Թողարկում 259

untitled-design-11-400x250Բրյուսելում տեղի ունեցավ ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի 8-րդ տարեկան համաժողովը

31319863596_e5e9772c8e_k2016 թվականի նոյեմբերի 28-29-ին, Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) գործունեության սկիզբը դնող հանդիպումից յոթ տարի անց, Բրյուսելը հյուրընկալեց ԱլԳ ՔՀՖ «Կառուցելով միասնական անվտանգ եւ ժողովրդավարական ապագա» խորագրով 8-րդ տարեկան համաժողովը:

31212090592_6e83b07f4d_k-131401561396_0e96915854_kՀամաժողովը մեկտեղել էր ՔՀԿ-ների, ԵՄ կառույցների եւ ԱլԳ կառավարությունների շուրջ 200 ներկայացուցիչների, որոնք մասնակցեցին ավելի քան 15 նիստերի ակտիվ քննարկումներին:

Բացման խոսքով հանդես եկան  ԵՄ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը եւ ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի համանախագահներ Վլադ Վելիչկան եւ Քշիշտոֆ Բոբինսկին:

30616704574_c233803689_kԶուգահեռ ընթացող պանելային քննարկումների ժամանակ մասնակիցները քննարկեցին ԱլԳ ՔՀՖ այնպիսի առաջնահերթություններ, ինչպիսիք են էներգետիկ անվտանգությունը, երիտասարդության զարգացումը եւ տարածաշրջանում ԵՄ ֆինանսավորման թափանցիկությունը: Միջոցառման ժամանակ ԱլԳ ՔՀՖ անդամները ներկայացրին ողջ տարվա ընթացքում իրականացրած ծրագրերը եւ հրատարակությունները՝ ներառյալ ԱլԳ ՔՀՖ տրամադրած 18 դրամաշնորհների արդյունքները:

Համաժողովը, որը ԱլԳ ՔՀՖ որոշումներ ընդունող բարձրագույն մարմինն է, ընդունեց 12 կարեւորագույն բանաձեւ, որոնցից երկուսը՝ կապված Հայաստանում խղճի բանտարկյալների առկայության եւ ՌԴ իշխանությունների՝ Ստեփան Գրիգորյանի՝ ՌԴ տարածք մուտքն արգելելու հետ։

31068091120_8e322fb2ab_kՀամաժողովի ավարտին ընտրվեց ՔՀՖ  2016-2017թթ. Ղեկավար կոմիտեն: Հայաստանի ազգային համակարգող ընտրվեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։  ԱլԳ ՔՀՖ 1-ին՝ «Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, արդյունավետ կառավարում եւ կայունություն» աշխատանքային խմբի համակարգող ընտրվեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը: Այսպիսով, Հայաստանի ազգային պլատֆորմը ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեում կունենա երկու ներկայացուցիչ:

Հավելյալ տեղեկությունները՝ այստեղ։

untitled-design-11-400x250Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի բանաձեւը Հայաստանում խղճի հալածյալների վերաբերյալ (2016թ. հուլիս)

Բանաձեւ  No.9/AA/2016                    29 նոյեմբերի, 2016, Բրյուսել

 

Վերհիշելով  2016 թվականի հուլիսին Հայաստանում մարդու իրավունքների աննախադեպ մասսայական խախտումները,

Հիմնվելով Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի կողմից Հայաստանում իրականացված  մարդու իրավունքների խախտումների փաստահավաք առաքելության արդյունքների վրա,

Հետեւելով 2016 թվականի հուլիսյան դեպքերի առնչությամբ ընթացող քննությանը եւ դրա արդյունավետության նկատմամբ հանրային անվստահության մեծացմանը,

Մտահոգվելով, որ պետության կողմից իրավապահ մարմիններին պատասխանատվության կանչելու միտումներ չեն դրսեւորվում, ավելին` մեղադրյալի կարգավիճակում ներգրավում են միայն խաղաղ հավաքների մասնակից քաղաքացիներ,

Անհանգստանալով, որ դատարանները եւ իրավապահ մարմինները շարունակաբար օգտագործվում են քաղաքացիների նկատմամբ բռնություն, ճնշումներ եւ անարդար քրեական հետապնդումներ իրականացնելու նպատակով,

Տարակուսելով, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը խաղաղ հավաքների մասնակիցների դեմ հարուցված քրեական գործերը միացնում է ոստիկանության գունդը զինված հարձակմամբ գրաված խմբի դեմ հարուցված քրեական գործին,

  1. Ֆորումը մնում է այն համոզման, որ մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները բարձրագույն արժեքներ են, որոնց նկատմամբ դրսեւորվող ցանկացած ոտնձգության եւ ոչ իրավաչափ միջամտության դեպքում պետք է ապահովվի արդյունավետ քննություն եւ կիրառվի համարժեք պատասխանատվություն պետական մարմինների մողմից: Այս առնչությամբ մարդու իրավունքների խախտումները պետք է պետության կողմից բացարձակ անհանդուրժողության արժանանան՝ բացառելու համար անպատժելիության մթնոլորտի տարածվածությունն ու հասրակության մեջ ժողովրդավարական արժեքների քայքայումը:
  1. Ֆորումը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ հավաքներին մասնակցելու, արտահայտվելու ազատությունն իրացնելու համար ազատազրկված եւ քրեական հետապնդումների ենթարկված բոլոր անձինք հանդիսանում են խղճի հալածյալներ: Երկրում տեղի ունեցող նման միջադեպերը վկայում են բռնաճնշումների եւ պետության կողմից ժողովրդավարական արժեքներից նահանջի մասին:

Ուստի, Ֆորումը կոչ է անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ 

  • Անհապաղ եւ առանց որեւէ պայմանականության ազատ արձակել Հայաստանի Հանրապետությունում իրենց արտահայտվելու ազատության, խաղաղ հավաքի իրավունքի իրացման համար ազատազրկված բոլոր բանտարկյալներին,
  • Պատասխանատվության կանչել 2016 թվականի հուլիսին իրավապահ մարմինների եւ իշխանության մյուս բոլոր ներկայացուցիչների կողմից մարդու իրավունքների բիրտ եւ մասսայական խախտումների համար,
  • Ապահովել արդար դատաքննության իրավունքի բոլոր սկզբունքների անմնացորդ կիրառելիությունը՝ հուլիսյան իրադարձությունների համար քրեական հետապնդման դատապարտված անձանց նկատմամբ:

Եվրոպական միությանը, Եվրոպայի խորհրդին, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) եւ այլ միջազգային կառույցներին.

  • Պահանջել խղճի բոլոր հալածյալների ազատ արձակումը՝ որպես Հայաստանի Հանարապետության հետ հարաբերությունների կառուցման եւ զարգացման համար նախապայման,
  • Հետեւողականություն ապահովել պետության կողմից մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրական եւ բովանդակալից քայլեր ձեռնարկելու համար,
  • Պահպանել դատական համակարգի թափանցիկության եւ հաշվետվողականության սկզբունքների իրացման համար գործնական մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտությունը որպես համագործակցության օրակարգի հիմնական հարց,
  • Ձեւավորել արդյունավետ երաշխիքներ խոսքի ազատության եւ բազմակարծության լիարժեք դրսեւորման համար:

ՔՀՖ Համաժողովին ընդունված բոլոր բանաձեւերը՝ այստեղ։

untitled-design-11-400x250Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի բանաձեւը Ստեփան Գրիգորյանի գործի վերաբերյալ

Բանաձեւ  No.10/AA/2016

29 նոյեմբերի, 2016

Հիմնվելով  ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի 2016թ. սեպտեմբերի 16-ին ընդունած հայտարարության վրա, Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումը արձանագրում է, որ.

2016 թվականի օգոստոսի 30-ին Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում Ռուսաստանի Դաշնության սահմանապահների կողմից ձերբակալվել է Հայաստանի քաղաքացիական հասարակության ակտիվ  ներկայացուցիչ, ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր եւ ՀՀ արտգործնախարարի նախկին խորհրդական, Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը: 10 ժամ մեկուսացված պահելուց հետո, որի ընթացքում նրանից խլվել էր իր անձնագիրը, նրան վտարել են Ռուսաստանից Հայաստան:

Ռուսաստանի իշխանությունների անհիմն եւ հակաիրավական գործողությունները, որոնք սահմանափակում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը, քաղաքական դրդապատճառներ ունեն, քանի որ Ստեփան Գրիգորյանը՝ որպես Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, ակտիվորեն համագործակցում է եվրոպական ոչ կառավարական կազմակերպությունների հետ եւ չի թաքցնում, որ հայ ժողովրդի ապագան տեսնում է ժողովրդավարական արժեքների վրա հենվող եվրոպական երկրների ընտանիքում: Ստեփան Գրիգորյանը որեւէ գործունեություն չի ծավալում Ռուսաստանի Դաշնությունում եւ իր համագործակցությունը Հայաստանում եւ այլուր  Ռուսաստանի տարածքում անցանկալի ճանաչված միջազգային կազմակերպությոնների հետ չպետք է առիթ հանդիսանար Գրիգորյանի մասնավոր այցի խոչընդոտման եւ նրա՝ մինչեւ 2030 թվականը Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու արգելքի համար:

Վերջին ժամանակներում սա առաջին դեպքը չէ, երբ ռուսաստանյան պետական կամ ոչ պետական դերակատարները թիրախավորում են հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը դատապարտում է Ռուսաստանի պետական մարմնի կողմից Ստեփան Գրիգորյանի հանդեպ իրականացված հակաիրավական գործողությունը:

Ֆորումը պահանջում է ՌԴ իշխանություններից՝ դադարեցնել հարեւան երկրների ներքին գործերին միջամտելը եւ դրանց քաղաքացիների հանդեպ հակաիրավական պատժամիջոցների կիրառումը՝ հիմնվելով նրանց քաղաքական հայացքների եւ քաղաքացիական գործունեության վրա:

Ֆորումը կոչ է անում Հայաստանի դիվանագիտական ծառայութանը՝ ցուցաբերել սկզբունքայնություն եւ հետեւողականություն ՀՀ քաղաքացու խախտված իրավունքների պաշտպանության հարցում:

Ֆորումն առաջարկում է իր անդամ եւ իր գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ դիտարկել ՌԴ այցելելու, ինչպես նաեւ ՌԴ օդանավակայաններից տարանցման նպատակով օգտվելու նպատակահարմարության հարցը:

ՔՀՖ Համաժողովին ընդունված բոլոր բանաձեւերը՝ այստեղ։

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.