Թողարկում 229

CSF_Armenia_logo_ARMԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի` «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին միանալու վերաբերյալ

16 նոյեմբերի, 2015թ.

Արեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ) բարձր է գնահատում Եվրոպական միության նախաձեռնությամբ հիմնադրված «Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը, որն աջակցում է մշակութային ու ստեղծարար ոլորտների զարգացմանը ինչպես ամբողջ Եվրոպայի տարածքում, այնպես էլ ԱլԳ երկրներում։

Ծրագիրն ունի երկու կարեւոր բաղադրիչ` Մշակույթ եւ Մեդիա: Ծրագրին արդեն միացել են Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան: Մենք անչափ կարեւորում ենք այս ծրագրին Հայաստանի միացումը լիարժեքորեն` երկու բաղադրիչների մասով էլ: Ծրագրի շրջանակներում Եվրամիությունը պատրաստակամ է հսկայական միջոցներ տրամադրել մասնակից երկրների մշակույթի զարգացմանը (ԵՄ եւ ԱլԳ երկրների ամբողջ ծրագրի բյուջեն 2014-2020 թվականների համար հաստատված է €1.46 միլիարդի չափով):

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը ցավով արձանագրում է, որ Հայաստանի պետական մարմինները առաջնահերթությունների թվին չեն դասում Հայաստանում մշակույթի զարգացումը, եւ այս ոլորտի պետական ֆինանսավորումը իրականացվում է մնացորդային սկզբունքով: Ցավոք սրտի, արդեն երկրորդ տարին է, ինչ ՀՀ կառավարությունը որոշում չի կայացնում այս ծրագրին միանալու անդամավճարի՝ 120.000 եվրո գումարի փոխանցման վերաբերյալ: Մենք անընդունելի ենք համարում նման մոտեցումը:

Մենք կոչ ենք անում ՀՀ կառավարությանը՝ օր առաջ ապահովել «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին ամբողջ ծավալով` Մշակույթ եւ Մեդիա բաղադրիչներով Հայաստանի անդամակցության համար անհրաժեշտ գումարի հատկացումը, որպեսզի մշակույթի ոլորտում գործող հայաստանյան կազմակերպությունները կարողանան դիմել 2016թ. սկզբին նախատեսված դրամաշնորհների հաջորդ մրցույթին: Շահած ծրագրերը ոչ միայն հնարավորություն կտան նոր լիցք հաղորդել Հայաստանում մշակույթի եւ մեդիա-մշակույթի ոլորտների զարգացմանը, այլ նաեւ նոր հնարավորություններ կստեղծեն փոխշահավետ համագործակցության համար Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության երկրների համապատասխան կազմակերպությունների հետ:

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմ

16 նոյեմբերի, 2015թ.

Երեւան

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.