Թողարկում 199

CSF_Armenia_logo_ARMԱլԳ ՔՀՖ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ընդդիմադիր քաղաքական եւ հասարակական գործիչների նկատմամբ վերջին շրջանում կատարված ահաբեկչական հարձակումների վերաբերյալ

Դեկտեմբերի 19, 2014

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմն իր խորը մտահոգությունն է հայտնում ընդդիմադիր քաղաքական եւ հասարակական գործիչների նկատմամբ վերջին շրջանում կատարված ահաբեկչական հարձակումների վերաբերյալ:

Հարձակումներ են կատարվել ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանի, Մանվել Եղիազարյանի, Սուրեն Սարգսյանի, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի եւ ՀԱԿ կուսակցության Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի նկատմամբ՝ վերջիններիս պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս դեպքերին նախորդել են «Նախախորհրդարան» հասարակական-քաղաքական միավորման անդամներին պատկանող մեքենաների հրկիզման դեպքերը:

Հարձակումների ժամանակագրությունը եւ ձեռագիրը, նշված դեպքերին երկրի օրենսդիր, գործադիր եւ իրավապահ մարմինների ոչ համարժեք արձագանքը, ինչպես նաեւ փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի, իշխող կուսակցության պատգամավորներ Առաքել Մովսիսյանի եւ Սեյրան Սարոյանի հայտարարությունները հիմք են տալիս պնդելու, որ տեղի ունեցածը հասարակության շրջանում վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով իշխանամերձ շրջանակների կողմից կազմակերպված կամ, առնվազն, հովանավորվող գործողություն է:

Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը խստորեն դատապարտում է ընդդիմադիր գործիչների նկատմամբ կատարված ահաբեկչական հարձակումները եւ իշխանություններից պահանջում է հանցագործությունների ամբողջական բացահայտում՝ ակնկալելով, որ կհայտնաբերվեն եւ պատասխանատվության կենթարկվեն ոչ միայն դրանք իրականացնողները, այլ նաեւ նրանց հովանավորները։

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմ

Դեկտեմբերի 19, 2014

Երեւան

 

EU-Armenia-baner1Հայաստանում կիրականացվեն ԵՄ համագործակցության 10 մլն եվրո բյուջե կազմող նոր ծրագրեր

 Եվրոպական միության պատվիրակություն Հայաստանում

Երեւան, 18 դեկտեմբերի, 2014թ.

EU- ArmeniaԴեկտեմբերի 18-ին տեղի ունեցավ ԵՄ պատվիրակության կազմակերպած ստորագրման պաշտոնական արարողությունը, որի ընթացքում ստորագրվեցին ԵՄ համագործակցության տասնհինգ պայմանագրեր: Ընդհանուր 10 մլն եվրո բյուջեով նոր գործողությունները միտված են քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ տեղական մարմինների, ինչպես նաեւ Հայաստանի կառավարության բարեփոխումների աջակցությանը:

Տասնհինգ պայմանագրեր կիրականացվեն երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության տարբեր ուղղություններով՝ ներառյալ գյուղատնտեսությունն ու գյուղական համայնքների կառավարումը, մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը, աղքատության կրճատումն ու քաղաքաշինության կայուն զարգացումը:

Ստորագրման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան. «ԵՄ-ն հաձնառու է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ եւ պատրաստ է ամրապնդել երկկողմ համագործակցությունը ընդհանուր արժեքների վրա հիմնված համատեղ հետաքրքրության ուղղություններով: Սիրով ողջունում եմ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվելիք այս կարևոր նախաձեռնությունների մեկնարկը», – ասաց դեսպանը:

ԵՄ ֆինանսավորման այլ նախաձեռնությունների միջոցով կտրամադրվի տեխնիկանկան աջակցություն գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների բարեփոխումներին, սկսնակ և գործող արտադրական խմբերի ամրապնդմանն ու ՀՀ գյուղատնտեսության նախարարության ինստիտուցիոնալ զարգացմանը: Դրանք կնպաստեն գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների զարգացմանն ուղղված ԵՄ ոլորտային ծրագրի իրականացմանը:

Նոր պայմանագրերից չորսը միտված են աղքատության կրճատմանն ու կայուն զարգացմանը, որը կիրականացվի ոչ պետական դերակատարների և տեղական մարմինների միջոցով: Ծրագրերը կնպաստեն գյուղական համայնքների սոցիալական և տնտեսական դժվարությունների նվազեցմանը Շիրակի մարզում, կայուն զբոսաշրջության զարգացմանն ու մեղվաբուծության խթանմանը Վայոց Ձորում, և հանրային ծառայությունների զարգացմանը Ջուջեվանում, Բաղանիսում եւ Ոսկեվանում:

