Թողարկում 247

CSF_Armenia_logo_ARMԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«Սասնա Ծռեր» միավորման կողմից իրականացված զինված հարձակման շուրջ ընթացող իրադարձությունների վերաբերյալ

21 հուլիսի, 2016

«Սասնա Ծռեր» միավորման կողմից ս.թ. հուլիսի 17-ին իրականացվեց զինված հարձակում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում, ապստամբություն հայտարարվեց եւ ներկայացվեցին քաղաքական պահանջներ: Տեղի ունեցածը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների՝ առաջին հերթին ընտրությունների, խորը ճգնաժամի, իշխանությունների կողմից մարդու իրավունքների, հանրային կարծիքի ու շահերի արհամարհման, երկրի անվտանգությունը եւ ինքնիշխանությունը երաշխավորելու անկարողության, բոլոր ոլորտներում մենաշնորհների, կոռուպցիայի արմատավորման, քաղաքական բանտարկյալների առկայության, ահագնացող արտագաղթի,  բարոյահոգեբանական մթնոլորտի շիկացման անմիջական հետեւանքն է:

Մենք՝ ավելի քան 220 ՔՀԿ-ներ միավորող ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անդամներս, գիտակցելով երկրում արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը, առաջիկայում դեռ կտանք կատարվածի վերաբերյալ մեր մանրամասն ու սկզբունքային գնահատականը: Միեւնույն ժամանակ, հարկ ենք համարում բոլորի ուշադրությունը հրավիրել երկու խնդրի վրա, որոնք անհապաղ լուծում են պահանջում:

Ազգային, պետական շահերից ելնելով՝ «Սասնա Ծռեր» միավորման գրոհից հետո ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծումն այլընտրանք չունի: Հուլիսի 17-ի եւ հաջորդող օրերի բախումների արդյունքում արդեն կա մեկ զոհ ու բազմաթիվ վիրավորներ, եւ խիստ կարեւոր է, որ բռնությունների շղթան անվերապահորեն կասեցվի:

Այդ առումով ՀՀ իշխանություններից պահանջում ենք հստակ երաշխիքներ, որոնցով բացառվի իրենց կողմից ուժային գործողությունների նախաձեռնումը: Նույն կոչով դիմում ենք նաեւ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված անձանց:

Այս օրերին մենք ականատեսը, իսկ ոմանք նաեւ՝ տուժածները դարձան իրավապահ մարմինների կողմից քաղաքացիների սահմանադրական իրավունքների զանգվածային խախտումների: Մասնավորապես՝

  1. Ապօրինի, առանց որեւէ ողջամիտ հիմնավորման, հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ անչափահասներ, տարեցներ, կանայք, ենթարկվել են բռնությունների, օրենքով չնախատեսված հետապնդման եւ ազատազրկման,
  2. Բազմաթիվ են եղել հիմնավոր ահազանգերը ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ բռնությունների եւ խոշտանգումների մասին,
  3. Գտնվելով մեկուսացման մեջ՝ քաղաքացիները զրկվել են սննդից, իրավական օգնության (փաստաբանի հետ տեսակցելու) եւ պատշաճ բժշկական օգնության իրավունքից, ինչպես նաեւ մտերիմներին իրենց գտնվելու վայրի մասին տեղեկացնելու հնարավորությունից,
  4. Հանրապետության տարածքում սահմանափակվել է ազատ տեղաշարժի եւ խաղաղ հավաքների իրավունքը, արձանագրվել են լրագրողների հանդեպ բռնությունների եւ մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքեր:

Ելնելով վերը շարադրածից` Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը խստորեն դատապարտում է այս ճգնաժամային իրավիճակում ՀՀ իշխանությունների գործելակերպը եւ պահանջում է.

– անհապաղ դադարեցնել քաղաքացիների նկատմամբ ուժային գործողությունները՝ ազատ արձակելով բոլոր բերման ենթարկածներին,

– կարճ ժամկետներում (ոչ ավելի, քան մեկ ամսվա ընթացքում), համագործակցելով իրավապաշտպան կազմակերպությունների հետ, իրականացնել ծառայողական հետաքննություններ եւ պատասխանատվության ենթարկել ապօրինի հրամաններ արձակողներին ու կատարողներին,

– մինչեւ ս.թ. սեպտեմբերի վերջը ձեւավորել իշխանություն-քաղաքացիական հասարակություն երկխոսության խմբեր, որոնք կանդրադառնան հասարակությանը հուզող կարեւոր հիմնախնդիրներին:

Հաշվի առնելով, որ վերջին օրերին ուժային կառույցների սանձարձակ պահվածքը պայմանավորված է նաեւ նախորդ տարիներին նրանց անպատժելիությամբ, առավել քան արդիական է դառնում 2008թ. մարտի 1-ի, 2015թ. հունիսի 23-ի եւ այլ դեպքերի առնչությամբ կոծկված կամ արհեստականորեն ձգձգվող հետաքննություններն օրինական ավարտին հասցնելը:

ՀՀ իշխանությունների կողմից սույն հայտարարության հարցադրումներին մոտակա օրերի  ընթացքում համարժեք արձագանքի բացակայությունը մեզ բոլոր հիմքերը կտա ենթադրելու, որ նրանք գիտակցաբար ստեղծված անընդունելի իրավիճակից ելք փնտրող հայաստանցիներին այլ ընտրություն չեն թողնում, քան քաղաքացիական անհնազանդության դիմելը:

 

EU-Armenia-baner1ԵՄ տեղական հայտարարությունը Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների առնչությամբ  

