Թողարկում 270

csf_armenia_logo_arm

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԵՄ դրամաշնորհների չարաշահման վերաբերյալ

10 մայիսի, 2017

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմն իր խորը մտահոգությունն է հայտնում Հայաստանում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում կոռուպցիայի եւ խարդախության փաստերի առնչությամբ արդեն ավարտված եւ դեռեւս հետաքննության փուլում գտնվող գործերի վերաբերյալ: Մենք ողջունում ենք Հայաստանում ԵՄ պատվիրակության քայլերն` ուղղված օրինախախտումների եւ հանցագործությունների բացահայտմանը:

Միջազգային կազմակերպությունները եւ, մասնավորապես, Եվրոպական միությունը` որպես Հայաստանին ամենամեծ ֆինանսական օժանդակությունը ցուցաբերող կառույց, անգնահատելի աջակցություն են ցուցաբերում երկրում ամենատարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: Դրանց արդյունավետ եւ հետեւողական իրականացմանն են նպաստում նաեւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները։

Ցավոք սրտի, հատկացված միջոցների նկատմամբ անբարեխիղճ եւ անպատասխանատու վերաբերմունքի դեպքերը ստվեր են գցում ինչպես ՔՀԿ-ների, այնպես էլ Եվրոպական միության կողմից այդ ուղղությամբ կատարվող հսկայական աշխատանքի վրա: Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների խորացմամբ ոչ շահագրգիռ որոշակի շրջանակներ օգտվում են նման դեպքերից` հայաստանյան քաղաքացիական հասարակությանը, Եվրամիությանը եւ ԵՄ-Հայաստան համագործակցությունը վարկաբեկելու նպատակով։

Որպես ոչ կառավարական կազմակերպությունների միավորում, որի համար ՀՀ-ԵՄ համագործակցությունն անվերապահ առաջնահերթություն է, ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը վճռականորեն կողմ է օրինախախտումների կոնկրետ դեպքերի լիարժեք հետաքննությանը, արդար եւ անկողմնակալ դատավարությանը եւ մեղավորների հանդեպ իրավական համարժեք միջոցների կիրառմանը:

Միեւնույն ժամանակ կարծում ենք, որ Եվրոպական միությունը պետք է ավելի հետեւողական լինի պետական եւ հասարակական ինստիտուտներին տրամադրվող միջոցների արդյունավետ  ծախսման, պոտենցիալ շահառուների նախորդ գործունեության ու նրանց արժեքային համակարգի ուսումնասիրության հարցերում։

Մասնավորապես, մենք համոզված ենք, որ անհետաձգելի անհրաժեշտություն է դարձել ֆինանսավորվող բոլոր ծրագրերի մոնիթորինգի իրականացումը անկախ եւ կոմպետենտ հասարակական կազմակերպությունների կողմից: Մեծ ուշադրություն պետք է դարձվի դրամաշնորհային մրցույթների անցկացման ու դրամաշնորհառուների կողմից կազմակերպվող միջոցառումների թափանցիկությանը: Այդօրինակ մրցույթներում հաղթողներին որոշելիս, մեր կարծիքով, անհրաժեշտ է կարեւորել հայտատու կազմակերպությունների «կենսագրությունը», նախկինում ծավալած գործունեության մեջ իրենց առաքելության հանդեպ դրսեւորած հավատարմությունը: Այս ամենը հաշվի չառնելը նվազեցնում է իրականացվող ծրագրերի օգտակար գործողության գործակիցը, դանդաղեցնում քաղաքացիական հասարակության` որպես բարեփոխումների իրականացման շարժիչի ջանքերը եւ, ինչպես ցույց է տալիս ներկայումս ընթացող հետաքննությունը, հղի է կոռուպցիոն ռիսկերով:

Իր հերթին, ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը պարտավորվում է ինքնաքննադատաբար գնահատել իր դերը Հայաստանի քաղաքացիական հասարակության շրջանում առողջ մթնոլորտի ձեւավորման հարցում։ Մենք պատրաստ ենք  առավելագույն ջանքեր գործադրել` թույլ չտալու Պլատֆորմի անդամ կազմակերպությունների կողմից անբարեխիղճ եւ անպատասխանատու վերաբերմունքի դրսեւորումներ։ Մենք բաց ենք այս բոլոր ուղղություններով համագործակցության համար եւ պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ Եվրամիության կողմից հատկացված միջոցների չարաշահումների պատճառ հանդիսացող խնդիրների հետագա վերլուծության եւ վերացման գործում:

csf_armenia_logo_arm

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փակման վերաբերյալ

10 մայիսի, 2017

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը խորը ափսոսանքով է ընդունել ԵԱՀԿ  երեւանյան գրասենյակի փակման վերաբերյալ տեղեկությունը: Ինչպես ԵԱՀԿ-ն ամբողջությամբ, այնպես էլ նրա գրասենյակը Հայաստանում անգնահատելի ներդրում ունեն մեր երկրի տարբեր ոլորտների առաջընթացի գործում: Որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների` մեզ համար առանձնապես գնահատելի են միջազգային հեղինակավոր այս կազմակերպության այն ծրագրերը, որոնք նպաստել են ժողովրդավարական ինստիտուտների, այդ թվում ընտրական գործընթացների  կայացմանն ու ամրապնդմանը, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը: Այս առումով Պլատֆորմն իր խորին երախտագիտությունն է հայտնում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարությանն ու աշխատակազմին` բեղմնավոր աշխատանքի եւ  արդյունավետ համագործակցության համար:

Այն, որ առաքելության գործունեության դադարեցումը պայմանավորված չէ օբյեկտիվ որեւէ հանգամանքով, հակասում է ինչպես հենց ԵԱՀԿ-ի, այնպես էլ ընդունող երկրի, հայ հասարակության ցանկությանը,  եւ բացառապես արդյունք է Կազմակերպության անդամ մեկ երկրի` Ադրբեջանի ապակառուցողական քայլի, չի կարող ընկալվել այլ կերպ, քան վրդովմունքն է: Սա առաջին դեպքը չէ, երբ պետությունները, դառնալով միջազգային կառույցների անդամներ, սակայն չկիսելով տվյալ քաղաքական միջավայրում ընդունված արժեքային համակարգը եւ վարքային նորմերը, խոչընդոտում են այդ կառույցների աշխատանքին թե՛ իրենց երկրներում, թե՛ այլուր: Նախորդ տարիներին ԵԱՀԿ-ի նկատմամբ այդօրինակ ընդդիմագործության արդյունքում փակվեցին ԵԱՀԿ գրասենյակները Թբիլիսիում (Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ) եւ Բաքվում (հենց իր` Ադրբեջանի նախաձեռնությամբ), իսկ հիմա արդեն` Հարավային Կովկասի երրորդ երկրում:

Մենք վճռականորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից որեւէ կերպ չհիմնավորված վետոյի իրավունքի կիրառումը ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մանդատի երկարաձգման նկատմամբ, որը դարձել է վերջինիս գործունեության դադարեցման պատճառ: Մենք սա համարում ենք չափազանց վտանգավոր եւ միջազգային համագործակցությանը վնաս հասցնող նախադեպ:

Հայաստանի Հանրապետության իշխանություններից, պետական բոլոր կառույցներից մենք ակնկալում ենք առավել մեծ հետաքրքրվածություն ԵԱՀԿ-ի հետ համատեղ ծրագրերի իրագործման եւ այդ հեղինակավոր կազմակերպության հանդեպ ստանձնած քաղաքական բոլոր պարտավորությունների կատարման հարցում:

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը կոչ է անում ԵԱՀԿ Եվրոպայի եւ նրա ոլորտային բոլոր կառույցներին, չնայած երեւանյան գրասենյակի փակմանը, երկկողմանի եւ բազմակողմանի համագործակցության բոլոր ուղղություններով շարունակել ակտիվ աշխատանքը Հայաստանի հետ: Հուսով ենք, որ ԵԱՀԿ անդամ պետություններն անհրաժեշտ ջանքեր կգործադրեն Հայաստանում եւ ընդհանրապես հարավկովկասյան տարածաշրջանում այդ կառույցի լիարժեք ներկայությունը վերականգնելու համար:

Կարծում ենք, որ փոխըմբռնման եւ վստահության վրա հիմնված աշխարհակարգի հաստատման վերաբերյալ վերջին տարիներին հետադիմական ուժերի մարտահրավերների առկայության համատեքստում առավել քան կարեւոր է կառուցողական մոտեցումների ակտիվ գործադրումը: Այն պետությունները, որոնց քաղաքականությունն ակնհայտորեն տարբերվում է միջազգային այս կամ այն ինստիտուտի դավանած սկզբունքներից, չպետք է ունենան որոշիչ ձայնի իրավունք, առնվազն` այլ երկրներում այդ ինստիտուտների գործունեության նկատմամբ:

Հուսով ենք, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փակումն այդ հարցում լավ դաս կհանդիսանա` վերջնականապես համոզվելու համար, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել հետագայում նման ճգնաժամային իրավիճակները բացառելու համար:

Advertisements
This entry was posted in Հայերեն, Uncategorized. Bookmark the permalink.