Տեղի է ունեցել Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 8-րդ հանդիպումը
Բրյուսել, 30 մայիսի, 2017
2017 թվականի մայիսի 29-ին Բրյուսելում կայացավ Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության ամենամյա հանդիպումների 8-րդ փուլը:
Եվրոպական միությունն ու Հայաստանը ողջունեցին Հայաստանում մարդու իրավունքների խթանման ուղղությամբ ձեռք բերվող շարունակական առաջընթացը: ԵՄ-ն համակարծիք է Վենետիկի հանձնաժողովի հետ առ այն, որ ՀՀ նոր Սահմանադրությունը դրական զարգացում է, և որ կարևոր է այն արագ և արդյունավետ եղանակով կյանքի կոչել:
Ի գիտություն ընդունելով 2017 թվականի ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելության զեկույցը՝ ԵՄ-ն ընդգծեց, որ նախընտրական փուլում և ընտրությունների օրը տեղի ունեցած բոլոր ենթադրյալ իրավախախտումների ուղղությամբ անհրաժեշտ է իրականացնել հետևողական և պատշաճ քննություն, և ապահովել արդար պայմաններ բոլոր թեկնածուների համար:
Երկխոսության ընթացքում կարևորվեց ազատ և բազմակարծություն ապահովող լրատվական միջավայրը, ինչպես նաև քաղաքական բազմակարծությունը՝ որպես ժողովրդավարական ընտրությունների իրականացման նախապայման: ԵՄ-ն հորդորեց Հայաստանին ավելացնել կանանց և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությունը քաղաքական դաշտում:
ԵՄ-ն Հայաստանին կոչ արեց ընդունել ընտանեկան բռնության մասին առանձին օրենք և ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի» (ԿԽՎԿ) Եզրափակիչ դիտողություններին համահունչ՝ գործարկել բռնության զոհերի աջակցության բազմակողմանի ուղղորդման մեխանիզմ, ինչպես նաև ընդունել խտրականության դեմ առանձին օրենք, ընդգծելով՝ հանձնառությունը բոլոր մարդկանց իրավունքների համընդհանրության սկզբունքի վերաբերյալ:
Կողմերը կշարունակեն համագործակցել պետական հաստատություններում կարողությունների կատարելագործման ուղղությամբ՝ ի նպաստ կանանց և տղամարդկանց հավասարության ապահովման: ԵՄ-ն Հայաստանին կոչ արեց ստորագրել և վավերացնել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան» (Ստամբուլի կոնվենցիան):
ԵՄ-ն արձանագրեց Հայաստանում խոշտանգումների և վատ վերաբերմունքի դրսևորման կանխարգելման վերաբերյալ օրենսդրության ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը և ընդգծեց, որ կարիք կա այն է՛լ ավելի ամրապնդել՝ իրականացնելով, մասնավորապես, Խոշտանգումների դեմ պայքարի հարցերով կոմիտեի Եզրափակիչ դիտողությունները, այդ թվում ներդնելով իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից մարդու իրավունքների և ազատությունների դեմ կատարված որոշ հանցագործությունների արդյունավետ քննության եւ քրեական հետապնդման անկախ եւ անկողմնակալ մեխանիզմ:
Երկխոսությունը հնարավորություն տվեց բաց և կառուցողական մթնոլորտում քննարկել մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում: Երկխոսությանն ընդառաջ՝ Եվրոպական միությունը, հավատարիմ մնալով իր քաղաքականությանը, խորհրդատվական բնույթի հանդիպումներ էր ունեցել Հայաստանի և միջազգային հասարակական կազմակերպությունների հետ:
ԵՄ պատվիրակությունը գլխավորում էր Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության (ԱԳԵԾ) Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Դիրկ Շուբելը, իսկ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: Նիստին մասնակցեցին նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության (ԱԳԵԾ)գենդերային հարցերով և ՄԱԿ-ի ԱԽ 1325 բանաձևի գծով ավագ խորհրդական Մառա Մարինակին:
Դիմելու հրավեր. հեռարձակման խորացված դասընթաց «Պատմելով մի մարդու պատմություն» և «ԵՄ-Հայաստան փոխհարաբերությունների լուսաբանում» թեմաներով
Երևան, 29.05.2017
