Հայաստանը Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ
12.05.2015
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում 2015թ. մայիսի 21-ին կայանալիք ԵՄ Արեւելյան գործընկերության հերթական գագաթնաժողովին ընդառաջ՝ Երեւանի մամուլի ակումբը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպել էր «Հայաստանը Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ» խորագրով երկու միջոցառում։ Դրանցից առաջինը մայիսի 8-10-ը Աղվերանում կազմակերպված խորհրդաժողովն էր՝ Ռիգայի գագաթնաժողովին զուգընթաց երեք կարեւոր միջոցառումների ՝ քաղաքացիական հասարակության, մեդիայի եւ բիզնես ֆորումների հայաստանյան պատվիրակների մասնակցությամբ, իսկ հաջորդը՝ Երեւանի «Հրազդան» հյուրանոցում, մայիսի 11-ին, ավելի լայն հանրության՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների, փորձագիտական հանրության ներկայացուցիչներին եւ թեմայով բոլոր հետաքրքրվողների համար հրավիրված Կլոր սեղանն էր։

A roundtable on topic of ‘Armenia ahead of Eastern Partnership summit in Riga’ took place at Hrazdan hotel

A roundtable on topic of ‘Armenia ahead of Eastern Partnership summit in Riga’ took place at Hrazdan hotel
Միջոցառումների բանախոսներ հույս հայտնեցին, որ Ռիգայի գագաթնաժողովի ընթացքում Հայաստանը եւ ԵՄ-ն համաձայնության կգան հետագա համագործակցությունը խորացնելու եւ հնարավոր բոլոր ուղղություններով շարունակելու հարցում։ Հենց այդ խնդիրներին էին նվիրված ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանի զեկուցումները։
«ԱլԳ-ն եւ մեդիա ոլորտի զարգացման առաջնահերթությունները» թեման խորհրդաժողովի մասնակիցներին ներկայացրեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը, իսկ ԱլԳ քաղաքացիական հասարակության առաջնահերթությունների մասին խոսեց ՔՀՖ ղեկավար խորհրդի անդամ Հովսեփ Խուրշուդյանը։ ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի արտաքին հարաբերությունների վարչության պետ Վլադիմիր Ամիրյանի զեկուցումը նվիրված էր ԵՄ-Հայաստան համագործակցության տնտեսական բաղադրիչին։
Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը հանդես եկավ «Հայաստան- Եվրամիություն հարաբերությունները աշխարհաքաղաքական եւ ներքաղաքական զարգացումների համատեքստում» համապարփակ զեկուցմամբ։ Խորհրդաժողովի մասնակիցներն ակտիվորեն քննարկեցին եւ հստակեցրին Ռիգայի գագաթնաժողովին զուգընթաց ֆորումներում հայաստանյան պատվիրակների դիրքորոշումներն ու առաջնահերթությունները։
Մամուլի հրապարակումներ.
http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=26499
http://www.azatutyun.am/content/article/27010239.html
Արեւելյան գործընկերության երկրների նախարարները քննարկել են առեւտրի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր
08.05.2015
ԵՄ եւ Արեւելյան գործընկերության (ԱլԳ) երկրների առեւտրի նախարարները մայիսի 7-ին քննարկել են առեւտրի ոլորտում առկա ձեռքբերումները, ինչպես նաեւ ԱլԳ տարածաշրջանում այդ ոլորտի զարգացման հնարավորությունները։
Դա ԱլԳ երկրների առեւտրի նախարարների մակարդակով առաջին խորհրդաժողովն էր, որը կազմակերպվել էր ԵՄ-ի՝ Լատվիայի նախագահության նախաձեռնությամբ եւ Եվրահանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ։
Առեւտրի նախարարները մտքեր են փոխանակել առկա առեւտրային հարաբերությունների վերաբերյալ, ինչպես նաեւ քննարկել են հետագա համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։
Բոլոր մասնակիցներն ընդգծել են ԱլԳ շրջանակներում առեւտրի զարգացման, ներգրավվածության ապահովման եւ տնտեսական կայունության ապահովման կարեւորությունը, ինչն էլ կարող է նպաստել աշխատատեղերի ստեղծմանն ու ընդլայնմանը։
Նախարարները ողջունել են Վրաստանում,Մոլդովայում եւ Ուկրաինայում Ասոցացման համաձայնագրերի իրականացման սկիզբը, նշել, որ Եվրամիության հետ առեւտրային հարաբերություններն արդեն իսկ առաջընթաց են գրանցել Վրաստանում եւ Մոլդովայում, եւ կոչ են արել շարունակել բարեփոխումների գործընթացները։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)
Մանրամասներ.