ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 CSF_Armenia_logo_ARM«ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ» ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅԱՆ

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. «Արեւելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարություն» ոչ առեւտրային իրավաբանական անձանց միությունը (հապավումը՝ «ԱլԳ ՀԱՊ Քարտուղարություն» միություն, այսուհետ` Միություն, անդամ իրավաբանական անձանց համատեղ գործունեությունը կանոնակարգելու, ինչպես նաեւ ընդհանուր շահերը ներկայացնելու եւ պաշտպանելու նպատակներով ստեղծված ոչ առեւտրային կազմակերպություն է:

1.2. Միության հայերեն լրիվ անվանումն է՝

«Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարություն» միություն

ռուսերեն՝ «Секретариат Армянской национальной платформы Форума гражданского общества Восточного партнерства» союз

անգլերեն՝ «Secretariat of the Armenian National Platform of the Eastern Partnership Civil Society Forum» union

1.3. Միության գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, Երեւան, 0002, Ղազար Փարպեցու փողոց, 9բ, հեռ. 53-00-67, 53-35-41։

1.4. Միության հիմնադիրներն են՝ «Երեւանի մամուլի ակումբ» հասարակական կազմակերպությունը, «Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպությունը, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հասարակական կազմակերպությունը, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը, «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» հասարակական կազմակերպությունը, «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը, «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունը, «Հայաստանի Հելսինկյան Կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը:

Միության հիմնադիրները որոշում են ընդունում Միության հիմնադրման մասին, հաստատում են Միության առաջին կանոնադրությունը, կազմավորում են Միության խորհրդի առաջին կազմը:

1.5. Միությունն իր գործունեությունն իրականացնում է
ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ օրենսդրությանը, ՀՀ միջազգային պայմանագրերին եւ սույն Կանոնադրությանը համապատասխան։

1.6. Հիմնադիրներ պատասխանատվություն չեն կրում իրենց ստեղծած Միության պարտավորվածությունների համար: Միությունը պատասխանատվություն չի կրում իր հիմնադիրների պարտավորվածությունների համար:

1.7. Միությունն իրավաբանական անձ է եւ ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից: Միությունն ունի իր անվանմամբ (հայերեն, ռուսերեն եւ անգլերեն գրառումներով) եւ խորհրդանիշի պատկերով կլոր կնիք: Միությունն ունի խորհրդանիշ` վեցաթեւ բազմագույն (կանաչ, երկնագույն, նարնջագույն, դեղին, փիրուզագույն, կարմիր) ճառագայթների (ճառագայթներից յուրաքանչյուրը խորհրդանշում է Արեւելյան գործընկերության անդամ երկրներից մեկը) տեսքով պատկեր, որոնք միավորվում են մեկ ընդհանուր կապույտ շրջանակաձեւ պատկերի շուրջ, որը խորհրդանշում է Եվրոպական միությունը: Միությունը կարող է ունենալ դրոշմներ եւ բլանկներ, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով գրանցված ապրանքային, առեւտրային եւ այլ նշաններ ու անհատականացնող այլ նշաններ: Միությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացել բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության եւ օտարերկյա պետությունների բանկերում՝ Հայաստանի Հանրապետության դրամով եւ (կամ) արտարժույթով:

1.8. Միությունն ինքնուրույն է որոշում իր գործնեության ռազմավարական ծրագրերը:

1.9. Միությունը որպես սեփականություն, ունի առանձնացված գույք եւ պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է անունից կնքել պայմանագրեր, ձեռք բերել ու իրականացնել գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

1.10. Միությունն իր կանոնադրությանը համապատասխան, սեփականատիրոջ իրավունքով, իրականացնում է իր ունեցվածքի տնօրինումը, օգտագործումը եւ տիրապետումը:

1.11. Միությունը Հայաստանի Հանրապետությունում եւ նրանից դուրս կարող է ստեղծել մասնաճյուղեր եւ ներկայացուցչություններ, ինչպես նաեւ հիմնարկներ, որոնք գործում են Միության անունից՝ Միության խորհրդի
կողմից հաստատված կանոնադրություններին համապատասխան:

1.12. Միությունն իր պարտավորություններով պատասխանատվություն է կրում այն գույքով, որի վրա օրենքով կարող է բռնագանձում տարածվել:

1.13. Հայաստանի Հանրապետությունը եւ համայնքները պատասխանատվություն չեն կրում Միության պարտավորությունների համար: Միությունը պատասխանատվություն չի կրում Հայաստանի Հանրապետության եւ համայնքների պարտավորությունների համար:

1.14. Միության իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով սահմանված կարգով:

1.15. Միությունն ունի օրենքով չարգելված բոլոր եղանակներով իր քաղաքացիական իրավունքների ինքնապաշտպանության իրավունք:

1.16. Միությունը կարող է անդամակցել միջազգային հասարակական միավորումներին եւ կազմակերպություններին, եթե վերջիններիս գործունեությունը համապատասխանում է Միության նպատակներին եւ խնդիրներին։

1.17. Միությունը ստեղծվում եւ իր գործունեությունը ծավալում է հրապարակայնության, անդամության կամավորության, անդամների իրավահավասարության, ինքնակառավարման, ղեկավարության կոլեգիալության սկզբունքներով։ Միությունը քաղաքական կամ կրոնական նպատակներ չի հետապնդում։

1.18. Միությունը կոչված է ապահովելու եւ նպաստելու Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (այսուհետ՝ ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմի (այսուհետ՝ ՀԱՊ) առջեւ դրված նպատակների ու խնդիրների իրականացմանը։

1.19. Միությունը գործում է Հայաստանի Հարապետության ողջ տարածքում եւ օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան: Միության ղեկավար մարմինը գտնվում է Երեւանում։

  1. ՄԻՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

2.1. Միությունը նպատակ է հետապնդում կազմակերպական եւ տեխնիկական աջակցություն ցուցաբերել ՀԱՊ-ին՝ ԱլԳ ծրագրերի կատարմանը, երկրի ներքին խնդիրների լուծումները ԵՄ չափորոշիչներին համապատասխանեցնելուն, հասարակության բոլոր շերտերի մասնակցայնության եւ տեղեկացվածության ապահովմանը, ժողովրդավարական բարեփոխումների հետեւողական իրականացմանն ուղղված գործունեության մեջ։

2.2. Միությունը գործում է որպես ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ գործառնական մարմին։ (ՀԱՊ-ը ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի առաքելության եւ սկզբունքների համաձայն հիմնադրված հայաստանյան քաղաքացիական հասարակության կառույցների կամավոր միավորումն է, որի անդամներն իրենց լավագույն ջանքերն են ներդնում՝ կյանքի կոչելու ԱլԳ նպատակները Հայաստանում, ինչպես նաեւ ամբողջ տարածաշրջանում)։

2.3. Նշված նպատակներն իրագործելու համար Միությունը լուծում է հետեւյալ խնդիրները.

  • տեխնիկական եւ կազմակերպական աջակցություն է ցուցաբերում ՀԱՊ-ի եւ դրա մարմինների՝ ՔՀՖ պատվիրակների ընդհանուր ժողովի, ՔՀՖ ընթացիկ համաժողովի պատվիրակների ժողովի, ՀԱՊ գործադիր մարմնի, ՀԱՊ աշխատանքային խմբերի եւ ենթախմբերի բնականոն գործունեությունն ապահովելու եւ դրանց պարբերական հանդիպումների կազմակերպման համար, այդ թվում՝ այդ մարմինների կողմից իրականացվող դրամահավաքների կազմակերպման եւ ֆինանսական միջոցների տնօրինման գործում,
  • վերը նշված գործառույթներն իրականացնելու, ինչպես նաեւ ՀԱՊ-ի եւ դրա աշխատանքային խմբերի աշխատանքները կազմակերպելու համար կապ է պահպանում ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի քարտուղարության հետ,
  • նպաստում է ՀԱՊ-ին եւ ԱլԳ ՔՀՖ-ին վերաբերող տեղեկատվության տարածմանը եւ դրանց մասին հասարակության լայն զանգվածների իրազեկվածության բարձրացմանը,
  • իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ չարգելված եւ սույն Կանոնադրությանը չհակասող այլ գործառույթներ։

  1. ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ, ԱՆԴԱՄԱԿՑՄԱՆ ԵՎ ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

3.1. Միության անդամ կարող են լինել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այն կազմակերպությունները, որոնք ընդունում են սույն Կանոնադրությունը, հանդիսանում են ՔՀՖ տարբեր տարիների Հայաստանի պատվիրակ (պատվիրակ է համարվում ՔՀՖ համաժողովի մասնակցության պաշտոնական հրավեր ստացած անձը, որն իր կարգավիճակը հաստատում է համաժողովին մասնակցելով) եւ ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ժողովի անդամ, օժանդակում են Արեւելյան գործընկերության եւ ԵՄ-Հայաստան համագործակցության խնդիրների եւ նպատակների իրականացմանը, մուծում են մուտքավճարներ եւ պարբերական անդամավճար։ (ՔՀՖ տարբեր տարիների Հայաստանի պատվիրակները անդամակցում են ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընդհանուր ժողովին` որեւէ ակնհայտ ձեւով հաստատելով իրենց մասնակցությունն այդ մարմնում, ամեն տարեկան Ընդհանուր ժողովից ոչ ուշ, քան 1 շաբաթ առաջ վերահաստատելով իրենց անդամակցությունը` այդ մասին տեղեկացնելով ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգողին)։

3.2. Միության անդամության մասին ՔՀԿ-ի կողմից լիազորված անձի դիմումը հաստատվում է Միության Ընդհանուր ժողովի կողմից՝ դիմումը ստանալուց անմիջապես հետո։

3.3. Միության անդամները հանդիսանում են լիիրավ անդամներ եւ օգտվում են հիմնադիրների նույն իրավունքներից եւ պարտականություններից։

3.4. Միության յուրաքանչյուր անդամ օգտվում է մեկ ձայնի իրավունքից:

3.5. Միությանն անդամակցելու համար կազմակերպությունը պարտավոր է`

  • Միության խորհրդին ներկայացնել դիմում,
  • ծանոթանալ Միության Կանոնադրությանը,
  • ներկայացնել անդամակցելու վերաբերյալ կազմակերպության կառավարման իրավասու մարմնի որոշումը,
  • կատարել մուտքավճար,
  • ներկայացնել ապացույցներ, որոնք կհավաստեն, որ սույն կազմակերպությունը հանդիսանում է ՔՀՖ տարբեր տարիների Հայաստանի պատվիրակ:

3.6. Միության խորհրդի կողմից անդամակցության վերաբերյալ որոշման կայացման մասին տեղեկությունը ստանալուց հետո դիմորդը 15 օրվա ընթացքում պարտավոր է կատարել միանվագ մուտքավճար` 12.000 /տասներկու հազար/ ՀՀ դրամի չափով, որ հաշվարկվում է որպես տվյալ տարվա անդամավճար։

3.7. Միության անդամները պարտավոր են վճարել տարեկան անդամավճար, որը սահմանվում է կայուն դրամական գումարով՝ 12.000 /տասներկու հազար/ ՀՀ դրամի չափով։ Միության անդամները տարեկան անդամավճարը պարտավոր են միանվագ վճարել մինչեւ հաշվետու (տվյալ) տարվա հունվարի 31-ը ներառյալ: Անդամավճարի մուծումը կատարվում է ֆինանսական միջոցներով՝ ՀՀ դրամով:

3.8. Միության անդամները, Կանոնադրության 3.7. կետով սահմանված անդամավճարներից բացի, Միությանը կարող են նվիրատվության կարգով տրամադրել նաեւ այլ դրամական կամ գույքային միջոցներ:

3.9. Միության անդամությունը դադարում է՝

  • անդամության դադարեցման մասին Միության խորհրդին դիմում ներկայացնելու,
  • անդամ կազմակերպության լուծարման,
  • Միության լուծարման դեպքերում։

3.10. Բացի սույն Կանոնադրության 3.9. կետով նախատեսված դեպքերի` Միության անդամ կազմակերպության անդամությունը կարող է դադարեցվել նաեւ Միության անդամների Ընդհանուր ժողովի` անդամությունից զրկելու մասին որոշմամբ` սույն Կանոնադրության 3.11. կետով սահմանված դեպքերում։

3.11. Միության անդամ հանդիսացող կազմակերպությունը կարող է զրկվել անդամությունից, եթե՝

  • չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում սույն Կանոնադրությամբ եւ Միության հիմնադիր պայմանագրով նախատեսված պարտականությունները,
  • իր գործողություններով խոչընդոտում է Միության եւ ՀԱՊ-ի գործունեությանը,
  • չի վճարում մուտքավճարներ եւ տարեկան անդամավճարներ,
  • տվյալ տարվա ընթացքում դրա պաշտոնական ներկայացուցիչը կամ դրա կողմից պատշաճ լիազորված ներկայացուցիչը անհարգելի բացակայել է Միության ընդհանուր ժողովի հերթական եւ արտահերթ ժողովներից։ Բացակայության անհարգելի լինելու վերաբերյալ որոշումն ընդունվում է Միության խորհրդի կողմից,
  • դադարեցվել է նրա ՀԱՊ Հայաստանի պատվիրակների ընդհանուր ժողովի անդամությունը։
  1. ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ

ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

4.1. Միության անդամներն իրավունք ունեն.

  • մասնակցել Միության ընդհանուր ժողովի աշխատանքներին եւ հարցեր ներկայացնել ընդհանուր ժողովի եւ խորհրդի քննարկմանը,
  • մասնակցել Միության գործունեության ընդհանուր ուղղությունների մշակմանը,
  • ընտրել եւ ընտրվել Միության ընտրովի մարմինների կազմում, սույն Կանոնադրության 2. եւ 11.1. կետերին համապատասխան,
  • մասնակցել Միության բյուջեի քննարկմանը,
  • ստանալ տեղեկություններ Միության գործունեության մասին,
  • բողոքարկել Միության մարմինների որոշումները,
  • տեղեկացված լինել Միության եւ ընդհանրապես ՔՀՖ-ի եւ ՀԱՊ-ի շրջանակներում առկա գործընթացների եւ իրականացվող միջոցառումների մասին,
  • իրականացնել սույն Կանոնադրությամբ նախատեսված այլ իրավունքներ:

4.2. Միության անդամները պարտավոր են.

  • մասնակցել Միության ընդհանուր ժողովի աշխատանքներին,
  • չարատավորել, այլ բարձրացնել Միության հեղինակությունը,
  • հետեւել սույն Կանոնադրությանը,
  • նպաստել Միության խնդիրների, նպատակների եւ նրա ղեկավար մարմինների որոշումների իրագործմանը,
  • բարեխղճորեն կատարել իրենց վրա դրված պարտականությունները,
  • կատարել փոխադարձ եւ կամավոր ստանձնած այլ պարտավորություններ։
  1. ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

5.1. Միության կառավարման մարմիններն են.

  • Միության անդամների ընդհանուր ժողովը (այսուհետ՝ Ընդհանուր ժողով)
  • Միության խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ)
  • Միության խորհրդի նախագահը (այսուհետ՝ Խորհրդի նախագահ)։

5.2. Միության կառավարման մամիններն իրենց գործունեությունն իրականացնելիս եւ որոշումներ ընդունելիս ղեկավարվում են օրենքներով եւ սույն Կանոնադրությամբ սահմանված պահանջներով։ Միության կառավարման մարմինները (դրանց անդամները) օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում իրենց գործողությունների (անգործության) հետեւանքով Միությանը պատճառված վնասի համար:

  1. ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ

6.1. Միության կառավարման բարձրագույն մարմինը՝ Ընդհանուր ժողովն է։

6.2. Ընդհանուր ժողովն իրավասու է`

  • հաստատել Միության Կանոնադրությունը, դրանում կատարել փոփոխություններ եւ լրացումներ,
  • լսել եւ հաստատել Միության խորհրդի, գործադիր տնօրենի, աշխատակազմի հաշվետվությունները,
  • լսել եւ հաստատել Միության վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները,
  • հերթական ժամանակաշրջանի համար որոշել Միության գործունեության հիմնական ուղղությունները,
  • որոշել Միության անդամության շնորհման եւ անդամությունից զրկելու հարցերը,
  • սույն Կանոնադրության 8.2 կետի համաձայն հաստատել Միության խորհուրդ, Խորհրդի ներկայացմամբ հաստատել Միության գործադիր տնօրենի թեկնածությունը,
  • ընտրել վերստուգիչ հանձնաժողով եւ նրա նախագահին,
  • քննարկել Ընդհանուր ժողովին Միության անդամների կողմից ուղղված բողոքները, դիտողությունները եւ առաջարկները,
  • հաստատել Միության բյուջեն,
  • որոշում ընդունել Միության լուծարման եւ վերակազմակերպման մասին,
  • իրականացնել օրենքով, ինչպես նաեւ սույն Կանոնադրությամբ նախատեսված այլլիազորություններ։

6.3. Ընդհանուր ժողով հրավիրելու եվ անցկացնելու կարգը

  • Ընդհանուր ժողովն իրականացնում է Միության ղեկավարումը` հերթական կամ արտահերթ ժողովներ գումարելու միջոցով,
  • տարեկան Ընդհանուր ժողովը գումարվում է ԱլԳ ՔՀՖ տարեկան համաժողովից հետո, բայց ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում,
  • արտահերթ Ընդհանուր ժողով հրավիրվում է ըստ անհրաժեշտության, Միության խորհրդի նախագահի որոշմամբ, խորհրդի որոշմամբ՝ անդամների 1/3-ի պահանջով
  • Ընդհանուր ժողովի օրակարգի, դրա անցկացման տեղի, օրվա, ժամի եւ օրակարգի մասին Միության անդամները ծանուցվում են ոչ ուշ, քան ժողովի սկզբից 72 ժամ առաջ,
  • Ընդհանուր ժողովն անցկացվում է Միության անդամների համատեղ հավաքի ձեւով կամ հեռակա կարգով՝ հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ,
  • Ընդհանուր ժողովն իրավասու է (քվորում ունի), եթե ներկա է անդամների ընդհանուր թվի կեսից ավելին,
  • Ընդհանուր ժողովին մասնակցում է Միության անդամ կազմակերպության ղեկավարը։ Վերջինիս մասնակցության անհնարինության դեպքում, կազմակերպության ղեկավարը կարող է լիազորել այլ անձի,
  • Ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բացառությամբ սույն Կանոնադրությամբ նախատեսված դեպքերի։
  • Ընդհանուր ժողովը նախագահում է Միության Խորհրդի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` Միության Խորհրդի անդամներից որեւէ մեկը՝ Խորհրդի մյուս մասնակիցների համաձայնությամբ։

  1. ՄԻՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ

7.1. Խորհուրդը մշտապես գործող մարմին է, որը ղեկավարում է Միության գործունեությունն Ընդհանուր ժողովների միջեւ ընկած ժամանակահատվածում:

7.2. Խորհրդի անդամներ են հանդիսանում ՔՀՖ ազգային համակարգողը եւ ՀԱՊ աշխատանքային խմբերի համակարգողները։ ՔՀՖ ազգային համակարգողը ընտրվում է ՔՀՖ ընթացիկ համաժողովի Հայաստանի պատվիրակների ժողովի կողմից եւ վերջինիս կազմից (ընթացիկ համաժողովի պատվիրակ է համարվում ընթացիկ տարում ՔՀՖ համաժողովի մասնակցության պաշտոնական հրավեր ստացած եւ համաժողովին մասնակցած անձը) ձայների պարզ մեծամասնությամբ։

Այն դեպքերում, երբ ՀԱՊ գործադիր մարմնի (ազգային համակարգող եւ աշխատանքային խմբերի համակարգողներ) անդմաներից 5-ից պակասն են ցանկանում միության անդամ լինել, վերջինիս խորհուրդի կազմը լրացվում է այլ ադնամներից, Ընդհանուր ժողովում ընտրության եղանակով։

7.3. ՀԱՊ աշխատանքային խմբերի համակարգողներն ընտրվում են համապատասխան աշխատանքային խմբերում ընդգրկված ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ` ՔՀՖ ընթացիկ համաժողովի Հայաստանի պատվիրակների կազմից: ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ժողովի յուրաքանչյուր անդամ կազմակերպություն կարող է քվեարկել (ձայնի իրավունք ունենալ) միայն մեկ աշխատանքային խմբում։

7.4. Խորհրդի անդամները հաստատվում են Ընդհանուր ժողովի կողմից։

7.5. Խորհրդի անդամներն իրենց գործառույթներն իրականացնում են հասարակական հիմունքներով, առանց որեւէ վարձավճարի, սակայն կարող են ստանալ իրենց ճանապարհային եւ այլ ծախսերի փոխհատուցում, եթե այդ ծախսերը ողջամիտ են եւ բխում են Խորհրդի գործունեության շրջանակներում արված գործառույթներից։

7.6. Խորհուրդն ունի հետեւյալ գործառույթները.

  • նշանակում է եւ աշխատանքից ազատում Միության Գործադիր տնօրենին եւ այլ աշխատողներին,
  • հաստատում է Միության բյուջեի եւ Գործադիր տնօրենի կողմից ներկայացված գործողությունների տարեկան ծրագրի առաջարկը՝ մինչեւ Ընդհանուր ժողովի կողմից դրա վերջնական հաստատումը,
  • կազմում եւ Ընդհանուր ժողովին ներկայացնում է Միություն տարեկան գործողությունների եւ ֆինանսական հաշվետվությունները,
  • քննարկում եւ հաստատում է Միության ծախսերի եւ եկամուտների ամենամյա նախահաշիվը եւ արտաքին աուդիտի զեկույցը,
  • որոշում եւ հատատում է Միության աշխատակազմի կառուցվածքը, հաստիքները եւ դրանց հետ կապված ծախսերը,
  • հաստատում է Միության ներքին կանոնակարգը,
  • որոշումներ է ընդունում Միության անունից վարկ, պարտավորություն վերցնելու, ավանդ բացելու եւ այլ ֆինանսական գործառնություններ իրականացնելու մասին,
  • որոշումներ է ընդունում Միության անունից անշարժ գույք ձեռք բերելու կամ օտարելու մասին,
  • ստեղծում եւ լուծարում է Միության հիմնարկներ, առանձնացված ստորաբաժանումներ, մասնաճյուղեր, ներկայացուցչություններ:
  • լուծում է օրենքով, սույն Կանոնադրությամբ եւ Միության Ընդհանուր
    ժողովի կողմից իրեն հանձնարարված այլ հարցեր։

7.7. Խորհրդի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, Խորհրդի անդամների 1/3-ի կամ Միության գործադիր տնօրենի պահանջով, բայց ոչ ուշ քան տարին երկու անգամ։ Խորհրդի նիստերն իրավասու են, եթե դրան ներկա են անդամների 2/3-ը։

7.8. Միության գործադիր տնօրենը կարող է մասնակցել Խորհրդի նիստերին՝ խորհրդատվական ձայնի իրավունքով։ Խորհրդի որոշումները կայացվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։ Միության անունից ֆինանսական պարտավորություններ ստանձնելու, դրան պատկանող անշարժ գույքի ձեռք բերման եւ օտարման մասին որոշումները կայացվում են ձայների բացարձակ մեծամասնությամբ։ Ձայների հավասարության դեպքում Խորհրդի նախագահի ձայնը համարվում է վճռորոշ: Խորհրդի նիստերն արձանագրվում են: Արձանագրությունը կազմվում է նիստի կայացման օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Խորհրդի նիստի արձանագրությունը ստորագրվում է Խորհրդի նախագահի եւ նիստի քարտուղարի կողմից: Խորհուրդը հաշվետու է Ընդհանուր ժողովին:

7.9. ՔՀՖ ազգային համակարգողն ի պաշտոնե հանդիսանում է Խորհրդի նախագահ։ Խորհրդի նախագահը, ի թիվս այլ լիազորությունների.

  • կազմակերպում է Խորհրդի աշխատանքները.
  • ներկայացնում է Միության պետական, հասարակական, միջազգային կազմակերպություններում,
  • գումարում եւ նախագահում է Խորհրդի նիստերը,
  • կազմակերպում է խորհրդի նիuտերի արձանագրությունների վարումը,
  1. ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

8.1. Գործադիր տնoրենը եւ աշխատակազմն իրականացնում են Միության ընթացիկ գործունեության կառավարումը։

8.2. Գործադիր տնօրենը նշանակվում է Խորհրդի կողմից, մրցութային կարգով եւ վերահաստատվում է ամեն մի հերթական տարեկան ժողովից հետո, մեկամսյա ժամկետում:

8.3. Գործադիր տնօրենն իր իրավասության սահմաններում, առանց լիազորագրի գործում է Միության անունից, ներկայացնում է նրա շահերը, տնօրինում է նրա գույքը, այդ թվում ֆինանսական միջոցները, կնքում է քաղաքացիաիրավական եւ աշխատանքային պայմանագրեր, Միության վարձու աշխատողներին տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ, իրականացնում է Միության խորհրդի կողմից սահմանված այլ լիազորություններ։ Խորհրդի նախագահի հետ համաձայնեցնելով՝ Միության վարձու աշխատողների համար իրականացնում է գործատուի գործառույթներ, տալիս է լիազորագրեր, բանկային հիմնարկներում բացում է հաշվարկային եւ այլ հաշիվներ, հաստատում է հաստիքներ, արձակում է հրամաններ։

8.4. Գործադիր տնօրենը ղեկավարում է Միության աշխատակազմի ամենօրյա գործունեությունը եւ պատասխանատու է Խորհրդի եւ Ընդհանուր ժողովի առջեւ՝ դրա արդյունքների համար, այդ թվում ֆինանսական միջոցների օգտագործման եւ Խորհրդի որոշումների իրականացման համար։

Գործադիր տնօրենի իրավասություններն ի թիվս այլոց ներառում են.

  • Միության տարեկան գործողությունների ծրագրի մշակում՝ դրա առջեւ դրված խնդիրներին եւ նպատակներին համապատասխան,
  • Միության ծախսերի եւ եկամուտների ամենամյա նախահաշվի մշակում,
  • ֆինանսական միջոցների հավաքագրման կազմակերպում։

Գործադիր տնօրենն իրավասու է որոշումներ ընդունել մինչեւ երկու միլիոն դրամ արժողությամբ գույք ձեռք բերելու, տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու եւ մինչեւ հինգ հարյուր հազար դրամ արժողությամբ գույք օտարելու եւ դուրս գրելու վերաբերյալ։

