Թողարկում 221

CSF_Armenia_logo_ARMԱրեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

սահմանադրական փոփոխությունների նախաձեռնության վերաբերյալ

17 սեպտեմբերի, 2015թ.

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը[1], չբացառելով, որ գործող սահմանադրության մեջ առկա են բարեփոխման կարիք ունեցող դրույթներ, այդուհանդերձ, իր խորը մտահոգությունն է արտահայտում այն կապակցությամբ, որ ՀՀ իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների գործընթացը եւ դրա վերաբերյալ հանրաքվեի անցկացումը ժամանակավրեպ են եւ բխում են ոչ թե հասարակության եւ պետության շահերից, այլ բացառապես՝ առկա քաղաքական կոնյունկտուրայից:

Սահմանադրական փոփոխությունները նախաձեռնվել են մի ժամանակաշրջանում, երբ.

– բացակայում է սահմանադրական ճգնաժամը, եւ երկրում արդիական բարեփոխումների համար խոչընդոտ է հանդիսանում ոչ թե գործող հիմնական օրենքը, այլ սահմանադրական կարգի եւ երկրի ժողովրդավարական զարգացման ապահովման քաղաքական կամքի բացակայությունը.

– նման փոփոխությունների համար ձեւավորված չէ հասարակական պահանջ, ինչի հետեւանքով դժվար չէ կանխատեսել քաղաքացիների պասիվ մասնակցություն, հետեւաբար նաեւ՝ առկա է մեծածավալ կեղծիքի վտանգ.

– իշխանությունների նախաձեռնության շուրջ չկա լայն քաղաքական կոնսենսուս, որը քաղաքակիրթ միջազգային պրակտիկայում գործող նախապայման է սահմանադրական հանրաքվեի անցկացման համար: Ամբողջ գործընթացի նկատմամբ քաղաքացիական եւ քաղաքական շատ կառույցների լուրջ եւ հիմնավորված վերապահումները խիստ սահմանափակում են նախագծի լայն, բաց, կառուցողական քննարկման ու բարելավման հնարավորությունները.

– ելնելով վերոնշյալից, ինչպես նաեւ ներկա օրենսդրության թերություններից ու համապետական ընտրությունների արատավոր պրակտիկայից, դժվար է ակնկալել քվեարկության արդյունքների նկատմամբ հասարակության վստահություն: Մասնավորապես, չնայած այս տարվա հունիսի 10-ին Հանրաքվեի մասին օրենքում արված լրացումներին, բավականին անորոշ են մնում քվեարկությունից առաջ քարոզչության իրականացման, տարբեր դիրքորոշումների ներկայացման հնարավորությունները.

– վերջապես, Հայաստանի առջեւ ծառացած լրջագույն արտաքին եւ ներքին մարտահրավերների՝ օրինականության հաստատման, կոռուպցիայի եւ անարդյունավետ կառավարման հաղթահարման, աշխարհաքաղաքական ցնցումներին պատասխանների մշակման եւ այլնի նկատմամբ իշխանությունների կողմից հստակ եւ համարժեք քայլերի բացակայությունը չպիտի քողարկվի սահմանադրական բարեփոխումների պատրանքով, որն ընկալվում է սոսկ որպես քաղաքական նպատակներին հասնելու ձգտում:

Մենք համոզված ենք, որ անհրաժեշտ է սահմանադրական բարեփոխումները տարանջատել այժմեական քաղաքական կոնյունկտուրայից, ինչն առկա զարգացումների պայմաններում անհնարին է:

Ուստի, կոչ ենք անում ՀՀ իշխանություններին՝ հետաձգել սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն եւ այն նշանակել առաջիկա համապետական ընտրություններից հետո՝ կարճ ու ողջամիտ ժամկետներում, իսկ քաղաքական բոլոր ուժերին հորդորում ենք համաձայնության գալ՝ սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումը հետագայում ծավալելու, ընդհուպ՝ փոփոխությունների վերաբերյալ սեփական մոտեցումներն իրենց նախընտրական ծրագրերում ներառելու շուրջ:

Եվ որպես հանրային վստահության երաշխիք/նախապայման` ՀՀ իշխանություններից պահանջում ենք ապահովել գալիք ընտրությունների ազատ եւ արդար անցկացում:

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմ

17 սեպտեմբերի, 2015թ.,

Երեւան

 [1] Այդ կառույցը միավորում է ՀՀ քաղաքացիական հասարակության մոտ 200 կազմակերպություն:

 

logo

ԵՄ կողմից ֆինանսավորվող նախագիծը ներկայացնում է Ուկրաինայի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ընդհանուր պատկերը

14.09.2015

screen_shot_2015-09-11_at_14.45.57ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակություն. Երկխոսություն հանուն առաջընթացի» ծրագիրը ներկայացրել է Ուկրաինայի ՔՀԿ դաշտի ուսումնասիրություն, որում ցույց է տրված է ոչ միայն այն միջավայրր, որում գործում են ՔՀԿ-ները, նրանց կարողություններն ու կարիքները, այլ նաեւ՝ քաղաքականության մշակման վրա նրանց ունեցած ազդեցությանը եւ իրականացվող քաղաքականության հանդեպ վերահսկողությանը առնչվող հարցեր։

Հաշվետվությունը պատրաստվել է Ուկրաինայի բոլոր շրջաններում 2014թ. փետրվարից մինչեւ ապրիլ ամսվա կեսն իրականացված սոցիոլոգիական հարցման (408 հարցազրույց ՔՀԿ ներկայացուցիչների հետ) եւ ֆոկուս խմբերի (ընդհանուր առմամբ՝ 255 մասնակից) քննարկումների արդյունքների հիման վրա։ Դա մի ժամանակաշրջան էր, որը համընկել էր քաղաքացիական ակտիվիզմի աննախադեպ դրսեւորումների հետ՝ «Եվրամայդանի» սոցիալ-քաղաքական իրադարձությունների հետ։

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Ուկրաինայի անկախության 20 տարիների ընթացքում տեղի չի ունեցել պատշաճ երկխոսություն իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության միջեւ, եւ որ այդ հիմնախնդիրը անհրաժեշտ ուշադրության չի արժանացրել ո՛չ ՔՀԿ-ների, ոչ էլ ազդեցիկ քաղաքական գործիչների կողմից։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

Մամուլի հաղորդագրություն

 

european-commission-flag

Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանականները կհանդիպեն Թբիլիսիում՝ քննարկելու մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

14.09.2015

Georgian ParliamentԱրեւելյան գործընկերության (ԱլԳ) հինգ երկրների խորհրդարանականները սեպտեմբերի 21-22-ին կհանդիպեն Թբիլիսիում կայանալիք խորհրդաժողովին՝ քննարկելու համար ազգային խորհրդարանների դերը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված չափորոշիչների պահպանման գործում։ Խորհրդաժողովը կազմակերպել է ԱլԳ երկրների համար Եվրամիության եւ Եվրոպայի խորհրդի համագործակցության շրջանակներում։

Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի անդամ այլ երկրների խորհրդարանականները անկախ փորձագետների եւ ոլորտի մասնագետների հետ կքննարկեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված օրինագծերի համապատասխանեցմանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կայացման գործում խորհրդարանների ունեցած դերին վերաբերող հարցեր։

Տարածաշրջանային առաջին խորհրդաժողովը կանցկացվի Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

 

 

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.