Թողարկում 252

CSF_Armenia_logo_ARMԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի դիրքորոշումը 

ՀՀ նոր Ընտրական օրենսգրքի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ հասարակական կազմակերպությունների՝ սեպտեմբերի 9-ի եւ 12-ի հայտարարությունների մասին

16 սեպտեմբերի, 2016

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը, որը միավորում է 220-ից ավելի կառույցներ,  իր աջակցությունն է հայտնում մի խումբ հասարակական կազմակերպությունների՝ ս.թ. սեպտեմբերի 9-ի եւ սեպտեմբերի 12-ի հայտարարություններին (տե՛ս կից ֆայլերը, հայերեն եւ անգլերեն), որոնք նվիրված են ՀՀ նոր Ընտրական օրենսգրքի (ԸՕ) շուրջ տեղի ունեցող զարգացումներին: Միեւնույն ժամանակ, մեր մտահոգությունն ենք հայտնում ԸՕ-ի վերաբերյալ քաղաքացիական հասարակության դիրքորոշումները խեղաթյուրված կերպով ներկայացնելու կապակցությամբ:

Եվս մեկ անգամ ցանկանում ենք շեշտել, որ մեր ներկայացուցիչների կողմից իշխանական եւ/կամ ոչ իշխանական կուսակցությունների հետ որեւէ համատեղ փաստաթուղթ չի ստորագրվել կամ նախաստորագրվել, ինչպես նաեւ 4+4+4 պայմանական ձեւաչափով մի քանի ամիս առաջ ավարտված բանակցությունների ընթացքում եռակողմ կոնսենսուս չի ձեւավորվել: Կարեւորելով իշխանությունների հետ Ընտրական օրենսգրքի, ինչպես նաեւ ցանկացած այլ հարցի շուրջ քննարկումները, վերջիններիս արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, առաջարկում ենք հստակեցնել այդ գործընթացի շրջանակները, մասնակիցների լիազորությունները ու կարգավիճակը, ինչպես նաեւ հանրությանը իրազեկելու պայմանները։

 

CSF_Armenia_logo_ARMԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ քաղաքացու հանդեպ ՌԴ սահմանապահների կողմից իրականացված հակաիրավական գործողությունների վերաբերյալ

16 սեպտեմբերի, 2016թ.

Լուսանկարը՝ http://ankakh.com կայքի

Լուսանկարը՝ http://ankakh.com կայքի

Սույն թվականի օգոստոսի 30-ին Մոսկվայի Շերեմետեւո օդանավակայանում Ռուսաստանի Դաշնության սահմանապահների կողմից ձերբակալվել է Հայաստանի քաղաքացիական հասարակության ակտիվ եւ փորձառու ներկայացուցիչ, ՀՀ Գերագույն Խորհրդի նախկին պատգամավոր եւ ՀՀ արտգործնախարարի նախկին խորհրդական, Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը: 10 ժամ մեկուսացված պահելուց հետո, որի ընթացքում նրանից խլվել էր իր անձնագիրը, նրան վտարել են Ռուսաստանից Հայաստան: Ընդ որում, նրա հանդեպ նման վերաբերմունքը սահմանապահները հիմնավորվել են այն հանգամանքով, որ իրեն արգելված է մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք՝ մինչեւ 2030թ. «Ռուսաստանի Դաշնության տարածք մուտք գործելու կարգի վերաբերյալ» ՌԴ դաշնային օրենքի 26 եւ 27 հոդվածների հիման վրա: Մասնավորապես  26 հոդվածի 9-րդ կետի հիման վրա՝ «Այն օտարերկրյա քաղաքացիների վտարման մասին, որոնք մասնակցում են Ռուսաստանի տարածքում անցանկալի միջազգային կազմակերպությունների գործունեությանը»: Ավելի ուշ, սակայն, պարզվեց, որ համաձայն Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության կայքի՝ Ստեփան Գրիգորյանը իրավունք ունի առանց որեւէ սահմանափակման մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք:

