Տեղեկատվություն ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի ընթացիկ գործունեության վերաբերյալ
- 2017թ. մայիսի 2-ին տեղի է ունեցել ԵՄ ընդհանրական առաքելության ներկայացուցիչների հանդիպումը ՀԱՊ գործադիր մարմնի եւ ՀԱՊ քարտուղարության անդամների հետ ։ Քննարկվող հարցերը վերաբերել են ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի դերին, հայաստանյան քաղաքացիական հասարակության տարբեր դերակատարների համախմբմանը, կառավարության եւ տեղական իշխանությունների հետ երկխոսության հաստատմանը, ԵՄ դրամաշնորհային ծրագրեր արդյունավետությանը եւ մի շարք այլ խնդիրների։
- 2017թ.մայիսի 5-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի է ունեցել ՔՀՖ ՀԱՊ համաժողով։ Մասնակիցները քննարկել են ՔՀՖ ՀԱՊ կազմակերպական սկզբունքներում առաջարկված փոփոխությունները։ Տեղի է ունեցել քվեարկություն։ համաժողովը քննարկել է նաեւ ՀԱՊ ընթացիկ գործունեությանն առնչվող հարցեր։ «ԲՀՀ-Հայաստան»-ի քաղաքացիական հասարակության ծրագրերի համակարգող Տաթեւիկ Խաչատրյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրել է ԱլԳ 1-ին՝ Ժողովրդավարություն, պատշաճ կառավարում եւ կայունություն աշխատանքային խմբի 17-րդ հանդիպման մասին տեղեկատվություն։
- 2017թ. մայիսի 10-ին ՔՀՖ ՀԱՊ անունից տարածվել են հետեւյալ հայտարարությունները.
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՄ դրամաշնորհների չարաշահման վերաբերյալ
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փակման վերաբերյալ
- 2017թ. մայիսի 10-13-ին ՔՀՖ Հայաստանի պատվիրակները Բրյուսելում մասնակցել են ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի 1-ին աշխատանքային խմբի հանդիպմանը։
- 2017թ. մայիսի 16-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի է ունեցել ՀԱՊ համաժողով, որտեղ ներկայացվել են ԱլԳ ՔՀՖ 2017թ. ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակում Հայաստանից առաջնորդող ՀԿ-ների հաղթած ծրագրերը։
- 2017թ. մայիսի 19-ին ՀՀ արտգործնախարարությունում տեղի է ունեցել ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ կառավարություն ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ԵՄ-Հայաստան գործընկերության առաջնայնություններին վերաբող հարցեր։
- 2017թ. մայիսի 23-ին Համագործակցության հուշագիր է ստորագրվել Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի 2-րդ եւ 3-րդ աշխատանքային խմբերի միջեւ։
ՀՀ-ԵՄ օրակարգային հարցերի քննարկում Կառավարության եւ քաղհասարակության միջեւ
19.05.2017
Աղբյուրը՝ ՀՀ ԱԳՆ կայքէջ
Մայիսի 19-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ ՀՀ կառավարության եւ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջեւ հանդիպում, որի նպատակն էր քննարկել ՀՀ-ԵՄ 2017-2020թթ. գործընկերության առաջնայնությունների փաստաթղթի ուրվագիծը, ինչպես նաեւ համապատասխան ուղղություններով համատեղ աշխատանքի հնարավորությունները:
Հանդիպմանը, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, մասնակցեցին ՀՀ արտաքին գործերի, տնտեսական զարգացման ու ներդրումների, միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների եւ արդարադատության նախարարների տեղակալները, Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի գործադիր կոմիտեի, քարտուղարության ու մի շարք անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Քննարկումների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել երկխոսությունը Հայաստան-ԵՄ օրակարգային հարցերի շուրջ:
Մայիսի 23-ին Բրյուսելում կայացավ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 17-րդ նիստը
Աղբյուրը՝ ՀՀ ԱԳՆ կայքէջ
Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորում էր արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, իսկ Եվրոպական միության պատվիրակությունը՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:
Հայաստանի պատվիրակության կազմում էին տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը:
Կողմերն անդրադարձ կատարեցին Համագործակցության խորհրդի նախորդ նիստից հետո արձանագրված ձեռքբերումներին:
Հանգամանալից քննարկում ծավալվեց Հայաստան-Եվրոպական միություն օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ, այդ թվում՝ քաղաքական երկխոսություն, առևտրի և ոլորտային համագործակցություն, մարդու իրավունքներ, շարժունակություն, բարեփոխումների գործընթաց: Խորհրդի նիստին մտքեր փոխանակվեցին Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության 2017-2020թթ. առաջնահերթությունների շուրջ։
Անդրադարձ կատարվեց նախորդ տարվա ընթացքում բարձր մակարդակի փոխայցերին, Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ արդյունավետ բանակցություններին, ԵՄ տարբեր ծրագրերում Հայաստանի մասնակցությանը:
Ընդգծելով ընթացիկ տարվա փետրվարին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի կողմից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը և մարտին Երևանում դրա նախաստորագրումը՝ հույս հայտնվեց, որ Համաձայնագիրը հնարավոր կլինի ստորագրել ԵՄ Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովի ընթացքում:
Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Արևելյան գործընկերության նպատակներին և իր նպաստը բերել այդ բազմակողմ ձևաչափում իրականացվող համատեղ ջանքերին:
Անդրադարձ կատարվեց վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանի արձանագրած ձեռքբերումներին, այդ թվում COSME և Հորիզոն 2020 ծրագրերին միանալը, ինչպես նաև Ստեղծագործ Եվրոպա ծրագրի և Ընդհանուր ավիացիոն գոտու շուրջ մեկնարկած բանակցություններին:
Ընդգծվեց Հայաստանի և Եվրոպական միության ակտիվ համագործակցությունը մուտքի արտոնագրերի դյուրացման գործընթացի և հետընդունման համաձայնագրերի իրականացման ուղղությամբ: Էդվարդ Նալբանդյանն այս համատեքստում նշեց, որ Հայաստանն ակնկալում է մեկնարկել մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսությունը, ինչպես դա ավելի վաղ նախանշվել էր Ռիգայում:
Նախարարի պաշտոնակատար Նալբանդյանն անդրադարձավ նաև 2017թ. ապրիլի 2-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին` նշելով, որ դրանց աննախադեպ մեծ թվով միջազգային դիտորդներ էին հետևում, ովքեր հայտարարեցին, որ ընտրությունները եղել են լավ կազմակերպված, հիմնարար ազատությունները պաշտպանվել են, և արդյունքներն արտահայտել են բնակչության կամքը: Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց Եվրոպական միությանը՝ ընտրական գործընթացի թափանցիկությունն ապահովելու նպատակով ֆինանսական ու տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար:
Կողմերը քննարկեցին միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցեր, այդ թվում անդրադարձ կատարելով Իրանին, Թուրքիային, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը՝ ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ:
Էդվարդ Նալբանդյանը հավելեց, որ 2016թ. ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ամենալայնամասշտաբ ռազմական գործողություններն էին 1994 և 1995թթ. եռակողմ զինադադարի համաձայնագրերի կնքումից ի վեր: Նախարարի պաշտոնակատարը շեշտեց նաև, որ ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն խախտումները Արցախի բնակչությանը ահաբեկելու նպատակ էին հետապնդում:
Բարձր ներկայացուցիչ Մոգերինին հայտնեց, որ հիմնահարցը չունի ռազմական լուծում, և Եվրոպական միությունը լիովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը:
Կարևորելով Եվրոպական միության սկզբունքային դիրքորոշումը՝ հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանը այլընտրանքի բացակայության վերաբերյալ, նախարարի պաշտոնակատար Նալբանդյանը նշեց, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները, թեև դրանց կարևորությունը շարունակաբար ընդգծվում է, ներառյալ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ վերջերս Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ:
Շնորհակալություն հայտնելով Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 17-րդ նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար՝ Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ Հայաստանն ակնկալում է շարունակել արդյունավետ համագործակցությունը Եվրոպական միության հետ:
Նիստի արդյունքներով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը և Ֆեդերիկա Մոգերինին հանդես եկան մամուլի համար հայտարարություններով: