Հայտնի են 2017 թվականի ՔՀՖ ենթադրամաշնորհների արդյունքները
Այս տարի ԱլԳ ՔՀՖ դրամաշնորհների վերատրամադրման շրջանակներում ՔՀՖ Քարտուղարությունը ստացել է 60 հայտ, որոնցից 52-ը համապատասխանել են ընտրելիության չափանիշներին: Ընտրող հանձնաժողովը որոշել է ֆինանսավորում հատկացնել 16 ծրագրերի: Ոչ բոլոր ծրարգրերն են ամբողջությամբ ֆինանսավորվում: Ընտրված հայտատուների հետ կապ կհաստատեն փետրվարի 27-ից հետո: Դրամաշնորհների պայմանագրերը կստորագրվեն գալիք շաբաթների ընթացքում:
Ընտրված հայտերի մեծ մասը ընդգրկել են ԱԽ 1-ի (Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, արդյունավետ կառավարում եւ կայունություն), ԱԽ 3-ի (Բնապահպանություն, կլիմայի փոփոխություններ եւ էներգետիկ անվտանգություն) եւ ԱԽ 5-ի (Սոցիալական եւ աշխատանքային քաղաքականություն եւ սոցիալական երկխոսություն) առաջնահերթությունները եւ ծածկում են Արեւելյան գործընկերության առնվազն 3 երկիր:
Ընտրական գործընթացը ներառում էր.
- հայտերի ընտրություն, որոնք կստանան աջակցություն Ընտրող հանձնաժողովի առանձին անդամների գնահատականի եւ մեկնաբանությունների հիման վրա:
- յուրաքանչյուր հայտի քննարկում եւ Ընտրող հանձնաժողովի կողմից առաջարկությունների, ինչպես նաեւ դրամաշնորհների չափերի համաձայնեցում:
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմից որպես առաջնորդող կազմակերպություններ դրամաշնորհ են ստացել հետեւյալ ՀԿ-ները՝
- «Յուրացնելով ԵՄ-Մոլդովա եւ ԵՄ-Վրաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմների փորձը Հայաստանում» (Եվրասիա համագործակցություն հիմնադրամ)
- «Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի եւ Ուկրաինայի ազգային պլատֆորմների գենդերային ենթախմբերի կարողությունների զարգացում» (Կանանց ռեսուրսային կենտրոն)
- «Կարեւոր է յուրաքանչյուրը․ ԱլԳ երկրների գյուղական երիտասարդության հզորացման ծրագիր» (Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ)
- «Ստեղծարար Եվրոպա Ֆորում» («Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամ):
Ավելին՝ այստեղ
«2017 թվականի խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն»
01.03. 2017
«2017 թվականի խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագիրը կօգնի Հայաստանում 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում իրականացնել տեղական բազմակողմանի դիտորդական առաքելություն եւ կներառի ավելի քան 3,000 դիտորդ: Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը եւ համաֆինանսավորվում Ժողովրդավարության ազգային հիմնադրամի կողմից: Այն իրականացնում է «Իրավունքի Եվրոպա միավորումը» իր գործընկեր Հայաստանի «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» հետ: Այս կազմակերպությունները «ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի» հետ միասին կազմում են «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը:
2017 թվականի փետրվարի 24-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Ա. Սվիտալսկին եւ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամները անցկացրին մամուլի ասուլիս` ներկայացնելու ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրի գործունեությունը եւ ընտրական գործընթացքում տեղական դիտորդական առաքելության կարեւորությունը:
Դեսպան Սվիտալսկին մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց Հայաստանում ընտրական գործընթացի ապահովման համար տրվող ԵՄ աջակցության մասին. «Եկեք սկսեմ թվերից, որպեսզի ներկայացնեմ Եվրոպական միության ամբողջ ներգրավվածությունը: ԵՄ-ն հատկացրել է ավելի քան 7 միլիոն եվրո՝ օժանդակելու Ընտրական նոր օրենսգրքի հիման վրա՝ իշխող կոալիցիայի եւ ընդդիմադիր երեք կուսակցությունների ձեռք բերած քաղաքական համաձայնության տարբեր բաղադրիչների իրականացմանը: Մենք հատկացրել ենք 4 միլիոն եվրո՝ աջակցելու ընտրողների նույնականացման տեխնոլոգիայի ներդրմանը, 2 միլիոն եվրո՝ տեսախցիկների տեղադրման եւ 1,500 ընտրատեղամասերից (ընդհանուր 2,000-ից) ընտրական գործընթացի առցանց հեռարձակման համար, գրեթե 400 հազար եվրո Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի միջոցով՝ տարբեր ծրագրերի աջակցելու համար, 370 հազար եվրո «Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների եվրոպական գործիքի» միջոցով՝ «Իրավունքի Եվրոպա միավորման» եւ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» նախաձեռնությամբ աջակցելու քաղհասարակության դիտորդական առաքելությանը: Այս թվերը ցույց են տալիս արվածի միայն մի մասը: ԵՄ-ն ներդրել է իր մեծ քաղաքական վստահությունը` խրախուսելու համար կուսակցություններին՝ հասնել փոխզիջումային համաձայնության: Մենք լավատես ենք եւ հավատում ենք, որ Հայաստանը կունենա ավելի լավ ընտրություններ, քան նախկինում, քանի որ տեսնում ենք տարբեր շահառու կողմերի ավելի մեծ քաղաքական կամքը: ԵՄ-ի համար կան մի շարք կարեւոր կետեր, որոնք պետք է լուծվեն: Անհրաժեշտ է կանխարգելել վարչական ռեսուրսների չարաշահումը, ընտրական կոռուպցիան եւ կաշառքը, ընտրաձայների գնումը, եւ կուսակցությունների համար ապահովել հավասար ընտրություներ, ներառյալ՝ լրատվամիջոցների հասանելիությունը: ԵՄ-ի համար նաեւ շատ կարեւոր է վերացնել տեղական (մասնավորապես Ընտրական օրենսգրքում ներառված սահմանափակող միջոցները) եւ միջազգային դիտորդների աշխատանքին խոչընդոտող բոլոր արգելքները»:
«Իրավունքի Եվրոպա միավորման» նախագահ Լուսինե Հակոբյանը ներկայացրեց մինչեւ այժմ կատարված աշխատանքը. «Այս տարի «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը կարող է դիտարկել ընտրատեղամասերի մոտ 75%-ը, քանի որ արդեն գրանցվել է գրեթե 3,000 քաղաքացի: Եթե կան այլ ակտիվ քաղաքացիներ, ովքեր ցանկանում են վերահսկել ընտրություններն ու փոփոխություն կատարել, դեռ կարող են գրանցվել դիտորդ դառնալու համար: Այդ դեպքում մենք կկարողանանք դիտարկել Հայաստանի բոլոր ընտրատեղամասերը»:
Նախաձեռնության կայքի միջոցով (www.citizenobserver.am) արդեն սկսվել է դիտորդների գրանցումն ու վերապատրաստումը: Գրանցվել է գրեթե 3,000 հոգի, որոնցից 1,800-ին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության իրավաբաններն արդեն վերապատրաստել են:
Այլ հետաքրքրված քաղաքացիները դեռ կարող են միանալ նախաձեռնությանն ու վերահսկել ընտրությունները` խթանելու ընտրությունների ազատ, արդար ու թափանցիկ անցկացումը` ի շահ ժողովրդավար Հայաստանի: Դիտորդ դառնալու համար քաղաքացիները կարող են լրացնել գրանցման ձեւը. http://citizenobserver.am/observers/registration: Դիտորդ կարող են դառնալ նրանք, ովքեր կանցնեն ընտրական երկու փուլ:
Ի լրումն դիտորդական առաքելությանը, նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռում բացահայտելու ձեր փոխարեն կատարված քվերակությունը: Եթե դուք կամ ձեր հարազատները չեք մասնակցելու խորհրդարանական ընտրություններին այս կամ այն պատճառով, կարող եք նախօրոք գրանցվել կայքում` (https://citizenobserver.am/en/elections/register)՝ ընտրություններից հետո ընտրողների ցուցակները համեմատելու եւ ընտրակեղծիքները բացահայտելու համար:
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո
Բրյուսել, 28.02.2017
Ուրախ եմ այսօր ողջունել Նախագահ Սարգսյանին Բրյուսելում:
Հայաստանը հանդիսանում է Եվրոպական միության կարեւոր գործընկերը, որի անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը մենք աջակցում ենք:
Ուրախ եմ այսօր հայտարարել ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրի շուրջ բանակցությունների ավարտը:
Նոր համաձայնագիրը կընդլայնի ԵՄ-Հայաստան հարաբերությունների շրջանակը՝ հաշվի առնելով համաշխարհային, քաղաքական եւ տնտեսական նոր հետաքրքրությունները, որոնք մենք կիսում ենք, եւ նաեւ առկա մարտահրավերները, որոնց ցանկանում ենք միասնաբար դիմակայել:
Մենք ձգտում ենք ամրապնդել համագործակցությունը էներգետիկայի, տրանսպորտի եւ բնապահպանության ոլորտներում, ստեղծել առեւտրի եւ ներդրումների նոր հնարավորություններ, ինչպես նաեւ ընդլայնել շարժունությունը՝ ի շահ մեր քաղաքացիների:
Այսօր քննարկեցինք մեր ընդհանուր արժեքները, ներառյալ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության նկատմամբ հանձնառությունը, որոնք հանդիսանում են նոր Համաձայնագրի եւ մեր հետագա համագործակցության հիմքը:
ԵՄ-ն արդեն հանդիսանում է Հայաստանի առաջին առեւտրային գործընկերը, առաջին միջազգային դոնորն ու բարեփոխումների ամենահզոր աջակիցը: Մեր նպատակն է հետագա տարիների ընթացքում ավելի ընդլայնել առկա հարաբերությունները, եւ մենք քաջալերում ենք Հայաստանին՝ շարունակել բարեփուխումները տնտեսական զարգացման, բիզնես միջավայրի, դատական համակարգի եւ մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաեւ ազատ եւ արդար ընտրություններն ապահովող միջացառումների ուղղությամբ:
Քննարկեցինք նաեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության խաղաղ կարգավորման հարցը. ստատուս-քվոն անկայուն է: Հակամարտությանը անհրաժեշտ է շուտափույթ՝ միջազգային իրավունքի նորմերին համահունչ քաղաքական հանգուցալուծում: Այն չունի ռազմական լուծում: ԵՄ-ն շարունակում է լիարժեք աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդության ջանքերին եւ նրանց կողմից ներկայացվող առաջարկներին:
Պարո՛ն Նախագահ,
Անչափ շնորհակալ եմ Բրյուսել կատարած այցի, Ձեր բոլոր ջանքերի եւ մեր համագործակցության համար:
Աղբյուրը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության կայքէջ