Մեկ այլ ծրագիր կնպաստի Վայք եւ Սպիտակ քաղաքներում վերականգնվող եւ արդյունավետ էներգիայի աղբյուրների իրականացմանը:

Նոր ծրագրերի մեծ մասը կատարվում են Ժողովրդավարություն եւ մարդու իրավունքներ» գործիքի եւ «Ոչ պետական դերակատարների եւ տեղական մարմինների զարգացման» թեմատիկ ծրագրի միջոցով հայտարարված գլոբալ եւ տեղական հայտամրցույթների հրավերների արդյունքում:

 

european-commission-flagՊրահայում քննարկվեցին Արեւելյան գործընկերության երկրներում թվային հեռարձակմանն անցնելու հետ կապված հիմնախնդիրները

18 դեկտեմբերի, 2014թ.

EaPeReg

Դեկտեմբերի սկզբին Պրահայում տեղի ունեցած սեմինարի ուշադրության կենտրոնում Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության (ԱլԳ) երկրներում թվային հեռարձակմանն անցնելու հետ կապված հիմնախնդիրներն էին։ Մասնակցում էր 20 պատվիրակ ԱլԳ հինգ երկրից (Հայաստան, Վրաստան, Բելառուս, Մոլդովա եւ Ուկրաինա) եւ գերմանական կարգավորիչ մարմնի մեկ ներկայացուցիչ։

Սեմինարի մասնակիցների մեծ մասը հեռարձակման կարգավորման եւ հաճախականությունների կառավարման, ինչպես նաեւ ռազմավարության մշակման մասնագետներ էին,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ։ Հրահանգիչների թիմում ներառված էին Չեխիայի եւ Սլովակիայի կարգավորող մարմինների մեկական ներկայացուցիչ, ինչպես նաեւ կարգավորման հարցերով վեց խորհրդատու։

Սեմինարը կազմակերպվել էր ԵՄ եւ ԱլԳ երկրների հեռարձակման ներդաշնակեցման պլատֆորմի (EaPeReg) շրջանակներում՝ մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով։ Այն փորձի փոխանակման հնարավորություն էր ընձեռում թվային հեռարձակմանն անցնելու տարբեր ասպեկտների եւ ընթացիկ խնդիրների լուծման վերաբերյալ։ Զեկուցողները պատմել են թվային հեռարձակմանն (DSO) անցնելու գործընթացի, դրա տարբեր մասնակիցների ռազմավարության, թվային հեռարձակման ցանցի եւ անալոգային հեռարձակման դադարեցման հետ կապված բազմաթիվ հարցերի մասին։

Սեմինարի շրջանակներում կազմակերպվել է նաեւ ճանաչողական երկու այցելություն՝ Չեխիայի էլեկտրակապի կառավարման ռադիոհաճախականությունների մոնիտորինգի կենտրոն եւ Պրահայի տեխնիկական համալսարան։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ՝

Մամուլի հաղորդագրություն

 

european-commission-flag

Հայաստան-Եվրոպական միություն մարդու իրավունքների շուրջ երկխոսություն Բրյուսելում

http://mfa.am/

11.12.2014

5_55Դեկտեմբերի 11-ին Բրյուսելում կայացավ Հայաստան – Եվրոպական միություն մարդու իրավունքների շուրջ երկխոսության 6-րդ հանդիպումը:

ՀՀ պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: Պատվիրակության կազմում էին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Ոստիկանության, ԱԳՆ եւ ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության պաշտոնյաներ:

ԵՄ կողմի պատվիրակությունը գլխավորում էր Եվրոպական արտաքին գործերի ծառայության Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության վարչության տնօրեն Սիլվիո Գոնզատոն:

Երկխոսությունն անցավ կառուցողական մթնոլորտում, որի ընթացքում քննարկվեցին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ, ինչպես նաեւ՝ միջազգային կառույցներում, մասնավորապես ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում համագործակցության հարցեր:

Անդրադարձ կատարվեց Հայաստանում եւ ԵՄ-ում մարդու իրավունքների ոլորտում տեղի ունեցած զարգացումներին: Քննարկումները կենտրոնացած էին մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգի, դատական բարեփոխումների, ընտրությունների եւ ընտրական համակարգի, ազատ արտահայտվելու եւ տեղեկատվության ազատության, հավաքներ անցկացնելու ազատության, քաղաքացիական հասարակության գործունեության, խտրականության դեմ պայքարի, կրոնի եւ դավանանքի ազատության շուրջ:

Տեղեկանք: Հայաստանի եւ ԵՄ միջեւ Մարդու իրավունքների շուրջ երկխոսությունը հիմնվել է 2009թ-ի դեկտեմբերին: Հանդիպումները տեղի են ունենում տարեկան մեկ անգամ, հաջորդաբար՝ Երեւանում եւ Բրյուսելում: 

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.