Թողարկում 266

ԱլԳ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄԻ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Արթուր Սարգսյանի (Հաց Բերողի) մահվան կապակցությամբ

 23 մարտի, 2017թ.

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը խորը ցավով արձանագրում է Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների հերթական կոպիտ խախտումը, որի հետեւանքով 2017 թվականի մարտի 16-ին մահացել է «Սասնա Ծռեր» զինված խմբին  սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը (Հաց Բերողը)։

Վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը, առողջական ծանր խնդիրներ ունենալու հանգամանքի անտեսումն ու կալանավորումը, այնուհետեւ, կարճատեւ ազատ արձակումից հետո, խեղաթյուրված առողջական եզրակացության հիման վրա կրկին կալանավորումը հիմք են տալիս մեզ պնդելու, որ Արթուր Սարգսյանը խղճի հալածյալ է եւ հետապնդվել է քաղաքական դրդապատճառներով:

Նման դեպքերը ավելի են խորացնում երկրի ապագայի հանդեպ ժողովրդի հուսահատ տրամադրությունները, հատկապես նախընտրական քարոզչության այս շրջանում, երբ   ամենուր հնչում են ժողովրդավարական պետություն կառուցելու եւ մարդու իրավունքները պաշտպանելու մասին բարձրագոչ հայտարարություններ:

Հայաստանի Հանրապետությունում արդարադատության ճգնաժամի հաղթահարման համար ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը պահանջում է՝

  • ՀՀ արդարադատության նախարարի, ՀՀ գլխավոր դատախազի, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի հրաժարականը,
  • աշխատանքից ազատել կալանքը որպես խափանման միջոց կիրառած դատավորներին՝ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարինե Ղազարյանին, ինչպես նաեւ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու որոշումը կայացրած քննիչին եւ վերահսկող դատախազին,
  • անհապաղ քննություն սկսել Արթուր Սարգսյանի կրկնակի դատաբժշկական փորձաքննության մասնակից եւ եզրակացություն կազմած դատաբժիշկների նկատմամբ՝ չսահմանափակվելով միայն «Արմենիա» ԲԿ-ի բժիշկներով,
  • քննության ամբողջ ընթացքի եւ արդյունքների առնչությամբ ապահովել հանրային վերահսկողություն:

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը վերահաստատում է 2016 թվականի նոյեմբերի 29-ին Բրյուսելում կայացած Արեւելյան գորընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի 8-րդ տարեկան համաժողովի կողմից ընդունված բանաձեւի պահանջը. «Անհապաղ եւ առանց որեւէ պայմանականության ազատ արձակել Հայաստանի Հանրապետությունում իրենց արտահայտվելու ազատության, խաղաղ հավաքի իրավունքի իրացման համար ազատազրկված բոլոր բանտարկյալներին»։

 

 

Մամուլի համատեղ հաղորդագրություն

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաստորագրում

Երևան, 21 մարտի 2017թ.

Մարտի 21-ին, Երևանում, Արտաքին գործերի նախարարությունում կայացած արարողությանը Եվրոպական միության անունից գլխավոր բանակցող, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գործադիր տնօրենի տեղակալ Լյուք Դևինը և առևտրի հարցերով բանակցող, Եվրոպական հանձնաժողովում բաժնի ղեկավար Պետրոս Սուրմելիսը և Հայաստանի Հանրապետության անունից գլխավոր բանակցող, արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և առևտրի հարցերով բանակցող, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը նախաստորագրեցին ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև երկկողմ հարաբերությունների շրջանակն ընդլայնելու կարևոր քայլ կհանդիսանա: Այն կամրապնդի քաղաքական երկխոսությունը և ամուր հիմք կստեղծի տնտեսական և սոցիալական բարեփոխումները շարունակելու համար: Ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության նկատմամբ ամուր հանձնառությունն ընկած է նոր համաձայնագրի և Հայաստան-ԵՄ հետագա համագործակցության հիմքում: Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նաև կստեղծի ավելի ամուր համագործակցություն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը և շրջակա միջավայրը, նոր հնարավորություններ առևտրի և ներդրումների բնագավառում, և դյուրացված շարժունակություն՝ ի շահ քաղաքացիների:

Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները զգալիորեն ամրապնդվել են վերջին տարիներին: Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը համատեղ ջանքերի արդյունք է, որն էլ ավելի կխորացնի կողմերի հարաբերությունները Եվրոպական հարևանության վերանայված քաղաքականության և Արևելյան գործընկերության շրջանակներում: Համաձայնագիրը հնարավորություն կընձեռնի ԵՄ-ին և Հայաստանին իրենց հարաբերությունները որակական նոր, ավելի բարձր մակարդակի հասցնելու համար:

 

Հայաստանը մերժել է ԺԸԵՊ դիտորդների  հավատարմագրումը

Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը (ԺԸԵՊ/EPDE) դատապարտում է  Հայաստանի իշխանությունների մերժումը՝ հրավիրելու իր միջազգային քաղաքացի դիտորդներին՝  2017թ. ապրիլի 2-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու  համար: Իր հայաստանյան անդամ կազմակերպությունների՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ ԺԸԵՊ-ն խստորեն բողոքում  է Հայաստանի կառավարության արբիտրաժային որոշման դեմ:

Մերժման պատճառն իբրև թե արդեն հավատարմագրված դիտորդների մեծ թիվն է, ինչի արդյունքում նվազել է հավելյալ միջազգային դիտորդներ ունենալու անհրաժեշտությունը: Ե՛վ մերժումը, ե՛ւ դրա արդարացումը հակասում են Հայաստանի՝ որպես ԵԱՀԿ անդամ երկրի՝ ԵԱՀԿ անդամ մյուս երկրներից միջազգային դիտորդներ հրավիրելու պարտավորությունը, մասնավորապես՝ ԵԱՀԽ/ԵԱՀԿ Կոպենհագենի 1990թ. փաստաթղթով (որը հետագայում վերահաստատվեց 1999թ. ԵԱՀԿ Ստամբուլի փաստաթղթում և 2006թ. Բրյուսելում ստորագրված ԵԱՀԿ Նախարարների  խորհրդի «ԵԱՀԿ արդյունավետության բարձրացում» փաստաթղթի № 19/06 որոշման (10-րդ կետ) մեջ) սահմանված համաձայնությունները: Սա լուրջ մտահոգության տեղիք է տալիս, որ Հայաստանի կառավարությունը միջազգային դիտորդների ներկայությունը չի դիտարկում որպես կարևոր ներդրում ընտրական գործընթացի արդյունավետության մեջ:

ԺԸԵՊ-ն կոչ է անում միջազգային հանրությանը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակին (ԺՀՄԻԳ), ԵՄ հանձնաժողովին և Եվրոպայի խորհրդին Հայաստանի իշխանությունների հետ  ապագայում կայանալիք համապատասխան հանդիպումների եւ բանակցությունների ժամանակ քննարկելու ընտրություններին միջազգային քաղաքացի դիտորդներին չհայտարարագրելու այս արբիտրաժային մերժումը: 

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.