8.5. Միության աշխատակազմի հաստիքները սահմանվում են աշխատանքների ծավալներին համապատասխան, կազմը ներկայացվում է Գործադիր տնօրենի կողմից եւ հաստատվում է Խորհրդի որոշմամբ։

  1. ՄԻՈՒԹՅԱՆ ՎԵՐՍՏՈՒԳԻՉ ՄԱՐՄԻՆԸ

9.1. Միության անդամների ընդհանուր ժողովի որոշմամբ Միությունը կարող ստեղծել Վերստուգիչ հանձնաժողով:

9.2.Միության ֆինանսատնտեսական եւ ղեկավար մարմինների գործունեության վերահսկողությունն իրականացնում է Միության վերստուգիչ հանձնաժողովը, որն ընտրվում է Միության տարեկան Ընդհանուր ժողովի կողմից, անդամ հանդիսացող կազմակերպությունների շրջանակից։

9.3. Վերստուգիչ հանձնաժողովի անդամները չեն կարող ընտրվել Միության ղեկավար մարմնիններում։

9.4. Վերստուգիչ հանձնաժողովը հարցեր է քննարկում եւ որոշումներ ընդունում հանձնաժողովի անդամների ձայների կեսից ավելիի մասնակցությամբ եւ ձայների պարզ մեծամասնաությամբ, համապատասխանաբար։

9.5. Վերստուգիչ մարմինը Միության անդամի դիմումի հիման վրա կատարում է վերստուգիչ գործառույթներ։ Ընդհանուր ժողովի որոշմամբ՝ Վերստուգիչ մարմինն իրականացնում է կազմակերպության աուդիտ։

  1. ՄԻՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԳՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐՆ ՈՒ ԴՐԱ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՁԵՎԵՐԸ

10.1. Միությունն իրավասու է իր անունից կնքել պայմանագրեր ու համաձայնագրեր, ձեռք բերել գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքներ եւ պարտականություններ, ներկայացնել ու պաշտպանել իր եւ իր անդամների շահերն այլ հասարակական միավորումներում, դատարանում, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում։

10.2. Միության սեփականության գոյացման աղբյուրներն են.

  • անդամավճարները եւ նպատակային մուծումները,
  • դրամաշնորհները, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց (այդ թվում՝ արտասահմանյան) նվիրատվությունները եւ հանգանակությունները,
  • օրենքով չարգելված այլ մուտքերը։

10.3. Միության միջոցներն օգտագործվում են կանոնադրական նպատակների եւ խնդիրների իրագործման համար։

10.4. Միությունը օրենքով սահմանված կարգով կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, հիմնադրել կամ մասնակցել տնտեսական ընկերություններում եւ ընկերակցություններում, որից ստացված շահույթն օգտագործվում է Միության կանոնադրությամբ նախատեսված նպատակներով:

  1. ՄԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

11.1. Միությունը կարող է լուծարվել Ընդհանուր ժողովի որոշմամբ՝ բոլոր անդամների ձայների 2/3-ով, կամ դատարանի որոշմամբ՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

11.2. Լուծարման դեպքում Միության Ընդհանուր ժողովը ստեղծում է լուծարային հանձնաժողով, որոշում լուծարման կարգը եւ ժամկետները, կազմում է Միության միջոցների վերջնահաշվարկը։

11.3. Լուծարումից հետո, պարտատերերի պահանջներն օրենքով սահմանված կարգով բավարարելուց հետո մնացած միջոցներն օգտագործվում են Միության կանոնադրական նպատակների եւ խնդիրների իրագործման համար, կամ եթե դա անհնար է՝ փոխանցվում են պետական բյուջե։

11.4. Միության Ընդհանուր ժողովի որոշմամբ այն կարող է վերակազմակերպվել՝ օրենքով նախատեսված կարգով եւ ձեւերով։

 

 

Advertisements
This entry was posted in EaP Documents/ԱլԳ Փաստաթղթեր, Հայերեն. Bookmark the permalink.