Թողարկում 232

CSF_Armenia_logo_ARMԵՄ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

2015թ. դեկտեմբերի 6-ին Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում գրանցված բազմաթիվ խախտումների վերաբերյալ

 

9 դեկտեմբերի, 2015

Մենք՝ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) ներկայացուցիչներս, խորը վրդովմունք ենք հայտնում ս.թ. դեկտեմբերի 6-ի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման, անցկացման եւ հաշվարկի ընթացքում գրանցված բազմաթիվ խախտումների վերաբերյալ։

Պնդում ենք, որ հանրաքվեի արդյունքի վրա ազդելու նպատակով իշխանությունները ձեռնարկել են բոլոր հնարավոր միջոցները՝ վարչական ռեսուրսի օգտագործում, ընտրակաշառքների բաժանում, ընտրողների ուղղորդում, հանձնաժողովների ընդդիմադիր անդամների, վստահված անձանց, դիտորդների եւ լրագրողների հանդեպ ճնշումներ ու բռնություններ, լցոնումներ, հանրապետությունից բացակայող եւ մահացած անձանց փոխարեն, ինչպես նաեւ նույն անձանց կողմից բազմակի քվեարկություններ, քվեատուփերի ու գրանցամատյանների առեւանգման դեպքեր եւ այլն։

Այն տեղամասերում, որտեղ ընդդիմադիր ուժերի դիտորդները, վստահված անձինք եւ հանձնաժողովի անդամները կարողացել են կանխել ընտրախախտումները, ընտրողների մասնակցությունը չի գերազանցել 30-35 տոկոսը, եւ դա ցայտուն կերպով ցույց է տալիս, որ ԿԸՀ կողմից արձանագրած բարձր մասնակցությունը ընտրակեղծիքների արդյունք է։

Ահազանգում ենք, որ քվեարկության օրը ընտրատեղամասերում որպես դիտորդ, լրագրող, վստահված անձ կամ հանձնաժողովի անդամ ներկա գտնված ՀԱՊ անդամներից շատերի աշխատանքը խոչընդոտվել է ընտրական հանձնաժողովների իշխանական ներկայացուցիչների եւ թաղային խուժանի կողմից։ Բռնության է ենթարկվել ՀԱՊ անդամ, ՔՀՖ Կիեւի համաժողովի պատվիրակ Հրայր Մանուկյանը։ Այդ ամենը տեղի է ունեցել իրավապահ մարմինների ներկայությամբ եւ նրանց բացաձակ անգործության պայմաններում։

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը հայտարարում է, որ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքը չի համապատասխանել ժողովրդավարական չափանիշներին, իսկ գրանցված արդյունքները չեն կարող արտացոլել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամարտահայտումը։

Պնդում ենք, որ ընտրակեղծիքներն էապես ազդել են ԿԸՀ կողմից գրանցված արդյունքների վրա։

Պահանջում ենք՝

  • Կենտրոնական ընտրական հանձնաժողովից՝ անվավեր ճանաչել ս.թ. դեկտեմբերի 6-ին իրականացված հանրաքվեի արդյունքները։
  • ՀՀ իրավապահ մարմիններից՝ պատասխանատվության ենթարկել զանգվածային ընտրակեղծիքների կազմակերպիչներին եւ իրականացնողներին։
  • Եվրամիության կառույցներից՝ վերոնշյալ պահանջների կատարումը ներառել ս.թ. դեկտեմբերի 7–ին մեկնարկած շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների նախապայմանների ցանկի մեջ։

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմ

9 դեկտեմբերի, 2015թ.

Երեւան

 

CSF_Armenia_logo_ARM

Հյուրանոցային համալիրների, հանգստյան տների ու բիզնես-կենտրոնների ֆիզիկական մատչելիության ապահովումը հաշմանդամություն ունեցող անձանց համար» թեմայով Կլոր սեղան Երեւանում

 

Unison2ԵՄ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ եւ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ՀԿ-ների «Անկախ կյանքի հայկական ցանցի» հետ միասին Հաշմանդամների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում 2015թ. դեկտեմբերի 9-ին, Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպել էր «Հյուրանոցային համալիրների, հանգստյան տների ու բիզնես-կենտրոնների ֆիզիկական մատչելիության ապահովումը հաշմանդամություն ունեցող անձանց համար» թեմայով Կլոր սեղան։

wP1050225Քննարկմանը, որը  վարում էր Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային համակարգող Միքայել Հովհաննիսյանը, «Հյուրանոցների մատչելիության խնդրում գրանցված առաջընթացը եւ ներկայիս վիճակը» զեկուցումով հանդես եկավ «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը։ Վերջինս ոչ միայն  ներկայացրեց մեր երկրում հյուրընկալության ոլորտում հաշմանդամների համար խիստ անհյուրընկալ իրավիճակը, այլ նաեւ հանդես եկավ ոլորտը բարեփոխելու կոնկրետ առաջարկներով։

