Թողարկում 273

ԱլԳ ՔՀՖ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ քաղաքացիների տնտեսական եւ սոցիալական իրավունքների ապահովման մասին

22 հունիսի, 2017

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ քաղաքացիների տնտեսական եւ սոցիալական իրավունքների պաշտպանության ուղղությամբ ՀՀ-ում քաղաքականության մշակման ու իրականացման գործընթացում քաղաքացիական հասարակության հետ արդյունավետ համագործակցության պակասի վերաբերյալ: Դրա հետեւանքով խախտվում են ՄԱԿ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով նախատեսված մի շարք տնտեսական ու սոցիալական իրավունքներ, անբավարար են կատարվում «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության» հիմնական դրույթները:

Նշվածը արտահայտվում է մասնավորապես վերջերս ընդունված հարկային օրենսգրքում, ինչպես նաեւ հարկաբյուջետային քաղաքականությունը ձեւավորող այլ նորմատիվ իրավական ակտերում: Տպավորություն է ստեղծվում, որ այդ ակտերը ուղղված են միմիայն ՀՀ պետական բյուջեն լրացնելու նպատակին` ի հաշիվ քաղաքացիների սահմանադրական իրավունքների:

Այսպես, ՀՀ հարկային օրենսգիրքը ընդունվեց քաղաքացիական հասարակության եւ բիզնես ոլորտի ներկայացուցիչների կարծիքների մեծ մասի անտեսմամբ, ինչի հետեւանքով այսօր այն գտնվում է փոփոխության ու լրացման ակտիվ գործընթացի ներքո: Սակայն կրկին քաղաքացիական հասարակության, փորձագիտական հանրության ներկայացուցիչների՝ հայեցակարգային փոփոխություններին վերաբերող առաջարկությունները, որոնք միտված են ՀՀ քաղաքացիների ու իրավաբանական անձանց տնտեսական ու սոցիալական իրավունքների իրացմանը, բավարար ուշադրության չեն արժանանում: Նույնը կարելի է ասել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի» մասին, որը պարունակում է ճանապարհային երթեւեկության կանոների խախտման համար նախատեսված տուգանքների անհարկի մեծ չափեր եւ երթեւեկությունը խոչընդոտող շատ դրույթներ: Մեծ խնդիր է շարունակում մնալ այսպես կոչված «կարմիր գծերի» համար տեղական տուրքի գանձումը, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության ու շուրջ 10 նորմատիվ ակտերի դրույթներին:

Մեր մտահոգությունն ենք արտահայտում նաեւ վերջերս ընդունված ու տարաձայնություններ առաջացրած «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի կապակցությամբ: Այն որոշակի հակասությունների մեջ է մտնում ՀՀ հարկային օրենսգրքի՝ պարտադիր վճարներին վերաբերող դրույթների, հիմնադրամների մասին օրենսդրությամբ նախատեսված կամավորության սկզբունքների հետ, ինչպես նաեւ՝ վարչարարական լուրջ խնդիրներ է առաջացնում ՀՀ զինված ուժերում ծառայողների ընտանիքների անդամներից գանձվող վճարների ու վերադարձի առումով:

Վերոհիշյալը թույլ է տալիս պնդել, որ ՀՀ իշխանությունները բավարար չափով հետամուտ չեն նաեւ իրենց միջազգային պարտավորություններին, այդ թվում`2016թ. մայիսին հաստատված «Արեւելյան գործընկերություն` կենտրոնանալով առանցքային առաջնահերթությունների եւ գործնական արդյունքների վրա» համատեղ փաստաթղթով սահմանված գերակայություններին ու նպատակներին: Երկրում մարդու իրավունքների ոլորտի ոչ պատշաճ համապատասխանեցումը միջազգային ստանդարտներին, ի թիվս այլ բացասական հետեւանքների, կարող է անդրադառնալ նաեւ ԵՄ Արտոնությունների ընդհանրացված համակարգով (GSP+) Հայաստանի՝ որպես շահառուի կարգավիճակի վրա:

Նշված հիմախնդիրների հաղթահարման նպատակով կոչ ենք անում ՀՀ Ազգային ժողովին եւ կառավարությանը՝ քաղաքացիական հասարակության եւ փորձագիտական հանրության հետ համագործակցությամբ.

