվա ագրեսիայի ժամանակ Մարտունու դպրոցի բակում հայ երեխաներին սպանած եւ վիրավորած, Թալիշ գյուղի խաղաղ բնակիչներին եւ գերեվարված հայ զինվորներին ցինիկաբար խոշտանգած եւ անարգանքի ենթարկած ադրբեջանական զինվորականներին անպատիժ թողնելու, ավելին՝ նրանց հերոսացնելու կապակցությամբ,

Արձանագրելով, որ ռազմական հանցագործությունների հանդեպ համարժեք արձագանքի բացակայությունն էլ ավելի է մեծացնում արարքների դաժանությունն ու անմարդկայնությունը,

Միանալով միջազգային եւ ազգային կառույցներին ուղղված քաղաքացիական հասարակության կոչերին՝ հանգամանորեն հետաքննել Ալխանլի գյուղում տեղի ունեցած ողբերգական միջադեպի, ինչպես նաեւ շփման գծի երկու կողմերում խաղաղ բնակիչների մահվան եւ քաղաքացիական օբյեկտների խոցման՝ դրան նախորդած իրադարձությունները,

Հիշեցնելով կրակի դադարեցման ռեժիմի խախտումների վերահսկման մեխանիզմների գործադրման 2016 թվականի մայիսին հաստատված համաձայնության չկատարման վերաբերյալ պաշտոնական Բաքվի պատասխանատվությունը,

ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ միջազգային այլ ատյաններին ուղղված վերջին դեպքը հետաքննելու վերաբերյալ հարեւան երկրում հնչող պահանջները գնահատելով որպես երեսպաշտության, անհետեւողականության, միակողմանիության եւ հիմնախնդրի լուծման ապակառուցողական մոտեցման դրսեւորում,

Մատնանշելով, որ պաշտոնական Բաքվի նախաձեռնությամբ Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի փակումը ակներեւ է դարձնում միջազգային կառույցների դերակատարումը նրա կողմից նվազեցնելու միտումը,

Կողմնակից լինելով բանակցությունների միջոցով Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման սկզբունքներին,

Մենք՝ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի (ԱլԳ  ՔՀՖ ՀԱՊ) անդամներս, կոչ ենք անում

  • հակամարտող կողմերին՝ կտրականապես հրաժարվել բնակավայրերում կրակակետերի տեղակայումից, բացառել փոխհրաձգությունները, զինված բախումները եւ դիվերսիոն գործողությունները, որոնց արդյունքում կարող է տուժել խաղաղ բնակչությունը,
  • Եվրոպական միությանը եւ ողջ միջազգային հանրությանը՝ վճռական ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս հրաժարվի  կրակի դադարեցման ռեժիմի խախտումների հանդեպ վերահսկողական մեխանիզմների ներդրման վերաբերյալ Վիեննայում 2016 թվականի մայիսի 16-ին եւ Սանկտ Պետերբուրգում՝ 2016 թվականի  հունիսի 20-ին ձեռք բերված համաձայնությունների արգելափակումից,
  • ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի գործընկերներին՝ արտահայտել իրենց սկզբունքային դիրքորոշումը վերը նշված մեխանիզմների անհապաղ ներդրման անհրաժեշտության, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջեւ կառուցողական երկխոսության արհեստական խոչընդոտների վերացման, այդ թվում լրագրողների եւ ակտիվիստների հանդեպ անօրինական հետապնդումների վերաբերյալ։
Advertisements
This entry was posted in Հայերեն, Uncategorized and tagged , , , , . Bookmark the permalink.