Թողարկում 239

CSF_Armenia_logo_ARMԱլԳ ՔՀՖ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ OՐԵՆՍԳՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 24 մարտի, 2016

ԵՄ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը, որը միավորում է հայաստանյան քաղաքացիական հասարակության 200-ից ավելի կազմակերպություններ, իր համերաշխությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի նոր նախագծի շուրջ քննարկումներում  հանրային մասնակցության ապահովմանն ուղղված գործընթացին եւ ՔՀՖ ՀԱՊ անդամ կազմակերպությունների առցանց քվեարկության արդյունքում՝ միանում է ՀՀ Ընտրական օրենսգրքի հետ կապված 5 կարեւորագույն պահանջների վերաբերյալ մի շարք ՀԿ-ների կողմից կազմված հայտարարությանը (տե՛ս ստորեւ)։

 

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ OՐԵՆՍԳՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Հաշվի առնելով Հայաստանում վերջին տարիներին տեղի ունեցած ընտրությունների (եւ հատկապես՝ Սահմանադրական հանրաքվեի) ժամանակ արձանագրված առավել տարածված ընտրակեղծիքների տեսակները, ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության բացակայությունը, ինչպես նաեւ Ազգային ժողովին ներկայացված Ընտրական օրենսգրքի բովանդակությունը, ներքոստորագրյալ կազմակերպությունները համարում են, որ ընտրական գործընթացների որակական փոփոխություն կարող է լինել միմիայն այն դեպքում, եթե օրենսգրքում ներառվեն (փոփոխվեն) հետեւյալ կարեւորագույն հինգ մեխանիզմները.

  1. Ընտրողների կողմից ստորագրված եւ լրացված ցուցակների հրապարակում։
  1. Ընտրողների ցուցակների մաքրում՝ հարեւան Վրաստանում կատարված մոդելով: Մասնավորապես, պետք է պարզվեն հանրապետությունում չգտնվող քաղաքացիները եւ ընտրողների ցուցակների մեջ այդ անձանց անվան դիմաց լինի առանձին նշում՝ հանրապետությունից բացակայելու մասին:
  1. Ազգային ժողովի ընտրությունների անցկացում համամասնական ընտրակարգով՝ համապետական պարզ (փակ) համամասնական ընտրացուցակներով՝ բացառելով տարածքային ու վարկանիշային ցուցակների կիրառումը։
  1. Ընտրական տեղամասերում քվեարկության եւ քվեարկության արդյունքների ամփոփման ողջ գործընթացի տեսանկարահանում առնվազն 5 որակյալ տեսախցիկներով՝ որպես պետության պարտականություն: Տեսախցիկների տեսադաշտում կլինեն քվեատուփը, ընտրողների գրանցման եւ քվեաթերթիկների հատկացման գործնթացը, տեղամասային կենտրոնն ու դրա մուտքը:
  1. Ընտրողներին մատնահետքերով նույնականացման համակարգի կիրառում կամ մատների թանաքոտման (այդ թվում՝ անզեն աչքով չերեւացող թանաքով) կարգի ներդրում։

