Թողարկում 218

CSF_Armenia_logo_ARMԵՄ ԱլԳ ՔՀՖ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ոստիկանության զանգվածային ապօրինի գործողությունների կապակցությամբ

 24 հունիսի, 2015թ.

hetq

Լուսանկարը՝ «Հետք»-ի։

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) դատապարտում է հունիսի 23-ի առավոտյան Երեւանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող խաղաղ ցուցարարների հանդեպ ոստիկանության գործած ապօրինի եւ սանձարձակ գործողությունները, երբ ոստիկանության եւ ջրցան մեքենաների, այդ թվում քաղաքացիական հագուստով անձանց կողմից անհամաչափ ուժի գործադրմամբ ցրվեց նստացույցը, իսկ շուրջ 250 ցուցարարներ «որպես վկա», «խուլիգանություն գործելու կասկածանքով», դեռ հունիսի 22-ին հարուցված քրեական գործի շրջանակներում բռնի ուժով բերման ենթարկվեցին Երեւանի, Աբովյանի եւ Աշտարակի ոստիկանության 10 բաժանմունքներ: Ընդ որում, ցուցարարներից շատերը, այդ թվում լրագրողներ, ծեծի ենթարկվեցին դեպքի վայրից շատ հեռու՝ Հյուսիսային պողոտայում եւ Ազատության հրապարակում, որոշ լրագրողների նկարահանման սարքերը ջարդվեցին: Արդյունքում շուրջ 25 ցուցարար հոսպիտալացվել են, իսկ 5-ը տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք: Ցուցարարներից շատերը ոստիկանական բաժանմունքներում պահվել են 10 ժամ եւ ավելի, նրանց լիարժեքորեն չեն ներկայացվել իրենց իրավունքները, այդ թվում՝ ցուցմունքներ տալուց հրաժարվելու իրավունքը:

Մենք պահանջում ենք գործող իշխանություններից՝ անհապաղ դադարեցնել քաղաքացիական ակտիվիստների հետապնդումները, ազատ արձակել ոստիկանության բաժանմունքներում դեռ պահվող բոլոր քաղաքացիներին, չեղյալ հայտարարել հունիսի 22-ին ցուցարարների հանդեպ հարուցված շինծու քրեական գործը, հետաքննություն սկսել ոստիկանության՝ հունիսի 23-ին ապօրինություններ գործած եւ դրանք հրահանգած աշխատակիցների նկատմամբ:

Հունիսի 23-ի առավոտյան տեղի ունեցածն առավել մտահոգիչ էր բողոքի առարկա խնդրի համատեքստում: Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը նաեւ իր անհամաձայնությունն ու վրդովմունքն է հայտնում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի թանկացման նպատակով Հայկական ԲԷՑ-երի ներկայացրած հայտի թեկուզեւ մասնակի բավարարման կապակցությամբ, որի արդյունքում թույլատրվել է այն թանկացնել 7 դրամով:

Ամբողջ աշխարհում 2014թ.-ից ի վեր էներգակիրների գնի կտրուկ նվազման ֆոնին Հայաստանում դրանց հիման վրա արտադրվող էլեկտրաէներգիայի շարունակվող թանկացումը համարում ենք ոչ այլ ինչ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ կազմակերպված, պետական մակարդակով իրականացվող թալան: Բազային այս ապրանքատեսակի թանկացումը անխուսափելիորեն բերելու է իր հետ սպառողական բոլոր հիմնական ապրանքների գների բարձրացմանը, ինչն էլ իր հերթին էլ ավելի է խորացնելու բնակչության մեծամասնության սոցիալական ծանր վիճակը, շարքային քաղաքացիների հուսալքությունը եւ մեծացնելու է արտագաղթի տեմպերը:

Իշխանության հետ սերտաճած եւ իրենց արտադրամասերում ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց չվճարող տարատեսակ «ձեռներեցների» փոխարեն, էլեկտրական ցանցերի կառավարիչների եւ նրանց հետ սերտաճած պետական չինովնիկների ագահության եւ ցոփ ու շվայտ կյանքի դիմաց սեփական միջոցների հաշվին վճարելու ուրեւէ պարտավորություն Հայաստանի քաղաքացիները երբեւէ չեն ստանձնել: Կան բազմաթիվ հիմքեր ենթադրելու, որ ԲԷՑ-երի ներկայացրած ահռելի ծախսերը հիմնավոր չեն եւ պարունակում են հանցագործության էլեմենտներ, ինչը մեզ հիմք է տալիս պնդելու, որ դրանցով պետք է զբաղվի ՀՀ դատախազությունը: Իսկ եթե հայրենի դատախազությունը նույնքան անատամ, անկարող եւ կրեմլյան շահերի կամակատար է գտնվելու, որքան որ դա եղավ Պերմյակովի դեպքում, ապա դա ընդամենը եւս մեկ անգամ ապացուցելու է այն պարզ ճշմարտությունը, որ Հայաստանին գնալով էլ ավելի մեծ չափերով համակող խորը համակարգային ճգնաժամի հաղթահարման ուղին երկրում օրինական իշխանության ձեւավորումն է, որը կախված կլինի բացառապես սեփական ժողովրդից եւ կսպասարկի բացառապես նրա եւ ոչ թե օտարների կամ տեղացի թալանչիների շահերը, կպաշտպանի երկրի ինքնիշխանությունը եւ ոչ միայն ռազմական, այլ նաեւ տնտեսական անվտանգությունը:

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը իր զորակցությունն է հայտնում «Ոչ թալանին» քաղաքացիական շարժմանը՝ էլեկտրաէներգիայի չհիմնավորված թանկացման դեմ իր պայքարում:

Այդ շարժման օրակարգին միացնում ենք մեր պահանջը ՀՀ նախագահին, Ազգային ժողովին ու կառավարությանը՝ օպերատիվ կերպով ձեւավորել անկախ հանձնաժողով քաղաքացիական հասարակության գործուն մասնակցությամբ՝ էլեկտրաէներգիայի կորուստների եւ ԲԵՑ-երի ծախսերի ուսումնասիրման եւ դրանց դեմ միջոցների մշակման նպատակով:

Մենք՝ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ անդամներս, շարունակելու ենք քաղաքացիական հասարակության մյուս ներկայացուցիչների հետ միասին պայքարել իշխանությունների կողմից իրականացվող կամ խրախուսվող ապօրինությունների եւ ժողովրդի կեղեքման դեմ` որպես համալիր լուծում մշտապես տեսնելով Հայաստանում օրինական եւ ՀՀ քաղաքացիների շահերը պաշտպանող իշխանության ձեւավորումը:

 24 հունիսի, 2015թ., Երեւան

 

EU-Armenia-baner1Հայաստանում ԵՄ պատվիրակության հայտարարությունը Հայաստանի Հանրապետությունում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ վերջին բախումների կապակցությամբ

Երեւան, հունիսի 23, 2015թ.

Մենք ուշադրությամբ հետեւել ենք Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շուրջ առաջացած դժգոհության պատճառով ցուցարարների եւ ոստիկանության միջեւ վերջերս տեղի ունեցած բախումներին: Խաղաղ ցույցի ժամանակ ավելորդ ուժի կիրառման, ինչպես նաեւ լրագրողների նկատմամբ բռության դեպքերի մասին լուրերը մտահոգիչ են: Անհրաժեշտ է իրականացնել անկողմնակալ հետաքննություն կատարված դեպքերի առնչությամբ եւ անհապաղ ազատ արձակել բերման ենթարկված խաղաղ ցուցարարներին: Իշխանությունների և քաղաքացիական հասարակության միջև անկեղծ երկխոսությունը միակ ճանապարհն է՝ հաղթահարելու դժվար և հասարակության հավանությանը չարժանացած տնտեսական որոշումները:

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.