ԵՄ-Հայաստան. նոր քայլեր ապագա համագործակցության համար
20.03.2015
Եվրամիությունը եւ Հայաստանը հաջողությամբ ավարտել են համատեղ դիտարկումները եւ հստակեցրել ապագա հնարավոր համագործակցության ոլորտները,- ասել է ԵՄ հարեւանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը՝ Երեւան կատարած այցի ժամանակ։
Նա հանդիպել է Հայաստանի նախագահին, վարչապետին եւ արտգործնախարարին, ինչպես նաեւ ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։ Հանձնակատարը ծանոթացել է նաեւ ԵՄ աջակցությամբ իրականացվող՝ մասնագիտական կրթության եւ վերապատրաստման նախագծին։
Հանձնակատարը ողջունել է «նշանակալի առաջընթացի կապակցությամբ, որ կատարել է Հայաստանը՝ գործընկերություն հանուն շարժունակության ծրագրի շրջանակներում» եւ նշել է, որ մոտ ապագայում, երբ հաստատվեն համապատասխան մանդատները, կսկվեն բանակցությունները Հայաստան-ԵՄ նոր՝ ավելի համընդգրկուն համաձայնագրի շուրջ։
Հանն ասել է, որ Հայաստանը կարող է ակնկալել Եվրամիության աջակցությունը քաղաքական եւ սոցիալական բարեփոխումների, վիզային ռեժիմի պարզեցման եւ ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագրի իրականացման, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության հարցերում։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)
Մանրամասներ
ԱլԳ ՔՀՖ առաջին աշխատանքային խմբի համակարգող խորհրդի անդամները հանդիպել են ՀԱՊ անդամների հետ
Մարտի 18-ին Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գրասենյակում տեղի ունեցավ ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի առաջին աշխատանքային խմբի (Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, արդյունավետ կառավարում և կայունություն) համակարգող խորհրդի անդամների հանդիպումը Հայաստանի ազգային պլատֆորմի անդամների հետ:
Հանդիպմանը ներկա էին ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի առաջին աշխատանքային խմբի համակարգողներ Քշիշտոֆ Բոբինսկին և Վլադիմիր Կուպրին, Մոլդովայի, Բելառուսի և Ուկրաինայի Ազգային պլատֆորմների առաջին աշխատանքային խմբերի համակարգողներ Իան Մանոլեն, Պյոտր Կուզնեցովը, Իրինա Սուշկոն, ինչպես նաև ՀԱՊ առաջին աշխատանքային խմբի անդամներ: Վլադիմիր Կուպրին ներկայացրեց նախօրեին կայացած ՔՀՖ առաջին աշխատանքային խմբի համակարգող խորհրդի նիստի արդյունքները: Խորհուրդը սահմանել է ՔՀՖ առաջին աշխատանքային խմբի գերակա ուղղությունները առաջիկա տարվա համար, որոնք են ընտրությունները, արդյունավետ կառավարմանն ուղղված բարեփոխումները, խոսքի ազատությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը և կոռուպցիայի դեմ պայքարը: Հաշվի առնելով ԱլԳ 6 երկրների տարբերությունները և ինտեգրացիոն տարբեր մակարդակները, համակարգող խորհուրդը որոշել է մշակել թեմատիկ ուղղություններ, որոնք արդիական են բոլոր 6 երկրների համար, ընդհանուր օրակարգ ձևավորելու նպատակով: Այդ առումով ընդհանուր թեմատիկ ուղղություններն են լինելու վիզային ռեժիմի ազատականացումը, պետական կառավարման բարեփոխումները և մարդու իրավունքները:
Հաշվի առնելով ռուսական ԶԼՄ-ների հակաարևմտյան քարոզչությունը, առաջին աշխատանքային խմբի առաջնային անելիքներից է ինֆորմացիոն քարոզարշավի իրականացումը, որը կբարձրացնի հանրության տեղեկացվածությունը եվրաինտեգրման և առհասարակ եվրոպական արժեքների վերաբերյալ: Առաջիկայում կարևորվելու է նաև առաջին աշխատանքային խմբի ենթախմբերի կարողությունների զարգացումը և ավելի արդյունավետ համակարգումը:
ՀԱՊ անդամները ներկայացրեցին իրենց առաջարկությունները աշխատանքային խմբի ավելի արդյունավետ կազմակերպման համար, մասնավորապես առաջարկվեց բարելավել խմբի և պլատֆորմի հաղորդակցության մեխանիզմները:
Հանդիպման ավարտրին Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի և Հայաստանի ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց երկրներում տիրող ներքաղաքական իրավիճակը և ըստ այդմ՝ ազգային պլատֆորմների առաջին աշխատանքային խմբերի առաջնայնություններն ու խնդիրները: