Թողարկում 201

EU-Armenia-baner125 մլն եվրոյի տրամադրում Եվրոպական միության կողմից՝ ՀՀ գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների զարգացման համար

Հայաստանում ԵՄ պատվիրակություն

012313170274_5

Լուսանկարը՝ PAN Photo-ի

2015թ. հունվարի 23-ին Եվրոպական միության (ԵՄ) եւ Ավստրիայի զարգացման գործակալության համատեղ ուժերով տեղի ունեցավ Հայաստանում «Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների զարգացման ծրագրի (ENPARD)» մեկնարկի հանդիսավոր արարողությունը: Ծրագրի իրականացման տեւողությունը 3 տարի է, որի ընթացքում 20 մլն եվրո բյուջետային աջակցություն կտրամադրվի ՀՀ կառավարությանը՝ գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների կայուն եւ համապարփակ զարգացման համար: Միեւնույն ժամանակ, 5 մլն եվրո օժանդակություն կցուցաբերվի ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ Հայաստանում ֆերմերների խմբերի եւ գյուղմթերքների արժեքային շղթաների բարելավման համար:

ՀՀ գյուղատնտեսության նախարար պրն Սերգո Կարապետյանը, ողջունելով մասնակիցներին, շնորհակալություն հայտնեց Եվրոպական միությանը եւ «Ավստրիայի զարգացման համագործակցությանը»` «ENPARD» ծրագրի շրջանակներում աջակցություն ցուցաբերելու համար: Նա վստահեցրեց, որ գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները կարող են արդյունավետ կերպով լուծվել ԵՄ-ի եւ այլ դոնոր երկրների եւ կազմակերպությունների հետ սերտ համագործակցության շնորհիվ: Նախարարը ներկայացրեց գյուղատնտեսության ոլորտի վերջին զարգացումները, ինչպես նաեւ ՀՀ կառավարության առաջնահերթությունները:

ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան պրն Տրայան Հրիսթեան նշեց, որ «Եվրամիությունը ուրախ է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը զգալի ֆինանսական աջակցություն տրամադրելու համար»: Նա նաեւ ավելացրեց, որ Հայաստանում «Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների զարգացման ծրագրի (ENPARD)» իրականացումը մեծ հնարավորություն կընձեռնի ՀՀ կառավարությանը եւ անհատ քաղաքացիներին Հայաստանում զարգացնելու եւ բարելավելու գյուղատնտեսության ոլորտը եւ ընդլայնելու գյուղական համայանքների զարգացման հեռանկարները:

Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար պրն Գյունտեր Ցիմմերը նշեց, որ «Ավստրիական զարգացման համագործակցության» համար Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերի ֆերմերների խմբերին եւ գյուղմթերքների արժեքային շղթաներին տեխնիկական աջակցության տրամադրումը համարվում է առաջնայնություն: Նա նաեւ ընգծեց, որ գյուղատնտեսության ոլորտը եղել է եւ մնալու է «Ավստրիական զարգացման համագործակցության» ռազմավարության կարեւորագույն ուղղությունը: Նա նշեց, որ իրենք խորապես համոզված են, որ իրենց ֆինանսական աջակցությունը՝ համակցելով տեխնիկական անհրաժեշտ գիտելիքների փոխանցման հետ, իր դրական ազդեցությունը կունենա Հայաստանի հյուսիսային մարզերի համայնքների վրա:

Սույն ծրագիրը կնպաստի գյուղատնտեսական կառույցների, ֆերմերային ասոցիացիաների բարելավմանը, մատչելի եւ որակյալ սննդի հասանելիության ապահովմանը: Ծրագրի թիրախային խմբերն են լինելու կանայք, երիտասարդները եւ խոցելի այլ խմբերը: Ավստրիայի կառավարություն կողմից ֆինանսավորվող միջոցառումները կիրականցվեն Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերում:

Ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (UNIDO), ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP)  եւ ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) կտրամադրեն տեխնիկական աջակցություն ՀՀ կառավարությանը՝ սերտորեն համագործակցելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության, տեղական ինքնակառավարման մարմինների եւ այլ շահագրգիռ կողմերի հետ: UNIDO-ի եւ UNDP-ի համատեղ ուժերն ուղղված կլինեն գյուղմթերք արտադրող առկա խմբերի ամրապնդմանը, նորերի ստեղծմանը եւ վերջիններիս հնարավորինս արդյունավետ կերպով արժեշղթաների զարգացման գործում ներգրավմանը: FAO-ն պատասխանատու կլինի ինստիտուցիոնալ զարգացման, քաղաքականության ներդաշնակեցման եւ գյուղատնտեսության ոլորտում ընդհանուր հաշվառում իրականացնելու հարցում ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը  տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար:

Տվյալ աջակցությունը համահունչ է ԵՄ-ի կողմից տրամադրվող օժանդակության առաջնահերթ նպատակների հետ եւ ուղղակիորեն նպաստում է տնտեսական եւ սոցիալական անհավասարությունների կրճատման հարցում Արեւելյան գործընկերության կողմից սահմանված առանցքային մարտահրավերների հաղթահարմանը: Գործազրկության բարձր ցուցանիշների եւ ապրուստի համար անհրաժեշտ ցածր եկամուտների հետեւանքով Հայաստանում՝ հատկապես գյուղական վայրերում, աղքատության մակարդակը շարունակում է մնալ բարձր: Գյուղատնտեսությունը եւ ֆերմերային գործունեությունը պարենային անվտանգության եւ ոչ ֆորմալ զբաղվածություն ապահովելու համար լայնածավալ հնարավորություններ է ստեղծում:

Հետեւաբար, գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների զարգացումը դառնում է խիստ անհրաժեշտություն, ինչը հնարավոր է ապահովել գյուղատնտեսական հաստատությունների, ֆերմերային ասոցիացիաների եւ կոոպերատիվների կարողությունների բարելավման, մատչելի եւ որակյալ սննդի հասանելիության ապահովման եւ գյուղատնտեսության ոլորտում համատարած հաշվառում իրականացնելու  միջոցով:

1340355657_1-conferenceԲրյուսելում կայացավ Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 15-րդ նիստը

20.01.2015

ՀՀ արտգործնախարարություն

2d99566f070ccc5fad9ffb3dfb72f35784c881df

2015թ. հունվարի 20-ին ՀՀ պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, մասնակցեց Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 15-րդ նիստին։

Եվրոպական միության պատվիրակությունը գլխավորում էին ԵՄ Խորհրդի նախագահությունը ներկայացնող Լատվայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչը եւ Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը:

Հայաստանի պատվիրակության կազմում էին ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար դեսպան Թաթուլ Մարգարյանը, էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը։

Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 15-րդ նիստին հանգամանալից քննակվեցին Հայաստան – ԵՄ համագործակցության հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը՝ քաղաքական երկխոսության, հարաբերությունների ապագա իրավական հիմքի, շարժունակության, մարդու իրավունքների, տնտեսական բարեփոխումների, Հայաստանին ԵՄ աջակցության հարցերը։

Նախարար Նալբանդյանը երախտագիտություն հայտնեց ԵՄ-ին՝ Հայաստանին տարիներ շարունակ ցուցաբերած աջակցության եւ օժանդակության համար, որոնք նշանակալի դեր են խաղացել՝ Հայաստանում բարեփոխումների իրականացման եւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար, եւ վերահաստատեց Հայաստանի հաստատակամությունը՝ խորացնելու Եվրոպական միության հետ տարբեր ոլորտներում եւ ուղղություններով համապարփակ համագործակցությունը՝ հիմնվելով վերջին տարիների ձեռքբերումների վրա՝ հաշվի առնելով ՀՀ պարտավորությունները այլ միջազգային, ինտեգրացիոն ձեւաչափերում։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ ԵՄ հետ փոխգործակցության առաջնահերթությունների շարքում է շարժունակությունը, միգրացիայի եւ մարդկային շփումների զարգացումը։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը նշեց, որ 2014թ. հունվարին ուժի մեջ մտած ԵՄ – Հայաստան մուտքի արտոնագրի դյուրացման եւ հետընդունման մասին համաձայնագրերը, որոնք ճանապարհ են հարթում դեպի մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման վերաբերյալ գործընթացի մեկնարկը, ինչը հնարավորություն կտա ապագայում հասնել Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացմանը:

Էդվարդ Նալբանդյանը կարեւորեց նաեւ Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրին կից Արձանագրության ուժի մեջ մտնելը, որով Հայաստանը կարող է մասնակցել ԵՄ ծրագրերի լայն շրջանակի եւ համագործակցելու ԵՄ տարբեր գործակալությունների հետ։

Խորհրդի նիստի օրակարգում էին նաեւ տարածաշրջանային խնդիրները եւ դրանց լուծման ուղիները։

Եվրոպական կողմի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցային գործընթացի վերջին զարգացումները, Ադրբեջանի ապակառուցողական եւ սադրիչ գործողությունների հետեւանքով ստեղծված իրավիճակը:

Հայաստանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը եւ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը իրենց ելույթներում տեղեկացրին կառավարության տնտեսական քաղաքականության, դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումների, 2014թ. տնտեսության եւ դատաիրավական բնագավառներում ԵՄ հետ համագործակցության արդյունքների մասին:

Խորհրդի նիստից հետո տեղի ունեցավ Էդվարդ Նալբանդյանի, Էդգարս Ռինկեւիչի եւ Յոհանես Հանի համատեղ մամուլի ասուլիսը։

Մանրամասներ

Մամուլի հաղորդագրություն

Advertisements
This entry was posted in Հայերեն and tagged , , , , . Bookmark the permalink.