ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

CSF_Armenia_logo_ARMԱրեւելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմի

ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1 Արեւելյան գործընկերության (այսուհետ՝ ԱլԳ) Հայաստանի ազգային պլատֆորմը (այսուհետ՝ ՀԱՊ) հանդիսանում է ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի (այսուհետ՝ ՔՀՖ) առաքելության եւ սկզբունքների համաձայն հիմնադրված հայաստանյան քաղաքացիական հասարակության կառույցների (այսուհետ՝ ՔՀԿ) կամավոր միավորում, որի անդամներն իրենց լավագույն ջանքերն են ներդնում՝ կյանքի կոչելու ԱլԳ նպատակները Հայաստանում, ինչպես նաեւ ամբողջ տարածաշրջանում: ՀԱՊ-ը միտված է ԱլԳ ծրագրերի իրականացմանը, երկրի ներքին խնդիրների լուծումները ԵՄ չափորոշիչներին համապատասխանեցնելուն, հասարակության բոլոր շերտերի մասնակցայնության եւ տեղեկացվածության ապահովմանը, ժողովրդավարական բարեփոխումների հետեւողական իրականացմանը:

1.2 Ձեւավորման պահին ՀԱՊ-ը չի ունեցել իրավաբանական անձի կարգավիճակ եւ այդ հարցը դիտարկվում է ՔՀՖ հետագա կազմակերպական զարգացմանը համապատասխան:

1.3 ՀԱՊ-ի նախաձեռնող անդամներն են հանդիսանում ԱլԳ ՔՀՖ առաջին՝ 2009թ. համաժողովի մասնակցության հրավեր ստացած հայաստանյան կազմակերպությունները:

1.4 Իր առաքելության շրջանակներում ՀԱՊ-ի գործունեության ուղղություններն են`

  • ԱլԳ գործընթացներում քաղաքացիական հասարակության կառույցների ակտիվ ներգրավումը եւ շարունակական մասնակցության ապահովումը
  • ԱլԳ շրջանակներում ՀՀ ազգային օրակարգի ձեւավորմանը մասնակցելը
  • Ազգային օրակարգի իրականացմանը նպաստելը՝ համապատասխան ծրագրերի իրագործման, առաջարկների մշակման եւ բարեփոխումների գործընթացների մոնիտորինգներ իրականացնելու եղանակներով: Այդ նպատակով ՀԱՊ-ը նախաձեռնում է համապատասխան ուսումնասիրություններ եւ փորձագիտական վերլուծություններ:

  1. ՀԱՊ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

2.1 Հայաստանի քաղաքացիական հասարակության ցանկացած կառույց կարող է դառնալ ՀԱՊ անդամ՝ որեւէ ակնհայտ ձեւով հայտարարելով միանալու մասին: Այն կառույցները, որոնք ՀԱՊ-ին միանալու մասին ցանկություն են հայտնել ավելի վաղ, քան այս Կազմակերպական սկզբունքների (այսուհետ՝ Սկզբունքներ) ընդունումը, համարվում են ՀԱՊ անդամ, եթե հակառակը չեն հայտարարել:

2.2 Սույն Սկզբունքների նպատակների համար  «քաղաքացիական հասարակության կառույցի» տակ հասկացվում են կամավորական շարժումներ (grass root organazations), առեւտրային միություններ, աշխատանքային միություններ, մասնագիտական միավորումներ, ՀԿ-ներ, հանրային քաղաքականության ինստիտուտներ (think-tank organizations), շահույթ չհետապնդող հիմնադրամներ եւ նման այլ կառույցներ:

2.3 ՀԱՊ անդամ կազմակերպությունները կարող են խորհրդատվական ձայնի իրավունքով մասնակցել ՔՀՖ պատվիրակների ընդհանուր ժողովի նիստերին, անդամագրվել ՀԱՊ աշխատանքային խմբերին եւ ենթախմբերին, ինչպես նաեւ ինքնուրույն ձեւավորել ենթախմբեր:

2.4 ՀԱՊ անդամները պլատֆորմի գործունեությանը մասնակցում են նաեւ ԱլԳ եւ ՔՀՖ նպատակների եւ օրակարգերի հետ կապված առաջարկություններով, գնահատականներով, ուսումնասիրություններով, նախաձեռնություններով:

2.5 ՀԱՊ անդամներն իրավունք ունեն տեղեկացված լինել ՔՀՖ-ի եւ ՀԱՊ-ի շրջանակներում առկա գործընթացների եւ իրականացվող միջոցառումների մասին:

2.6 ՀԱՊ անդամ կազմակերպություններն իրենց հայտարարությունները եւ կատարված աշխատանքի արդյունքները ՀԱՊ-ի անունից կարող են տարածել՝ ՔՀՖ պատվիրակների ընդհանուր ժողովի համապատասխան որոշման առկայության դեպքում: Հակառակ պարագայում այդ նյութերը տարածվում են հեղինակ կազմակերպությունների անունից:

  1. 3. ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

3.1 ՀԱՊ-ի կառավարումն ու աշխատանքների կանոնակարգումն իրականացվում են հետեւյալ մարմինների կողմից.

ա. ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող

բ. ՔՀՖ պատվիրակների ընդհանուր ժողով

գ. ՔՀՖ ընթացիկ համաժողովի պատվիրակների ժողով

դ. ՀԱՊ գործադիր մարմին

ե. ՀԱՊ աշխատանքային խմբեր եւ ենթախմբեր

զ. ՀԱՊ քարտուղարություն

է. ՀԱՊ էթիկայի խորհուրդ։

3.2 ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգողը`

– ներկայացնում է Հայաստանի ազգային պլատֆորմը Քաղաքացիական հասարակության ֆորումում,

– համակարգում է ՀԱՊ գործունեությունը,

– նախագահում է ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընդհանուր ժողովում, ՔՀՖ ընթացիկ համաժողովի Հայաստանի պատվիրակների ժողովում եւ ՀԱՊ գործադիր մարմնում,

– իրականացնում է ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ կազմակերպական սկզբունքներին համապատասխանող այլ գործառույթներ,

– հաշվետու է ՔՀՖ ընթացիկ համաժողովի պատվիրակների ժողովին:

3.2.1 ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգողն ընտրվում է ՔՀՖ ընթացիկ համաժողովի պատվիրակների կողմից՝ պարզ մեծամասնության սկզբունքով, փակ գաղտնի քվեարկությամբ:

3.2.2 ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգողի լիազորությունները դադարում են սեփական դիմումի հիման վրա, ՔՀՖ ընթացիկ համաժողովի պատվիրակների ժողովի անդամների պարզ մեծամասնության որոշմամբ եւ համակարգողի պարտականությունների կատարման անհնարինության դեպքերում:

3.2.3 ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգողի լիազորությունները դադարելու դեպքում՝ ՔՀՖ ընթացիկ համաժողովի պատվիրակների ժողովի անդամներից ընտրվում է ՔՀՖ նոր ազգային համակարգող:

3.3 ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընդհանուր ժողովը

3.3.1 ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընդհանուր ժողովը ձեւավորվում է ՔՀՖ բոլոր տարիների համաժողովների Հայաստանի պատվիրակներից (պատվիրակ է համարվում ՔՀՖ համաժողովի մասնակցության պաշտոնական հրավեր ստացած անձը, որն իր կարգավիճակը հաստատում է համաժողովին մասնակցելով): Նշված ՔՀՖ Հայաստանի պատվիրակները ընդհանուր ժողովին կարող են անդամագրվել` որեւէ ակնհայտ ձեւով հաստատելով իրենց մասնակցությունն այդ մարմնում, ամեն տարեկան ընդհանուր ժողովից ոչ ուշ, քան 1 շաբաթ առաջ վերահաստատելով իրենց անդամակցությունը` այդ մասին տեղեկացնելով ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգողին:

3.3.2 ՀԱՊ յուրաքանչյուր անդամ կարող է ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընդհանուր ժողովի ժամանակավոր անդամի կարգավիճակ ստանալ՝ ներկայացնելով համապատասխան դիմում եւ ստանալով ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընդհանուր ժողովի անդամների մեծամասնության աջակցությունը: Ժամանակավոր անդամի լիազորություններն ուժի մեջ են մնում մինչեւ ՔՀՖ հերթական համաժողովը, որից հետո կա´մ դադարեցվում են, կա´մ շարունակվում՝ ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընդհանուր ժողովի նոր կազմի պարզ մեծամասնության որոշմամբ, բացառությամբ 3.3.4 կետում նախատեսված դեպքերի:

3.3.3 ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընդհանուր ժողովի անդամների, այդ թվում ժամանակավոր անդամների լիազորություններն ավտոմատ կերպով դադարեցվում են ՔՀՖ երկու համաժողովների միջեւ ընկած ժամանակահատվածում հրավիրված՝ պատվիրակների ժողովի նիստերից երեք բացակայության դեպքում: Բացակայության անհարգելի լինելու վերաբերյալ որոշումն ընդունվում է պատվիրակների մոտակա հերթական ժողովում: Պատվիրակների ընդհանուր ժողովի անդամի լիազորությունների դադարեցումն ուժի մեջ է մտնում մինչեւ ՔՀՖ հերթական համաժողովը, որից հետո կարող է վերականգնվել 3.3.1 եւ 3.3.2 կետերում նախատեսված կարգով, բացառությամբ 3.3.4 կետում նախատեսված դեպքերի:

3.3.4 ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընդհանուր ժողովի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել նաեւ այդ անդամի կողմից սույն կազմակերպական սկզբունքներով նախատեսված ընթացակարգերի այնպիսի խախտման դեպքում, որը հանգեցնում է ՀԱՊ-ի եւ նրա մարմինների կանոնավոր գործունեության խաթարմանը: Խախտման ծանրությունից եւ կրկնությունից կախված՝ լիազորությունների դադարեցման տեւողությունը կարող է տարածվել մինչեւ ՔՀՖ հաջորդող մեկ, երկու կամ երեք համաժողովներն ընկած ժամանակահատվածների վրա:

3.3.5 ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընդհանուր ժողովը պետք է գումարվի ՔՀՖ տարեկան համաժողովից ոչ ուշ, քան մեկ ամիս անց, տարեկան գումարելով առնվազն վեց նիստ: Անհրաժեշտության դեպքում Ազգային համակարգողը հրավիրում է արտահերթ նիստեր:

3.3.6 ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընդհանուր ժողովը `

ա) ՔՀՖ առաջարկությունների հիման վրա մշակում է ԱլԳ շրջանակներում ԵՄ-Հայաստան արդյունավետ համագործակցությանը նպաստող առաջարկություններ,

բ) մշակում եւ իրականացնում է ՀԱՊ աշխատանքային պլանը,

գ) ԱլԳ եւ բարեփոխումների հետ կապված հարցերով համագործակցություն է հաստատում ՀՀ պետական մարմինների եւ Եվրամիության կառույցների հետ,

դ) համակարգում է իր գործունեությունը ԱլԳ այլ երկրների ՔՀՖ ազգային պլատֆորմների, ինչպես նաեւ ԵՄ երկրների շահագրգիռ ՔՀԿ-ների հետ,

ե) ՀԱՊ անունից, ՀԱՊ անդամների առաջարկների հիման վրա մշակում է առաջարկություններ ՔՀՖ հաջորդ համաժողովների օրակարգի ձեւավորման վերաբերյալ,

զ) աջակցում է ՔՀՖ Ղեկավար կոմիտեին՝ ՔՀՖ հերթական համաժողովի մասնակիցների ընտրության հարցում` ՔՀՖ ազգային համակարգողի միջոցով ներկայացնելով համապատասխան երաշխավորություններ («կարճ ցուցակ»), ընդ որում, ներկայացվող «կարճ ցուցակում» ՔՀՖ նախորդ համաժողովին չմասնակցած կազմակերպությունները պետք է կազմեն առնվազն 50 տոկոս, որից կեսը ՔՀՖ որեւէ համաժողովին չմասնակցած կազմակերպություններ պետք է լինեն, եթե ներկայացված հայտերը նման հնարավորություն ընձեռում են,

է) ապահովում է ԱլԳ գործընթացների վերաբերյալ հանրային տեղեկացվածությունը՝ ներգրավելով լրատվամիջոցներին:

3.3.7 ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընդհանուր ժողովն իրավազոր է իր անդամների կեսից ավելիի ներկայության դեպքում: Որոշումներն ընդունվում են ժողովին ներկա անդամների պարզ մեծամասնությամբ, բացառությամբ սույն կազմակերպական սկզբունքների 3.3.2, 3.3.4, 4.1 եւ 4.2 կետերով նախատեսված դեպքերի:

3.4 ՔՀՖ ընթացիկ համաժողովի Հայաստանի պատվիրակների ժողովը

3.4.1 ՔՀՖ ընթացիկ համաժողովի Հայաստանի պատվիրակների ժողովը ձեւավորվում է ընթացիկ տարվա ՔՀՖ համաժողովի Հայաստանի պատվիրակներից (ընթացիկ համաժողովի պատվիրակ է համարվում ընթացիկ տարում ՔՀՖ համաժողովի մասնակցության պաշտոնական հրավեր ստացած եւ համաժողովին մասնակցած անձը):

3.4.2 ՔՀՖ ընթացիկ համաժողովի Հայաստանի պատվիրակների ժողովը ձայների պարզ մեծամասնությամբ իր կազմից ընտրում է ՔՀՖ ազգային համակարգողին (ՔՀՖ Ղեկավար կոմիտեի անդամին) եւ ընդունում իր հրաժարականը:

3.4.3 ՔՀՖ ընթացիկ համաժողովի Հայաստանի պատվիրակների ժողովի նիստերը գումարվում են ՔՀՖ ազգային համակարգողի կողմից կամ ժողովի անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ:

3.4.4 ՔՀՖ ընթացիկ համաժողովի Հայաստանի պատվիրակների ժողովի եւ ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընդհանուր ժողովի նիստերի, անցկացման վայրի, օրվա, ժամի եւ օրակարգի մասին իրենց անդամները տեղեկացվում են գումարման ժամից առնվազն 72 ժամ առաջ, էլէկտրոնային նամակագրության կամ հեռախոսազանգի միջոցով:

3.4.5 ՔՀՖ ընթացիկ համաժողովի Հայաստանի պատվիրակներն իրենց լիազորությունները պահպանում են մինչեւ ՔՀՖ հաջորդ համաժողովը:

3.5 ՀԱՊ աշխատանքային խմբերի համակարգողները`

– ընտրվում են համապատասխան աշխատանքային խմբերում ընդգրկված ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ` ՔՀՖ ընթացիկ համաժողովի Հայաստանի պատվիրակների կազմից: ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ժողովի յուրաքանչյուր անդամ կազմակերպություն կարող է քվեարկել (ձայնի իրավունք ունենալ) միայն մեկ աշխատանքային խմբում,

  • իրականացնում են ՀԱՊ աշխատանքային խմբերի ընթացիկ համակարգումը
  • ապահովում են մշտական կապը ՀԱՊ եւ ՔՀՖ համապատասխան աշխատանքային խմբերի միջեւ:

3.5.1 ՀԱՊ աշխատանքային խմբի համակարգողի լիազորությունները դադարում են սեփական դիմումի հիման վրա, տվյալ աշխատանքային խմբում ձայնի իրավունքով ներգրավված ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ժողովի անդամների պարզ մեծամասնության որոշմամբ կամ համակարգողի պարտականությունների կատարման անհնարինության դեպքերում:

3.5.2 ՀԱՊ աշխատանքային խմբի համակարգողի լիազորությունները դադարելու դեպքում ընտրվում է նոր համակարգող:

3.6 ՀԱՊ գործադիր մարմինը

3.6.1 ՀԱՊ գործադիր մարմինը բաղկացած է ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգողից եւ ՀԱՊ աշխատանքային խմբերի համակարգողներից:

3.6.2 ՀԱՊ աշխատանքային խմբերի համակարգողներն աջակցում են ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգողին՝ ՀԱՊ գործունեության համակարգման հետ կապված ընթացիկ գործառույթների իրականացման հարցերում:

3.6.3 ՀԱՊ գործադիր մարմինը, համապատասխան նյութական հնարավորություններից ելնելով, կարող է ձեւավորել քարտուղարություն` սահմանելով նրա գործունեության շրջանակները: ՀԱՊ քարտուղարությունը ձեւավորվում է տեխնիկական գործառույթներ իրականացնելու նպատակով:

3.7 ՀԱՊ աշխատանքային խմբեր եւ ենթախմբեր

3.7.1 Իր առջեւ դրված նպատակներին հասնելու համար ՀԱՊ-ը ԱլԳ թեմատիկ պլատֆորմներին եւ ՔՀՖ աշխատանքային խմբերին համապատասխան՝ ձեւավորում է իր աշխատանքային խմբերը.

3.7.2 ՀԱՊ աշխատանքային խմբերը`

– մշակում եւ ներկայացնում են իրենց ոլորտների հետ կապված  առաջարկություններ,

– համագործակցում են ՔՀՖ համապատասխան խմբերի հետ,

– իրականացնում են իրենց ոլորտներում բարեփոխումներին նպաստող այլ գործունեություն:

3.7.3 Աշխատանքային խմբերին կարող է անդամակցել Հայաստանի քաղաքացիական հասարակության ցանկացած կառույց:

3.7.4 ՀԱՊ անդամ միեւնույն կառույցը կարող է ներկայացված լինել տարբեր աշխատանքային խմբերում:

3.7.5 ՀԱՊ անդամ քաղաքացիական հասարակության կառույցները կարող են ձեւավորել ՀԱՊ հավելյալ ենթախմբեր եւ ինքնուրույն որոշել նրանց գործունեության սկզբունքները եւ առաջնայնությունները: ՀԱՊ ենթախմբերի համակարգողները կարող են մասնակցել ՀԱՊ գործադիր մարմնի աշխատանքներին:

3.8 ՀԱՊ քարտուղարությունը

3.8.1. ՀԱՊ քարտուղարությունը ոչ առեւտրային իրավաբանական անձանց միություն է, որը հանդիսանում է իրավաբանական անձ եւ որի անդամ կարող են լինել ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընդհանուր ժողովի անդամ կազմակերպությունները։

3.8.2. Քարտուղարությունը նպատակ ունի կազմակերպական եւ տեխնիկական աջակցություն ցուցաբերել ՀԱՊ-ին՝ ԱլԳ ծրագրերի կատարմանը, երկրի ներքին խնդիրների լուծումները ԵՄ չափորոշիչներին համապատասխանեցնելուն, հասարակության բոլոր շերտերի մասնակցայնության եւ տեղեկացվածության ապահովմանը, ժողովրդավարական բարեփոխումների հետեւողական իրականացմանն ուղղված գործունեության մեջ։

3.9 ՀԱՊ էթիկայի խորհուրդը

3.9.1 ՀԱՊ էթիկայի խորհուրդը բաղկացած է նախորդ տարիների ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգողներից։

3.9.2. Էթիկայի խորհուրդն ուսումնասիրում եւ դիտարկում է ՀԱՊ-ի գործունեության շուրջ ծագած բոլոր հարցերը։

3.9.3. Հարցին ծանոթանալուց հետո, Էթիկայի խորհուրդն այն ներկայացնում է Պատվիրակների ընդհանուր ժողովի քննարկմանը։ Վերջինս տվյալ հարցի շուրջ որոշում է կայացնում քվեարկության միջոցով։

  1. ՀԱՊ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ, ՀԱՊ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

4.1 ՀԱՊ կազմակերպական սկզբունքների մեջ լրացումները եւ փոփոխությունները կատարվում են ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընդհանուր ժողովի որոշմամբ` ՀԱՊ որեւէ անդամի նախաձեռնությամբ եւ հարցն օրակարգ մտցնելու մասին ժողովի անդամների 1/3-ի համաձայնությամբ: Կազմակերպական սկզբունքների մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին որոշումն ընդունվում է ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընդհանուր ժողովի անդամների կեսից ավելի ձայներով:

4.2 ՀԱՊ-ը կարող է լուծարվել ՔՀՖ պատվիրակների ընդհանուր ժողովի անդամների 2/3-ի համաձայնությամբ:

 

Սույն կազմակերպական սկզբունքներն ընդունվել են ԱլԳ ՔՀՖ երեք համաժողովների (2009, 2010, 2011) Հայաստանի պատվիրակների՝ 2011թ. սեպտեմբերի 13-ին, Երեւանում կայացած ժողովում, ՔՀՖ Ղեկավար կոմիտեի կողմից հաստատվել են 2011թ. նոյեմբերի 28-ին, Պոզնանում եւ փոփոխվել են 2012թ. մարտի 28-ին, Երեւանում կայացած ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընդհանուր ժողովում եւ 2013թ. մայիսի 27-ին, Երեւանում կայացած ՔՀՖ Հայաստանի պատվիրակների ընդհանուր ժողովում:

 

 

Advertisements
This entry was posted in EaP Documents/ԱլԳ Փաստաթղթեր. Bookmark the permalink.