Կլոր սեղանի ժամանակ քննարկվեց  հյուրանոցների մատչելիության հարցը մարդու իրավունքների տեսանկյունից, որտեղ ելույթներով հանդես եկան ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի  խորհրդական Անուշ Մարգարյանը, ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ճարտարապետության վարչության ճարտարապետության քաղաքականության բաժնի պետ Արամանուշ Պատրիկյանը եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։

Կլոր սեղանի ժամանակ ԱԼԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անունից հրապարակվեցին Հայաստանում գործող հյու­­րա­նոց­նե­րին, հանգստյան տներին, բիզնես-կենտրոննե­րին եւ հյուրընկալության ոլորտի այլ հաստատություններին հասցեագրված ուղերձ եւ ՀՀ կառավարությանն ուղղված բաց նամակ:

 

CSF_Armenia_logo_ARM

Բաց նամակ՝ ուղղված ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Հարգելի գործընկերներ,

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային 2010 թվականին միանալուց շատ ավելի վաղ՝ 2006 թվականին, Հայաստանի Հանրապետությ ան կառավարությունը ընդունել է «Հաշմանդամների եւ բնակչության սակավաշարժուն խմբերի համար սոցիալական, տրանսպորտային եւ ինժեներական ենթակառուցվածքների մատչելիության ապահովման կարգը հաստատելու մասին» որոշումը։  Սակայն տվյալ որոշման մեջ անդրադարձ է կատարվում միայն նորակառույց եւ վերակառուցման ենթակա շինություններին, ինչի արդյունքում հասարակական նշանակության շինությունների մի ստվար զանգված շարունակում է մնալ անմատչելի: Մասնավորապես, խոսքը վերաբերում է հյուրանոցային ոլորտի կառույցներին: Գրեթե ոչ մի հյուրանոց չի կարող առաջարկել սայլակ օգտագործող անձանց համար անհրաժեշտ պայմաններ, որոնք նախատեսում են անարգել մուտք, հարմարեցված համարներ, մատչելի սանհանգույցներ (ինչպես հանրային, այնպես էլ համարներում) եւ  միջոցառումների կազմակերպման համար նախատեսված սրահներ:

Դիտարկելով վերոնշյալ խնդիրը մարդու իրավունքների տեսանկյունից, դիմում ենք ՀՀ կառավարությանը` հարցի կարգավորմանը ընթացք տալու եւ համապատասխան իրավական ակտերի մշակման նպատակով, ինչպես նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարական տալու, որպեսզի հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման եւ հյուրանոցներին աստղերի տրամադրման չափորոշիչների թվում դիտարկվի նաեւ սակավաշարժուն անձանց համար մատչելիության աստիճանը:

Առաջարկվող բարեփոխումները կվերացնեն ոլորտում առկա խտրականությունը, կապահովեն հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք մասնակցությունը հասարակական կյանքին, ինչպես նաեւ կնպաստեն տուրիզմի զարգացմանը:

ԵՄ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմ

Դեկտեմբերի 9, 2015

Երեւան

 

CSF_Armenia_logo_ARMՀայաստանում գործող հյու­­րա­նոց­նե­րին, հանգստյան տներին, բիզնես-կենտ­րոն­նե­րին եւ հյուրընկալության ոլորտի այլ հաստատություններին

ՈՒՂԵՐՁ

Հյուրընկալության ոլորտը առանցքային դեր ունի երկրի սոցիալ-մշա­կու­թա­յին եւ տնտեսական կյանքի կազմակերպման հարցում: Ոլորտը ներկայացնող կազմակերպությունները` հյու­­րա­նոց­նե­րը, հանգստյան տները, բիզնես-կենտ­րոն­նե­րը եւ նմանատիպ այլ հաստատությունները հյու­րըն­­կալում են երկրում տեղի ունեցող կարեւորագույն մի­ջո­ցա­ռումները եւ այդպիսով հայտնվում սոցիալ-մշա­կու­թա­յին, տնտեսական, ինչպես նաեւ մարդու իրավունքներին վերաբերող ծրագրերի կի­­զա­կե­տում:

Հաշվի առնելով հյուրընկալության ոլորտի կարեւորությունը ինչ­պես հանրային կյան­քի կազ­մա­կերպման, այնպես էլ քաղաքացիների անձնական բարեկեցության ապահովման տեսան­­կյու­նից, Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը, որը միավորում է 200-ից ավելի հասարակական կազմակերպությունների, հորդորում է Հայաս­տա­­նում հյու­րըն­կա­լության ծառայություններ մատուցող բոլոր ընկերություններին ապա­հո­վել շինությունների ֆիզիկա­կան մատչելիությունը հաշմանդամություն ունեցող ան­ձանց համար:

Հաշմանդամություն ունեցող անձանց համար հյուրանոցների, հանգստյան տների, բիզ­­նես-կենտրոն­նե­րի եւ նմանատիպ այլ հա­մա­լիրների ֆիզիկական անմատչելիությունը (օրինակ` մուտքի դի­մաց աս­­տի­­ճաններ առանց չափանիշներին համապատասխանող թեքահարթակի, հարմարեցված սենյակի կամ սանհանգույցի բացակայություն) մեծապես խոչընդոտում է հաշման­դա­մութ­յուն ունեցող ան­­ձանց մասնակցությանը երկրի սոցիալ-մշակութային եւ տնտեսական կյան­քում եւ խախտում է նրանց հան­գստի իրա­վուն­քի իրագործմանը:

Հյուրընկալության ոլորտի շինությունների մատչելիության ապահովումը նպաստավոր եւ շահութաբեր է հենց բիզ­նես տե­սան­կյունից: Հայաստանում գործող` հաշմանդամություն ունեցող անձանց իրա­վունք­ները պաշտ­­պանող կազմակերպությունները տարեկան հարյուրավոր մեծածավալ մի­ջոցառումներ են անցկացնում հյուրանոցային համալիրներում եւ բիզնես կենտրոններում: Լիովին մատ­չելի շինությունների սակավության պայմաններում այս միջոցառումները ներկայումս կենտ­րո­նաց­վում են 2-3 վայրերում:

Հարկ է նշել, որ ֆիզիկական մատչելիությունը անհրաժեշտ է ոչ միայն հաշմանդամություն ունեցող ան­ձանց, այլ նաեւ սակավաշարժուն այնպիսի խմբերի համար, ինչպիսիք են մանկա­սայ­լա­կով երեխա ունեցող ընտանիքները, ծերերը, հղի կանայք եւ այլն:

Հայաստանում հյուրընկալության ոլորտի մատչելիության ապահովմանը նպաստելու եւ հաշմանդա­­մութ­յուն ունեցող անձանց իրավունքները խթանելու նպատակով Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը սույնով հայտարարում է, որ ողջամիտ ժամանակահատված (6-ից 12 ամիս` կախված կատարվելիք աշխատանքների ծավալից ու բարդությունից, որը բավարար է շինությունները մատչելի դարձնելու հա­մար) սպա­­սե­լուց հետո Պլատֆորմի ան­դամ կազմակերպությունները, որոնք հանդիսանում են նշյալ ծառայությունների ակտիվ սպառողներ, բացահայտ նախապատվություն կտան այն վայրերին, որոնք լիա­կա­տար մատչելի են հաշմանդամություն ունեցող անձանց համար (հարկ է նշել, որ լիակատար մատ­­չե­լի­ութ­յու­նը ենթադրում է ոչ միայն մուտքի, այլ նաեւ ներսում վերելակ­նե­րի, հարմարեց­ված հյուրանոցային սենյակների, մատչելի սանհանգույցների եւ շինության այլ հատ­վածների, այլ խոսքերով` ամբողջ ենթակառուցվածքի մատչելիությունը):

Ձեր հաստատության շինության մատչելիությունն ապահովելու առավել նվազ ծախսատար եւ ժամանակատար ձեւերի վերաբերյալ անվճար խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանին՝  077-77-42-77 հեռախոսահամարով։

ԵՄ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմ

Դեկտեմբերի 9, 2015

Երեւան

armenia EU 111

Էդվարդ Նալբանդյանն ու Ֆեդերիկա Մոգերինին ազդարարեցին Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը

Աղբյուրը՝ http://mfa.am/

07.12.2015

071215_eu-armenia-agreement-negotiationsԴեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության եւ պաշտպանության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ազդարարեցին Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ նոր իրավական շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունների մեկնարկը։

Բանակցությունների մեկնարկի իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը նշեց.

