Թողարկում 180

ԵՄ-ն հետեւում է Թբիլիսիի քաղաքապետի ձերբակալությանը եւ Վրաստանին կոչ է անում հարգել Ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունները

07.07.2014

EU flagԵվրամիությունն ուշադիր հետեւում է Վրաստանում հուլիսի 3-ին Թբիլիսիի նախկին քաղաքապետ, ՏԻՄ ընթացիկ ընտրություններում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» ընտրական շտաբի ղեկավար Գեորգի Ուգուլավայի  ձերբակալությանը։ ԵՄ արտաքին քաղաքական ծառայության մամուլի խոսնակի տարածած հայտարարության մեջ Եվրամիությունը հիշեցրել է Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլու՝ ապրիլի 14-ին արած հայտարարությունը, որով նա խոստացել էր ընտրական այս շրջանում ձեռնպահ մնալ ընդդիմադիր գործիչների ձերբակալություններից եւ դատական հետապնդումներից։

ԵՄ-ն Վրաստանի իշխանություններին կոչ է արել «հարգել 2014թ. հունիսի 27-ին Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման ժամանակ Վրաստանի ստանձնած պարտավորությունները, ապահովել դատական գործընթացի լիակատար անկախությունը եւ թափանցիկությունը՝ բացառելով քաղաքական որեւէ միջամտություն»։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

Հայտարարություն

 

european-commission-flag

«Հայաստանը Եվրամիության եւ Եվրասիական միության միջեւ. գնահատելով նոր մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով սեմինար Աղվերանում

 

Seminar picԵրեւանի մամուլի ակումբը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ 2014թ. հուլիսի 4-6-ը Աղվերանում կազմակերպել էր «Հայաստանը Եվրամիության եւ Եվրասիական միության միջեւ.  գնահատելով նոր մարտահրավերներն ու հնարավորությունները» թեմայով  սեմինար։ Միջոցառմանը մասնակցում էին եւ բացման խոսքով հանդես եկան  Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան տնօրեն Նաիրա Գեւորգյանը եւ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն ՄիքայելՎայխարտը։

Եռօրյա սեմինարի առաջին՝ «Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը. ակնկալիքներ եւ մարտահրավերներ» թեմայով զեկուցումը ներկայացրեց Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանը։ Մասնակիցների ակտիվ քննարկումների առիթ դարձավ «Համաձայնություն» կենտրոնի տնօրեն Դավիթ Շահնազարյանի՝ «Արեւելյան գործընկերության միջանկյալ արդյունքները եւ հեռանկարները տարածաշրջանային զարգացման եւ անվտանգության համատեքստում» թեմայով զեկուցումը։

Հայաստանի համար արդիական՝ «Մշակութաբանական երկվություն. Ռուսաստա՞ն, թե՞ Եվրոպա» թեման ներկայացրեց արվեստագիտության դոկտոր, հրապարակախոս Նազենի Ղարիբյանը։

Կարեւորագույն մի խնդրի՝ ԼՂՀ հակամարտության կարգավորման հնարավորությունների մասին վերլուծությամբ հանդես եկավ «Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր նախագահ Արա Պապյանը՝ խնդիրը ներկայացնելով ինչպես Արեւելյան գործընկերության, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության համատեքստում։

Սեմինարի մասնակիցները Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանի պատրաստած զեկուցման շուրջ քննարկեցին նաեւ ոչ ֆորմալ քաղաքացիական նախաձեռնությունների՝ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգի ձեւավորման գործոն լինելու հնարավորությունները։

Սեմինարի մասնակիցները լսեցին նաեւ ՔՀՖ 6-րդ՝ Թբիլիսիում կայանալիք համաժողովից առաջ ՔՀՖ հայաստանի ազգային պլատֆորմի անելիքներին նվիրված զեկուցում, որը ներկայացրեց ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարության գործադիր տնօրեն Հերիքնազ Հարությունյանը։

Միջոցառումն ամփոփեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքական զարգացումների վերաբերյալ քաղաքացիական հասարակության ակտիվ քննարկումները շարունակելու ակնկալիքով։

 

european-commission-flagԲելառուս. իրավապաշտպանին Բրյուսելում հավաստիացրել են, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել քաղաքացիական հասարակությանը

02.07.2014

«Եվրամիությունն առաջիկայում կշարունակի աջակցել Բելառուսում քաղբանտարկյալների ազատ արձակմանը»,- բելառուսական իրավապաշտպան «Վեսնա» կազմակերպության նախագահ եւ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Ալես Բելյացկուն ասել է Եվրամիության մարդու իրավունքների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ստավրոս Լամբրինիդիսը՝ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ «Բելյացկու այցը Բրյուսել՝ կայացել է Բելառուսում քաղաքական դրդապատճառներով նրա գրեթե եռամյա բանտարկությունից ազատվելուց ընդամենը տասն օր անց»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ։

Ալես Բելյացկին շնորհակալություն է հայտնել Եվրամիությանը՝ իր հանդեպ ցուցաբերված աջակցության համար եւ կոչ է արել հետագայում եւս համերաշխություն հանդես բերել բելառուսական քաղաքացիական հասարակության նկատմամբ։ Հատուկ ներկայացուցիչ Լամբրինիդիսն ընդգծել է, որ «Եվրամիությունը պատրաստ է աջակցել Բելառուսի մյուս քաղաքական բանտարկյալների ազատ արձակմանը եւ նրանց քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների լիակատար վերականգնմանը», հավելելով, որ դա կարող է նպաստել ԵՄ-Բելառուս հարաբերությունների բարելավմանը։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

Մամուլի հաղորդագրություն

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.