Հիմնավորում

  • Ընտրողների քվեարկած (ստորագրած) ցուցակների հրապարակումը կրկնաքվեարկությունների կանխարգելման լավագույն մեխանիզմն է, քանի որ քվեարկության ավարտից հետո բոլորին հնարավորություն կտա ստուգելու հանրապետությունից բացակայող անձանց անվան դիմաց ստորագության բացակայությունը: Հանձնաժողովի անդամները կիմանան, որ մեկ անձի փոխարեն այլ անձին քվեարկելու իրավունք տալու դեպքում դա կարող է շատ հեշտությամբ բացահայտվել: Քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների հրապարակումը մեր կարեւորագույն պահանջն է: Մենք համարում ենք, որ այն պետք է հրապարակվի ոչ միայն ընտրական տեղամասում՝ բոլորի համար տեսանելի վայրում, այլ նաեւ թվայնացվի ու համացանցում ունենա որոնման հնարավորություն:
  • Այս նպատակով կարեւոր է նաեւ, որ ընտրողների ցուցակներում հատուկ նշում լինի քաղաքացու` հանրապետությունից բացակա լինելու մասին: Դա հնարավորություն կտա առավելապես կենտրոնանալ հենց այն դեպքերի վրա, երբ նման նշումով անձի դիմաց քվեարկելու մասին վկայող ստորագրություն լինի: Այս մոդելը մեծ հաջողությամբ կիրառվել է Վրաստանում:
  • Քանի որ այլ անձանց փոխարեն քվեարկությունների դեպքերը չեն սահմանափակվում հանրապետությունից բացակայողների փոխարեն քվեարկությամբ, մենք գտնում ենք, որ մյուս կետերի բավարարման դեպքում կարող է լրացուցիչ կանխարգելիչ միջոցառում լինել նաեւ ընտրողներին մատնահետքերով նույնականացնող սարքավորումների ներդրումը, որոնք կունենան տեղամասի ընտրողների ցուցակում ներառված բոլոր անձանց մատնահետքերի բազան: Որպես այս համակարգի այլընտրանք, մենք կարող ենք համաձայնել ընտրողների մատների թանաքոտմանը՝ անզեն աչքով չերեւացող եւ մեկ օր հետո վերացող թանաքով:
  • Մեր համոզմամբ, տարածքային վարկանշային ընտրական ցուցակները հնարավորություն կտան դրանցում ներառել տեղական (այդ թվում՝ կրիմինալ) հեղինակություններին, համայնքների ու հիմնարկների ղեկավարներին, ում ձայն տալու համար ընտրողները ստիպված կլինեն քվեարկել այդ անձանց ներկայացնող կուսակցությանը: Այստեղ պետք է հաշվի առնել, որ Հայաստանը ֆեդերացիա չէ, եւ չունի տարբեր ռեգիոնների շահերը խորհրդարանում հավասարաչափ մրցակցային կերպով ներկայացնելու խնդիր, իսկ խորհրդարանում քննարկվող հարցերը գրեթե միշտ կրում են համապետական բնույթ: Վերադարձը պարզ (փակ) համամասնական ցուցակին՝ միաժամանակ կվերացնի նաեւ նախագծով առաջարկվող գունավոր քվեաթերթիկների հետ կապված բոլոր խնդիրները:
  • Ինչպես հայտնի է, տեղամասային հանձնաժողովներում հաճախ արձանագրվում են խախտումներ, որոնց ապացուցումը բավականին դժվար է լինում: Այդ խախտումների թվին են պատկանում լցոնումները, դիտորդների, լրագրողների ու վստահված անձանց գործունեության խոչընդոտումը, քվեարկության արդյունքների կեղծումը, քվեարկած քվեաթերթիկների հանումը տեղամասից, կուտակումները եւ այլն: Որպես նման խախտումների կանխարգելման եւ առավել դյուրին ապացուցման ու բացահայտման լավագույն եղանակ՝ մենք տեսնում ենք տեղամասերում պետության կողմից տեսախցիկների տեղադրումը, որոնք ոչ միայն կհավաքագրեն նկարահանվածը, այլեւ այն կհեռարձակեն համացանցով: Յուրաքանչյուր տեղամասում 1 տեսախցիկ պետք է հսկի տեղամասի մուտքը դրսի կողմից, 1 տեսախցիկ՝ քվեատուփն ու դրա պատասխանատու հանձնաժողովի անդամին, 2 տեսախցիկ՝ ընտրողների գրանցող ու քվեաթերթիկ հատկացնող հանձնաժողովի անդամներին, 1 տեսախցիկ՝ ընդհանուր տեղամասային կենտրոնը: Քվեարկության արդյունքների ամփոփման (հաշվարկի) ժամանակ՝ բացի դուրսը հսկող տեսախցիկից, մյուս 4-ը պետք է վերադասավորվեն այնպես, որ, որ արտացոլեն քվեները հաշվելու ամբողջ ընթացքը (ծրարները քվեատուփից հանելու, բացելու, քվեաթերթիկներն ուսումնասիրելու, քվեաթերթիկները խմբերի բաշխելու, քվեարկության վերջնական արձանագրության կազմման, ստորագրման եւ ընտրական փաստաթղթերի փաթեթավորման գործընթացը):