Մենք համարում ենք, որ Ռուսաստանի իշխանությունների անհիմն եւ հակաիրավական գործողությունները, որոնք սահմանափակում են Հայաստանի Հանրապետության քաղաքացու ազատ տեղաշարժի իրավունքը, քաղաքական դրդապատճառներ ունեն, քանի որ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը, որի ղեկավարն է Ստեփան Գրիգորյանը, ակտիվորեն համագործակցում է եվրոպական ոչ կառավարական կազմակերպությունների հետ եւ չի թաքցնում, որ հայ ժողովրդի ապագան տեսնում է ժողովրդավարական արժեքների վրա հենվող եվրոպական երկրների ընտանիքում: Պետք է նաեւ նշել, որ Հայաստանի եւ ՌԴ-ի միջեւ գործում է առանց մուտքի արտոնագրի ռեժիմ: Այդ իսկ պատճառով Հայաստանում կասկած է առաջացել, որ ՌԴ-ն ունի ՀՀ անցանկալի քաղաքացիների «սանկցիոն ցուցակ»: Վերջապես, Ստեփան Գրիգորյանը որեւէ գործունեություն չի ծավալում Ռուսաստանի Դաշնությունում եւ այդ երկիր մի քանի ժամով մտնելու իր նպատակը զուտ անձնական բնույթ ուներ (այցելություն հանգուցյալ հոր շիրիմին): Պատժամիջոց կիրառելով Ստեփան Գրիգորյանի հանդեպ, վերջինի՝ Հայաստանում եւ երրորդ երկրներում գործունեության համար, ՌԴ իշխանությունները փաստորեն միջամտել են Հայաստանի եւ այն երկրների ներքին գործերի մեջ, որտեղ Ստեփան Գրիգորյանը օրինական գործունեությամբ է զբաղված:

Վերջին ժամանակներում սա առաջին դեպքը չէ, երբ ռուսաստանյան պետական կամ ոչ պետական դերակատարների կողմից թիրախավորվում են հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Վերջերս նման դեպք տեղի ունեցավ, երբ անհայտ, բայց հայտնի շահեր սպասարկող մի կայք տարածեց Հայաստանում գործող իբր ամերիկյան գործակալներ հանդիսացող անձանց մի ցուցակ, որում տեղ էին գտել Հայաստանի քաղաքացիական հասարակության մի շարք ակտիվ ներկայացուցիչների լուսանկարները եւ նրանց տվյալները:

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը դատապարտում է Ռուսաստանի պետական մարմնի կողմից Ստեփան Գրիգորյանի հանդեպ իրականացված հակաիրավական գործողությունը:

Իմանալով այն մասին, որ ՀՀ ԱԳՆ-ն Ստեփան Գրիգորյանի գործի վերաբերյալ հարցում է կատարել Հայաստանում ՌԴ դեսպանատուն, կոչ ենք անում Հայաստանի դիվանագիտական ծառայութանը՝ ցուցաբերել սկզբունքայնություն եւ հետեւողականություն ՀՀ քաղաքացու խախտված իրավունքների պաշտպանության հարցում:

Մենք նաեւ դիմում ենք Հայաստանում ՌԴ դեսպանատանը՝ առաջարկելով պարզաբանում տալ հետեւյալ հարցերին.

