Թողարկում 194

CSF_Armenia_logo_ARMԵՄ ԱլԳ ՔՀՖ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ` ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

10 նոյեմբերի, 2014թ.

2014թ. հոկտեմբերի 10-ին Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) պայմանագրին միանալու վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը երկիրը շեղեց ժողովրդավարական ինստիտուտների եւ հասարակական, տնտեսական ու բազմաթիվ այլ ոլորտների կայացման եւ ամրապնդման դժվարին, բայց այլընտրանք չունեցող ճանապարհից: Անժխտելի է, որ տարիներ շարունակ անարդյունավետ կառավարման եւ մասնավոր շահի սերտաճումը, ինչպես նաեւ ընտրությունների կեղծումը գրեթե անհաղթահարելի խոչընդոտներ են եղել այդ ճանապարհին: Այնուամենայնիվ, Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի, այդ թվում նաեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի կնքմանն ուղղված քաղաքական կուրսը, որ որդեգրվել էր երկրի կողմից, հույս էր ներշնչում, որ Հայաստանը կարող էր զարգանալ ժողովրդավարական ինստիտուտների եւ երկրի տնտեսական հզորացման ուղիով:

Փաստորեն, ԵՏՄ-ին անդամակցելով, այժմ անցում է կատարվում դեպի քաղաքական արկածախնդրության դաշտ` իշխող քաղաքական ուժի դերակատարմամբ, որը բազմիցս ի ցույց է դրել իր նեղ կուսակցական շահերը՝ դրանք վեր դասելով երկրի, պետության, ժողովրդի շահերից։ Ակնհայտ է, որ հոկտեմբերի 10-ի որոշման ամենածանր հետեւանքը լինելու է երկրի ինքնիշխանության կորուստը, ինչպես նաեւ ԵՏՄ-ում Հայաստանին սպասվող նվաստացուցիչ եւ ստորադաս կարգավիճակը:

Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու գործընթացն ուղեկցվեց Ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի ռեժիմի խախտումների անհանգստացնող աճով, ինչպես նաեւ ՀՀ տնտեսական աճի նկատելի դանդաղմամբ, որը, միջազգային հեղինակավոր կառույցների կանխատեսումներով, էլ ավելի մեծ նվազման միտում ունի:

Միաժամանակ, նոր օրենսդրական նախաձեռնության շրջանակներում ի հայտ են գալիս քաղաքացիական հասարակության գործունեությունը սահմանափակելուն, վերահսկելուն ուղղված ակնհայտ միտումներ: Ընդդիմադիր քաղաքական ուժերի մի մասը Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի այս շրջադարձային փոփոխության հանդեպ կա՛մ ցուցաբերում է անպատասխանատու անտարբերություն, կա՛մ ողջունում է այն, կա՛մ դա համարում է անշրջելի իրողություն: Նման քաղաքական ուժերը` քաղաքական մեծամասնության հետ միասին, Կրեմլին հաճոյանալու եւ իրենց անձնական շահերը պաշտպանելու նպատակով երկիրը տանում են վտանգավոր եւ անկանխատեսելի ճանապահով:

ՀԱՊ-ը խիստ մտահոգություն է հայտնում առ այն, որ.

  • ԵՏՄ մտնելու պայմանագիրը ստորագրված է ՀՀ Սահմանադրության կոպիտ խախտմամբ, առանց օրինական ընթացակարգերի պահպանման։
  • Մտնելով ԵՏՄ, Հայաստանը իրավունք չի ունենալու սեփական կամքով դուրս գալ այդ միությունից, ինչը նշանակում է մեր երկրի ինքնիշխանության կորուստ։
  • Հայաստանը մտնում է մի տնտեսական միության մեջ, որի անդամները ավտորիտար, ոչ ժողովրդավարական երկրներ են, որոնցում մարդու իրավունքների եւ ազատությունների ոտնահարումները աղաղակող չափերի են հասնում։
  • Որեւէ քննադատության չեն դիմանում այն պնդումները, որ ԵՏՄ-ն ապահովելու է Հայաստանի անվտանգությունը, մինչդեռ ԵՏՄ որեւէ հիմնադիր փաստաթղթում նման գործառույթ առկա չէ։
  • Մեկ տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը հանրությանը որեւէ հստակ տեղեկություն չի տվել այն մասին, թե ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետությունը Եվրամիության հետ քաղաքական եւ տնտեսական հարաբերություններն ինչպես, ինչ ծավալով եւ ինչ ձեւաչափով է շարունակելու: Եվ վերջապես, արդյո՞ք ԵՏՄ-ին միանալով՝ Հայաստանը կորցնում է «GSP+» – ը։