 

CSF_Armenia_logo_ARMՔՀՖ ՀԱՊ 1-ին աշխատանքային խմբի բաց նիստը

WG1-22016 թ. մարտի 22-ին Երեւանի Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի «ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, արդյունավետ կառավարում եւ կայունություն» աշխատանքային 1-ին խմբի բաց նիստը: Հանդիպման ընթացքում քննարկում ծավալվեց ՀՀ Ընտրական օրենսգրքի մշակման գործընթացում Պլատֆորմի դերի եւ ներգրավվածության շուրջ: WG1Մասնակիցները շեշտեցին ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը նոր ընտրական օրենսգրքի հանրային լսումներում, ինչպես նաեւ ՀՀ իշխանությունների հետ բանակցություններում քաղաքացիական հասարակության՝ միասնական դիրքորոշմամբ հանդես գալու կարևորությունը:

Նիստի մասնակիցները քննարկեցին նաեւ ՀԱՊ 1-ին աշխատանքային խմբի համակարգող Բորիս Նավասարդյանի կողմից շրջանառության մեջ դրված՝ ԱԽ1-ի 2016թ. առաջնահերթությունները:

 

european-commission-flagՍեմինար նվիրված ՀՀ ինտեգրացիոն գործընթացներին

FES seminar 1Երեւանի մամուլի ակումբը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ 2016թ. մարտի 18-20-ը Աղվերանում կազմակերպել էր սեմինար «Հայաստանի Հանրապետության ինտեգրացիոն գործընթացներն արդի աշխարհաքաղաքական համատեքստում» թեմայով: Սեմինարին մասնակցում էին դիվանագետներ եւ հայաստանյան հասարակական կազմակերպությունների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Իր բացման խոսքում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Յուլյա Բլեզիուսը ողջունեց սեմինարի մասնակցիներին՝ կարեւորելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվությունը նմանօրինակ նախաձեռնություններում:

«ԵՄ-Հայաստան հարաբերությունների ընթացքն ու հեռանկարները» թեմայով զեկուցումով հանդես եկավ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին, որը մասնավորապես ներկայացրեց Հայաստանի հետ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքը, ԵՄ-Հայաստան գործընկերության առաջնահերթությունները, ինչպես նաեւ մուտքի արտոնագրերի ազատականացման հնարավորությունները:

Fes 2Հայաստանում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերի զեկույցը նվիրված էր Եվրոպայում ներգաղթյալների հիմնախնդրին, մասնավորապես, այդ հարցում Գերմանիայի Դաշնային Հանրապետության վարած քաղաքականությանը:

Սեմինարի երկրորդ նիստին Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը ներկայացրեց Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության՝ 2015 թվականի տնտեսական ցուցանիշները:

FES 4Երեւանի մամուլի ակումբի ծրագրերի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Հայկակ Արշամյանի զեկուցումը վերաբերում էր ՀՀ ինտեգրացիոն գործընթացներին՝ հայաստանյան քաղաքական կուսակցությունների օրակարգում:

«ՀՀ ինտեգրացիոն գործընթացների տեղեկատվական բաղադրիչը» Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի զեկուցման թեման էր: Սեմինարի վերջին զեկուցումը ներկայացրեց քաղաքագետ Անուշ Սեդրակյանը, որը խոսեց ԵՄ ԱլԳ Ասոցացման համաձայնագիրը ստորագրած երկրների արդի իրավիճակից՝ զուգահեռներ անցկացնելով Հայաստանի հետ:

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.