  1. Ի՞նչ կապ ունի Ստեփան Գրիգորյանը, որը որեւէ գործունեություն չի ծավալում Ռուսաստանի Դաշնությունում, միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների ցանկի հետ, որոնց գործունեությունը անցանկալի է ճանաչվել Ռուսաստանի տարածքում (http://minjust.ru/ru/activity/nko/unwanted): Արդյո՞ք այդ ցանկում ներառված կազմակերպությունների հետ համագործակցող ցանկացած կազմակերպության ներկայացուցիչ ամբողջ աշխարհում ենթակա է ՌԴ դաշնային օրենքի 26 եւ/կամ 27 հոդվածների ազդեցությանը:
  2. Արդյո՞ք այդ ցանկում ներառված կազմակերպությունների հետ համագործակցող ցանկացած կազմակերպության ներկայացուցիչների հանդեպ գործողությունը վերաբերում է նաեւ վերջիններիս՝ ՌԴ օդանավակայանները որպես տարանցման կայաններ օգտագործմանը:
  3. Ի՞նչ սկզբունքներով եւ չափորոշիչներով են որոշվում «Ռուսաստանի տարածքում անցանկալի միջազգային կազմակերպությունները»:

Մենք նաեւ արձանագրում ենք, որ մեր այս հարցադրումների լիարժեք եւ սպառիչ պատասխանը չստանալու, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիական հասարակության որեւէ ներկայացուցչի հանդեպ նման գործողության կրկնվելու դեպքում մենք ստիպված ենք լինելու դիմել ԱլԳ եւ ԵՄ տարածքում գործող մեր բոլոր գործընկեր կազմակերպություններին՝ կոչ անելով ձեռնպահ մնալ Ռուսաստանի Դաշնություն այցելելուց կամ այդ երկրի տարածքը որպես տարանցիկ գոտի օգտագործելուց:

EU-Armenia flagԵՄ-ն ակտիվացնում է աջակցությունը Հայաստանում գյուղական շրջանների զարգացմանը

13.09.2016

enpard_rural_developmentԵվրոպական հարեւանության՝ գյուղատնտեսության ոլորտի եւ գյուղական շրջանների զարգացման ծրագիրն (ENPARD) ակտիվացնում է իր աջակցությունը Հայաստանի ֆերմերներին եւ գյուղական շրջաններին,- նշվել է ԵՄ հայաստանյան պատվիրակությունում։ Մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ ծրագրի շնորհիվ արդեն իսկ հաջողվել է անմիջականորեն բարելավել մոտավորապես 800 ֆեմերային տնտեսությունների վիճակը, եւս 3200 ֆերմաների աշխատանք էլ լավացել է՝ շնորհիվ 55 ագրարային կոոպերատիվների ստեղծման։

Կոոպերատիվներին տրամադրվել են նորագույն սարքավորումներ եւ տեխնոլոգիաներ, իսկ դրանց անդամակցող  ֆերմերների համար կազմակերպվել են բարձրորակ արտադրանք թողարկելուն նվիրված դասընթացներ։ Շնորհիվ ENPARD-ի աջակցության՝ այդ կոոպերատիվներն այժմ արտադրում են եվրոպական թանկարժեք պանիրներ, աճեցնում են հնդկաձավար, բանջարեղենի՝տարածաշրջանի համար ոչ ավանդական տեսակներ, օրինակ՝ բրոկոլի, զբաղվում են չրերի ու չոր կանաչեղենի պատրաստմամբ։ Ծրագրի շրջանակներում արտադրվող 14 բացառիկ  ապրանքատեսակներն արդեն նոյեմբերից կհայտնվեն տեղական խանութներում։

Մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ ENPARD ծրագրին ԵՄ-ի վերջերս հատկացրած 7 մլն եվրո ֆինանսավորումը գյուղատնտեսության եւ գյուղական շրջանների զարգացմանը հատկացվելիք երեք տարվա համար նախատեսված 25 միլիոն եվրոյի հերթական բաժնի փոխանցումն է։ ԵՄ աջակցությունը  ENPARD ծրագրին՝ թույլ կտա Արեւելյան գործընկերության երկրներում կրճատել քաղաքային եւ գյուղական համայնքների տնտեսական եւ սոցիալական վիճակի տարբերությունները։ Մեծ ուշադրություն է դարձվում Հայաստանի գյուղական շրջաններում գործազրկության եւ ցածր կենսամակարդակի խնդիրների լուծման վրա։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ՝

Մամուլի հաղորդագրություն

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.