2017 թ. հունիսի 23-ից 25-ը Եվրոպակա միության կողմից ֆինանսավորվող Open Media Hub ծրագիրը կազմակերպում է հեռարձակման խորացված դասընթաց՝ նախատեսված հայկական ԶԼՄ-ները ներկայացնող 15 հեռուստալրագրողների /օպերատորների/ մոնտաժողների համար: Լուրերի պատրաստման եռօրյա դասընթացը միտված է մոնտաժի, նկարահանման, գրելու և խմբագրելու հմտությունների բարելավմանը:
Դասընթացի ընթացքում մասնակից հեռուստաթիմերը կթողարկեն ազդեցիկ և տեղեկատվական տեսանյութեր, որոնք համապատասխանում են ձեր ԶԼՄ-ի պահանջներին և լուրերի հեռարձակման ձեր ձևաչափին: Պատմությունները կհեռարձակվեն ինչպես ձեր ԶԼՄ-ներով, այնպես էլ հասանելի կլինեն Open Media Hub հարթակում և կայքում՝ մասնակիցների միջև տեղական և միջազգային մակարդակներում փոխանակման համար:
Պատմությունների թեմաները հետևյալն են՝ «Պատմելով մի մարդու պատմություն» և «ԵՄ–Հայաստան փոխհարաբերությունների լուսաբանում»:
Դասընթացի առանցք կհանդիսանա նաև «Լինել 20 տարեկան» շարքը: Open Media Hub-ի կողմից մշակված և ներկայացված «Լինել 20 տարեկան» շարքը կազմված է 90 վայրկյան տևողությամբ կարճ պատմվածքներից, որոնք պատկերում են Եվրոպական հարևանության երկրների երիտասարդության կյանքն և ձգտումները: Յուրաքանչյուր պատմություն հետագայում կարող է օգտագործվել բոլոր մասնակիցների կողմից կամ որպես առանձին պատմվածք կամ որպես պատմվածքների շարք. Սա մենք իրականացնելու ենք Եվրոպական հարևանության 17 երկրներում, որտեղ ծավալվում է մեր գործունեությունը: Ավելի ուշ կհայտարարվի մրցույթ, որի հաղթողները այդ շարքի պատմվածքները թողարկելու համար կստանան ֆինանսավորում:
Դասընթացը կվարեն լրագրողներ Ստեֆան Բենտուրան և Սայմոն Հասթինգը ՝ Նինա Իսկանդարյանի աջակցությամբ:
Պատմվածքները կքննարկվեն և կընտրվեն դասընթացից առաջ ՝ Ստեֆան Բենտուրայի հետ համագործակցելով: Դասընթացի ընթացքում մասնակից թիմերից պահանջվում է ապահովել իրենց սեփական նկարահանման և մոնտաժման սարքավորումը:
Դիմելու համար մուտք գործեք www.openmediahub.com կայք: Դիմումների վերջնաժամկետն է՝ 2017 թ. հունիսի 9՝ ժամը 11:45: Այն ԶԼՄ-ները, որոնք մասնակցել են նախորդ ծրագրերին և հուշագրեր են ստորագրել Open Media Hub-ի հետ, կդիտարկվեն առաջին հերթին:
Open Media Hub ծրագիրը նպատակ ունի բարելավել լրագրողների և ԶԼՄ կառավարիչների մասնագիտական հմտությունները և աջակցել տեսաձայնային բովանդակության և առցանց նյութերի պատրաստմանը Եվրոպական հարևանության երկրներում, ինչպես նաև նպաստելու անկախ ԶԼՄ-ների զարգացմանը: Ծրագիրն իրականացվում է կոնսորցիումի կողմից՝ Thomson Foundation-ի գլխավորությամբ և ներառում է եվրոպական այնպիսի ԶԼՄ կազմակերպություններ, ինչպիսիք են France Médias Monde, European Journalism Center և Free Press Unlimited:
Տեղի է ունեցել ՔՀՖ ՀԱՊ 1-ին և 2-րդ աշխատանքային խմբերի համատեղ հանդիպում
2017թ. մայիսի 30-ին ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) քարտուղարության գրասենյակում տեղի է ունեցել ՀԱՊ 1-ին եւ 2-րդ աշխատանքային խմբերի համատեղ հանդիպում։
ՀԱՊ 2-րդԱԽ անդամ Մովսես Արեստակեսյանը ներկայացրել է օրակարգով նախատեսված հարցերը:
Մասնակիցները քննարկումներ են ծավալել՝
- «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՕ-245-Ն ՀՀ օրենքում,
- «ՀՀ եկամտային հարկի մասին օրենքում»,
- «ՀՀ գույքահարկի մասին օրենքում»,
- «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ» Օրենսգրքում (ավտոտրանսպորտի եւ ճանապարհային երթեւեկության մասով),
- ՀՀ 13 նորմատիվ իրավական ակտերի մեջ (այսպես կոչված «Կարմիր գծերի» մասով)
լրացումներ եւ փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին։
Որոշվել է, որ Մ. Արիստակեսյանի կողմից կպատրաստվի համաձայնագիր, որտեղ կընդգրկվեն նաև Թաթուլ Մանասերյանի, Հայկակ Արշամյանի եւ Արամ Գրիգորյանի առաջարկությունները, որից հետո այն կդրվի շրջանառության մեջ։