Թողարկում 269

Տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում

Այսօր՝ ապրիլի 28-ին, Երեւանի մամուլի ակումբի գրասենյակում տեղի ունեցավ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի գործադիր մարմնի անդամների եւ  «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կոնսորցիումի ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը:

Հանդիպման մասնակիցները ներկայացրին իրենց գործունեության հիմնական առաջնահերթությունները եւ խնդիրները։  Քննարկվեցին ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի եւ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի հնարավոր համագործակցության տեսլականին, ձեւաչափերին եւ ոլորտներին վերաբերող հարցեր:

 

 

ԵՄ ծրագիրը առաջընթաց է արձանագրում սիրիահայերի ինտեգրման գործընթացում

26.04.2017

Այս տարվա ապրիլի 26-ին պաշտոնապես ավարտվեց  «Աջակցություն սիրիահայերի ինտեգրմանը»  (PISA)՝ Եվրամիության եւ Հայկական Կարմիր խաչի ընկերության համատեղ ծրագիրը։ Ծրագրի շնորհիվ հնարավոր է եղել սիրիահայերի համար տնտեսական եւ սոցիալ-մշակութային ինտեգրման նպաստավոր պայմաններ ստեղծել Երեւանում եւ Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Արարատի եւ Արմավիրի մարզերում։

Ծրագրի ընթացքում 81 մարդ ծանոթացել է եկամուտ ստանալու գաղտնիքներին, օրինակ` խոհարարության եւ ավտոմեքենաներ վերանորոգելու ոլորտներում։ Ավելի քան 100 հոգի անցել է հայերենի, ռուսերենի եւ անգլերենի դասընթացներ։ Բացի մասնագիտական եւ լեզվի դասընթացներից, ծրագիրը նաեւ նպաստել է սիրիահայերի եւ հավանական գործատուների ցանցի ստեղծմանը http://www.job-syrianarmenians.am կայքի շնորհիվ։

Սիրիրական հակամարտության արդյունքում ավելի քան 13 000 սիրիահայեր գաղթել են Հայաստան։ Այժմ Հայաստանում բնակվող սիրիահայերի ընտանիքներն ընդգրկված են եղել տնտեսական աջակցության ծրագրերում, իսկ ավելի քան 100 դպրոցականներ մասնակցել են կրթական եւ ինտեգրման ծրագրերին։

Եվրամիությունը ապագայում եւս շարունակելու է աջակցել Հայաստանի հասարակությունում սիրիահայերի ինտեգրմանը։

 

Երեւանում մեկնարկել են Եվրոպական միության և Հայաստանի միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները

27.04.2017

Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ապրիլի 27-ին հայտարարել է Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի (ՀՀ եւ ԵՄ միջեւ ընդհանուր ավիացիոն գոտու) շուրջ բանակցություններ մեկնարկը։ «Այն կամրապնդի ԵՄ-Հայաստան համագործակցությունը՝ հիմնված վերջերս նախաստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վրա։ Մենք ակնկալում ենք շոշափելի արդյունքներ, ավելի շատ մրցունակություն հիմնված եվրոպական ստանդարների վրա: Եվ իհարկե, ավելի լավ կապ Հայաստանի համար, Հայաստանի քաղաքացիների համար ավելի ցածր սակագներով ավիատոմսեր դեպի Եվրոպա։ Համաձայնագիրը կօգնի զարգացնել տուրիզմն ու առեւտուրը, հնարավորություն կտա ավելի շատ եվրոպացիների բացահատել գեղեցիկ Հայաստանը»,- ասել է դեսպանը բացման իր խոսքում։

Նախատեսվող համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը կմիանա ԵՄ միասնական ավիացիոն գոտուն, ինչի արդյունքում համաձայնագրի կողմերը փոխադարձաբար կազատականացնեն շուկան՝ ավիաընկերություններին ընձեռելով հնարավորություն առանց սահմանափակումների շահագործել երթուղիները և օգտվել հավասար պայմաններում շուրջ 500 միլիոն բնակչություն ունեցող շուկայի սպասարկման լայն հնարավորությունից:

Ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում կներդրվեն արդյունավետորեն կիրառվող եվրոպական ստանդարտները, և հայկական և օտարերկրյա ավիաընկերություններին հնարավորություն կտրվի, շուկայում կոմերցիոն նկատառումներից ելնելով և առանց պետությունների կողմից սահմանափակող միջամտության, շահագործել օդային երթուղիները:

Հիշեցնենք, որ Եվրոպական միության Տրանսպորտի նախարարների խորհրդի կողմից 2016 թվականի դեկտեմբերի 1-ին Եվրոպական հանձնաժողովին տրվել է ՀՀ-ի հետ պաշտոնական բանակցություններ վարելու մանդատ:

ՀՀ բանակցային խումբը ղեկավարելու է ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը: Բանակցային խմբի անդամներն են` Եվրոպական միությունում ՀՀ առևտրային կցորդ Վ. Սիմոնյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպական վարչության պետ Գ. Ղալաչյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության իրավաբանական վարչության պետ Ա. Հովսեփյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության վարչության պետ Ա. Մայսուրյանը, ՀՀ ԿԱ ՔԱԳՎ աշխատակազմի օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչության պետ Գ. Պողոսյանը և ՀՀ ԿԱ ՔԱԳՎ աշխատակազմի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Ա. Չոբանյանը:

ԵՄ բանակցային խումը ղեկավարելու է Եվրոպական hանձնաժողովի Ավիացիոն համաձայնագրերի ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Կլաուս Գեյլը: Բանակցային խմբում ընդգրկված են Եվրոպական hանձնաժողովի Ավիացիոն համաձայնագրերի ստորաբաժանման Ավիացիոն քաղաքականության հարցերի պատասխանատու Եվա Զայդելը, ԵՄ անդամ երկրների և արդյունաբերության ներկայացուցիչներ, ԵՄ պատվիրակության Քաղաքական, Մամուլի և Տեղեկատվության բաժնի ղեկավար Պրն. Դիրկ Լորենցը, Քաղաքական հարցերով պատասխանատու Անդրեա Խալուպովան, Միջազգային օգնության/ համագործակցության պատասխանատու Լյուդովիկ Չեխանովսկին և Առևտրի հարցերով պատասխանատու Կարեն Ազարյանը:

ՀՀ և ԵՄ միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի բանակցությունների մեկնարկին կմասնակցի նաև դեսպան, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Ն.Գ. պրն. Պյոտր Սվիտալսկին:

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.