Մենք՝ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներս, կոչ ենք անում իշխանական եւ ընդդիմադիր քաղաքական կուսակցություններին եւ քաղաքացիական հասարակությանը, վերանայել այս վտանգավոր խաղի մեջ մտնելու՝ կործանարար հետեւանքներով լի որոշումը:

Միաժամանակ, մեզ հիասթափեցնում է Եվրամիության անհամարժեք արձագանքը հոկտեմբերի 10-ին ստորագրված ԵՏՄ պայմանագրի եւ դրա արդյունքում ակնկալվող վտանգների վերաբերյալ, դրանով անտեսելով այն սպառնալիքները, որ նման Միության էքսպանսիան կարող է ունենալ Հայաստանի եւ տարածաշրջանի այլ երկրների նկատմամբ։

ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը մտադիր է շարունակել Հայաստանի արտաքին քաղաքական զարգացումներին նվիրված հասարակական լայն քննարկումները, կարեւորելով հանրային լայն իրազեկումն այն բոլոր ռիսկերի մասին, որ սպասվում են ԵՏՄ անդամության դեպքում:

Ստեղծված իրավիճակից միակ ելքը համարում ենք ՀՀ Ազգային ժողովի կողմից ԵՏՄ պայմանագրին Հայաստանի Հանրապետության անդամակցության կասեցումը: Այդ նպատակով, Հայաստանի` ԵՏՄ անդամակցությանը դեմ հանդես եկող քաղաքական եւ հասարակական բոլոր ուժերին համախմբման կոչ ենք անում` այս կործանարար գործընթացը կասեցնելու ուղղությամբ արդյունավետ պայքարի կազմակերպման համար:

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմ
10 նոյեմբերի, 2014թ.
Երեւան

 

european-commission-flag

ԵՄ-ն աջակցության նոր ծրագիր է սկսում Հայաստանում արդիականացմանն ու բարեփոխումներին նպաստելու համար

07.11.2014

P026577000702-435098Եվրամիության ընդլայնման եւ հարևանության քաղաքականության հարցերով նոր հանձնակատար Յոհաննես Հանն այս շաբաթ Բրյուսելում հանդիպել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ: Հանդիպման արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով մեկնարկում է Եվրամիության կողմից ՀՀ-ին տրամադրվող «Եզակի աջակցության շրջանակը»: Վերջինս նախատեսում է 140-170 միլիոն եվրոյի աջակցություն եւ սահմանանում է համագործակցության գերակա ուղղությունները 2014-2017 թվականների համար:

«ԵՄ-ն եւ Հայաստանը հաստատակամ են՝ շարունակելու համագործակցությունը ընդհանուր հետաքրքությունների դաշտում, ընդհանուր արժեքների հիման վրա: Մենք աջակցում ենք երկրի արդիականցման ջանքերին եւ կշարունակենք խրախուսել անհրաժեշտ բարեփոխումները Հայաստանում» – ասել է հանձնակատար Հաննը հանդիպումից հետո:

Մասնավոր հատվածը, հանրային կառավարման եւ արդարադատության ոլորտները կլինեն բարեփոխումների գերակա ուղղությունները: Նախատեսվում է նաեւ աջակցել հանրային ինստիտուտների արդիականացմանը և քաղաքացիական հասարակությանը Հայաստանում: Տրամադրվող աջակցության առաջին հատվածը (19 միլիոն եվրո) կուղղվի Հայաստանում փոքր բիզնեսի զարգացմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը: Աջակցությունը տրամադրվում է Արեւելյան գործընկերության շրջանակներում: (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասները՝ այստեղ

 

41ԱլԳ ՔՀՖ Բելառուսի ազգային պլատֆորմի հայտարարությունը «Իրավապաշտպան Ելենա Տոնկաչեւայի հետ համերաշխության մասին»

 EaP CSF website

03.11.2014

Մենք՝ ԱլԳ ՔՀՖ Բելառուսի ազգային պլատֆորմի անդամներս, մեր անհանգստությունն ենք արտահայտում իրավապաշտպան, «Իրավական տրանսֆորմացիայի կենտրոն» լուսավորչական հաստատության վարչության նախագահ Ելենա Տոնկաչեւայի Բելառուսի Հանրապետությունում կացության իրավունքի թույտվությունը չեղյալ հայտարարելու կապակցությամբ։

Ելենա Տոնկաչեւան Ռուսաստանի դաշնության քաղաքացի է, 1985 թվականից ապրում է Բելառուսի Հանրապետությունում, որտեղ ստացել է միջնակարգ կրթությունը, ստացել իրավաբանական բարձրագույն կրթություն, ունի մշտական բնակության վայր եւ աշխատանք, ընտանիք եւ սեփականություն… Մենք Ելենա Տոնկաչեվային ճանաչում ենք որպես ակտիվ քաղաքական գործչի, բարձրակարգ մասնագետի եւ իրավապաշտպան կազմակերպության առաջնորդի։ Արդեն 20 տարի շարունակ նա եւ իր կազմակերպությունն իրավաբանական մասնագիտական եւ փորձագիտական աջակցություն է ցուցաբերում Բելառուսի բազմաթիվ հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ մարդու իրավունքների խախտումների հարցերով դիմող անհատ մարդկանց։ Ելենա Տոլկաչեւային կացության իրավունքից զրկելու ձեւական հիմնավորումը ճանապարհային երթեւեկության կանոնների խախումն է (արագության չնչին գերազանցում)։

Մենք համարում ենք, որ կացության իրավունքի թույտվությունը չեղյալ հայտարարելը, ինչպես նաեւ մեր երկրից արտաքսելու սպառնալիքը քաղաքական դրդապատճառներ ունի եւ կատարված իրավախախտման վտանգավորության համեմատ՝ կիրառվում է անհամաչափ պատճամիջոց։ Արտաքսման իրական պատճառը Ելենա Տոլկաչեւայի հասարակական-քաղաքական դիրքորոշումն է եւ իրավապաշտպան ակտիվ գործունեությունը։

Բելառուսի ազգային պլատֆորմի հայտարարությունն ամբողջությամբ՝ այստեղ։

Բելառուսի ազգային պլատֆորմի դիրքորոշման հետ իր համաձայնությամբ հանդես է եկել նաեւ ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումը, որի անունից ՔՀՖ Ղեկավար կոմիտեի՝ նոյեմբերի 5-ին տարածած հայտարարությունը կարող եք կարդալ այստեղ։

 

 

european-commission-flag

ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի հանդիպումը ԵՄ խորհրդի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբին

ՀՀ արտգործնախարարության պաշտոնական կայքէջ

30.10.2014

3647_hq (1)Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Եվրոպական Միության խորհրդի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի` COEST-ի (Համագործակցություն Արեւելյան Եվրոպայի երկրների հետ) պատվիրակությանը, որի կազմում էին Եվրոպական խորհրդի քարտուղարության, ԵՄ արտաքին գործերի ծառայության, Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները եւ ԵՄ երկու տասնյակից ավելի անդամ պետությունների դիվանագետները:

Հանդիպման ընթացքում Կարեն Նազարյանի կողմից անդրադարձ կատարվեց Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության ընթացքին եւ զարգացման հեռանկարներին, հարեւան պետությունների հետ Հայաստանի հարաբերություններին, տարածաշրջանային վերջին զարգացումներին, տարբեր ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցության եւ 2015թ. Ռիգայում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի հետ կապված հարցերին:

COEST-ի պատվիրակության համակարգող Պետերի Վուորիմյակին իր հերթին ընդգծեց, որ ԵՄ-ը պատրաստ է զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունը` նկատելով, որ պատվիրակության անդամների տպավորիչ քանակը լավագույնս վկայում է Հայաստանի հանդեպ ԵՄ կողմից տածած հետաքրքրության մասին:

Տեղեկանք: COEST-ը ԵՄ խորհրդի աշխատանքներին աջակցող մասնագիտացված աշխատանքային խմբերից մեկն է, որի գործունեության կենտրոնում են Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների Եվրոպական Միության հետ հարաբերությունների բոլոր ուղղությունները: Խմբի գործունեությունը ներառում է նաեւ ԵՄ հետ բազմակողմ համագործակցության մի շարք շրջանակներ, ինչպիսիք են, օրինակ, Արեւելյան գործընկերությունը եւ նաև Եվրոպական հարեւանության քաղաքանության ձեւաչափը: Սա COEST-ի ներկայացուցիչների երկրորդ այցելությունն էր Հայաստան: Առաջին փաստահավաք այցելությունը Հայաստան տեղի է ունեցել 2004թ:

Advertisements
This entry was posted in Հայերեն and tagged , . Bookmark the permalink.