Թողարկում 235

csf-logo

ԱլԳ ՔՀՖ Ղեկավար կոմիտեի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վատթարացման առթիվ

 01.02.2016

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեն մտահոգված է Հայաստանում իշխանությունների կողմից քաղաքացիական եւ քաղաքական ակտիվիստների իրավունքների խախտումների դեպքերի հաճախակիացմամբ: 2016թ. սկզբից Հայաստանի իշխանությունները զգալի չափով խստացրել են բռնությունները քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ, իսկ եւս մեկ ակտիվիստի կալանքի ենթարկելով՝ քաղաքական շարժառիթներով ձերբակալվածների եւ կալանավորվածների քանակը հասցրել 13-ի:

Դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը «Նոր Հայաստան» քաղաքական միավորման ներկայացուցիչ Գեւորգ Սաֆարյանը կալանավորվեց մեկ այլ քաղաքացու պաշտպանելու համար, որը ոստիկանության զոհ էր դարձել ընդամենը Ամանորի տոնածառի զգեստ հագած լինելու համար (միջադեպին կարելի է ծանոթանալ՝ «Ազատություն» ռադիոկայանի այս հաղորդումը դիտելով:

Վիճակն էլ ավելի է ծանրացնում բանտում իշխանությունների կողմից քաղբանտարկյալների նկատմամբ ճնշման աղաղակող գործիքի կիրառումը: Այսպես՝ քաղաքական շարժառիթներով կալանավորված Գեւորգ Սաֆարյանի եւ քաղբանտարկյալ Հայկ Կյուրեղյանի կյանքին եւ առողջությանը բանտում սպառնում են քրեական տարրերը, ինչը նրանց, ինչպես նաեւ ի պաշտպանություն նրանց հանդես եկած քաղբանտարկյալներին, հարկադրել է դիմել ծայրահեղ միջոցի՝ հացադուլի:

Նաեւ հաճախակիացել են հարձակումներն ու սպառնալիքները երիտասարդ ընդդիմադիրների, քաղաքացիական ակտիվիստների եւ իրավապաշտպանների նկատմամբ: Ծեծի են ենթարկվել «Նոր Հայաստան»-ի ներկայացուցիչներ Սյուզի Գեւորգյանը եւ Հովհաննես Հարությունյանը, ինչպես նաեւ բլոգեր Կարեն Հարությունյանը: Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը դարձել է անհայտ անձի կողմից Ֆեյսբուքի միջոցով կատարվող սպառնալիքների թիրախ: Իրավապահ մարմինները մինչ օրս չեն պարզել ինչպես հարձակվողների, այնպես էլ սպառնացողների անձերը:

Հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը ոստիկանությունը բռնության գործադրմամբ ապամոնտաժել է Ազատության հրապարակում տեղակայված հովանոցը, որտեղ շուրջօրյա հերթապահություն են կատարում սահմանադրական հանրաքվեի արդյունքների դեմ բողոքող «Նոր Հայաստան»-ի ներկայացուցիչները:

Այս ամենը տեղի է ունենում 2015 թ. դեկտեմբերի 7-ին ԵՄ եւ Հայաստանի միջեւ համագործակցության նոր համաձայնագրի բանակցությունների ֆոնին եւ միաժամանակ ուղեկցվում իշխող Հանրապետական կուսակցության բարձրաստիճան գործիչների կողմից քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ արված՝ «գլուխ կտրելու», «բռնաբարելու», «աչքեր հանելու» սպառնալիքներով, որոնց համար այդ անձինք անգամ վարչական պատասխանատվության չեն ենթարկվել:

Տարակուսելի է նաեւ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հունվարի 12-ի հրաժարականը: Հրաժարականից ընդամենը մի քանի ժամ առաջ Կարեն Անդրեասյանը պաշտոնական հարցմամբ դիմել է Հայաստանի ոստիկանության պետին՝ խնդրելով բացատրել Ազատության հրապարակում Ամանորի գիշերը քաղաքացիների նկատմամբ ոստիկանական ուժի կիրառման իրավաչափությունը: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ անմիջական կապ կա Պաշտպանի հրաժարականի եւ նրա իրավապաշտպան գործունեության միջեւ:

Գեւորգ Սաֆարյանի կալանքի առթիվ Human Rights Watch (Հյումըն Ռայթս Ուոչ) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նամակով դիմել է Հայաստանի գլխավոր դատախազին: Իր նամակում Human Rights Watch-ը կոչ է անում վերացնել Գեւորգ Սաֆարյանի երկամսյա նախնական կալանքի որոշումը, ինչպես նաեւ հորդորում է հատուկ հետաքննություն կատարել Ամանորի գիշերը փոքրիկ տոնածառ տեղադրելու փորձ կատարած եւ/կամ տոնածառ հիշեցնող զգեստ հագած քաղաքացիների նկատմամբ ոստիկանության գործողությունների իրավաչափությունը պարզելու նպատակով:

Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեն Հայաստանի իշխանություններից պահանջում է անհապաղ ազատ արձակել Գեւորգ Սաֆարյանին եւ մյուս 12 քաղբանտարկյալներին, դադարեցնել ընդդիմության հետապնդումները, ինչպես նաեւ քաղաքացիների քաղաքական եւ քաղաքացիական տարրական իրավունքների եւ ազատությունների խախտումները:

Հայտարարության անգլերեն և ռուսերեն տարբերակները՝ այստեղ

 51 միլիոն եվրո վարկ Հայաստանին ԵՆԲ-ից  ռազմավարական նշանակության ճանապարհի վերականգնման համար

01.02.2016

Եվրոպական ներդրումային բանկից (ԵՆԲ) տեղեկացնում են, որ Հայաստանին տրամադրվում է 51 միլիոն եվրոյի վարկ ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող Մ-6 միջպետական ճանապարհի (որը Հայաստանը Վրաստանին կապող տրանսպորտային միջանցք է) վերանորոգման համար: ԵՆԲ-ն ֆինանսկան օգնություն կտրամադրի վերը նշված ճանապարհի մոտ 90 կմ-ի ենթակառուցվածքների վերականգնման եւ բարելավման համար:armenia news 1

Ըստ ԵՆԲ հաղորդագրության՝ Մ-6 ճանապարհի վերականգնումը թույլ կտա էապես նվազեցնել Հայաստանից Վրաստան ճանապարհորդության ժամանակը՝ միեւնույն ժամանակ կարգավորելով մեքենաների հոսքը եւ բարձրացնելով ծառայությունների որակը: Ակնկալվում է նաեւ, որ նշված փոփոխությունները ընդհանուր առմամբ կնպաստեն երկրի ճանապարհների անվտանգության մակարդակի բարձրացմանը: (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ՝

Մամուլի հաղորդագրություն

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.