21.07.2016

Եվրոպական միության պատվիրակությունը Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների համաձայնությամբ  տարածում է հետեւյալ հայտարարությունը։

Ընդգծելով, որ քաղաքական փոփոխության նպատակով ուժի կիրառումն անընդունելի է՝ մեր զորակցությունն ենք հայտնում ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին: Ոստիկանության Էրեբունու բաժանմունքում տեղի ունեցած դեպքերից տուժողներին մաղթում ենք արագ եւ լիարժեք ապաքինում:

Մտահոգությամբ ընդգծելով անհամաչափ ուժի կիրառման եւ ոստիկանության կողմից իրականացված զանգվածային ձերբակալությունների մասին զեկույցները՝ իշխանություններին կոչ ենք անում հարգել համաչափության սկզբունքը խաղաղ բնույթի, ինչպես նաեւ բռնությամբ ուղեկցվող հանրային բողոքի ակցիաների առնչությամբ: Միաժամանակ, ցուցարարներին անհրաժեշտ է ձեռնպահ մնալ բռնի գործողություններից՝ իրենց քաղաքացիական իրավունքների իրացման ընթացքում:

Ի գիտություն ընդունելով նաեւ մարդու իրավունքների պաշտպանի կողմից կատարված հայտարարությունները՝ հորդորում ենք լիարժեք հետաքննություն կատարել ոստիկանների կողմից իրականացված բոլոր իրավախախտումների մասին հաղորդումների առնչությամբ, այդ թվում` նրանց կողմից ոչ պատշաճ վերաբերմունքի եւ իրավապաշտպանների եւ բուժօգնության մերժման առնչությամբ:

Աղբյուրը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության կայքէջ

csf-logoԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեի 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ 

Հայաստանում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ

  19 հուլիսի, 2016

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին
Եվրոպական հանձնաժողովի նախագահ ԺանԿլոդ Յունկերին
Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին
Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հաննին
ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարներին
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտին
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսին
Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերին
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվային
ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Մայքլ Գեորգ Լինքին

 

Armenia Protest © Narek Aleksanyan

Armenia Protest © Narek Aleksanyan

Ղեկավար կոմիտեն դիմում է Հայաստանի իշխանություններին` առանց որեւէ հետագա զոհերի լուծելու «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր խմբի զինված աջակիցների կողմից Երեւանի Էրեբունու ոստիկանության բաժնի գրավման հարցը:

Բացի այդ, երկու կողմերին հիշեցնում ենք, որ քաղաքական լարվածությունները հնարավոր է լուծել միայն երկխոսությամբ եւ առանց բռնության դիմելու, ինչն արդեն հանգեցրել է մեկ ոստիկանի մահվան ու եւս չորսի վիրավորման: Մենք գնահատում ենք իշխանությունների զսպվածությունը եւ բանակցողների հմտությունը, որի արդյունքում տարածքը գրաված անձինք ազատ են արձակել ոստիկանության բաժնում պահվող ինը պատանդներից հինգին:

Այնուամենայնիվ, մենք շեշտում ենք, որ քաղաքական երկխոսությունը կարող է միայն կայանալ օրենքի գերակայության եւ ժողովրդավարական կառավարման պայմաններում, երբ հարգվում է մարդկանց` ազատ եւ արդար ընտրություններում արտահայտած կամքը: Այսպիսի պայմաններ կարող են ապահովվել միայն, եթե Հայաստանի ղեկավարությունը վերանայի իր ներկայիս քաղաքականությունը` հաստատելով այնպիսի վարչակարգ, որտեղ չկան քաղաքական բանտարկյալներ, եւ երկրի ղեկավարների եւ քաղաքական ընդդիմության միջեւ կա փոխադարձ հարգանք:

Ներկա պահին անընդունելի է այն հանգամանքը, որ իշխանությունները խախտում են մարդու հիմնարար իրավունքները` քաղաքացիներին զանգվածաբար բերման ենթարկելով, ինչպես պատահեց վերջին օրերին Երեւանի Ազատության հրապարակում եւ այլուր:    Նրանցից ոմանց նկատմամաբ մեկուսացման մեջ ֆիզիկական բռնություն են կիրառել: Բերման ենթարկվածներին զրկել են նաեւ սննդից եւ ջրից, ինչպես նաեւ իրավական աջակցությունից եւ իրենց հարազատների եւ ընկերների հետ կապ հաստատելուց:

Մենք բողոքում ենք նման բռնաճնշումների դեմ, որոնք ուղղակիորեն կապ չունեն Էրեբունու ոստիկանության բաժնի գրավումը հանգուցալուծելու հետ: Այսպիսի գործողությունները ոչ միայն խախտում են մարդու հիմնարար իրավունքները, այլ նաեւ ավելի են բարդացնում առկա ճգնաժամի խաղաղ հանգուցալուծումը:

Ուստի մենք դիմում ենք  Հայաստանի իշխանություններին` դադարեցնելու քաղաքացիների նկատմամբ նման անօրինական գործողությունները եւ խստորեն պատժելու անվտանգության ուժերի` ապօրինի հրամաններ տված եւ դրանք կատարած անդամներին:

Իշխանությունների կողմից նման գործողությունների հանդուրժումը կարող է միայն խորացնել պետական ինստիտուտների նկատմամբ քաղաքացիների անվստահությունը, որը սկիզբ է առել 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերից եւ 2015թ. հունիսի 23-ին խաղաղ ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ բռնություններից հետո:

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեի անդամներ

Advertisements
This entry was posted in Հայերեն and tagged , , , , , . Bookmark the permalink.