«Ուրախ եմ գտնվել Բրյուսելում՝ միասին ազդարարելու Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ բանակցությունների մեկնարկը:

Հայկական կողմը վաղուց իր պատրաստակամությունն է արտահայտել Եվրոպական միության հետ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսելու վերաբերյալ, որն ըստ արժանվույն կարտացոլի մեր համագործակցության խորությունն ու էությունը: Մենք ուրախ ենք, որ մեր հարաբերությունների իրավական նոր հիմքի շուրջ բանակցություններ սկսելու Եվրոպական միության խորհրդի որոշումը մեզ հնարավորություն է տալիս առաջ գնալ այս ճանապարհով:

Հայաստանը սերտ կապեր ունի Եվրոպական միության հետ եւ մտադիր է ավելի զարգացնել եւ ամրապնդել համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ նկատի ունենալով մեր պարտավորություններն այլ ինտեգրացիոն ձեւաչափերում: Այս նպատակաուղղվածությունը խորը արմատներ ունի: Իսկապես, որքան հին է եվրոպական քաղաքակրթությունը, այնքան եւ հին են նրա հետ Հայաստանի եւ հայ ժողովրդի կապերը։ Նրանք գալիս են դարերի խորքից՝ այն ժամանակներից, երբ մեր ժողովրդի լուսավորյալ զավակներն իրենց ներդրումն էին բերում այն արժեքային համակարգի ձեւավորման գործում, որն այսօր կոչում են եվրոպական արժեքներ:

Հենվելով այդ ընդհանուր արժեքների վրա` մենք հանձնառու ենք մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության շարունակական խթանմանը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը եւ դատական համակարգի բարելավմանը, արդյունավետ կառավարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը: Այս առումով մենք շնորհակալ ենք Եվրոպական միությանն իր արժեքավոր աջակցության համար:

Մեր հարաբերությունների իրավական հիմքի քննարկումների հետ մեկտեղ՝ հայկական կողմը Եվրոպական հանձնաժողովի համապատասխան մարմինների հետ ներգրավված է եղել ԵՄ տարբեր նախաձեռնություններում մեր մասնակցության վերաբերյալ բանակցություններում:

Մենք մեծապես կարեւորում ենք մարդկային շփումները, եւ մեր քաղաքացիների ազատ շարժունակությունը դիտարկում ենք որպես կարեւոր նախադրյալ՝ մեր հասարակություններն իրար ավելի մոտ դարձնելու համար: Արդեն երկու տարի է, ինչ գործում են ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերը: Մենք համոզված ենք, որ հասունացել է պահը՝ առաջ գնալու եւ սկսելու մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը:

Ելնելով նախորդ ամիս տեղի ունեցած բարեհաջող բանակցություններից՝ մենք ակնկալում ենք մոտակա օրերին համաձայնագրեր ստորագրել մի շարք ԵՄ նախաձեռնություններում Հայաստանի մասնակցության վերաբերյալ, ինչպես օրինակ` «Հորիզոն 2020»-ը եւ Փոքր եւ միջին ձեռնարկությունների մրցունակության ծրագիրը (COSME): Տրանսպորտի ոլորտում Հայաստանի կառավարությունն իր պատրաստակամությունն է հայտնել Եվրոպական միության հետ ստորագրել «Ընդհանուր ավիացիոն տարածքի» համաձայնագիրը, որն ուղղված է «Բաց երկնքի» քաղաքականության միջոցով ավիացիոն շուկայի ազատականացմանը:

Ես հավատացած եմ, որ մենք այսօր նոր խոստումնալից էջ ենք բացում Հայաստան-Եվրոպական միություն փոխշահավետ հարաբերություններում: Շատերը, ովքեր երկու կողմից պետք է ներգրավվեն բանակցային գործընթացում, նորեկներ չեն եւ հարուստ փորձ են կուտակել անցյալում: Ես հավատացած եմ, որ նրանց գիտելիքները եւ նպատակաուղղվածությունը լավագույնս կծառայի ընդհանուր գործին։

Ես հաջողություն եմ մաղթում մեր համատեղ ջանքերին եւ վստահ եմ, որ մենք կշարունակենք առաջ ընթանալ ճիշտ ուղղությամբ։

Ես շնորհավորում եմ մեզ բոլորիս այս կապակցությամբ եւ մաղթում եմ արդյունավետ բանակցություններ»։

Աղբյուրը՝ http://mfa.am/

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.