ԱլԳ ՔՀՖ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայ-ադրբեջանական հարաբերություններում լարվածության ուժեղացմանն ուղղված քարոզչության վերաբերյալ
7 փետրվարի, 2017
Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը իր խորը մտահոգությունն է հայտնում Ադրբեջանի իշխանությունների կողմից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը կաթվածահար անելուն եւ խաղաղ երկխոսության ցանկացած հնարավորության բացառմանն ուղղված քարոզչական եւ լոբբիստական գործունեության ուժեղացման կապակցությամբ։ Այս համատեքստում են դիտարկվում սպանության համար հունգարական արդարադատության կողմից ցմահ ազատազրկման դատապարտված եւ Ադրբեջանին արտահանձնված Ռամիլ Սաֆարովի՝ պաշտոնական մակարդակով հերոսացումը, հայ գործընկերների հետ խաղաղասիրական գործունեության մեջ ներգրավված լրագրողների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդեպ դաժան հետապնդումները, ԶԼՄ-ներով մշտապես տարածվող սադրանքները, արտասահմանցի պաշտոնյաների եւ պատգամավորների կաշառումը՝ վերջիններիս քարոզչական արշավներում ներգրավելու նպատակով, ԵԱՀԿ Հարավային Կովկասում միակ՝ Երեւանյան գրասենյակի աշխատանքի խոչընդոտումը, իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության խորհրդարանականների՝ Երեւանը Ադրբեջանի Հանրապետության մաս ճանաչելու նախաձեռնությունը եւ այլն։
Հետապնդումների ենթարկված իրենց գործընկերներ-իրավապաշտպանների ճակատագրին արժանանալու սպառնալիքի ներքո՝ այդ երկրի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները գնալով ավելի ակտիվորեն են ներգրավվում Ադրբեջանի իշխանությունների ապակառուցողական գործունեության մեջ։ Մասնավորապես, չի կարող չմտահոգել այն փաստը, որ սա արդեն առաջին դեպքը չէ, երբ Բաքվի պաշտոնական քարոզչության գործիք է դառնում Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ադրբեջանի ազգային պլատֆորմը։ 2017 թվականի հունվար 25-ին այն հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտում է ինչպես հայ-ռուսական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծումը, որն, իբրեւ թե, բացասաբար է ազդում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վրա, այնպես էլ՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի դիրքորոշումը հակամարտության ուժային լուծման հնարավորության վերաբերյալ։
Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս, պակաս մտահոգված չենք վերջին տարիներին տարածաշրջանի՝ աճող ռազմականացման եւ դրա քաղաքակիրթ զարգացման հեռանկարի նկատմամբ սպառնալիքներով։ Սակայն, դրա դեմ բողոքելու պարագայում, հարկավոր է սկսել ոչ թե ՀՕՊ միավորված համակարգի ենթադրական վտանգավորությունից, այլ՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին բազմամիլիարդանոց ծանր հարձակողական սպառազինությունների մատակարարումից։ Այդ գործարքն արդեն ունեցել է իր կոնկրետ հետեւանքները՝ Բաքվի կողմից 2016 թվականին սանձազերծված ապրիլյան քառօրյա պատերազմ, երկու կողմերից բազմաթիվ զոհեր, բանակցային գործընթացի նահանջ դեպի 1992-1993-ականների իրավիճակ… Այն դարձել է նաեւ էական գործոններից մեկը Երեւանի՝ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից դեպի երկրի համար անհեռանկար ՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցություն շրջադարձի համար, մեծ վնաս է հասցրել ոչ միայն Հայաստանի եվրոպական հեռանկարին, այլ նաեւ ամբողջ ԵՄ «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությանը։
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի մասին Սերգեյ Լավրովի վերջին հայտարարություններին, ապա, անգամ չլինելով ռուսական դիվանագիտության մեթոդների մեծ երկրպագու, եւ անկախ այն դժգոհությունից, որ այդ հայտարարությունների հանդեպ արտահայտվեցին Բաքվում եւ Երեւանում, հարկ է ընդունել, որ դրանք որեւէ կերպ չեն հակասում հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից որդեգրած սկզբունքներին:
Անիմաստ ենք համարում անդրադառնալ Ադրբեջանի ազգային պլատֆորմի հայտարարության մեջ տեղ գտած` միջազգային կազմակերպությունների փաստաթղթերի ոչ կոմպետենտ մեկնաբանություններին եւ հակամարտության հաղթահարման` իրականության հետ որեւէ կապ չունեցող տեսակետներին: Դրանք ոչ այլ ինչ են, քան՝ Բաքվի պաշտոնական քարոզչության բառացի կրկնություն: Դրա փոխարեն առաջարկում ենք վերադառնալ երկխոսության հաստատմանը եւ երկու երկրների, ինչպես նաեւ ամբողջ տարածաշրջանում ապրող ժողովուրդների միջեւ վստահության վերականգնմանն ուղղված կառուցողական նախաձեռնություններին, որոնք արժանացել են Ֆորումի մեր բոլոր գործընկերների աջակցությանը, բացի Ադրբեջանի ներկայացուցիչներից: Ցանկանում ենք հավատալ, որ դրա համար Ադրբեջանի ազգային պլատֆորմը հանդես կբերի բավարար ինքնուրույնություն, քաղաքացիական համարձակություն եւ ողջամտություն:
Ֆորումի մասնակիցների ընդհանուր շահերին բացարձակապես չեն համապատասխանում հետագա առճակատման տանող հայտարարությունների անվերջ փոխանակումները, որոնք շեղում են ուշադրությունը մեր երկրների համար հրատապ կարեւորություն ունեցող՝ եվրաինտեգրման եւ առաջընթացի խնդիրներից, ստիպում դրանց վրա ծախսել ժամանակ եւ նյարդեր: Այդուհանդերձ, ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի դիրքորոշումն այն է, որ ցանկացած սադրանք, որը կարող է մոլորության մեջ գցել եւ խեղաթյուրել իրականությունը, չպետք է անպատասխան մնա:
ԵՄ Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնը՝ ԵԱԳԾ Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի և ԵԱՀԿ–ի հարցերով տնօրեն Լյուկ Դեվինի ուղեկցությամբ ավարտեցին Հայաստան կատարած իրենց երկօրյա այցը
03.02.2017
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները ս.թ. փետրվարի 2-3-ն այցով գտնվում էին Հայաստանում: Երկօրյա աշխատանքային գործուղումը Հարավային Կովկասի տարածաշրջան կատարած պաշտոնական այցի շրջանակում էր:
Փետրվարի 3-ին գլխավոր տնօրեն Դանիելսոնը և տնօրեն Դեվինը հանդիպում ունեցան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի, ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և այլ նախարարների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին Եվրոպական միության և Հայաստանի միջև հետագա համագործակցության ընդհանուր առաջնահերթությունները:
Քննարկվեցին ԵՄ-Հայաստան համաձայնության շուրջ ընթացող բանակցությունները, որոնք կնպաստեն հարաբերությունների հետագա խորացմանը: Կողմերը համաձայնեցին ջանքեր գործադրել Հայաստանում լայնամասշտաբ բարեփոխումների իրականացման աջակցման գործում՝ ներառյալ հանրային կառավարման և արդարադատության ոլորտներում, կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես նաև ֆինանսների և կրթության հասանելիության ապահովման գործում՝ երկրում տնտեսական աճ և հաստատուն զարգացում խթանելու նպատակով: Շարքային քաղաքացիների համար սա շոշափելի արդյունք կբերի և կարևոր կլինի 2017թ. նոյեմբերին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի տեսանկյունից, ինչպես նաև ապագայի համար ընդհանրապես:
Այցի շրջանակում՝ փետրվարի 2-ին, Գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնը արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ Իջևան քաղաքում մասնակցեց Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ կառուցված առաջին ատյանի դատարանի շենքի ցուցատախտակի բացման արարողությանը:
Նույն օրը՝ երեկոյան, պրն. Դանիելսոնը Մատենադարանի դահլիճում հանդիպեց երիտասարդության հետ, նրանց հետ հանրային դասախոսություն և քննարկում ունեցավ ԵՄ-Հայաստան հետագա հարաբերությունների վերաբերյալ:
Այցի ավարտին Քրիստիան Դանիելսոնը նշեց. «Հայաստանում շատ տաղանդավոր երիտասարդներ կան: Դա չիրագործված մարդկային ներուժ է, որը հետագայում տնտեսական, քաղաքական և սոցիալական զարգացման խթան կդառնա՝ վերափոխելով երկրի ապագան: Մենք կշարունակենք ներդրումները Հայաստանի ապագայի կառուցման գործում կայուն սոցիալ–տնտեսական զարգացման, հատկապես ավելի ընդգրկուն տարածաշրջանային ինտեգրման և համագործակցության միջոցով՝ ի շահ Հայաստանի քաղաքացիների»:
Աղբյուրը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության կայքէջ
Մեկնարկեց Եվրոպական միության կողմից կազմակերպված Հայաստանում կոռուպցիայի դեմ իրազեկման արշավը
Երևան, 01.02.2017
Հայաստանում Եվրոպական միության (ԵՄ) պատվիրակությունը մեկնարկ տվեց տեղեկատվական արշավին՝ բարձրացնելու հանրային իրազեկման մակարդակը կոռուպցիայի բացասական հետևանքների մասին, ինչպես նաև տեղեկացնելու Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի աջակցման գործում Եվրոպական միության ջանքերի վերաբերյալ:
«Կանգնեցնե՛նք կոռուպցիան» իրազեկման արշավը մշակվել է ՀՀ կառավարության, կոռուպցիայի դեմ պայքարում փորձագետների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ: Այն ներկայացնում է կոռուպցիայի դրսևորման վառ օրինակներ (ինչպիսին՝ կաշառակերություն, շահերի բախում, օլիգոպոլիա) և դրանց վնասակար ազդեցությունը տնտեսական զարգացման վրա: Այս տեղեկատվական արշավը փաստում է նաև հասարակության շրջանում կոռուպցիայի նվազեցման գործում Եվրոպական միության և Հայաստանի համատեղ աշխատանքի մասին:
«Եվրոպական միության համար կոռուպցիայի դեմ պայքարն առաջնահերթություն է Հայաստանում, որը երկրում կայուն զարգացման, իրավահավասար հասարակություն և ժողովրդավարական քաղաքական համակարգ կառուցելու առանցքն է: Հուսով եմ, որ կաշառակերությունը որպես չարիք ներկայացնելով՝ այս տեղեկատվական արշավը կբարձրացնի կոռուպցիայի հեռահար բացասական հետևանքների մասին իրազեկության մակարդակը երիտասարդների և մեծահասակների շրջանում»,- նշեց Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Իրազեկման արշավը կշարունակվի ողջ 2017 թ.-ի ընթացքում` հանրության ուշադրությունը հրավիրելով կոռուպցիայի տարբեր դրսևորումներին և Հայաստանում դրա դեմ պայքարի միջոցներին:
Ծանոթացում. հանրային արշավը ներկայացնող պատկերները, անիմացիոն տեսանյութերը, էլեկտրոնային կառավարման վերաբերյալ կարճամետրաժ ֆիլմերը, հանրային արշավի պաստառն ու տեղեկատվական այլ նյութեր հասանելի են պատվիրակության վեբկայքում՝ https://eeas.europa.eu/delegations/armenia_hy
Բաց հարեւանություն (տարածաշրջանային հաղորդակցման ծրագրի II փուլը)
Բաց հարևանությունը հիմնվում է Տարածաշրջանային հարևանության ծրագրի առաջին փուլի ձեռքբերումների վրա և նպատակ ունի ամրացնելու ԵՄ-ի եւ նրա արևելյան և հարավային գործընկեր երկրների միջեւ միջանձնային կապերը:
Ժամանակահատված՝ 2015-2019
Բաց Հարևանությունը ձևավորված է երեք փոխլրացնող բաղադրիչների շուրջ՝
- Երկու հայելային ծրագրեր, որոնք տեղեկացնում են Հարևանության հարավում և արևելքում ԵՄ աջակցության մասին:
- ԲԱՑ հարավ– EU Neighbourhood Info Centre South (5.7 միլիոն եվրո)
- ԲԱՑ արեւելք– EU Neighbourhood Info Centre East (4.5 միլիոն եվրո)
Երկու ծրագրերն էլ նպատակ ունեն մեծացնելու ԵՄ քաղաքականության ընկալումը և համապատասխան տարածաշրջանում նրա գործողությունները տեղեկատվական նյութերի ստեղծման, իրազեկման բարձրացման արշավների, սոցիոլոգիական հարցումների և ԶԼՄ մշտադիտարկումների միջոցով:
- ԲԱՑ մեդիա հանգույց (7.8 միլիոն եվրո)
Նպատակներ
Այս ծրագրի նպատակն է երկու տարածաշրջանները միմյանց կապող վիրտուալ մեդիա հանգույցի ստեղծումը, որը պետք է նպաստի անկախ մամուլի զարգացմանը և Հարևանության շրջաններում ԵՄ քաղաքականության ավելի ճշգրիտ ներկայացմանը լրագրողների ցանցի ստեղծման միջոցով: Բաց մեդիա հանգույցը լրագրողներին և մեդիա մենեջերներին կտա հմտություններ պրոֆեսիոնալ ցանցերը խթանելու, պրակտիկ դասընթացների, լրագրողների փոխանակմանը և աուդիովիզուալ արտադրությանն աջակցելու միջոցով:
Բյուջե՝ 18.2 միլիոն եվրո։