Թողարկում 178

Հայաստանը եւ եվրասիական ինտեգրացիան. գոյություն ունի՞ արդյոք այլընտրանքային քաղաքական օրակարգ

24.06.2014

YPC Round TableԵրեկ՝ հունիսի 23-ին, Երեւանի «Հայաթ Փլեյս» հյուրանոցում տեղի ունեցավ «Հայաստանը եւ եվրասիական ինտեգրացիան. գոյություն ունի՞ արդյոք այլընտրանքային քաղաքական օրակարգ» թեմայով կլոր սեղան, որը կազմակերպել էր Երեւանի մամուլի ակումբը՝ «Ֆրիդրիխ Էլբերտ» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ։ Կլոր սեղանը վարում էր Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, բանախոսներն էին քաղաքագետ, քաղաքական վերլուծաբան Գեւորգ Մելիքյանը եւ հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը։

«Մինչեւ սեպտեմբերի 3-ը թվում էր, թե Հայաստանում կոնսենսուս կա եվրաինտեգրացիայի հարցով, մինչդեռ սեպտեմբերի 3-ից հետո պատկերն էապես փոխվել է: Գոնե փորձագիտական եւ քաղաքացիական հասարակության մակարդակով քննարկենք, թե ինչ հեռանկարներ կան: Անկախ նրանից՝ ինչպիսին կլինեն պաշտոնական զարգացումները, ուզում ենք պարզել՝ կա՞ն այլընտրանքային դիրքորոշումներ Հայաստանի աշխարհաքաղաքական զարգացման առումով»,- իր բացման խոսքում ասաց Բորիս Նավասարդյանը:

Քաղաքագետ Գեւորգ Մելիքյանն իր ելույթում անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը, մասնավորապես նշելով. «Ոմանք խոսում են այն մասին, որ արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը խնդիրներ ուներ դեռեւս անկախության առաջին տարիներին, եւ դրանք ի հայտ չեն եկել հենց սեպտեմբերի երեքից հետո… Ցավոք, Հայաստանը շարունակեց պարփակվել այն գաղափարախոսության մեջ, թե առաջնահերթությունը երկրի անվտանգությունն է, եւ մնացած հարցերը պետք է ստորադասվեն դրան… Այս իշխանության օրոք տարվեց «եւ- եւ»-ի քաղաքականություն, որը վերածվեց «կամ-կամ»-ի… Արդյունքում, ցավոք, Հայաստանն ունի լրջագույն մարտահրավերներ՝ կապված գործընկերների հետ» ։

Որպես այլընտրանք՝ քաղաքագետը նշեց. որ առաջին հերթին անհրաժեշտ է ներքին ռեսուրսներն ուժեղացնել՝ տնտեսական, ժողովրդավարական, մշակութային, ինչին, սակայն, պատշաճ ուշադրություն չի դարձվում։ Հաջորդ տարբերակը, ըստ նրա, այն էր, որ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրով հնարավոր կլիներ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում հավասարակշռություն պահպանել, ինչը նույնպես չստացվեց։ Նրա պնդմամբ՝ շատ հետաքրքիր կարող է լինել Իրանի հետ հարաբերությունների խորացումը, բայց դա էլ լիարժեք այլընտրանք չի կարող լինել՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի գործոնը։ «Գուցե մեզ համար տարբերակ է այլընտրանքը գտնել Սփյուռքի՞ հայության շնորհիվ։ Նախարարությունը, կրկին ցավոք, չօգտվեց այդ հսկա ներուժից»,- ասաց նա եւ նկատեց, որ Հայաստանը, փաստորեն, մնացել է մենակ։

Կլոր սեղանի մյուս բանախոսի՝ հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանի կարծիքով՝ «այլընտրանքային ուղղություն առաջիկա երկու տարիներին ՀՀ-ի համար չի կարող լինել, քանի որ տնտեսական ու քաղաքական բաղադրիչը ուժեղացնելու հեռանկարներ չկան»։ «Հանրությունը պետք է եվրոպական վեկտորն ուժեղացնի, կարծում եմ՝ դա լավագույն ծրագիրն է, որը կարող է Հայաստանին այս խարխափող վիճակում առաջ տանել»,- նշեց նա։