  • լրամշակել համապատասխան օրենսդրական ու նորմատիվ ակտերը՝ ապահովելով քաղաքացիների տնտեսական եւ սոցիալական իրավունքների լիարժեք իրացումը,
  • քննարկել եւ վերանայել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 483-Ն որոշմամբ հաստատված «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից» բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագիրը, այն համապատասխանեցնելով ՀՀ կողմից ստնաձնած պարտավորություններին, մասնավորապես ԵՄ-֊֊֊֊֊֊֊֊֊֊֊Հայաստան համագործակցության առաջնայնություններին,
  • ձեւավորել այդ ռազմավարության հետեւողական իրականացման վերաբերյալ արդյունավետ վերահսկողության մեխանիզմներ` հատուկ ուշադրություն դարձնելով քաղաքացիների տնտեսական ու սոցիալական իրավունքների ապահովմանը,
  • այդ ռազմավարության մոնիթորինգի ու վերահսկողության գործընթացում ներգրավել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը, ունենալով նշված խնդիրների հաղթահարման հստակ տեսլական, պատրաստակամ է այդ գործում ներդնել իր փորձագիտական ներուժն ու կազմակերպական կարողությունները:

 

Վարշավայում տեղի է ունենում Արեւելյան գործընկերության երրորդ Երիտասարդական համաժողովը

Բրյուսել, 22/06/2017

2017 թվականի հունիսի 22-23-ը Վարշավայում տեղի է ունենում Արեւելյան գործընկերության (ԱլԳ) երիտասարդական համաժողովը, որը միավորում է ավելի քան 300 երիտասարդ առաջնորդների, երիտասարդ գործիչների եւ երիտասարդ քաղաքականություն մշակողների ԵՄ անդամ պետություններից եւ Եվրամիության վեց արեւելյան հարեւան երկրներից` Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից , Մոլդովայի Հանրապետությունից եւ Ուկրաինայից: 2017 թվականի նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ՝ Համաժողովը, որը կազմակերպվել է Եվրոպական հանձնաժողովի եւ Լեհաստանի արտաքին գործերի նախարարության կողմից, բացառիկ հնարավորություն է ընձեռում քննարկելու երիտասարդներին առնչվող քաղաքականություններ եւ երիտասարդական ծրագրեր:

«Երիտասարդների շրջանում ակտիվ, քննադատ եւ պատասխանատու քաղաքացիների առկայությունը կարեւոր է Եվրամիությունում եւ մեր Արեւելյան հարեւանության տարածքում առկա մարտահրավերներին արձագանքելու տեսանկյունից: Վարշավայում կայանալիք Արեւելյան գործընկերության երիտասարդական համաժողովի ընթացքում ակնկալում եմ ակտիվ քննարկումներ երիտասարդների հետ: Համաժողովում մշակված առաջարկությունները կնպաստեն մեր կողմից երիտասարդությանն առնչվող քաղաքականության մշակմանը: Ակնկալում եմ, որ երիտասարդությունը կարեւոր տեղ կզբաղեցնի նոյեմբերյան Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում քննարկվող հարցերի շարքում», – համաժողովի նախօրեին ասաց Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանը:
Երկօրյա միջոցառման ընթացքում Եվրամիության եւ վեց արեւելյան հարեւան երկրների երիտասարդները ինտենսիվ սեմինարների ընթացքում կմշակեն առաջարկություններ, որը առաջիկա ԱլԳ գագաթնաժողովի շրջանակներում կներկայացվի ԱլԳ քաղաքականություն մշակողներին: Առաջարկությունները կմշակվեն երեք հիմնական ուղղություններով. 1.Երիտասարդներ, որպես ակտիվ, քննադատ եւ պատասխանատու քաղաքացիներ, 2. Երիտասարդներ եւ ձեռնարկատիրություն` ապագան սեփական ձեռքերում, 3. երիտասարդները եւ կրթությունը այսօր` ֆորմալ, ոչ ֆորմալ եւ ինֆորմալ կրթություն: Երիտասարդական համաժողովը նաեւ հնարավորություն կընձեռի ծանոթանալու կամավորության, ֆինանսավորման, սոցիալական ձեռներեցության խնդիրներին եւ զարգացնելու բջջային հավելվածների կիրառման եւ ռազմավարական հաղորդակցության հմտությունները:

Ընդհանուր տեղեկություններ

Արեւելյան գործընկերությունը համատեղ նախաձեռնություն է, որը մեկնարկել է 2009 թվականին եւ միտված է խորացնելու հարաբերությունները Եվրամիության եւ արեւելյան վեց հարեւան երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության եւ Ուկրաինայի միջեւ:
Արեւելյան գործընկերության հիմքում համընդհանուր արժեքներն են՝ հիմնարար ազատությունները, ժողովրդավարությունը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը եւ օրենքի գերակայությունը, ինչպես նաեւ շուկայական տնտեսության եւ կայուն զարգացման նկատմամբ համատեղ հանձնառությունը:

Արեւելյան գործընկերության Երիտասարդական համաժողովը Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված երրորդ խորհրդաժողովն է՝ նվիրված երիտասարդներին առնչվող հարցերին: Նախորդ ԱլԳ Երիտասարդական համաժողովները տեղի են ունեցել 2013 թվականին Լիտվայում եւ 2015 թվականին Լատվիայում, որոնք կենտրոնացել են համապատասխանաբար սոցիալական ներգրավվածության եւ զբաղվածության եւ աշխատունակության հարցերին:

Տարածաշրջանում Եվրամիության կողմից ֆինանսավորվող երիտասարդության աջակցությանը նվիրված հիմնական ծրագրերից մեկը ԵՄ-ն Երիտասարդության համար նոր նախաձեռնությունն է, որի միջոցով տրամադրվում է ընդհանուր 20 միլիոն եվրո` ի նպաստ երիտասարդների ակտիվ մասնակցությանը հասարակական կյանքին եւ աշխատունակության բարձրացմանը, զարգացնելով նրանց որպես առաջնորդներ եւ գործարարներ հանդես գալու հմտությունները:

Բացի այդ, ԵՄ-ն Երիտասարդության համար ծրագիրը կտրամադրի 8 մլն եվրո դրամաշնորհ աջակցելու երիտասարդների մասնակցությանը քաղաքական, սոցիալական եւ տնտեսական կյանքին:

 

ԵՄ խոսնակի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մահվան դեպքերի առնչությամբ

Բրյուսել, 22/06/2017

Հրադադարի վերջին խախտումները, որոնց հետեւանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում եղան բազմաթիվ զոհեր, ակնհայտ հիշեցում են առ այն, որ ստատուս քվոն անկենսունակ է:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները բազմիցս հայտարարել են հրադադարի ռեժիմի պահպանման եւ այդ հակամարտության խաղաղ հանգուցալուծման նկատմամբ իրենց հանձնառության մասին:

Եվրոպական միությունն ակնկալում է լարվածության թուլացում եւ զսպվածության ցուցաբերում՝ թե՛ գործերում եւ թե՛ խոսքում:

Եվրամիությունն իր լիարժեք աջակցությունն է հայտնում Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ միանում նրանց հունիսի 19-ի հորդորին, որում կողմերին կոչ է արվում անհապաղ քննարկել հակամարտության գոտում, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի ողջ երկայնքով լարվածության նվազեցումը եւ վերստին ներգրավվել բովանդակային բանակցություններում` դրսեւորելով անհրաժեշտ բարեխղճություն եւ քաղաքական կամք:

 

ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումը մասնակցել է Արեւելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը

Հունիսի 19-ին Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը (ներկայացնում էր ԱլԳ ՔՀՖ Ղեկավարի կոմիտեի համանախագահ Հեննադի Մակսակը) Լյուքսեմբուրգում մասնակցել է Եվրոպական միության եւ Արեւելյան գործընկերության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը: Հանդիպմանը ներկա են եղել եւ ելույթներ ունեցել ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը, ԵՄ եւ Արեւելյան գործընկերության երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները:

Իր ուղերձում Հեննադի Մակսակը ողջունել է Արեւելյան գործընկերությունը՝ որպես համապարփակ քաղաքականություն, զարգացնելու եւ կատարելագործելու վերջին ջանքերը: Նա ողջունել է նաեւ քաղաքացիական հասարակության ակտիվ դերակատարումը Արեւելյան գործընկերության նպատակների ձեւավորման հարցում եւ ԱլԳ-ի ճանաչմանը՝ որպես միջոլորտային բաղադրիչ «Արեւելյան գործընկերություն. 20 արդյունք 2020 թվականի համար» միացյալ աշխատանքային փաստաթղթում՝ ընդգծելով դրա կարեւոր դերը համապատասխան երկրների քաղաքացիների հետ հաղորդակցվելու եւ այդ քաղաքականությունը նրանց ավելի մոտ դարձնելու առումով:

Արտգործնախարարների հանդիպման շրջանակներում ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեի համանախագահ Հեննադի Մակսակը հանդես է եկել ելույթով, որում խոսել է 2017 թվականի առաջին կիսամյակում ԱլԳ անդամ պետություններում կատարված աշխատանքների, դրական զարգացումների մասին, ինչպես նաեւ Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ ստորագրվելիք նոր համաձայնագրի մասին:

ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի համանախագահը ընդգծել է նաեւ իրենց կառավարությունների հետ միասին ՔՀԿ-ների՝ որպես ռեֆորմների իրականացման հարցում ակտիվ դերակատարների կարեւորությունը եւ կոչ արել ավելի ակտիվ ներգրավվել ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումում, մասնավորապես քաղաքականության մշակման հարցում: Սա հնարավոր է Ֆորումի տրամադրության տակ գտնվող այնպիսի գործիքների շնորհիվ, ինչպիսիք են ԱլԳ Ինդեքսը եւ Հատուկ մոնիթորինգային առաքելությունները, որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը տեղում իրավիճակի գնահատման առումով:

Հեննադի Մակսակը խոսել է նաեւ 2017 թվականի առաջին կիսամյակում տեղի ունեցած դրական զարգացումների մասին, նշելով Վրաստանին եւ Ուկրաինային տրամադրված ազատ վիզային ռեժիմը, ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ վերջերս նախաստորագրված համաձայնագիրը, ինչպես նաեւ Ադրբեջանի հետ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները: Այնուամենայնիվ, նա բարձրաձայնել է նաեւ քաղաքացիական հասարակության մտահոգությունները Ռուսաստանի իշխանությունների՝ ԱլԳ տարածաշրջանում քաղաքական եւ տնտեսական վերահսկողություն իրականացնելու մասին՝ հիշեցնելով, որ ԱլԳ երկրներում միլիոնավոր մարդիկ չեն օգտվում մարդու իրավունքներից ու ժողովրդավարական արժեքներից, որոնց վրա հիմնված է Արեւելյան գործընկերությունը:

Անդրադառնալով մի շարք կարեւոր հարցերի՝ Մաքսակը կոչ է արել ԱլԳ երկրների իշխանություններին՝ լուծելու իրենց երկրներում ամենահրատապ հարցերը, եւ դիմել է ԵՄ կառույցներին՝ ԱլԳ քաղաքականությունը իրենց օրակարգում պահելու, ինչպես նաեւ նպաստելու ԱլԳ երկրներում կայունությանը, որը էական նշանակություն ունի հենց ԵՄ-ի կայունության համար:

Մաքսակն իր ելույթի՝ Հայաստանին նվիրված հատվածում մասնավորապես կոչ է արել Հայաստանի իշխանություններին՝ դադարեցնել 2016 թվականի հուլիսի խաղաղ ցույցերին մասնակցած քաղաքացիական ակտիվիստների, ինչպես նաեւ տարբեր քաղաքական հայացքներով մարդկանց նկատմամբ քաղաքական հետապնդումները եւ քրեական մեղադրանքները: Նմանատիպ հետապնդումները դիտարկվում են որպես 2008 թվականին Կառավարության կողմից քաղաքական անհանդուրժողականությունը եւ քաղաքացիական ակտիվիզմը ճնշելու համար կիրառվող պրակտիկայի կրկնություն: Պետք է վերացնել ոստիկանության անպատժելիությունը՝ պատասխանատվության ենթարկելով 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած խաղաղ ցույցերի ժամանակ մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար բոլոր մեղավորներին: Իշխանությունները պետք է Հայաստանում ապահովեն ազատ արտահայտվելու եւ հավաքների ազատության արդյունավետ կիրարկում: Ելույթում նշվում է, որ դատաիրավական բարեփոխումները պետք է հստակ հետեւեն միջազգային կազմակերպությունների առաջարկություններին, ինչպես նաեւ ապահովեն տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցությունը բարեփոխումների ծրագրի մշակման, իրականացման եւ մոնիթորինգի գործընթացում: Կոչ է արվել նաեւ անհապաղ վերսկսել ընտանեկան բռնության եւ խտրականության մասին օրենքի քննարկման եւ ընդունման գործընթացը:

Հեննադի Մակսակի ամբողջական ելույթին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումներով՝

Address by the EaP CSF at the Eastern Partnership Ministerial Meeting

http://eap-csf.eu/index.php/2017/06/19/eap-csf-participates-in-the-eastern-partnership-ministerial-meeting/

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.