Թողարկում 188

CSF_Armenia_logo_ARMԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ գոտիներում 2014թ. հուլիս – օգոստոս ամիսներին տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ

Արևելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ) իր խորը մտահոգությունն է հայտնում Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ գոտիներում 2014թ. հուլիս – օգոստոս ամիսներին սաստկացած զինված բախումների կապակցությամբ, որոնք լուրջ սպառնալիք են ստեղծում տարածաշրջանի անվտանգության և կայունության համար և անտեսում են մարդասիրական իրավունքի նորմերը: Վերջին ամիսների լարված իրավիճակում տեղի են ունեցել Մարդու իրավունքների և Միջազգային մարդասիրական իրավունքի՝ Ժնևյան համաձայնագրերում և դրանց Լրացուցիչ արձանագրություններում ամրագրված նորմերի կոպիտ խախտումներ, որոնք համապատասխանում են Հռոմի միջազգային քրեական դատարանի կանոնադրությամբ նախատեսված պատերազմական հանցագործություններին:

Այդ խախտումների գագաթնակետը եղավ 2014թ. օգոստոսի 7-ին, չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմի տիրապետության տակ հայտնված ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի 33-ամյա բնակիչ Կարեն Պետրոսյանի նկատմամբ ադրբեջանցի զինվորականների դրսևորած անմարդկային, արժանապատվությունը նսեմացնող դաժան վարվելակերպը: Գերեվարվելուց հետո մեկ օրվա ընթացքում, կասկածելի հանգամանքներում Պետրոսյանը մահացել է: ժնևյան 4-րդ համաձայնագրի 35-րդ և 36-րդ հոդվածների համաձայն՝ Կարեն Պետրոսյանը, որպես քաղաքացիական անձ, իրավունք ուներ անարգելք հայրենադարձվել Հայաստան: Սակայն ադրբեջանական կողմը նրան հայտարարել էր դիվերսանտ, թեև միջազգային իրավունքով անգամ դիվերսանտները մարդասիրական վերաբերմունքի և արդարացի դատավարության իրավունք ունեն: Պետրոսյանի դին ցայսօր չի հանձնվել նրա ընտանիքին:

Առավել մտահոգիչ է, որ նման բռնությունների, անմարդկային վերաբերմունքի դրևորումները ուղեկցվում են ատելության, պատերազմի լայնածավալ քարոզչությամբ, թշնամու կերպարի խորացմամբ և նրա նկատմամբ ցանկացած դաժանության արդարացմամբ: Իսկ այն հասարակական գործիչները, իրավապաշտպանները և լրագրողները, որոնք հավատարիմ են ժողովրդավարության, հակասությունները երկխոսության միջոցով հաղթահարելու սկզբունքերին, ենթարկվում են աննախադեպ ճնշումների:

Նկարագված միջադեպը դիտարկելով որպես հայ-ադրբեջանական հակամարտության հերթական ողբերգական դրսևորում և գիտակցելով հետագա պատերազմական գործողությունների սպառնալիքը, Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը՝

Կոչ է անում կողմերին՝

  • Բանակցությունների միջոցով գտնել հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհը՝ հիմք ընդունելով կառուցողական համագործակցության, հանդուրժողականության, փախվստահության և փոխըմբռնման եվրոպական սկզբունքները: Որպես խաղաղարար գործընթացի կարևորագույն փուլ՝ քննարկել խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունը և պայմանները։
  • Մինչև այդ՝ իրենց հրամանատարության ներքո գործող զինված ուժերին խստորեն արգելել քաղաքացիական բնակչության և քաղաքացիական օբյեկտների, բնակելի տների գնդակոծումները, շփման գծից երկուստեք հետ քաշել դիպուկահարներին, ինչպես նաև դադարեցնել սահմանամերձ գոտիներում գյուղատնտեսությամբ զբաղվող խաղաղ բնակչության նկատմամբ բոլոր ոտնձգությունները:

Հորդորում է՝

  • Ձեռնարկել քայլեր, որոնցով հնարավորություն կստեղծվի դիմել Փաստերի հաստատման միջազգային հանձնաժողովին՝ անաչառ կերպով պարզելու պատերազմական հանցագործությունների փաստերը և բոլոր մեղավորներին պատասխանատվության կանչել՝ ըստ միջազգային քրեական օրենսդրության։
  • Որպես փոխվստահության հասնելու կարևոր միջոցի՝ նպաստել քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչների երկխոսությանը: Դադարեցնել այն անձանց և կազմակերպությունների հետապնդումերը, որոնք պատրաստակամ են՝ համագործակցել և հիմքերը գտնել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման համար:
  • Ադրբեջանի Հանրապետությանը՝ ստորագրել և վավերացնել Ժնևյան համաձայնագրերի Լրացուցիչ 1-ին և 2-րդ արձանագրությունները, ինչպես նաև Հռոմի միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը:
  • Հայաստանի Հանրապետությանը՝ վավերացնել Հռոմի միջազգային քրեական դատարանի՝ 1999թ. հոկտեմբերի 10-ին ստորագրած կանոնադրությունը:

Հիշեցնում է, որ՝

  • Ադրբեջանը և Հայաստանը վավերացրել են Ժնևյան 1949թ. օգոստոսի 12-ի չորս համաձայնագրերը՝ պարտավորվելով զինված բախումների ընթացքում պահպանել Միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերը, այդ թվում՝ չկիրառել ոչ ընտրողական բնույթի հարձակումներ, չռմբակոծել քաղաքացիական բնակավայրերը և քաղաքացիական օբյեկտները, պահպանել Ժնևյան 3-րդ համաձայնագրով ամրագրված՝ ռազմագերիների հետ վարվելակերպի բոլոր նորմերը:
  • Մարդու իրավունքների միջազգային համաձայնագրերում ամրագրված նորմերի գործողությունը զինված բախումների և պատերազմների ժամանակ ամենևին չի դադարում, այլ, ի լրումն դրա, սկսում են գործել նաև Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:

Դիմում է`

  • ԵՄ նոր ձևավորված հանձնաժողովին, Եվրամիության այլ կառույցներին՝ կոչ անելով շարունակել իրենց ջանքերը Հարավային Կովկասում և ԱլԳ ամբողջ տարածաշրջանում անվտանգության երաշխիքների ձևավորմանը, ուժեղացնել աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին, ինչպես նաև պաշտոնական, քաղաքացիական և պրոֆեսիոնալ այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են խաղաղ բանակցություններին և երկխոսությանը:
  • Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ կոչ անելով շարունակել զարգացնել Միջազգային մարդասիրական իրավունքի լուսաբանման ծրագրերը հակամարտող կողմերի դպրոցական և մյուս ուսումնական հաստատություններում և զինված ուժերի ստորաբաժանումներում, որը կբարձրացնի Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի վերաբերյալ իրազեկվածությունը և կկանխարգելի մարդկության դեմ ուղղված և պատերազմական հանցագործությունների դեպքերը։
  • ԱլԳ ՔՀՖ-ին և ազգային բոլոր պլատֆորմներին՝ սույն հայտարարությանը միանալու առաջարկով:

 2014թ. սեպտեմբերի 19, Երևան

ԵՄ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմ

european-commission-flagԲորիս Նավասարդյան. Եթե ՀՀ-ի անդամակցությունը ԵՏՄ-ին չկայանա, Հայաստանի պատճառով չի լինի

22.09.2014

Աղբյուր` Panorama.am

g_image«Ռուսաստանի նկատմամբ շարունակվում են պատժամիջոցները: Նման իրավիճակում, երբ որ պետությունները մտածում են ինչպես ցույց տալ իրենց ինքնուրույնությունը ու Ռուսաստանից տարանջատվել, Հայաստանը գնում է Եվրասիական տնտեսական միության անդամակցության պայմանագրի ստորագրման՝ առանց վերապահումների»: Երևանի մամուլի ակումբի կազմակերպած «Եվրասիական տնտեսական միություն. ինչ կստանա և ինչ կկորցնի Հայաստանը» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը:

Ըստ նրա, նույնիսկ ԵՏՄ անդամ Ղազախստանի նախագահի հայտարարությունը, թե հնարավոր է հրաժարվել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից, նույնպես կապված են ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետ:

Փորձագետի դիտարկմամբ, Ղազախստանի նախագահը հնարավոր է համարում, որ ՌԴ նկատմամբ կիրառվող պատժամիջոցները կարող են ուղղակի կամ անուղղակի ազդել նաև իր երկրի վրա:

Հ. Իգիթյանը հարց հնչեցրեց, թե ԵՏՄ-ին անդամակցելու` ՀՀ-ի որոշումն արդյո՞ք ղարաբաղյան հակամարտության անվտանգության հարցը լուծում է, թե այն տեղափոխում է այլ ոլորտ ու դարձնում ՌԴ հարց: Նա օրինակ բերեց Սոչիում օգոստոսի սկզբին կայացած ՀՀ-ի, ՌԴ-ի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

Կլոր սեղանը վարող Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ ասաց, որ եթե հոկտեմբերի 9-10-ին ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցությունը չկայանա, ապա դա Հայաստանի պատճառով չի լինի: Նա նշեց, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել ԵՏՄ-ին անդամակցության պայմանագիրն այն տեսքով, ինչ կա:

Այս թեմայով այլ հրապարակումներ.

