Թողարկում 189

CSF_Armenia_logo_ARMԵՄ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի դիրքորոշումը

ՀՀ ղեկավարության կողմից ընդունված Մաքսային/Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշման վերաբերյալ

25.09.2014

 Շուրջ մեկ տարի է անցել Հայաստանի Հանրապետության՝ Մաքսային միությանը միանալու մտադրության եւ Եվրասիական տնտեսական միության ձեւավորմանը մասնակցելու մասին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից, ինչը փաստորեն նշանակում էր Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի՝ ԵՄ-Հայասատան գրեթե չորս տարվա ակտիվ եւ արդյունավետ բանակցությունների արդյունքում մշակված նախագծի նախաստորագրման խափանում: Այդ ժամանակից ի վեր Եվրամիության Արեւելյան գործընկերության (ԵՄ ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ) մի քանի անգամ հանդես է եկել հայտարարություններով, որոնցում իր անհամաձայնությունն է արտահայտել Երեւանի արտաքին քաղաքական կուրսի վերաբերյալ՝ ընդգծելով դրա հետ կապված պետական ինքնիշխանությանը եւ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները եւ մտահոգություն հայտնելով երկրում բարեփոխումների ընթացքը խարխլելու վերաբերյալ:

Անցած ամիսները հաստատեցին Պլատֆորմի սկզբունքային դիրքորոշման եւ Հայաստանի հեռանկարների վերաբերյալ   նրա գնահատականների հիմնավորվածությունը (տե՛ս ՀԱՊ 2013թ. սեպտեմբերի 17-ի եւ դեկտեմբերի 21-ի հայտարարությունները): Եվրամիության հետ մինչ այդ դինամիկ զարգացող համագործակցությունը զգալիորեն սառեցվեց: Մեր երկիրը հայտնվեց նվաստացուցիչ վիճակում՝ բախվելով Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երեք հիմնադիր երկրներից երկուսի՝ Բելառուսի եւ Ղազախստանի բացահայտ չհետաքրքրվածությանը՝ Հայաստանը Միության չորրորդ անդամի կարգավիճակում տեսնելու առումով: Տեղի ունեցածը արդեն այժմ ամենածանր կերպով է անդրադառնում Հայաստանի միջազգային վարկանիշի վրա՝ նրա բազմաթիվ գործընկերների մեջ հարուցելով կասկածներ՝ իր ազգային շահերին համապատասխան ինքնիշխան որոշումներ կայացնելու՝ Երեւանի ընդունակության վերաբերյալ:

Հակառակ եվրասիական ինտեգրման կողմնակիցների հավաստիացումների՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին կայացված ընտրությունը որեւէ կերպ չբարձրացրեց մեր երկրի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության մակարդակը: Անցնող տարին, եթե ելնելու լինենք սահմանամերձ շրջաններում զինված ընդհարումների եւ միջադեպերի զոհերի թվից, ամենաողբերգականը եղավ ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի ռեժիմի հաստատումից հետո անցած երկու տասնամյակներում: Շարունակվեց ռուսական հարձակողական զենքի մատակարարումը Ադրբեջանին, ինչը դարձել է տարածաշրջանում լարվածության սրման լրացուցիչ գործոն:

Համոզիչ չեն հօգուտ եվրասիական ընտրության հիմնական փաստարկներից համարվող՝ էներգետիկ անվտանգություն ոլորտում երկրի ձեռքբերումները: Սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանը զրկվեց երկիրը բնական գազով ապահովելու մենաշնորհ ունեցող ընկերության իր վերջին 20% բաժնեմասից, եւ հասարակությունը կանգնեց գազի եւ էլեկտրաէներգիայի հերթական թանկացման փաստի առջեւ:

Եվրասիական միության անդամակցության մշուշոտ հեռանկարը, որի վավերացումը հերթական անգամ տեղափոխվել է նոր ամսաթիվ՝ 2014-ի հոկտեմբերի 10, արդեն իսկ Հայաստանի համար ստեղծում է իր ամենամերձավոր հարեւաններից՝ Վրաստանից եւ Իրանից հեռանալու նախադրյալներ: Վերջին տարվա ընթացքում ի հայտ եկած նոր մարտահրավերները մեծացնում են մեր քաղաքացիների սոցիալական խոցելիությունը եւ բարձրացնում արտագաղթի տեմպերը:

ՀԱՊ-ը տագնապով է արձանագրում հայ հասարակության մեջ խորացող պառակտումը, ինչն ուղղակի հետեւանք է Արեւելյան գործընկերության շուրջ վեճերի, ուկրաինական հակամարտության եւ Մոսկվա-Արեւմուտք առճակատման վերաբերյալ տարբեր տեսակետների: Ըստ որում, սուր հակասությունները, որպես կանոն, անմիջականորեն չեն առնչվում մեր երկրի կենսական շահերին եւ նրա զարգացման կոնկրետ խնդիրներին: Այսօրինակ անառողջ երեւույթը՝ ծավալված գլոբալ տեղեկատվական պատերազմի եւ առաջին հերթին հայաստանյան հասարակության վրա ռուսական հեռուստաալիքների բաց ցանցում վերահեռարձակման աննախադեպ մանիպուլյատիվ ազդեցության ուղիղ հետեւանքն է: Պլատֆորմն արդեն ՀՀ պատկան մարմինների առջեւ բարձրացրել է ՀՀ օրենքներին համապատասխան լիցենզավորում ստացած հեռարձակողների կողմից քսենոֆոբիայի անթույլատրելի քարոզչության հարցը (տե՛ս ՀԱՊ 07.04.2014թ. հայտարարությունը): Սակայն ՀՀ իշխանությունների կողմից երկրի տեղեկատվական անվտանգության սպառնալիքների եւ ազգային օրենսդրության խախտումների հետ կապված որեւէ միջոց չձեռնարկվեց:

Քաղաքացիական նախաձեռնությունների անտեսման այս եւ բազմաթիվ այլ օրինակներ լուրջ կասկածի տակ են դնում ՀՀ իշխանությունների հավաստիացումները՝ անկախ ինտեգրացիոն մոդելի ընտրությունից՝ ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհն անշեղորեն շարունակելու եւ հանրության հետ երկխոսության ծավալման պատրաստակամության մասին: Հենց եվրասիական ընտրության մասին հայտարարելուց հետո մենք վկա դարձանք քաղաքացիական ընդվզման որոշակի ձեւերի հանդեպ դրսեւորված անհանդուրժողականության: 2013թ. սեպտեմբերի 5-ին եւ դեկտեմբերի 2-ին քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառումը եւ նրանց վրա կատարված հարձակումների հետաքննությունների «կոծկումը», Շանթ Հարությունյանի եւ Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով իրականացվող քրեական հետապնդումը, ինչի մասին բազմիցս նշվել է պլատֆորմի հայտարարություններում, որեւէ կերպ չեն ամրապնդում մեր վստահությունն առ այն, որ Հայաստանը զարգանում է որպես ազատ եւ ժողովրդավարական պետություն:

ՀԱՊ-ը բազմիցս առաջարկել է ՀՀ իշխանություններին, առաջին հերթին Ազգային ժողովին՝ առարկայական քննարկումներ կազմակերպել մի ամբողջ շարք հիմնահարցերի վերաբերյալ՝ կապված սեպտեմբերի 3-ի շրջադարձային որոշման հետ: Պաշտոնական հրապարակային որեւէ ձեւաչափով նման քննարկումներ չանցկացվեցին՝ ո՛չ Հայաստանի Հանրապետության նախագահի անցյալ տարվա սեպտեմբերյան հայտարարությունից առաջ, ո՛չ էլ դրանից հետո: Ըստ որում, մենք չենք զարմանա, եթե Հայաստանի Հանրապետության՝ ԵՏՄ-ին միանալու համաձայնագրի նախագիծը, որ դիվանագիտական կասկածելի ​​ընթացակարգերի արդյունքում է ձեւավորվել, հաստատվի խորհրդարանի հապշտապ կերպով հրավիրված արտահերթ նիստում, արագացված կարգով, առանց պատշաճ նախապատրաստման եւ քննարկումների: Այս իրողությունը վկայում է ազգի ճակատագրի ու պետության երկարաժամկետ հեռանկարների վերաբերյալ քաղաքական որոշումների կայացման համակարգում առկա լուրջ արատների մասին:

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը իր խիստ դժգոհությունը եւ անհամաձայնությունն է արտահայտում ՀՀ ղեկավարության կողմից ընդունված Մաքսային/Եվրասիական տնտեսական միությանը միանալու որոշումների եւ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը խափանելու որոշման հետ: Միեւնույն ժամանակ, մենք խորապես հիասթափված ենք Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի եւ բարեփոխումների օրակարգի վերաբերյալ խորհրդարանի ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասի շրջանում սկզբունքային դիրքորոշման բացակայության առնչությամբ, ինչպես նաեւ Սերժ Սարգսյանի 2013 թվականի սեպտեմբերի 3-ի հայտարարության վերաբերյալ քննադատաբար հանդես եկած ուժերի՝ միասնական ճակատով հանդես գալու անկարողությամբ:

Ստեղծված իրավիճակում ՀԱՊ-ը ակնկալում է առաջին հերթին հենց հայ հասարակության համախմբում՝ հանուն իր ազգային շահերի պաշտպանության, եւ իր հիմնական խնդիրն է համարում համաքաղաքացիների տեղեկացվածության մակարդակի եւ երկրի ապագայի հանդեպ պատասխանատվության բարձրացումը:

25.09.2014

Երեւան

CSF_Armenia_logo_ARM

ԵՄ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 Շահեն Հարությունյանի (Շանթ Հարությունյանի որդու) գործով դատավարության վերաբերյալ

25.09.2014

Այս օրերին ընթանում է Շանթ Հարությունյանի, նրա որդու՝ Շահեն Հարությունյանի եւ խմբի մյուս մասնակիցների դատավարությունը: Դրա ընթացքը համահունչ է Հայաստանում նախկինում տեղի ունեցած մյուս շատ դատավարությունների բնույթին՝ իրենց հետեւում թաքնված քաղաքական ենթատեքստով, կամայականություններով, տարրական իրավական նորմերի արհամարհմամբ:

Այնուամենայնիվ, 15-ամյա Շահեն Հարությունյանին (ի դեպ, արարքը կատարելիս նա եղել է 14 տարեկան) 5 տարվա ազատազրկում առաջարկելը, այն դեպքում, երբ Հայաստանում տեղի ունեցած մի շարք սպանությունների համար ՀՀ դատախազությունը նման ժամկետ չի պահանջել, արտառոց նախադեպ է, մասնավորապես, նկատի ունենալով Գորիսում վերջերս կատարված՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տղային վերագրվող սպանությունը և Հայոց բանակի գնդապետի սպանության փորձը, ինչի համար որեւէ մեկը փաստացի չդատվեց: Մի՞թե պետական մեղադրողը, նախքան պատիժ առաջադրելը, չի գիտակցել, որ խոսքը գնում է 15-ամյա անչափահաս պատանու մասին, ով հաստատ մարդասպան չէ, ում հոր համար եւս, նույնպիսի դատավարության ընթացքում, ազատազրկման է՛լ ավելի երկար ժամկետի պահաջ է ներկայացված, եւ որ իր այդ առաջարկով կործանման եզրին է կանգնեցնում ոչ միայն նրան, այլ մի ամբողջ հայ ընտանիքի:

Խորը վրդովմունք արտահայտելով ՀՀ դատախազության այս խայտառակ առաջարկի առիթով, ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը վերահաստատում է Շանթ Հարությունյանի, նրա որդու՝ Շահեն Հարությունյանի եւ ընկերների գործով դատավարության նկատմամբ իր գնահատականը՝ որպես քաղաքական հետապնդման, եւ պահանջում է Հայաստանի իշխանություններից, դատական համակարգի ներկայացուցիչներից՝ դադարեցնել ընդդիմախոսների հետ հաշիվներ մաքրելու այդօրինակ ամոթալի պրակտիկան:

25.09.2014

Երեւան

csf-logoԱլԳ ՔՀՖ անդամ Անար Մամադլիին շնորհվել է 2014 թվականի Մարդու իրավունքների Վացլավ Հավելի անվան մրցանակ

29.09.2014

http://eap-csf.eu

AnarԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) անդամ, ադրբեջանցի իրավապաշտպան Անար Մամադլին պարգևատրվել է 2014թ. Վացլավ Հավելի անվան Մարդու իրավունքների մրցանակով։

Մրցանակը սահմանված է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից և ներառում է 60,000 եվրո դրամական պարգև: Մրցանակը փոխանցվել է ազատազրկված Մամադլիի հորը՝ Ասաֆ Մամադովին:

Անար Մամադլին կարևոր դերակատարություն է ունեցել Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության գործում: Նա եղել է ԱլԳ ՔՀՖ ակտիվ անդամ՝ որպես առաջին աշխատանքային խմբի (Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, արդյունավետ կառավարում և կայունություն) համակարգող: Բացի այդ, Մամադլին հիմնադրել և նախագահել է Ընտրությունների մշտադիտարկման և ժողովրդավարության ուսումնասիրությունների կենտրոնը, որն ընտրական մշտադիտարկմամբ զբաղվող ազդեցիկ կառույց է Ադրբեջանում:

Իր քաղաքական գործունեության համար Մամադլին 2013-ի դեկտեմբերից ի վեր կալանավորված է Ադրբեջանի կառավարության կողմից առաջադրված կեղծ մեղադրանքների հիման վրա: «Ամնեստի Ինտերնեյշնլի» կողմից որպես քաղբանտարկյալ ճանաչված Մամադլիին դատապարտված է հինգ տարի ազատազրկման:

«Անար Մամադլին նվիրումով աշխատել է ժաղավրդավարական ինստիտուտների, քաղաքացիական և քաղաքական իրավունքների առաջխաղացման ուղղությամբ» – մրցանակը հանձնելիս ասել է ԵԽԽՎ նախագահ Աննա Բղասյոն:

ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումը հանդես է գալիս Անար Մամեդլիի անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակման համար, Ադրբեջանի մյուս քաղբանտարկյալների հետ միասին, որոնց թվում են մարդու իրավունքների պաշտպան Ռասուլ Ջաֆարովը, Լեյլա Յունուսը և Արիֆ Յունուսը: Ա. Յունուսին նույնպես այս տարի շնորհվել է Մտքի ազատության Սախարովի անվան մրցանակ: Այս իրավապաշտպանները Ադրբեջանում քաղաքացիական հասարակության դեմ տարվող և վերջերս ահագնացած արշավի զոհեր են:

Մանրամասներ

Մամուլի հաղորդագրություն

eap_media_freedom_watchԶԼՄ-ների ազատությունը Արեւելյան գործընկերության երկրներում. Վրաստանը առաջատարն է, իսկ Ուկրաինայում դրությունը լավացել է

29.09.2014

Արեւելյան գործընկերության (ԱլԳ) երկրների շարքում Վրաստանը բարձր դիրք ունի ԶԼՄ-ների ազատության ցուցանիշով, Մոլդովան երկրորդ տեղ է դուրս եկել, իսկ Ուկրաինան՝ երրորդ։ Այդպիսին են «ԱլԳ երկրների ԶԼՄ-ների ազատության ինդեքսի»՝ այս տարվա սկզբին անցկացված հարցման արդյունքները։ Հարցման նախորդ փուլի համեմատ Ուկրաինան իր տեղը փոխել է Հայաստանի հետ, մինչդեռ Ադրբեջանը եւ Բելառուսը մնացել են վարկանիշային ցուցակի վերջում։

ԱլԳ երկրների ԶԼՄ-ների ազատության ինդեքսը կազմվում է եռամսյակը մեկ՝ ԱլԳ մեդիայի ազատության դիտարկում (EaP MediaFreedomWatch) ծրագրի շրջանակներում, որն իրականցնում է «Ինտերնյուս-Ուկրաինա» միջազգային հասարակական կազմակերպությունը՝ ԱլԳ երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ համագործակցությամբ։

 Գնահատման չափանիշները հետեւյալն են.

  •  Քաղաքական ենթատեքստը (ԶԼՄ-ներին սահմանադրությամբ տրված իրավունքների եւ ազատությունների մակարդակը)
  • Իրական պրակտիկան (ԶԼՄ-ների ազատության սահմանափակումները, այդ թվում՝
  •                   – հարձակումներ, սպառնալիքներ, ձերբակալություններ
  •                   – դատական հետապնդում
  •                   – ինֆորմացիայի մատչելիություն
  •                   – գրաքննություն եւ ինքնագրաքննություն
  • Հեռարձակման հասանելիություն
  • Ինտերնետ հասանելիություն։

Ինչպես տեղեկացվում է մամուլի հաղորդագրության մեջ, տվյալների հավաքման նպատակով անցկացված հարցմանը մասնակցել է ԶԼՄ-ների ոլորտի 60 փորձագետ։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

 Մանրամասներ

Մամուլի հաղորդագրություն

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.