Զարուհի Հովհաննիսյանը խոսեց վերջերս ձեւավորված «Եվրոպական ընտրություն» քաղաքական եւ քաղաքացիական դաշինքի մասին, որտեղ ներգրավվել են հրապարակախոսներ, փորձագետներ, մարդու իրավունքների պաշտպաններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ «Քանի որ քաղաքական բաղադրիչը բավական թույլ էր՝ փորձ արվեց այդ դաշինքի կազմում ներառել նաեւ քաղաքական կուսակցություններին»,- ասաց տիկին Հովհաննիսյանը եւ հավելեց. «Չստացվեց, քանի որ նույն քաղաքական կուսակցություններին չի էլ հետաքրքրում, թե արտաքին քաղաքական ինչ ուղղություն կընտրի Հայաստանը։ Բոլորի մտահոգությունը մեկն է՝ ով քանի մանդատ կունենա ապագա խորհրդարանում»։ Զարուհի Հովհաննիսյանի կարծիքով՝ «հարցը դարձյալ մնացել է հանրային սեկտորի վրա, որտեղ փորձում են սկսել մշակութային դիրքերից, բայց, քանի որ տնտեսական ու քաղաքական բաղադրիչները թույլ են, առայժմ ոչինչ չի ստացվում»։

Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը, հրապարակախոսի կարծիքով՝ տնտեսական տեսանկյունից Երեւանը պատրաստ չէ դրան, եւ Հայաստանը գործընկերային հարաբերություններ կառուցելու փոխարեն կարող է հերթական անգամ գործիք դառնալ Կրեմլի ձեռքում:

 

european-commission-flag

Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան հունիսի 27-ին կստորագրեն ԵՄ Ասոցացման համաձայնագիրը

www.azatutyun.am

23.06.2014

Հունիսի 27-ին Վրաստանը, Մոլդովան կստորագրեն, իսկ Ուկրաինան ավարտին կհասցնի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը՝ վավերացնելով  Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը:

Համաձայն Եվրոպական հանձնաժողովի հաղորդագրության` սա կարեւոր պահ է թե՛ Եվրոպական միության եւ թե՛ գործընկեր երկրների համար, քանի որ Ասոցացման համաձայնագիրը մեծապես կխորացնի քաղաքական եւ տնտեսական հարաբերություններն ու կնպաստի երկարաժամկետ ծրագրերի իրագործմանը:

Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը հետեւելու են բարեփոխումները հանրային կառավարման, արդարադատության, օրենքի գերակայության, սպառողների իրավունքների, շրջակա միջավայրի պահպանության, մշակութային եւ այլ ոլորտներում:

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք այստեղ։

european-commission-flag

Վրաստան. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները՝ ժողովրդավարության զարգացման եւս մեկ քայլ

18.06.2014

georgian-flagԵվրամիությունն ընտրողներին եւ թեկնածուներին շնորհավորել է հունիսի 15-ին Վրաստանում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության առաջին փուլի հաջող իրականացման կապակցությամբ։ Սույն քվեարկությունը «Վրաստանում ժողովրդավարության զարգացման եւս մեկ քայլ դարձավ»,- ասված է ԵՄ արտաքին գործերի ծառայության մամուլի քարտուղարության կողմից տարածված հայտարարության մեջ, հավելելով, որ ԵՄ-ն ի գիտություն է ընդունել ընտրությունների տեղական դիտորդների եզրակացությունները։

Հայտարարության մեջ հիշատակվում է ընտրական գործընթացների իրականացման պայմանների բարելավման եւ կանանց մասնակցության ակտիվացման մասին։ Այդուհանդերձ, մտահոգություն է արտահայտվել նախընտրական քարոզարշավի ժամանակ գրանցված սպառնալիքների եւ բռնությունների կապակցությամբ։ «Բռնությունները եւ սպառնալիքները պետք է լիովին բացառվեն, հատկապես ընտրությունների երկրորդ փուլին նախորդող վերջին օրերին»,- ասված է հայտարարության մեջ։

«Հաշվետվողական կառավարությունը եւ կառուցողական ընդդիմությունը ժողովրդավարության կարեւորագույն բաղադրիչներն են»,- ասված է հայտարարության մեջ, որում բոլոր կողմերին կոչ է արվում «ի շահ Վրաստանի»՝ համագործակցել տեղական ինքնակառավարման նորընտիր մարմինների հետ։

Հայտարարության մեջ բարձր է գնահատվել Կենտրոնական ընտրական համձնաժողովի եւ քաղաքացիական հասարակության տեղական կազմակերպությունների աշխատանքը, ովքեր իրենց կարեւոր ավանդն են ներդրել ընտրական գործընթացները պատշաճ մակարդակով իրականացնելու գործում, եւ նշվել է, որ ԵՄ-ն «մտադիր է շարունակել սերտ համագործակցությունը Վրաստանի կառավարության հետ»։ (ԵՀԳԳ տեղեկատվական կենտրոն)

Մանրամասներ

 Հայտարարություն

Advertisements
This entry was posted in Հայերեն. Bookmark the permalink.