«ՌԴ-ն կոռումպացված երկիր է, ամբողջ ՌԴ-ն մի հատ մեծ ստվեր է». Հովհաննես Իգիթյան 

Հայաստանը՝ փահլեւանի կարգավիճակում. փորձագետները մտահոգված են Հայաստանի ԵՏՄ անդամակցությամբ

Հովհաննես Իգիթյան. Արդյոք Սերժ Սարգսյանը լուծե՞ց Լեռնային Ղարաբաղի անվտանգության հարցը, թե՞ հակառակը 

Ա. Կիրակոսյան. ՀՀ դատական համակարգում առկա են այն հիվանդությունները, որոնք կան ՌԴ-ում

Հովհաննես Իգիթյան. «Մենք «Կալաշնիկով» չենք ուտում» 

 european-commission-flagԻնչ են մտածում հայաստանցիները Եվրամիության մասին. նոր հարցումն օգնել է իմանալ նրանց կարծիքները

18.09.2014

RA-EUՀայաստանցիների մեծ մասը Եվրամիությունը համարում է երկրի կարեւոր գործընկեր, որի հետ բարեկամական հարաբերություններ են հաստատվել։ Այսպիսին է 2014 թ. գարնանը ԵՄ կողմից ֆինանսավորվող Եվրոպական հարեւանության երկրներում (ԵՀՔ) հասարակական կարծիքի ուսումնասիրման «Եվրոպական հարեւանության բարոմետր» ծրագրի՝ Հայաստանին վերաբերող հրապարակման հիմնական եզրակացություններից մեկը։

Սակայն 1003 հարցվողների շրջանում 2014թ. մայիս-հունիս ամիսներին անցկացված հարցումը ցույց է տվել, որ ԵՄ-Հայաստան հարաբերությունները դրական գնահատողների թիվը (62%) նվազել է՝ չորս կետով զիջելով դրանից վեց ամիս առաջ անցկացված հարցման ցուցանիշին, եւ 18 կետով ավելի պակաս է, քան 2013թ. գարնանն արձանագրված արդյունքը։

Հայերի 58 տոկոսը Եվրոպական միությունը Հայաստանի կարեւոր գործընկերն է համարում, ինչը չորս կետով պակաս է վեց ամիս առաջ գրանցվածից, եւ 18 կետով զիջում է 2013թ. գարնանն արձանագրված ցուցանիշին։

Հայաստանցիների 58%-ը Եվրամիությունը կարեւոր գործընկեր է համարում (ԵՀԳՔ արեւելյան տարածաշրջանի 67%-ի համեմատ), մինչդեռ 56%-ը (սա ավելին է, քան տարածաշրջանի միջին ցուցանիշը) համարում են, որ ԵՄ-ն եւ Հայաստանը կիսում են բավարար ընդհանուր արժեքներ՝ համագործակցության համար։ Չնայած դրան, միայն 48%-ն է (վեց ամիս առաջ գրանցված 55%-ի դիմաց) համարում, որ Եվրամիությունը տարածաշրջանի համար խաղաղություն եւ անվատանգություն է ապահովում, իսկ հարցվածների 44 %-ը համոզված է, որ իրենց երկրին Եվրամիության կողմից ցուցաբերվող աջակցությունը ակտիվ կերպով նպաստում է Հայաստանի զարգացմանը (տարածաշրջանի 58% միջին ցուցանիշի համեմատ)։

Հայաստանում բնակչության հարաբերական մեծամասնությունը դրական վերաբերմունք ունի Եվրամիության նկատմամբ (40%՝ Եվրամիության նկատմամբ բացասական վերաբերմունք ունեցողների 20%-ի համեմատ), սակայն այս ցուցանիշը վերջին կես տարվա ընթացքում նվազել է։ Հարցվածների կեսից ավելին (45%՝ վեց ամիս առաջվա 54%-ի համեմատ) հայտարարել են, որ իրենք վստահում են Եվրամիությանը։ Այս ցուցանիշը մի փոքր ավելի ցածր է ՄԱԿ-ի հանդեպ վստահության ցուցանիշից (52%), բայց զգալիորեն բարձր է, քան ՆԱՏՕ-ի հանդեպ վստահության ցուցանիշն է (36%)։

Հարցմանը մասնակցած հայաստանցիներն ընդհանուր առմամբ գոհ են իրենց կյանքից. հարցվածների 63%-ին դուր է գալիս այն, թե ինչպես են իրենք ապրում։ Ըստ որում, այս վերջին ցուցանիշն ավելի բարձր է երիտասարդների եւ առավել բարձր կրթական ցենզ ունեցողների շրջանում (87%՝ 15-24 տարիքային խմբում եւ դեռեւս ուսանողների մեջ)։ Չնայած դրան, հարցվածների 87%-ը հայտարարել է, որ երկրի տնտեսական վիճակը բարդ է, իսկ 46%-ը կարծում է, որ առաջիկա 12 ամիսներին այն ավելի կվատանա։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը (71%՝ ԱլԳ տարածաշրջանի 62%-ի համեմատ) դժգոհ է Հայաստանում ժողովրդավարացման գործընթացի արդյունքներից։

ԵՄ Հարեւանության Բարոմետր ծրագիրը ֆինանսավորվում է Տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի զարգացման եւ համագործակցության (EuropeAid) գլխավոր տնօրինության կողմից և իրականացնում է սոցիոլոգիական հարցումներ եւ լրատվամիջոցների մշտադիտարկումներ Եվրոպական հարեւանության քաղաքականությանը մասնակցող 16 գործընկեր երկրներում եւ տարածքներում, ինչպես նաև Ռուսաստանում (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն):

Մանրամասներ

Եվրոպական հարեւանության բարոմետրի արդյունքների մասին հաշվետվություն- Հայաստան

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.