Թողարկում 241

CSF_Armenia_logo_ARMԵՄ ԱլԳ ՔՀՖ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերաբերյալ

Ապրիլի 11, 2016

Լեռնային Ղարաբաղի սահմանին  Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունները, որ սկսվեցին 2016թ.ապրիլի 2-ին եւ շարունակվեցին չորս օր, 1994թ. մայիսի 12-ին ստորագրված զինադադարի պայմանագրի ամենակոպիտ խախտումն են։ Դիվերսիաները, պրովոկացիաները, դիպուկահարային պատերազմը շփման գծում տեղի էին ունենում նաեւ նախորդ տարիներին, եւ առավել ինտենսիվ բնույթ ստացան 2014 թվականի օգոստոսից։ Սակայն ապրիլյան վերջին իրադարձությունները կասկած չեն թողնում, որ պաշտոնական Բաքուն շարունակաբար արհամարհում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման՝ միջազգային հանրության ջանքերը։ Տեղի ունեցած ռազմական գործողությունները դարձան երկու կողմերի բազմաթիվ զինվորականների եւ քաղաքացիական անձանց մահվան, ավերածությունների, փոխադարձ թշնամանքի սրընթաց աճի պատճառ։ Ավելին, այս իրադարձությունները վտանգ են ներկայացնում ողջ Հարավային Կովկասի կայունության եւ անվտանգության համար։ Մինչդեռ հակամարտության կողմերից միայն Ադրբեջանն է մերժում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից բազմիցս հնչեցրած`շփման գծից դիպուկահարների hետքաշման առաջարկը։

Ադրբեջանի հայտարարություններն այն մասին, թե իրենց գործողությունները հայկական կողմի ձեռնարկած հարձակման պատասխանն են հանդիսացել, հերթական դեմագոգիան է, որը հերքվում է բազմաթիվ հակափաստարկներով։ Մասնավորապես, ամբողջ աշխարհը վկա դարձավ Բաքվի ահագնացող ռազմատենչ հռետորաբանությանը, որով Ադրբեջանը միջազգային միջնորդներին շանտաժի է ենթարկում՝ հակամարտությունը ուժի գործադրմամբ լուծելու սպառնալիքով, եթե վերջիններս չառաջարկեն կարգավորման այն մոդելը, որը նախընտրելի է բացառապես ադրբեջանական կողմի համար։

Հենց Ադրբեջանն է մերժել սահմանին մոնիտորինգ իրականացնելու եւ մեղավորներին ի հայտ բերելու՝ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր առաջարկները։ Մերժվել է նաեւ ս.թ. ապրիլի 2-5-ը տեղի ունեցած իրադարձությունների հետաքննման առաջարկը։ Միջազգային անկախ փորձագետների ճնշող մեծամասնությունը միանշանակ պնդում է, որ Ադրբեջանն է եղել ռազմական բախումների նախաձեռնողը։ Վերջապես, ադրբեջանական ագրեսիայի ուղղակի ճանաչում էր` Ռուսաստանում այդ երկրի արտակարգ եւ լիազոր դեսպան  Փոլադ Բյուլ-Բյուլ Օղլու հայտարարությունը[1]։ Հարկ ենք համարում նշել, որ Ադրբեջանի նախահարձակ գործողությունները տեղի ունեցան տարիներ շարունակ Ռուսաստանի կողմից այդ երկրին նորագույն սպառազինությունների մեծածավալ մատակարարման արդյունքում ռազմական հավասարակշռության խախտման հետեւանքով։

Ռազմադաշտում ընթացող մարտերը ադրբեջանական բանակի կողմից ուղեկցվել են  ռազմական հանցագործություններով, որոնք 1949թ. Ժնեւի  կոնվենցիայի եւ 1954թ. Հաագայի կոնվենցիայի կոպտագույն խախտումներ են։

Մասնավորապես, Ադրբեջանի զինված ուժերի կողմից 2016 թվականի ապրիլի 2-ին ՄՄ-21 («Գրադ») կայանքից Մարտունու դպրոցի ուղղությամբ իրականացված հրթիռահրետակոծության հետեւանքով սպանվել է 12-ամյա երեխա, եւս երկուսը վիրավորվել են:

Նույն օրը, Թալիշ գյուղի ժամանակավոր գրավումից հետո, ադրբեջանական զինված ուժերը դաժանաբար սպանել են տարեց Վալերա եւ Ռազմելա Խալափյաններին, կտրել նրանց ականջները: Ադրբեջանի զինծառայողները սպանել են նաեւ Վալերա Խալափյանի 92-ամյա մորը՝ Մարուսյա Խալափյանին: Ավելին, ադրբեջանական զինծառայողների կողմից գլխատվել են Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինվորներ, որից հետո ադրբեջանցի զինծառայողները, ինչպես նաեւ քաղաքացիները, ծաղրուծանակի են ենթարկել սպանվածներից մեկի՝ ազգությամբ եզդի, Քյարամ Սլոյանի գլուխը, նկարվել դրա հետ՝ տարածելով նկարները սոցիալական ցանցերում, տեղափոխել գյուղեգյուղ՝ ներկայացնելով որպես ավար: Անմարդկային դաժանության նման դրսեւորումը նույնական է Իսլամական Պետության ահաբեկիչների կողմից եզդիների հանդեպ իրականացված վայրագություններին։ Անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) միջոցով ռմբակոծվել է քաղաքացիական անձանց տեղափոխող ավտոբուսը, որի արդյունքում զոհվել է յոթ մարդ, եւ տասնյակից ավելին վիրավորվել է։ 2016 թվականի ապրիլի 10-ին Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության (ԿԽՄԿ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի գրասենյակի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտ իրականացվել է զոհվածների մարմինների փոխանակում: Ապրիլի 2-5 Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի հետեւանքով ընկած ԼՂ Պաշտպանության բանակի 18 զինծառայողների մարմինները փոխանցվել են ԼՂ կողմին: Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ ԼՂ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովն  արձանագրել է, որ ադրբեջանական կողմի փոխանցած բոլոր զոհերի մարմինների վրա առկա են եղել կտտանքի եւ անարգման նշաններ:

Դաժանության եւ ատելության այդ բացահայտ փաստերը որեւէ մեկի մոտ կասկած չպետք է թողնեն, որ Ադրբեջանի ենթակայության ներքո հայտնվելու դեպքում հայ բնակչությունը չի կարող խուսափել էթնիկ զտումների ամենաանմարդկային դրսեւորումներից։ Այդպիսով, մենք հերթական անգամ համոզվեցինք, որ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշումն այլընտրանք չունի։

Ցավոք, Ադրբեջանի ագրեսիվությունը եւ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խոչընդոտումը ոչ միայն չեն ստանում համարժեք պատասխան, այլեւ ավելին՝ հրահրվում են մի շարք, այդ թվում նաեւ Մինսկի խմբի անդամ հանդիսացող երկրների կողմից։ Այսպես, թուրքական առաջնորդներն Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին ի պատասխան իրենց լիակատար համերաշխությունը եւ ռազմական աջակցությունը ցուցաբերելու պատրաստակամություն հայտնեցին։ Իսկ «քառօրյա պատերազմին» անմիջապես հաջորդած օրերին Բաքու այցելած ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը կրակի վրա յուղ լցրեց՝ հայտարարելով, որ Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումը կշարունակվի գոյություն ունեցող պայմանագրերին համապատասխան[2]։ Հարավկովկասյան տարածաշրջանում ահռելի ազդեցություն ունեցող երկրների այդօրինակ գործողությունները Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին այլ ելք չեն թողնում, քան պաշտպանության ու արտաքին քաղաքականության բոլոր հնարավոր ռեսուրսների օգտագործումը՝ սեփական գոյությանը սպառնացող վտանգներին դիմակայելու համար։

Եվրասիական տնտեսական միության իր գործընկերների (որոնք Հայաստանի հետ միասին հանդիսանում են Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ երկրներ) հրաժարումը այցելել Երեւան՝ մասնակցելու ապրիլի 7-ին նախապես ծրագրված ԵԱՏՄ Միջկառավարական խորհրդի նիստին, երեսպաշտական պատճառաբանությամբ, թե դա կարող է ընկալվել որպես աջակցություն հայկական կողմին՝ Ադրբեջանի հետ իր ունեցած հակամարտության հարցում, օրախնդիր է դարձնում իր կենսական շահերին բացարձակապես չհամապատասխանող ինտեգրացիոն այդ գործընթացներին մեր երկրի անդամակցության նպատակահարմարությունը։ Ինչպես փաստում են վերջին իրադարձությունները, դա ուղղակիորեն դառնում է ազգային անվտանգության խնդիր։

Ելնելով վերը շարադրվածից, միջազգային հանրությանը կոչ ենք անում.

  • Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարների կողմից ստորագրված եւ 1995թ. փետրվարից ուժի մեջ մտած Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Կրակի դադարեցման ռեժիմի համաձայնագրի շրջանակներում, մշակել լրացուցիչ, փոփոխված իրավիճակը հաշվի առնող, իրավական պարտավորություն սահմանող միջոցներ։ Ապահովել դրանց գործնական կիրառումը, եւ հետեւանքներ նախատեսել ուժի չկիրառման սկզբունքը խախտող կողմի համար։
  • ԵԱՀԿ կառույցներին տալ մանդատ՝ հետաքննելու Ղարաբաղյան հակամարտության գոտում եւ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպերը՝ անկախ կողմերի համաձայնությունից։ Որպես այդ առաքելության իրականացման սկիզբ՝ անցկացնել 2016թ. ապրիլի 2-5-ը տեղի ունեցած լայնածավալ ռազմական գործողությունների հանգամանքների մանրամասն հետաքննություն եւ պաշտոնապես հայտարարել, թե ովքեր են պատասխանատվություն կրում պատերազմի սանձազերծման եւ ռազմական հանցագործությունների իրականացման համար։ Կողմերից մեկի հրաժարումը հետաքննության իրականացման համար պայմաններ ապահովելուց՝ համարել տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող ագրեսիայի դրսեւորման մտադրություն, ինչը պետք է իր արտացոլումը գտնի միջազգային կառույցների համապատասխան փաստաթղթերում։
  • Լեռնային Ղարաբաղին վերադարձնել հակամարտության կարգավորման բանակցային կողմի կարգավիճակը։
  • Հետամուտ լինել, որ հակամարտող կողմերի իշխանությունները վերականգնեն  քաղաքացիական հասարակության եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համագործակցության համար անհրաժեշտ պայմանները՝ ուղղված փոխադարձ անվստահության, քսենոֆոբիայի, թշնամության քարոզչության հաղթահարմանը: Խրախուսել ոչ պաշտոնական մակարդակում ուղիղ երկխոսությանը նպաստող նախաձեռնությունները:

Հայաստանի Հանրապետության իշխանություններից պահանջում ենք՝

  • նախաձեռնել քաղաքական-իրավական հետեւանքներ ենթադրող բանավեճ՝ ԵԱՏՄ-ին անդամակցության, միջազգային համագործակցության այլ ձեւաչափերին մասնակցության, անվտանգության ապահովման եւ երկրի զարգացման խնդիրներին համապատասխանության վերաբերյալ,
  • գործուն միջոցներ ձեռնարկել երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում ազգային ներուժն արդյունավետ օգտագործելու համար: Կոռուպցիան, պետական կառավարման արատավոր մեթոդները, տնտեսության մեջ առկա մենաշնորհները եւ հովանավորչությունը, ներդրումների եւ փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար արհեստական խոչընդոտները, քաղաքացիական ակտիվիզմի զսպումը, դիվանագիտության ոլորտում իներտությունը դիտարկել որպես երկրի անվտանգության անմիջական սպառնալիքներ:

Մեր պատրաստակամությունն ենք հայտնում՝

  • անաչառ եւ պատասխանատու քննելու Ղարաբաղյան հակամարտության համատեքստում մարդու իրավունքների խախտման բոլոր դեպքերը, անկախ այն բանից, թե որ կողմն է դրանք թույլ տվել,
  • աջակցելու, որ պատասխանատվության ենթարկվեն այն անձինք, որոնք խախտել են մարդասիրական իրավունքի համընդհանուր նորմերը,
  • նշված ուղղություններով համագործակցելու հակամարտության բոլոր կողմերի ներկայացուցիչների եւ իրավասու միջազգային կազմակերպությունների հետ:

Մենք նաեւ մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի 500-ից ավելի ոչ կառավարական կազմակերպությունների, ԶԼՄ-ների եւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համատեղ դիմումին[3]՝ ուղղված Եվրախորհրդարանին։

[1] https://russian.rt.com/article/156824 (ռուսերեն), http://en.168.am/2016/04/03/5004.html (անգլերեն)

[2] http://www.gazeta.ru/army/news/8478623.shtml

[3] https://www.dropbox.com/s/ey2q0y46nltz4zt/Appeal%20to%20the%20European%20Parliament_11.04.2016_All%20signatures.pdf?oref=e

CSF logoԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի կոչը

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի եւ Ադրբեջանի ազգային պլատֆորմների անդամներին

Ապրիլի 11, 2016

Ազգային պլատֆորմների հարգելի անդամներ,

Լեռնային Ղարաբաղում վերջին օրերին տեղի ունեցած մարտական գործողությունների բռնկումը օրախնդիր է դարձնում ձեր երկու երկրների միջեւ հակամարտությունը խաղաղ, արդար եւ անաչառ կերպով լուծելու անհետաձգելի անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա Հայաստանին եւ Ադրբեջանին՝ խաղաղ ապրել:

Հարեւանների միջեւ խաղաղությունը Եվրոպական միության նպատակներից մեկն է, որը հաջողությամբ կարգավորեց Եվրոպայի դարավոր հակամարտությունները՝ հնարավորություն տալով ժամանակին թշնամի երկրներին՝ ապրելու եւ աշխատելու միասին: Հարեւանների միջեւ խաղաղությունը նաեւ Արեւելյան գործընկերության եւ նրա Քաղաքացիական հասարակության ֆորումի (որի մասն եք կազմում դուք) նպատակներից մեկն է:

Տեւական խաղաղությունը կարող է ապահովվել միայն ճշմարտության հիման վրա: Ուստի հրամայական է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հետաքննի վերջերս տեղի ունեցած բախումները, պարզի սանձազերծողներին եւ պատերազմական հանցագործությունների պատասխանատուներին:

Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում արյունահեղության վերսկսումը ահազանգում է, որ անհրաժեշտ է փնտրել այս հակամարտության համար երկարատեւ խաղաղ կարգավորում եւ չսրել ձեր երկու երկրների եւ նրանց քաղաքացիական հասարակությունների միջեւ հարաբերությունները: Անկախ քաղաքացիական հասարակության առանձին կազմակերպությունների (որոնք իրավունք ունեն արտահայտելու իրենց տեսակետները) դիրքորոշումից՝ հիմա մեր ազգային պլատֆորմները առճակատման տանելու պահը չէ: Եվ ոչ էլ ժամանակն է ձեզ բաժանող խնդիրները լուծելու համար ռազմական միջոցներ փնտրելու: Ո՛չ ուժի կիրառումը, ո՛չ հետագա ռազմական գործողությունների պահանջները չեն լուծելու այս խնդիրները: Փոխարենը, կարեւոր է առաջին հերթին գնահատել մարդկային տառապանքների այն աստիճանը, որ պատճառել է հակամարտությունը, եւ կազմակերպել օգնություն զոհվածների եւ տուժածների ընտանիքներին:

Դիմում ենք նաեւ ձեզ՝ հորդորելով վերսկսել ձեր աջակցությունը քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք աշխատել են տարածաշրջանում հանուն խաղաղության, քանի որ դրանց անհրաժեշտությունը զգացվում է ավելի, քան երբեք: Մենք նաեւ պետք է ուղիներ փնտրենք՝ աջակցելու Եվրոպական միության եւ Կովկասում նրա հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Սալբերի՝ խաղաղության ջանքերին:

Խնդրում ենք ձեզ երկխոսել՝ վերջ տալու համար այս հակամարտությանը, եւ դիմել ձեր կառավարություններին՝ հեշտացնելու այդ երկխոսությունը: Քաղաքացիական հասարակության ֆորումը կաջակցի ձեզ բոլոր այդ ջանքերում:

ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի անդամներ

Logo

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին բացման ելույթով հանդես է եկել Եվրախորհրդարանում տեղի ունեցած քննարկմանը, որը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղին

 

 

CSF_Armenia_logo_ARM

Տեղի ունեցավ  ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հերթական համաժողովը

12987124_1004840599569869_6270132382483794024_n

 

2016 թվականի ապրիլի 11-ին Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գրասենյակում տեղի ունեցավ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողովը՝ որի օրակարգային առաջին հարցը նվիրված էր ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի քննարկմանը:

12938206_1004840479569881_6730554301670054330_nԵլույթով հանդես եկավ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին, որը խոսեց ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ ԵՄ դիրքորոշման մասին՝ կարևորելով թափանցիկ գործընթացների անհրաժեշտությունը: Դեսպան Սվիտալսկին ընդգծեց նաև ամենակարևոր հարցերում (ընտրողների գրանցում, ձայների հաշվարկ, արդյունքների ամփոփում, բողոքարկման ընթացակարգեր, դիտորդների ներգրավում) ընտրական բոլոր շահագրգիռ կողմերի՝ համաձայնության գալու անհրաժեշտությունը: Այնուհետև դեսպանը պատասխանեց համաժողովի մասնակիցների հարցերին:

12938364_1004840399569889_4962617704283922174_nՀամաժողովի երկրորդ մասում ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ 4+4+4 ձևաչափով քննարկմանը որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ մասնակցած Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխնախագահ Սոնա Այվազյանը, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը և «Իրավունքի գերակայություն» ՀԿ նախագահ Արտակ Զեյնալյանը ներկայացրին 4+4+4 ձևաչափով բանակցությունների ընթացքը, մանրամասները և մարտահրավերները: Տեղի ունեցավ քննարկում ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի՝ ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ առաջարկությունները ամբողջացնելու և հետագա անելիքների վերաբերյալ։

Համաժողովի երրորդ հատվածում մասնակիցները քննարկեցին Լեռնային Ղարաբաղում բռնկված լայնածավալ ռազմական գործողությունները և ԱլԳ ՔՀՖ ղեկավար կոմիտեի կոչը ԱլԳ ՔՀՖ Հայաստանի և Ադրբեջանի ազգային պլատֆորմների անդամներին: Որոշվեց հանդես գալ հայտարարությամբ՝ հայտնելով ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի դիրքորոշումն այդ խնդրի վերաբերյալ։

Լուսանկարները՝ European Union in Armenia ֆեյսբուքյան էջից։

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.